ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ԴԱՐԸ` ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ` ԴԱՐԻ

ԴԱՐԻՑ ԴԱՐ ՁԳՎՈՂ ՀՈՐԴՈՐ
Դավիթ Գյուլզադյան
Բանասիրական գիտությունների թեկնածու

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ԴԱՐԸ` ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ` ԴԱՐԻ

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ԴԱՐԸ` ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ` ԴԱՐԻ

 1998 թե 99 թվականի աշնանը ՀՀ ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության, որը դեռ բռնակցված չէր ԿԳ նախարարությանը, հայերենի բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստն էր՝ օրակարգային մեկ հարցով. քննության էր առնվելու Երևանի պետական և բժշկական համալսարանների ռեկտորների՝ Ռադիկ Մարտիրոսյանի և Վիլեն

Հակոբյանի՝ հայոց լեզվի դասընթացը ոչ հասարակագիտական ֆակուլտետներից հանելու՝ ԿԳ նախարարին պաշտոնապես արված առաջարկությունը: Մի կողմ թողնենք հարցի գիտամեթոդական «հիմնավորվածության» չափն ու երևույթի վերլուծությունը. ցնցողն այդ բուհերի ղեկավարների հուսահատ անկեղծությունն էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ բարձրագույն խորհուրդը և տեսչության այն ժամանակվա ղեկավարը հիմքից զուրկ են համարում առաջարկությունը. իրար լրացնելով՝ ռեկտորները տեղեկացրին, որ ֆինանսական և գիտաուսումնական պայմանագրեր ունեն՝ կնքված եվրոպական համալսարանների հետ, որոնց կետերից մեկն էլ պայմանավորվող կողմերի առարկացանկի ու ծրագրերի համապատասխանությունն է, իսկ նրանց ցանկում և ծրագրում չկան հայոց պատմության ու հայոց լեզվի դասընթացներ (նույն տարում այս երկուսն էլ արժանացան «Մեսրոպ Մաշտոց» պետական բարձրագույն շքանշանի)…
Առավել ցնցողը, սակայն, նիստին ներկա բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների քար լռությունն էր թե՛ այդ, թե՛ հաջորդ բոլոր օրերին… Ծանոթանալով հրատարակվող ու հրատարակվելիք այս քառահատորյակի նյութերին՝ թեթևացած շունչ եմ քաշում. մեկեն մոդեռնացված լրագրողներից զատ, փա՛ռք Աստծու, ունենք նաև գրչի հարգն իմացող, իրենց արածի ու անելիքի կարևորությունը խորքի՛ց գիտցող ու գիտակցող անհատներ, որոնք, մեղմ ասած, ոչ միայն չգիտեն, այլև չեն կարող, ի վիճակի՛ չեն սովորելու լրագրական ճտպտերենը…
Ամեն գիրք գնահատելիս փորձում ես կենտրոնանալ, հավաքել մտավոր ուժերդ՝ զգացածիդ, տպավորություններիդ մոտավոր պատկերը դուրս բերելու, տվյալ դեպքում՝ թղթին հանձնելու համար: Եթե ասեմ, որ Հասմիկ Գուլակյանի այսօրինակ գրքերն առաջինն են մեզանում, անկեղծ չեմ լինի: Ավելին՝ կարող եմ ասել, որ նույնիսկ արծարծված խնդիրներն էլ հին են և ուղեկիցն են մեր 1600-ամյա գրավոր մշակույթի ողջ ընթացքի: Բայց հենց այն, որ հեղինակն էլ, տեղյակ լինելով այդ «ուղեկցությանը», հանձն է առել հրապարակ հանել հայոց դարավոր հոգու խճանկարը, ինքնին ուշագրավ է դարձնում նրա համարձակությունը՝ այդ խճանկարի նկատմամբ հաճախ իր խարազանիչ վերաբերմունքն անթաքույց դրսևորելու իմաստով: Ցավի՛ ծնունդ է այս գիրքը ու նաև մեծ սիրո: Հեղինակի հոգու ճիչն է լսելի ի՛ր իսկ տողերից և ուղղորդող հարցադրումներից: Զրուցակիցներին տրվող հարցերը մե՛րթ ճակատային են, մե՛րթ ակնարկային-խորքային, բայց երկու դեպքում էլ՝ այնպիսին, որ նրանք չեն կարող խուսափել ճշմարտությունը բարձրաձայնելուց, իսկ եթե արվեստագետ են, նաև երևույթների խորքը թափանցելուց:
Գրքի ընթերցումն ավարտելուց հետո հոգեկան խառն զգացողություն ես ունենում, և այդ զգացողությունն ընկճվածության, ամոթի, հուսալքության, հպարտության իրարամերժ ապրումների տարօրինակ բաղադրություն է: Այստեղ են մեր Գոհար Գասպարյանը, Տիգրան Լևոնյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Արմինե Կալենցը, Սոս Սարգսյանը…, որոնց հետ դեմ առ դեմ զրուցում է Հասմիկը: Բայց առեղծվածային այն զգացողությունն ես ունենում, թե անմիջական զրույցի չհրավիրված մեր մյուս մեծերի հետ էլ է զրույցի բռնվել նա՝ Հարություն Կալենցի, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Նարեկացու, Խորենացու, Մաշտոցի հետ ևս…
Ուզո՞ւմ եք իմանալ՝ ի՛նչ գիրք է սա իրականում: Ասեմ: Դարից դար ձգվող հայոց մեր շարժուն պատմությունն է սա՝ բեկված հայազգի մեր հոգեբանության ու մշակույթի ներանցված թևերով, մեր լինելիության ազնիվ կերպի պատմական հորդորն է: Կարդացե՛ք: Կհամոզվեք ինքնե՛րդ…
2006

Հասմիկ Գուլակյան, ԴԱՐԸ` ՄԵՐ ՄԵՋ, ՄԵՆՔ` ԴԱՐԻ

(Հրապարակախոսություն), 4 գրքով, Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2006–07

Ժողովածուի հիմքում լրագրող-հեղինակի «Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» խորագրով մամուլում 2000 թվականին հրապարակված և «Դարավերջի խոհեր» հաղորդաշարի (Ազգային ռադիո), ինչպես նաև «Վէմ» ռադիոկայանով (FM 101,6) հնչած նյութերից են, հիմնականում՝ հարցազրույցներ՝ մեր անվանի մարդկանց հետ՝ անցնող հարյուրամյակի ընթացքում հայկականության դրսևորումների, հայոց ազգային ինքնության, հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, պատմամշակութային փիլիսոփայության, Հայկական հարցի և այլ թեմաներով: Հետագա տարիների հարանման բովանդակության մի շարք հրապարակումներ, որոնց համար 20-րդ դարն իրոք առանցքային էր, թեմատիկ առումով ավելի ամբողջացրին ժողովածուն:

 

Добавить комментарий