ՄԵԾ ԱՂԲՅՈՒՐԱԳԵՏԻ, ՄԱՏԵՆԱԳԵՏԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Անասելի դժվար առաքելություն է հարազատի մասին հիշատակի խոսք ասելը: «Վէմ» ռադիոկայանը (FM 91,1) կորցրեց իր լավագույն բարեկամներից մեկին: 72-ը չբոլորած՝ վախճանվեց ճանաչված պատմաբան, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: «Ակունք» ռադիոհանդեսը զրկվեց անզուգական մի հայագետի այլևս հյուրընկալելու պատվից…
Մեկ ամսում հայագիտությունը ծանր ու անդառնալի կորուստներ կրեց. կյանքից հեռացան պատմագիտության երկու հսկա՝ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը և պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Նրանց միշտ եմ առանձնացրել իրենց աներևակայելի, ֆանտաստիկ, առասպելական աշխատասիրության համար… Այս կորուստներից հետո մի տեսակ, ասես, հայտնվեցի անդունդի եզրին… Գուցե չափազանցնում եմ, չգիտեմ, բայց թող ներեն ինձ մեր մյուս պատմաբանները, այս տրամաչափի այլոց չեմ տեսնում, կամ էլ գուցե կան, ես չեմ ճանաչում… Կրկնում եմ, ժամանակակից երրորդ այդպիսի պատմաբանի չգիտեմ…
Վաղուց եմ հայտնաբերել ինքս ինձ համար, որ հումանիտար ոլորտի մասնագետներն առաջացած տարիքում են ստեղծում գլուխգործոցներ, երբ արդեն իմաստնացել են, զինվել փորձով, գիտելիքներով, հստակեցրել իրենց աշխարհընկալումներն ու տեսակետները…
Պետրոս Հովհաննիսյանն այնքա՜ն անսպասելի ու անժամանակ հեռացավ երկրային կյանքից…
Մեր վերջին՝ փետրվարի 2-ի «Ամենաերևելի հայերի փաղանգը՝ ըստ Նիկողայոս Ադոնցի» հաղորդումը ձայնագրելուց հետո խորհուրդ տվեց առանձին հաղորդումներ պատրաստել Լևոն Իմաստասերի և Վարդ Մամիկոնյանի մասին: Ասաց, որ տպարանում են Ադոնցի 7-րդ հատորը՝ «Նամականին» և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ պատրաստած «Թուրքերը և մենք» ժողովածուն, որտեղ ամփոփված նյութը մի քանի ծավալուն հաղորդումների թեմա է… Այդ օրը, մեկ անգամ ևս խոսելով Հակոբ Զորյանի և «Նեմեսիս» գործողության մյուս մասնակիցների մասին, հիշեց հատկապես ազգային գործիչ Հրաչ Փափազյանին, որին նվիրված հաղորդում պատրաստելու մասին նույնպես պայմանավորվեցինք… Այդ օրը նա ինձ նվիրեց մի անգնահատելի ժողովածու՝ «Հայագիտակ» հրատարակչության հետ համատեղ պատրաստած «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»… Ավա՜ղ…
Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը գիտության մշակ էր՝ բառիս դասական իմաստով, մանկավարժ՝ բառիս ամենալայն իմաստով, հայագիտության նվիրյալ, որ ուխտավորի համբերությամբ ու անանձնական նվիրումով հարստացնում էր մեր պատմագիտությունը՝ հնարավորինս լրացնելով ու ամբողջացնելով նրա բաց էջերը: Գրքի ֆանտաստիկ երկրպագու էր: Քիչ է ասել՝ պաշտում էր գրավոր խոսքը, գիրքը. բառիս բուն իմաստով գրքամոլ էր… Գրքերի աշխարհն իր «ժառանգական տիրույթն» էր դարձրել: Ինչպես գործընկերներն են ասում՝ անհնար էր որևէ գիրք նրան մերժելը… Ուսուցիչ էր, ավելի ճիշտ՝ Ուսուցչապետ միջնադարի մեր մեծ նվիրյալների հանգույն…
1996 թվականին էր, երբ առաջին անգամ նրան հրավիրեցի զրուցելու Հանրային ռադիոյի եթերում: Կազմել և հրատարակել էր Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարց» ժողովածուն: Քիչ է ասել՝ տպավորված էի նրա խոսքից: Սկսեցի ստվերի պես հետևել նրա գործունեությանը, տպագրած նորություններին… Նիկողայոս Ադոնցին առնչվող կամ Ադոնցի թեմայով նրա բոլոր հրապարակումները, ըստ ժամանակագրության, ներկայացրել եմ թե՛ Հանրային ռադիոյի, թե՛ «Վէմ»-ի եթերից:
Ադոնցագետ, աղբյուրագետ, մատենագետ Պետրոս Հովհաննիսյանի կորուստն անմարսելի է… Սիրված պրոֆեսորի բացակայությունը միշտ ենք զգալու… Մեր առտնին զրույցների ժամանակ բազմիցս նրան ասել եմ, որ ինքն արդեն անմահացել է հայոց պատմության, հատկապես՝ հայագիտության մեջ՝ Ադոնցի բազմահատորյակի հրատարակմամբ: Մինչև անցյալ տարի ընդդիմանում էր՝ ասելով, որ իր գլխավոր գործը լինելու է Հակոբ Զորյանի երկերի տպագրումը: Բացատրում էր այսպես. «Ադոնցը հայտնի մեծություն է, նրա գիտական ժառանգությամբ շատերը կարող էին զբաղվել: Իսկ Հակոբ Զորյանին հարկավոր է փրկել մոռացությունից»: Եվ փրկեց: Անցյալ տարվա աշնանը տպագրվեց նրա կազմած Հակոբ Զորյանի «Պատմագիտական ուսումնասիրություններ» ժողովածուն… Նրա խնդրանքով վաստակաշատ լրագրող Կլարա Թերզյանի տուն հրավիրեցինք Հակոբ Զորյանի թոռնուհուն և գրքի՝ հատուկ պատրաստված շքեղակազմ օրինակներ նվիրեց նրանց, մեկն էլ ընծայագրեց Հակոբ Զորյանի ողջ մնացած միակ ժառանգին՝ որդուն, որի առողջությունն արդեն տեղի է տվել… Պրոֆեսորին երբեք այդքան երջանիկ չէի տեսել… Նա իրականացրել էր, իր արտահայտությամբ, իր կյանքի գործը… Ի՜նչ երանելի տրամադրության մեջ էր…
Դժբախտաբար, Պետրոս Հովհաննիսյանը չհասցրեց ստեղծել, իմ գնահատմամբ, մեկ այլ գլուխգործոց՝ «Մովսես Խորենացի» հանրագիտարանը: Վերջինիս մտահղացման մասին մեր եթերից ասաց մի քանի տարի առաջ՝ խոստանալով ձեռնարկել այն «Հայկական հանրագիտարան» հրատարակչության հետ՝ Նիկողայոս Ադոնցի երկերի հրատարակումն ավարտելուց հետո… Մի այլ գլուխգործոց էլ ծրագրված էր «Հայագիտակ» հրատարակչության հետ՝ «Ժամանակագրություն Հայոց պատմության»: Ավա՜ղ…
Իր հարուստ ներկայությամբ պարոն Հովհաննիսյանը պարբերաբար բավանակալից էր դարձնում նաև «Վէմ» ռադիոկայանի մեր ունկնդիրների առօրյան… Նրա յուրաքանչյուր ելույթին մարդիկ սպասում էին՝ անկախ իրենց նախասիրություններից ու ճաշակից… Սպասում էին սրբազան երկյուղածությամբ, անդավաճան սաների պես… Հետո սկսվում էին հեռախոսազանգերը կամ էլեկտրոնային նամակները…
Բարեկամի իրավունքով մի քանի անգամ կշտամբել եմ նրան՝ ասելով, որ ինքը հիմա պետք է ակադեմիկոս լիներ, մինչդեռ դոկտորական ատենախոսություն անգամ չի պաշտպանել… Փոխադարձում էր՝ իսկ դու թեկնածուական պաշտպանե՞լ ես… Կատակում էի, բառախաղ անում՝ իսկ ո՞վ է ինձ վրա հարձակվել, որ չեմ պաշտպանվել…
Ծիծաղում էինք, իհարկե, դառն ծիծաղով, որովհետև երկուսս էլ նույն կերպ էինք վերաբերվում բոլոր տեսակի կոչումներին ու պարգևներին… Երբեմն դրանց արժանանում են մարդիկ՝ իրենք էլ չիմանալով «ընդ որոյ վարդապետութեան…»… Դոկտորներ ունենք, որոնք իրենց գործերի վերնագրերն անգամ չգիտեն… Իսկ Պետրոս Հովհաննիսյանը 400-ից ավելի տպագիր աշխատությունների հեղինակ է: Նրա խմբագրությամբ լույս են տեսել ավելի քան 80 գիտական աշխատանքներ:
Նրա վաստակը շատ ավելին է, նա նույնպես մարդ-հաստատություն էր, եզակի աղբյուրագետ…
Սակավաթիվ դասախոսների գիտեմ, որոնց լսելու էին գալիս այլ կուրսերից կամ ֆակուլտետներից: Այնքա՜ն համոզիչ էր Պետրոս Հովհաննիսյանի խոսքը և հասու բոլորին…
Պետրոս Հովհաննիսյանն իր թողած չափազանց արժեքավոր հայագիտական, աղբյուրագիտական ու մատենագիտական ժառանգությամբ ամրագրել է իր տեղը մեր պատմագրության մեջ: Խորին խոնարհում հարգարժան գիտնականի անմահ հիշատակի առաջ: Վարձքդ կատար, սիրելի՛ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյան… Հայոց հողը թեթև լինի վրադ, հավիտենության ճամփո՛րդ բարեկամ…
«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»…
Հասմիկ Գուլակյան
9. 03. 2016