ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ
(1966–1991)

Դավիթ Սարապյան (Դև) Davit Sarapyan (Dev) ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դավիթ Սարապյան (Դև) Davit Sarapyan (Dev) ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ

1990-ական թվականներին սկսված ռազմական գործողությունները հիշեցնում են «էքստեռն» քննություններ: Առաջիններից մեկը դրանք հանձնեց «Մեծն Տիգրան» գնդի մարտիկ Դավիթ Սարապյանը՝ հետմահու արժանանալով «Արիության մեդալի»: Մարտական ընկերոջ մասին պատմում են զինակիցները՝ Տիգրան Հովհաննիսյանը և Լեռնիկ Շահնազարյանը:
«Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը: Հայրենիքի չափ նվիրական է պատերազմը հայրենական: Եվ ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են և առաքինիանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ»: Գարեգին Նժդեհի խոսքերն են: Հերոսի մասին մեկ այլ առիթով Սպարապետն այսպիսի միտք է հայտնել. «Պատերազմում կարելի է հաղթել առանց հանճարների, բայց առանց հերոսների՝ երբեք»: Հերոսների մասին պատկերավոր արտահայտություններ շատ կան: Այդ խոսքերը կարդալիս, անկախ նրանց անձնական, անհատական հատկանիշներից, մեզ հայտնվում է «Մահ իմացյալի» խորհուրդը, որը, որպես վսեմ ըմբռնում, որպես ոգեղեն խոյանք, նաև Արցախի ազատամարտի կամավորների, այսինքն՝ մեր նորագույն պատմության առաքյալների ամենամեծ առաքինությունն է: Ազգային վերազարթոնքի և ազատության հոգևոր իշխանությունը վահան դարձրած՝ գաղափարական այդ մարտիկները, որպես անկախ հայրենիքի զինվորներ, արժանապատվորեն մարտեր էին մղում մեր կորսված բոլոր իրավունքների համար: Դաշինք կնքած ցեղի ոգու հետ՝ հաղթական հավատով էին ելել ինքնապաշտպանության: Նրանք ի սկզբանե համոզված էին, որ հաղթելու են և ոչինչ չէին խնայում: Պատմական առաքելություն էին կատարում, ցավոք, շատ հաճախ՝ կյանքի գնով: Իսկ մեր խնդիրը նրանց հիշատակի առաջ խոնարհվելն է ու բոլորին անուն առ անուն հիշելը…

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ
Դավիթ Սարապյան: Մեզ հետ՝ մեր կողքին ապրել է ընդամենը 25 տարի: Զինվոր է: Հերո՛ս: Գաղափարի մարտի՛կ: Նրան ներկայացնելու իրավունքն այսօր մարտական ընկերներինն է:
 
Տիգրան – Երջանիկ մի դիպված էր նրա հետ ծանոթությունը: Ե՛վ հայրական, և՛ մայրական կողմից սերում էր իշխանական տոհմից: Առաջինը Կարինից էր, երկրորդը՝ Արցախից: Արտաքին տեսքն ու ինտելեկտն էլ իշխանավայել էին: Հոգեպես շատ հարուստ էր, մարդկային այն եզակի տեսակից, ովքեր կատարյալ են և՛ իրենց ֆիզիկական տվյալներով, և՛ հոգևոր կյանքով, և՛ մտավոր ունակություններով: Կարծես մի ամբողջ տիեզերք էր կուտակվել այդ երիտասարդ մարդու մեջ: Ինչպե՞ս էր նա այդ ամենը մեկտեղում:
Լեռնիկ – Դավթի մեջ դա այնքան բնական էր ու ներդաշնակ, այնքան պարզ ու հասարակ և այնքա՜ն շիտակ: Նա կանխազգում էր գալիք բոլոր արհավիրքները, և առանց խուճապի, հանգիստ կողմնորոշվում ամենածայրահեղ իրավիճակում անգամ: Նրա այդ հանգստությունը, հավասարակշռվածությունը փոխանցվում էր նաև մեզ:
– Պատմեք, խնդրեմ, ձեր անցած մարտական ուղու մասին: Ինչպե՞ս է այն սկսվել, որքա՞ն է տևել…
Տիգրան – Դավիթը եկավ «Մեծն Տիգրան» գունդ 1991 թվականի ապրիլի 30-ին: Այդ օրը մենք շարժվեցինք դեպի Շահումյան, դեպի Գետաշեն: Նա եկավ և մնաց մինչև դեկտեմբեր… Ինձ բախտ է վիճակվել նրա հետ երեք անգամ լինել նույն հերթափոխում: Անմոռաց են բոլորն էլ…
– Հատկապես ի՞նչն է անջնջելի տպավորություն թողել:
Տիգրան – Ինձ համար մեծագույն երջանկություն էր նրա հետ ծանոթությունը: Նույնիսկ հենց այնպես հանդիպելը կհամարեի մեծ նվեր, որով ճակատագիրը պարգևատրում է բարի գործերի համար: Դավթի կողքին մարդ իրեն ավելի լիարժեք, ավելի ազատ էր զգում. պարզապես հարստանում էիր…
– Մի անգամ Դավթի մարտական ընկերներն այսպիսի դեպք էին պատմում: Տող գյուղում նա իր ձեռքով ռումբ է նետել իր պապի տան վրա: Ինչպե՞ս է մարդը կարողանում ձեռք բարձրացնել նման սրբության վրա…
Տիգրան – Դավիթը միշտ հումորով էր պատմում այդ դեպքը, չնայած դժվարությամբ է դա իրագործել: Նրա այդ արարքը շատ բնական էր և միակ ճիշտը: Պապական՝ տոհմական այդ տանը տեղավորվել էր ադրբեջանցիների ռազմական շտաբը: Դավիթը հաշված վայրկյանների ընթացքում ոչնչացրել է նրանց պաշտպանական համակարգը: Միայնակ մտել է նկուղ, ականապատել: Նրա դուրս գալուց հետո անմիջապես պայթել է…
– Ի՞նչ թեմաներով էիք զրուցում հրադադարի պահերին:
Լեռնիկ – Քանի որ Դավիթն իր կրթությամբ, ընկալումներով և փորձառությամբ մեզ գերազանցում էր, մենք գրեթե միշտ լսողի դերում էինք նրա մոտ: Նա երիտասարդ էր, բայց շատ հարուստ կյանքով էր ապրել, շատ բան տեսել, շատ բան գիտեր, խոսում էր ամեն ինչի մասին:
– Ասում են՝ բանաստեղծական խառնվածք ուներ. զինվոր էր և արվեստի մարդ՝ միաժամանակ:
Տիգրան – Ավելի պատկերավոր ու կարճ ասած՝ վերածննդի դարի մարդ էր: Տեղյակ էր ամեն ինչին և մեր միջավայրում բոլոր բնագավառներում առաջինն էր: Եզակի տաղանդավոր էր: Նրան ահավոր զայրացնում էին բարոյական, մտավոր և այլ հարցերում թերություններ ունեցողները, ովքեր չէին սիրում զբաղվել ինքնակրթությամբ… Նա կարողանում էր իր շուրջն ստեղծել ոգեղեն մթնոլորտ: Միայն նրա ներկայությունը բավական էր, որ միջավայրի տրամադրությունը փոխվեր: Եվ, անկախ ամեն ինչից, նա միշտ դառնում էր տվյալ միջավայրի կենտրոնական դեմքը:
–  Այսինքն՝ նա ի ծնե առաջնո՞րդ էր:
Տիգրան – Ճիշտ նկատեցիք: Դա ձեռքբերովի հատկանիշ չէ:
Լեռնիկ – Նա մարդու և մարդկայինի բնածին խորհրդանիշ էր՝ բարի, կամեցող, պատրաստակամ…
– Իսկ ինչո՞ւ են նրան «Դև» մականունը տվել:
Տիգրան – Սովորություն է ունեցել՝ ամեն անգամ որևէ հանձնարարություն կատարելուց հետո, երբ վերադարձել է տուն ու դռան զանգը տվել, մայրը՝ տիկին Էմման, սովորականի պես ներսից հարցրել է` ո՞վ է: Դավիթը միշտ պատասխանել է՝ կրկնելով հայտնի մուլտֆիլմի արտահայտությունը. «Ես եմ՝ բարի Դևը»:
– Ի՞նչ երազանք ուներ Դավիթը: Ի՞նչ էր մտադիր անել պատերազմի ավարտից հետո:
Տիգրան – Առաջ չէինք նայում, որովհետև հնարավոր չէր կռահել, թե ինչ է սպասվում հաջորդ րոպեին: Բայց մի բան կար. նա անավարտ էր թողել իր գեղարվեստական կինոնկարի սցենարը: Արդեն ուներ մի շարք ճանաչված դերասանների Եվգենի Եվստիգնեևի, Դավիդ Շենգելիայի և ուրիշների համաձայնությունը՝ նկարահանվելու համար այդ կինոնկարում: Ցավոք, այդ ամենը մնաց անավարտ…

– Իսկ ի՞նչ իրավիճակում նա վիրավորվեց: Դուք ներկա՞ էիք…
Տիգրան – Ո՛չ: 1991 թվականի դեկտեմբերն անասելի չարագույժ ամիս էր մեր գնդի համար: Սկզբում վիրավորվեց շտաբի պետը՝ Տիգրան Սարգսյանը: Բոլորիս ուշադրությունը հիվանդանոցում էր, որտեղ փորձում էին նրան փրկել: Այդ օրերին ազատագրել էինք Թոդան գյուղը: Մնացել էին մի քանի թուրքական հենակետեր: Տներից մեկի նկուղից հակառակորդի գնդացիրը թույլ չէր տալիս մեզ առաջ շարժվել: Դավիթը որոշում է լռեցնել այն և կրակում, ոչնչացնում է: Այդ պահին վիրավորվել է պատահական գնդակից…
– Մի քանի ժամ է տևել, մինչև… Այդ ընթացքում գիտակցությունը տե՞ղն էր, խոսո՞ւմ էր…
Տիգրան – Ե՛վ մարտի ժամանակ, և՛ հիվանդանոցում նրա մոտ եղել են Արթուրը և Արմենը: Պատմում են, որ այդպես էլ չի խոսել: Երբ նրա վիրավորվելու հաջորդ օրը Երևանից ուղղաթիռ է եկել՝ վիրավորներին տեղափոխելու համար, Արթուրը դուրս է եկել դիմավորելու ուղղաթիռը: Դավիթն այդ ժամանակ ձեռքը բարձրացրել, պարզել է դեպի Արմենը: Իրար ձեռք են սեղմել: Դա նրա վերջին շարժումն է եղել…
– Իսկ ի՞նչ էր նշանակում Դավթի կորուստը ձեր ջոկատի համար:
Տիգրան – Արևը սևացավ…
Լեռնիկ – Մեզ համար դժվարացավ նոր ընկերություն ասածը, նոր ընկերներ ձեռք բերելը: Իհարկե, կյանքը շարունակվում է: Լինում են նաև ծանր ու դժվար պահեր: Նման դեպքերում շատ-շատ ենք զգում Դավթի և մյուսների բացակայությունը, պակասը:
– Դուք կանխագուշակեցիք իմ հերթական հարցը, այն է՝ հատկապես ի՞նչ իրավիճակներում եք հիշում Դավթին և մյուս ընկերներին:
Լեռնիկ – Չէի ցանկանա նկարագրել մեր դժվարությունները: Մենք անցել ենք պատերազմի բազում դժվարությունների միջով, հաղթահարել դրանք: Բայց մեզ համար անտանելին Դավթի, Գուսանի, Տիգրանի, Ռաֆիկի, մյուսների բացակայությունն է:
– Իսկ որքա՞ն են զգում նրանց պակասը հարազատները, մայրերը… Դավիթը ծնողների միակ զավակն էր, և, այդ առումով, անասելի ծանր պետք է լինի տիկին Էմմայի վիշտը…
Տիգրան – Տիկին Էմման մեկ անգամ ևս արդարացրեց իր՝ իշխանական տոհմից ծագումը: Մենք, իհարկե, բոլոր մայրերին ընդունում ենք որպես մեր մայրեր: Բայց այն տոկունությունը, որով տիկին Էմման կարողացավ տանել իր միակ զավակի կորուստը, պարզապես անհավատալի է…
Լեռնիկ – Նա Հայրենիքի զինվորի մայր է…
– Իսկ ինչո՞վ եք կարողանում այդ պակասը լրացնել կամ գոնե…
Տիգրան – Հնարավոր չէ պարզապես…
– Եթե ամեն ինչ նորից սկսելու լինեինք, դուք կրկի՞ն կմտնեիք մարտի դաշտ:
Տիգրան – Հենց միայն այդ տղաների հետ ծանոթանալու երջանկության համար՝ այո, անկասկած…
 Լեռնիկ – Չէի ցանկանա, որ այդ ամենը նորից սկսվեր: Բայց եթե, Աստված մի՛ արասցե, իրավիճակը կրկնվի, անպատճառ, որովհետև մենք թրծվեցինք մարտի դաշտում, հասկացանք կյանքի իսկական իմաստը, ավա՛ղ, կորցրինք ընկերներ՝ հանուն մեր Հայրենիքի, հանուն մեր ազգային արժանապատվության պաշտպանության:
Տիգրան – Մարդիկ կան, ովքեր ծնվում են առասպելական հերոսի պես, ապրում և հեռանում են առասպելական հերոսի պես: Դավիթն այդպիսին էր: Անթերի չէր՝ կատարյալ էր: Միշտ կարողանում էր բարձրանալ, հաղթահարել իր թերությունները: Եվ եթե արիացու, արի տղամարդու հավաքական կերպար կերտելու անհրաժեշտություն լինի, Դավիթը դրա դասական օրինակ կարող է լինել…
– Խոնարհվելով մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ՝ ուզում եմ մխիթարանքի խոսքեր գտնել և ուղղել Դավիթ Սարապյանի մորը՝ տիկին Էմմային: Ու քանի որ այդ վշտի ու կորստի մեծության առաջ անզոր ու անճար են խոսքերս, կրկին դիմում եմ Գարեգին Նժդեհի զինանոցին, ինչպես մեր հաղորդման սկզբում. «Հայ կինը հայրենասիրության տաճարի սրբազան կրակն անշեջ պահողն է… Իրենց զավակներով ճանաչել ու գնահատել կանանց… Փա՛ռք ու պատիվ հայ մորը, որ գիտե ծնել հովազներ…»:

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՀ ռադիո, 20․12․2000,
Հասմիկ Գուլակյան,
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ,

հատոր Բ, 2010

Добавить комментарий