ԹՈՒ­ՄԱՆ­ՅԱ­ՆԻ «Ա­ՆՈՒՇ» ՊՈԵ­ՄԸ

Tumanyani Anush poem / ԹՈՒ­ՄԱՆ­ՅԱ­ՆԻ «Ա­ՆՈՒՇ» ՊՈԵ­ՄԸ

ԹՈՒ­ՄԱՆ­ՅԱ­ՆԻ «Ա­ՆՈՒՇ» ՊՈԵ­ՄԸ

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի,
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…
Հովհ. Թումանյան

 Իր չիրականացած մտահղացումների համար այսքան խոր վշտով, իր վաստակի նկատմամբ այսպիսի գերագույն համեստությամբ է արտահայտվել ամենայն հայոց բանաստեղծը: Թումանյանն ապրեց մի այնպիսի դարաշրջանում, երբ մեր ժողովուրդը նահապետական կացութաձևից անցում էր կատարում դեպի կապիտալիստական հասարակարգը: Վերանում էին դարերով սրբագործված կենսաձևերն ու պատկերացումները, դրանց փոխարինող նորն էլ ոչ միայն ժողովրդին դուրս չէր բերում փրկության ափ, այլև ավելի էր խճճում գոյության կռվի դաժան գոտեմարտում: Հասարակական այդ հեղաբեկումները համընկան հայ ժողովրդի պատմության ամենամռայլ ժամանակներին, երբ թուրքական բարբարոսական վարչակարգը ջանում էր իրականացնել մի ամբողջ ժողովրդի բնաջնջելու հրեշավոր ծրագիրը: Այդ դաժան ժամանակներում ժողովրդի բանաստեղծը, իրոք, քիչ ժամանակ ու հնարավորություն ուներ ստեղծագործելու, իր հոգու գանձերը սերունդներին կտակելու համար: Նրա շատ երազանքներ ու ծրագրեր մնացին անկատար: Սակայն այն, ինչ Թումանյանը կարողացել է թողնել, մի հսկայական մշակութային ժառանգություն է, որը կարող է պատիվ բերել յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի: Թումանյանի ստեղծագործությունը մի կատարյալ հեղաշրջում էր հայ գրականության մեջ: Նա բանաստեղծական խոսքը մոտեցրեց ժողովրդին, դարձավ նրա հոգսերի ու վշտերի, հույզերի ու հույսերի թարգմանը:

«Հայոց բանաստեղծությունն այն խո չէ, որի մեջ Հայաստանի ու հայի անուն կա, որի մեջ ազգասիրության քարոզներ կան, Մասիս ու Արաքս կա, այլ այն, որի մեջ հայի հոգի կա, հայի շունչ կա, հայի վիշտ կա, հայի ուրախություն, հայի սովորություն, հայի զգացմունք» (Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, Եր.,1969, հ. 2, էջ 299):

«Բոլորը հաստատ մի բան գիտեն միայն, որ ունեն մի թշվառ հայրենիք, բայց թե ինչ բան է այդ հայրենիքը, ինչի՞ մեջն են նրա թշվառությունը, ինչպես են ապրում, ինչպես են խոսում, լալիս, ուրախանում և այլն, և այլն նրա ժողովուրդը, ահա այդ է հարկավոր, այդ առավելությունը, այդ հատկությունը կարող է նրանց ձեռնադրել հայոց բանաստեղծ» (նույն տեղը, էջ 310):

Գրականության հասարակական դերի այս բարձր գիտակցությամբ Թումանյանը դարձավ ամենամեծ ու ամենաժողովրդական բանաստեղծը, որի հանճարի լույսով սերունդներ են դաստիարակվել ու պիտի դաստիարակվեն: Ամենից խոր ու կատարյալ նա ներկայացրեց հայ ժողովրդի սոցիալական ու քաղաքական վիշտը` ամենամռայլ պահերին անգամ ժողովրդին գոտեպնդելով հայրենիքի պայծառ ապագայի հեռանկարով, մարգարեաբար կանխատեսելով, որ «ողբի ու որբի» հայրենիքը դառնալու է «լույսի հայրենիք, հույսի հայրենիք»: Թումանյանի պոեմներն ու լեգենդները, բանաստեղծություններն ու քառյակները, գեղարվեստական արձակն ու հեքիաթները հայկական իրականության տարբեր կողմերի այնպիսի բյուրեղացումներ են, որ դուրս են եկել ազգային շրջանակներից ու մտել համամարդկային մշակույթի գանձարանը, հանճարի կնիքը կրող այնպիսի մոնումենտալ քանդակներ, որոնց նկատմամբ անզոր է ժամանակի մաշիչ զորությունը:
Թումանյանի ստեղծագործության անթառամ պսակներից է «Անուշ» պոեմը, որտեղ գեղարվեստական կախարդիչ գույներով ներկայացվել է հազարամյա կյանքի ու հարաբերությունների, մարդկային ապրումների ու երազանքների, վշտերի ու ուրախությունների համապարտակ պատկերը:
Պոեմի առաջին տարբերակը լույս տեսավ 1892թ.: Սակայն Թումանյանը չբավարարվեց եղածով: Ավելի քան տասը տարի վերամշակեց այն. կրճատեց բազմաթիվ նկարագրություններ և հեղինակային խորհրդածություններ, դրանք փոխարինեց հերոսների խոսքով ու գործողություններով, խորացրեց կերպարների գործելակերպի հասարակական ու հոգեբանական համոզչականությունը, ուժեղացրեց պոեմի դրամատիզմը, ավելի կատարյալ դարձրեց լեզուն և ստեղծեց միանգամայն նոր որակ: Նոր «Անուշը» կյանքը արտացոլելու խորությամբ ու ամբողջականությամբ, պոեմի ժանրային հնարավորությունների օգտագործման անթերիությամբ դարձավ հայկական պոեզիայի կատարյալ գլուխգործոցներից մեկը:
Պոեմի հիմքում դնելով սիրո մի ողբերգական պատմություն՝ Թումանյանը վերակերտեց մի ամբողջ աշխարհ, ինքնաբուխ շարժման մեջ դրեց նահապետական կյանքն` իր ներքին օրենքներով ու հակասություններով, իր գրավիչ ու ողբերգական կողմերով: Ահա թե ինչու «Անուշին» անդրադարձող բոլոր գրականագետները միաբերան հաստատում են, թե նահապետական կյանքի դառնություններն ու ժողովրդի հոգու գեղեցկություններն ուրիշ ոչ մի ստեղծագործության մեջ չեն հասել այնպիսի կատարելության, ինչպես «Անուշ» պոեմում: Ահա թե ինչու ռուս հայտնի բանաստեղծ, հայ պոեզիայի քաջագիտակ Վալերի Բրյուսովը «Անուշն» անվանել է հայկական կյանքի հանրագիտարան:
Պոեմը բացվում է հայտնի «Նախերգանքով», որտեղ հեղինակը նախապատրաստում է ընթերցողին, որ ականատես է լինելու մի տխուր ու ողբերգական պատմության: Այդ ողբերգությունն այնքան խոր է, այնքան մեծ ու ընդգրկուն, որ դուրս է գալիս մարդային սովորական պատկերացումներից: Եվ պատահական չէ, որ այդ անսահման վշտի մասին առաջին խոսքը Թումանյանը վերապահում է բնության ոգիներին:
Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի,
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՛ք ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
… Ու նրանց հետ՝ ցողարցունքով
Լըցված սըրտերն ու աչքեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:
Այնուհետև մի հանճարեղ անցումով Թումանյանն ընթերցողին տեղափոխում է հայրենի եզերքը, հիշում հսկա շարքերով շուրջպարի բռնած հարազատ լեռները, որոնք մարդկայնացվել են հերոսական լեգենդի ձևով, ոգեկոչում հին ծանոթներին ու սիրելի դեմքեր, որոնք անցած գարնան ծաղկունքի նման անդարձ անցել են, բայց բանաստեղծի որբացած հոգին անհուն կարոտով նրանց է որոնում, որպեսզի կյանք ու շունչ տա այդ ռոմանտիկ ու անկրկնելի անցյալին՝ մի կրկին անգամ վերապատմելու համար հարազատ աշխարհի հրապույրները: Եվ հեղինակի կախարդիչ ձայնով վերակենդանանում է այդ անցյալը, որը, ինչքան էլ լի դառնություններով, այնուամենայնիվ, ունի բանաստեղծական ձգողական ուժ:
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն ահա նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սո՜ւս… ակա՛նջ արա,- հովիվն է կանչում…
Սկսվում է պոեմի բուն գործողությունն իր բնական ընթացքով, առանց հեղինակային միջամտության: Թումանյանը մեր առջև բացում է պարզ ու բնական կյանքով ապրող մարդկանց մի աշխարհ, ուր մարդն ու բնությունը կապված են իրար մի ներդաշնակ համերաշխությամբ, ուր մարդիկ ամբող-ջական են, անաղարտ, իրենց գործողություններում անկաշկանդ, կատա-րում են այն ամենը, ինչ միակ բնականն է տվյալ հանգամանքում, և չեն կա-րող չկատարել: Նրանք սիրում են, ուրախանում, տագնապում ու վշտանում, ապրում ծանր ողբերգություն, դիմում անձնազոհության, և ամենը, ամենը առանց պայմանականությունների ու կեցվածքի, առանց չափազանցումների ու ցուցամոլության, այնպես, ինչպես կարող է լինել առօրյա կյանքում: Գործողության հենց սկզբից իրականության մատուցման լիրո-էպիկական շնչին միաձուլվում է լարված դրամատիզմը և ապահովում իրադարձությունների բուռն ու վերընթաց զարգացումը: Ահա սարերի չոբան Սարոյի սիրո կանչը, որը բնության պարզ զավակի ամենավեհ զգացմունքների մի սքանչելի արտահայտություն է, սիրահար երիտասարդի փոթորկուն հոգուց դուրս հորդացած ապրումի մի զորեղ դրսևորում: Բայց այն միաժամանակ իր մեջ խտացնում է ներքին դրամատիզմ՝ մտավախություն հնարավոր արգելքների նկատմամբ և իր սիրո տերը դառնալու համար նույնիսկ արյուն թափելու պատրաստակամություն:
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման:
Նույն դրամատիկ վիճակն է ապրում նաև Անուշը: Լսելով սիրած տղայի երգը՝ Անուշը չի կարողանում հանգիստ նստել վրանում: Նա պատրվակներ է փնտրում Սարոյին տեսնելու համար՝ ի վերջո ստիպված լինելով խոստովանել նանիին.
— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նանի ջան, նա՜նի, ես ինչպե՞ս անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…
Գնալով ավելի է խորանում հերոսների հոգու տագնապը: Մի կողմից, նահապետական անձուկ միջավայրը՝ իր հազար ու մի կաշկանդիչ օրենքներով ու սովորություններով, մյուս կողմից՝ իրենց արդեն զգալ տվող բուրժուական բարոյականությունը՝ իր եսակենտրոն հաշվենկատությամբ, որպես հնարավոր ողբերգության անխուսափելի ազդակներ, ամուր նստվածք են տվել սիրահար զույգի ենթագիտակցության մեջ, ուրվականի պես հետապնդում են նրանց: Անդավաճան սիրո հավաստիացման հետ միաժամանակ մի ներքին տագնապով է համակված Անուշի ու Սարոյի առաջին հանդիպումը: Անուշի առաջին խոսքը սիրած տղային բողոք ու մեղադրանք է.
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ…
Սերը մարդկային ամենավեհ ու ամենաբուռն զգացումն է: Ճշմարիտ սերը չի հանդուրժում կիսատ-պռատություն, այն, Թումանյանի բնորոշմամբ, «ագահ է ու տարօրինակ», պահանջում է անմնացորդ ու անվերապահ նվիրում: Անուշի տագնապած հոգին այդպիսի սեր է պահանջում Սարոյից, այլապես՝
Ես կըվառվեմ, Հուր կըդառնամ,
Ես կըհալվեմ, Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ՝ Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ էսպես մընամ…
Հերոսուհու փոթորկված ապրումներն առավել առարկայական են դառնում դարդից չորացած ուռենու լեգենդում: Անուշի այս տխուր նախազգացումը մռայլ կերպարանք է ստանում Համբարձման տոնի ժամանակ, երբ նրան ընկնում է սև վիճակ: Բախտի հավատով ապրող աղջիկը անմիջապես հիշում է, որ իրեն դեռևս մանուկ հասակից են անիծել, որ ինքը ճակատագրով դատապարտված է անբախտության:
Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտս էլ միշտ մութ,
Ինչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
Հանգամանքները չեն ուշանում այդ անորոշ տագնապը իրականություն դարձնելու համար: Սիրահար զույգի ողբերգության իրական հիմքը դրվում է գյուղական մի հարսանիքի ժամանակ, ուր մի պատահական վրիպում մարդկանց դուրս է մղում սովորական հունից, կապարյա ծանրությամբ կախվում նրանց ճակատագրերի վրա: Սարոն խախտում է դարերով կարծրացած մի ավանդույթ, ըստ որի` «ամբոխի առջև իգիթն իր օրում գետին չի զարկիլ ընկեր իգիթին»: Սակայն Սարոն հարսանքավորներին զբաղեցնելու համար կազմակերպված ընկերախաղի ժամանակ հանկարծ նկատում է կանանց մեջ կանգնած Անուշին և, մոռանալով աշխարհ ու ադաթ, ինքնամոռացության մեջ գետնին է զարկում ընկեր տղային՝ Անուշի անդրանիկ եղբայր Մոսիին: Չնայած Սարոյի այդ արարքի մեջ հետին դիտավորություն չկար, չնայած նա երբեք էլ չէր ցանկանա խայտառակել ընկերոջը, այնուամենայնիվ, պահի ազդեցության տակ կատարած այդ քայլը ծանր ոտնձգություն էր նահապետական աշխարհի մարդու արժանապատվության նկատմամբ:
Նահապետական միջավայրի հարազատ զավակը հենց այդ միջավայրի հարկադրանքով հոգեկան ծանր դրամա է ապրում՝ դառնալով հասարակության ծաղրի առարկան: Ոտնահարված պատիվը վերականգնելու հա-մար նա այլ միջոց չէր տեսնում, քան կանգնել աննահանջ վրիժառության ուղու վրա: Գուցե այլ պայմաններում Մոսին գյուղական իգիթին վայել ասպետական մեծահոգություն կցուցաբերեր ընկերոջ նկատմամբ, սակայն տղամարդկային արժանապատվության այն նվաստացումը, որ ապրեց հասարակության աչքի առաջ, նա տանել չի կարող: Երևույթների երկաթյա տրամաբանությունը նրան կանգնեցրել է ոչ միայն երեկվա «ախպեր», իսկ այսօր «դուշման» ընկերոջ, այլև անողոք ու անզիջում և իր համար արդեն թշնամի միջավայրի դեմ: Մոսին պարտավոր է փրկել իր անարգված պատիվը՝ կանգ չառնելով նույնիսկ ամենադաժան քայլերի առաջ: Ահա թե ինչու՝
Ու էն հարսանիքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ, գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարհքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի՝ Սարոյի գրկում:
Եվ այսպես, չնչին մի դեպք դառնում է անբեկանելի աղբերգության պատճառ, շրջում սիրահար զույգի բախտի անիվը: Վտանգվում է Անուշի ու Սարոյի սերը, նահապետական ադաթը պատնեշ է կանգնեցնում նրանց երջանկության դեմ: Թումանյանը ընթերցողին է թողնում պատկերացնելու հերոսների այդ դրամատիկ կացությունը, որն ինքնին հասկանալի է դառնում նրանց ձեռնարկած խիզախ քայլով: Հավատարիմ մնալով իրենց սիրուն ու ծառանալով միջավայրի կաշկանդիչ օրենքների դեմ՝ Անուշն ու Սարոն փախչում են սարերը: Դրանով նրանք պաշտպանում են իրենց սիրո իրավունքը, հաստատում փոխադարձ նվիրվածությունը: Հասարակությունից հալածված սիրահարները կյանքի ծանր պահերին ապավինում են հայրենի բնությանը, փրկության խարիսխ որոնում այնտեղ: Անուշն իր տխուր բախտը իմաստավորում է սարի ծաղիկների թաքուն ցավերով.
Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր…
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:
Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներդ լիքն է արցունք,
Սիրտներդ սև ու տըխուր:
Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում՝
Սիրտները սև ու տխուր:
Սակայն հայրենի բնությունը, ինչքան էլ ջերմ ու հարազատ է մայրական գրկի պես, անզոր է մարդկանց նյութած չարիքների դեմ: Նա չի կարող հալածական զույգին փրկել անխուսափելի կործանումից, որովհետև նրանց մերժել է ամենազոր մի ուժ՝ հասարակությունը, և անհողդողդ հետևողականությամբ պահանջում է իրենը: Սարոն զոհվում է ընկերոջ գնդակից՝ իր խիզախ ըմբոստացման համար հատուցելով կյանքով: Չդիմանալով այդ ծանր կորստին՝ Անուշը կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, իրեն նետում Դեբեդի ալիքների գիրկը՝ այն աշխարհում սիրած տղային միանալու հավատով:
Մարդկային այս մեծ ողբերգությունը պատկերելիս Թումանյանի պոետական հանճարը հասնում է ամենապայծառ փայլատակման: Չափազանց ժլատ պատկերներով ու բառերով նա թափանցում է մարդկային հոգու անտակ խորքերը, տեսանելիորեն ցուցադրում գեղեցիկն ու վսեմը մարդու մեջ, փառաբանում մարդու և մարդկայինի իդեալը: Հասարակությունից մերժված Սարոյի համար հանդերը դժոխք են դարձել, ընկերը՝ դուշման, ու ման է գալիս որսորդից փախած եղջերվի նման՝ «օրհասն առաջին, գնդակը ետևից»: Այս վիճակը նրա մեջ ծնում է մեռնելու, քար աշխարհից ազատվելու տրամադրություն: Միայն մի բան է նրան ետ պահում ինքնասպանության դիմելուց. վախենում է իր մահը ծանր վիշտ պատճառի Անուշին:
Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա:
Սա սիրած էակի նկատմամբ ասպետական հավատարմության ու անձնազոհության եզակի դրսևորում է, որը հասարակ մահկանացուին բարձրացնում է աստվածային մարդկայնացման աստիճանի: Անձնուրացության նույն մոտիվը ավելի խոր ու ազդեցիկ միջոցներով մարմնավորվում է Անուշի վարքագծում: Անուշի համար սերն ամեն ինչ է՝ գոյության արդարացում, ապրելու իմաստ, կյանքի հենարան: Սերն ու հավատարմությունը նրան այնքան են հասունացնում, այնքան են բարձրացնում շրջապատից, որ կարողանում է թոթափել նահապետական կնոջ ավանդական անզորությունը և պաշտպանել իր մարդկային արժանապատվությունն ու իրավունքը: Սակայն իրականության հետ բախման մեջ մտած այդ մեծ սերը պահանջում է իրեն հավասարազոր անձնազոհություն: Ամիսներ են անցել ողբերգական դեպքից, բայց ժամանակն անզոր է Անուշի վիշտը սփոփելու գործում, այն գնալով ավելի է ահագնանում: Առանց Սարոյի կյանքը դատարկվում է, ապրելը կորցնում է իր իմաստը: Ներանձնացած իր վշտի մեջ՝ Անուշը ողբում է իր մեծ կորուստը և մտորում.
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մնացին որբ ու անչոբան,
Թե ինչպես հանկարծ նա գընաց հեռու,
Էլ չի դառնալու, էլ չի դառնալու:
Անուշի նկարագրի վեհության, նրա անմնացորդ հավատարմության գեղեցիկ վկայություն է «անցվոր ախպոր» հետ ունեցած երկխոսությունը, որտեղ բյուրեղանում է գեղջկական հոգու մաքրությունը: Անուշը ոչ միայն չի կարող հետևել աշխարհի կարգին և նոր սեր որոնել, այլև այդ ծանր ողբերգության մեջ անգամ աշխարհին ու մարդկանց նայում է անչար հայացքով. «Ուրախ սըրտով դուք ձեր սերը վայելեցեք անթառամ»:
Թումանյանը միայն մեկ արտահայտությամբ է ակնարկում Անուշի հոգեկան հավասարակշռության խախտվելու մասին՝ «երգերը անկապ, երգերը տըխուր»: Բայց հերոսուհու հոգեկան տարբեր վիճակներն արտահայտող երգերի վարպետ համադրումով ավելի տեսանելի է ներկայացնում երևույթը, քան այդ հնարավոր կլիներ հեղինակային խոսքով: Այդ երգերում որոշակի դասավորությամբ իրար հերթափոխում են կենդանի ու մեռած Սարոն: Անուշին մերթ թվում է, թե Սարոն անվերադարձ հեռացել է, գնացել, և անհուն կարոտով ետ է կանչում նրան, մերթ ծաղիկների բույրով քնել է սարի լանջին՝ մոռանալով ոչխարի կթի ժամը, մերթ նրա աչքին պատկերանում է լուռ ու սառած դիակը՝ անմիջապես տեղը զիջելու համար կենդանի Սարոյի «սիրուն ու անուշահոտ» կերպարանքին:
Իսկ Անուշի վախճանի մասին Թումանյանը մի բառով անգամ չի ակնարկում: Ստեղծագործական բարդ հնարանքներով նա առավել հուզական ու տպավորիչ է դարձնում կյանքի ծաղիկի կորուստը, որովհետև դա ոչ թե սովորական ինքնասպանություն էր, այլ բարձր ու վեհ անձնազոհությամբ սիրած էակին միանալու քայլ: Անուշի ողջ էությունը Սարոն է, որի կորստի հետ նա հաշտվել չի կարող: Սարոյի գերեզմանի շուրջը նա «թնդացնում է ողբ ու լաց», ձայն է տալիս, որոնում իր մուրազին, բայց նա «չըկա, չըկա ու չըկա»: Եվ ահա հոգեկան ալեկոծումի այդ պահին հայրենի գետը հուշում է նրան, թե «Արի՜, Անո՜ւշ, արի՜ տանեմ յարիդ մոտ»: Որ Անուշը հետևում է հայրենի գետի վշտահար կոչին, այդ երևում է մոր անպատասխան մնացած կանչից: Անուշի մայրը երկու անգամ կանչում է նրան: Եթե պոեմի սկզբում այդ կանչին հետևում է սիրած տղայի հետ հանդիպումով երջանկացած աղջկա ղողանջուն ու զիլ պատասխանը՝ «գալիս եմ, գալիս, գալի՜ս եմ, նանի՜», ապա պոեմի վերջում մոր կանչին հետևում է ձորերի ահռելի լռությունը խախտող «դուշման Դեբեդի» միայնակ մռնչոցը: Իսկ դրան հաջորդող քառատողն արդեն հնչում է որպես մահվան ողբերգի վերջին հառաչ, որով և ավարտվում է գործողությունը:
— Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՜ւն արի…
Կանչում է մերը վերևից, կանչո՛ւմ.
Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում:
Վո՜ւշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ, քուրի՛կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին,
Վո՜ւշ-վո՜ւշ, Սարո, վո՜ւշ-վո՜ւշ, իգի՛թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին….
Խավար ժամանակների դաժան օրենքների զոհ են դառնում Անուշն ու Սարոն: Սակայն սերը չի մեռնում, այլ հաղթող է դուրս գալիս մռայլ իրականության հետ ունեցած գոտեմարտում: Անմուրազ մեռած սիրահարները աստղերի ձևով ապրում են տիեզերքում և ամեն Համբարձման գիշեր անհուն կարոտով հանդիպում են իրար, մի հեզ համբույրով հաստատում ճշմարիտ սիրո հավերժությունը:
Սիրո այս ողբերգական պատմությունը հասարակական մեծ արժեք է ձեռք բերում այն բանի շնորհիվ, որ Թումանյանը այն ներկայացնում է նահապետական կյանքի սովորույթների ու պատկերացումների հետ անխզելիորեն շաղկապված, որպես իրականության անխուսափելի հետևանք: Գլխավոր հերոսներին զուգընթաց` պոեմում տեղ են գտել մի շարք երկրորդական կերպարներ ու մասսայական տեսարաններ, որոնք ստեղծում են բնական միջավայր: Երկրորդական կերպարների մեծ մասը միայն մեկ անգամ է հանդես գալիս՝ կատարելու իրեն վերապահված որոշակի դերը: Սակայն այստեղ ևս կերպարների վարքագիծը կոնկրետ համգամանքներից բխեցնելու թումանյանական սկզբունքը հասնում է կատարյալ հաղթանակի: Յուրաքանչյուր երկրորդական կերպար գործողության մեջ է մտնում ճիշտ ժամանակին, երբ անհրաժեշտ է գլխավոր հերոսների գործելակերպի կամ վիճակի հասարակական-բարոյական ազդակների ու ապրումների հոգեբանական խորքի այս կամ այն կողմն ընդգծել: Ահա Անուշի մայրը՝ աղջկա անխոհեմ քայլերը կանխելու մտահոգությամբ, պարկեշտության հորդորներով, նրա բախտի նկատմամբ մշտական տագնապով:
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
— Ո՞ւր կորար, Անո՜ւշ, այ մազըդ կըտրած…
Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին:
— Աղջի՜, սևասի՜րտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կմըտնի.
Ամպը կոխել է, աշխարքը մըթնել,
Ի՞նչ ես կորցրել՝ չես կարում գըտնել…
Իրենց ճիշտ ժամանակին, անհրաժեշտության հրամայական թելադրանքով են հանդես գալիս նաև Անուշի հայրը, գյուղի քահանան, ծերունին ու մյուսները: Սրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս բնավորության մի կողմով միայն, բայց այնքան բնական, դիպուկ ու գտնված է բնավորության այդ մեկ կողմը, որ նրա կրողները դառնում են լիարյուն ու ամբողջական անհատականություններ: Ե՛վ Անուշի հայրը՝ իր զայրալից խոսքերով, և՛ քահա-նան՝ իր հաշտարար տոնով, և՛ ներկայի մեջ գերազանցապես անցյալի հուշերով ապրող ծերունին՝ իր վիթխարի հասակով, մի-մի ավարտուն կերպար են: Սակայն երկրորդական կերպարների մեջ ամենից ազդեցիկն ու ցնցողը որդու դիակի վրա ողբացող Սարոյի մայրն է: Աստվածապաշտ ու սնոտիապաշտ պառավը, որդու կորստից խելակորույս, ծառս է լինում դուշման երկնքի դիմաց, հայհոյում է և կուրծքը ծեծում.
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
— Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան՝ որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խլում,
Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի…
Սարոյի մոր խոսքերը մայրական անմնացորդ սիրո դրսևորման եզակի արտահայտություն են: Միայն մայրը կարող է ցանկանալ խլել որդու գերեզմանը՝ սեփական մահով նրա արևը պայծառ պահելու անձնուրաց փափագով:
Ստեղծագործական տարբեր հնարանքներով Թումանյանը լայնացնում է իրականության ընդգրկումների շրջանակները, վերակերտում մի ժամանակաշրջան, ուր անհատն ու հասարակությունը դեռևս որոշակիորեն իրարից չեն տարանջատվել, և այդ փոխհարաբերության մեջ իշխողը հասարակության կամքն է: Այստեղից էլ այն աչքի ընկնող ակտիվությունը, որ պոեմում հանդես է բերում ժողովրդի հավաքական կերպարը:
Ժողովուրդը գործողությունների սովորական ֆոն չէ «Անուշում»: Նա ակտիվ գործող ուժ է, երևույթները իրենով պայմանավորող մեծություն: Ժողովուրդը հանդես է գալիս տարբեր վիճակներում, տարբեր կողմերից ներկայացնում այն օրենքներն ու սովորությունները, որոնցով առաջնորդվում է իր գեղջկական պարզ ու անաղարտ կենցաղավարության մեջ: Ահա Համբարձման առավոտը: Գյուղի աղջիկները դուրս են եկել հարազատ բնության գիրկը՝ «վիճակ հանելու աշխույժ երգերով»: Այստեղ ցուցադրվում է ժողովրդի միամիտ հավատը գուշակության ու բախտի նկատմամբ: Ինչքան էլ աղջիկները հորդորում են Անուշին, որ իրենց ձեռքով հանած «մի անմիտ վիճակ, մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար» չեն կարող մարդու բախտի անիվը շրջել, այնուամենայնիվ, իրենք ևս խորապես հավատում են այն ամենին, ինչ փորձում են ժխտել: Եթե հարսանիքի ժամանակ ժողովուրդը հանդես է գալիս օճորքն ու պատերը թնդացնող ուրախությամբ, ապա Սարոյի թաղման ու սգի տեսարաններում դրսևորում է իր անսահման տխրությունն ու վիշտը, իսկ Անուշի վերադարձի և Սարոյի սպանվելու ժամանակ մթնոլորտը շիկացնում է իր լարված լռությամբ ու տագնապահար իրարանցումով:

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սըրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում ձորը արյունով լըցված:
Պոեմի հուզական տպավորության գործում անփոխարինելի դեր է կատարում նաև մարդկայնացված բնությունը, որը նախերգանքից մինչև վերջերգ ուղեկցում է հերոսների գործողություններին ու արարքներին, դառնում մարդկային հույզերի ու ապրումների թարգման, մասնակից դառնում նրա վշտերին ու ուրախություններին: Պոեմում առկա այդքան ճոխ ու բազմերանգ բնության մեջ անձնավորված կերպարի մակարդակին են բարձրանում հայրենի սարերն ու ծեր Դեբեդը: Առաջինը, սկսած հեղինակի քնարական զեղումից, ներկայանում է ձգողական մեծ ուժով, դառնում համեմատելի մեծություն մարդկային տարբեր հոգեվիճակների բացահայտման համար: Երկրորդը անձնավորվում է որպես ժողովրդի վշտերի ու տառապանքների հավերժական ուղեկից, որպես բնության մի հզոր տարերք, որը կոչված է իրենով ամբողջացնելու մարդկային ողբերգության անսահմանությունը: Հայրենի գետը մերթ որակվում է որպես ծեր կամ ծերուկ, մերթ սգվոր և վշտից պղտորված, մերթ՝ որպես դուշման: Նա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի թելադրանքով մեկ «խլաձայն ողբով» սողում է դեպի ցած, մեկ՝ սիրտը քրքրած հեծեծում, մեկ ահեղ ձայնով երգում է շարական, մեկ՝ վշվշում ու մեկ՝ մռնչում:
Գիշերը ընկավ, թանձրացավ մութը,
Ու նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցին, հանգան… Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը՝ Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքըրած, Ջուրը փրփրած
Քարոտ ափին, Լեռ քարափին,
Դեռ ծեծում է, Հեծեծում է…
Եվ այսպես` ստեղծագործական բազմաթիվ հնարքներով ու պատկերավորման տարբեր միջոցներով Թումանյանը կերտում է գեղարվեստական մի հոյակապ գլուխգործոց, ուր կյանքը ներկայանում է իր ամբողջ խորությամբ ու լայնությամբ, դառնում հասարակական մի ամբողջ ժամանակահատվածի անխարդախ հայելին: Թումանյանի քննադատությունն ուղղված է նահապետական խավար միջավայրի ու բուրժուականացող իրականության դեմ, ուր ոտնահարվում են մարդու լավագույն ձգտումներն ու երազանքները, ուր անժամանակ թառամում է կյանքի ծաղիկը: Մարդկայնորեն դրականն ու գեղեցիկը տեսնելով աշխատավորական խավերի տարերքի ընդերքում` նա հանդես է գալիս հանուն մարդու մարդկայնացման ու ամբողջականության, հանուն կյանքի, գեղեցկության ու սիրո հաղթանակի:

ԱՐ­ՏԱ­ՇԵՍ ՀԱ­ԿՈԲ­ՋԱՆ­ՅԱՆ

Добавить комментарий