ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երևման Սուրբ Խաչ եկեղեցի (Ախալցխա) - ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երևման Սուրբ Խաչ եկեղեցի (Ախալցխա) — ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

1917-18 թվականներին Ախալցխայում հայերի հերոսական դիմակայությունը թուրքերի հարձակումներին պատմաբանները հաճախ բնորոշել են՝ որպես «երկրորդ Սարդարապատ»:

Հայ ժողովրդի պատմության այդ հերոսական էջի մասին խոսելիս՝ պետք է հիշել ինքնապաշտպանության մարտերում աչքի ընկած բազմաթիվ անձանց անուններ: Նրանց թվում են Հայկ Ավագյանը, Հակոբ Սիմոնյանը, Սարգիս Դավանյանը (հայտնի էր Պզտի Սերգո անունով), Սեդրակ Թորոսյանը, Աղասի Կորկոտյանը, Խորեն Ֆանարջյանը, Միհրդատ Գազազյանը, այլոք: Շուրջ յոթ ամիս տևած դիմակայության պատմությունը վկայությունն է հայոց աննկուն ոգու, կազմակերպված ու նպատակաուղղված գործելու ունակության և անսասան վճռականության՝ զենքով պաշտպանելու սեփական գոյությունը: Ախալցխայի հերոսական դիմակայության գլուխ էր կանգնած Զորի Զորյանը: Նա իր ժամանակակիցների կողմից բնութագրվել է որպես հեռատես, կարգապահ ու խելամիտ անձնավորություն, որի ջանքերի շնորհիվ հայերը հանդես են եկել զարմանալի միասնականությամբ: Նրա անվան հետ էին կապվում բոլոր ռազմական հաջողությունները: Մարդիկ անվերապահորեն հավատում էին նրան: Զորի Զորյանն իր անձով ու ձեռնարկած քայլերով, ասես, մարմնավորում էր ինքնապաշտպանական շարժումը:

Ախալցխայի գավառը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 189 գյուղ՝ հարյուր հազար բնակչությամբ: Բերդաքաղաքն ուներ 25 հազար բնակչություն: Նրանք մեծամասամբ արհեստավորներ էին, վաճառականներ, խանութպաններ: Ախալցխայում ապրում էին հայեր, վրացիներ, թուրքեր, ռուսներ, հույներ, լեհեր, եզդիներ, հրեաներ:

Թուրքիան 1917-18 թվականներին հերթական հարձակումն է ձեռնարկում՝ Անդրկովկասին տիրանալու իր վաղեմի ծրագրերն իրագործելու համար: 1917-ին՝ ռուսական զորքերի՝ Անդրկովկասից հեռանալուց հետո, թուրքական զորքերը հարավ-արևմտյան սահմանի վրա հարձակում են գործում՝ նպատակ ունենալով Բաթումը գրավելու: Տեղում այդ հարձակումներին արձագանքում են Ախլցխայում բնակվող թուրքերը, որոնց խռովությունների կենտրոնն էր Ազղոր գյուղը: 1917-ի վերջերին Ախալցխայի գավառի թուրքաբնակ գյուղերի բնակիչները պաշարում են բերդաքաղաքն ու նրա շրջակայքի 22 գյուղերը: Նրանց նպատակն էր ողջ Ախալցխան մաքրել հայերից ու վրացիներից, բռնագրավել նրանց ունեցվածքը, միանալ Թուրքիային: Այս ամենում մեծ դեր էին խաղում նաև Թուրքիայից այստեղ ուղարկված գործակալները, որոնք գավառում հակահայ քարոզչություն էին տանում:

Քաղաքի բնակիչներին մնում էր դիմել ինքնապաշտպանության: Հրավիրվում է Ախալցխայի կայազորային և քաղաքային գործկոմների միացյալ նիստ, որում քննարկվում է թուրքերի հարձակման վտանգը: Նիստին մասնակցում էին նաև մտավորականներ, գիմնազիստներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Կարևոր քայլ էր թուրքական խռովության գլուխ կանգնած բեկերի ղեկավարի՝ Գուդիևի ձերբակալությունը: Անհապաղ ձևավորվում են գումարտակներ՝ իրենց հրամանատարներով, կազմակերպվում է ռազմական ուժերի շտաբ: Այս ամենի ղեկավարումն իր ձեռքն է առնում ինքնապաշտպանության խորհուրդը: Նրա քայլերը հետևողական էին և խիստ խելամիտ: Քաղաքի և գյուղերի մատույցներում փորվում են խրամատներ, տարեց քաղաքացիներից կազմավորվում են թաղային խորհուրդներ, միատեսակ զգեստավորվում են գթության քույրերն ու սանիտարները, ի մի են բերվում բնակչության ձեռքին եղած զինամթերքը, ինչի պակաս շատ կար: Հիմնվում է նաև պարենավորման կոմիտե:

1918-ի մարտին ուժեղ ընդհարումներ են տեղի ունենում, ինչին հաջորդում է թուրքերի կողմից՝ քաղաքի և շրջակա գյուղերի վերջնական պաշարումը: Մարտի 7-11-ը տևած թուրքերի հարձակումներն անօգուտ էին: Ախալցխայից աշխարհագրորեն կտրված Աբասթուման ամառանոցում և հայկական Դամալա գյուղում ծանր մարտեր են գնում: Դամալայի քաջորդիները, թեև թվաքանակով մի քանի անգամ զիջում են թշնամուն, բայց հերոսաբար դիմադրում են և անգամ հաղթանակներ տոնում: Ահա այդ դրվագներից մեկը: Ապրիլին բախվում են դամալացի 20 պարեկները և թուրքական Օթա գյուղից 300 թուրքերը: Երեք ժամ տևած փոխադարձ հրաձգությունն ավարտվում է հայերի հաղթանակով:

Հայերի պաշտպանական դիրքերը թուրքերին չի հաջողվում ճեղքել: Ի պատասխան թուրքերի դավադիր քայլերի (Աղզորում թուրքական ոհմակը թաքստոցներից վիրավորում է յոթ և սպանում ինը հայ զինվորի)՝ քաղաքային վարչությունը, որ գլխավորում էր Զորի Զորյանը, որոշում է կայացնում քաղաքում գտնվող 200 թուրքերին, այդ թվում թուրք պաշտոնյաներին առանձնացնել մի շենքում: Ազղորի թուրքերը քաղաքագլուխ Զորյանին առաջարկում են փոխանակել Ախալցխայում գտնվող իրենց հայրենակիցներին Աբասթումանի և Ազղորի հայերի և վրացիների հետ: Քաղաքի վարչությունն ու Հայոց ազգայի խորհուրդը թուրքերին հանում են բերդաքաղաքից, բայց թուրքերը դրժում են իրենց խոստումը: Միայն հայերի կողմից տասնյակ թուրքերի կալանելուց հետո հաջողվում է փոխանակումը գլուխ բերել:

1918 թվականի հունիսին, երբ թուրքերի կողմից արդեն գրավված էին Արդահանը, Բաթումը, Ալեքսանդրապոլը, ավերվել էր Ախալքալաքը, օսմանյան բանակի զորամասերը միանում են քաղաքն օղակած թուրքական բաշիբոզուկներին: Ծուղրութ գյուղում թուրքերը հանդիպում են հզոր դիմադրության և նահանջում: Չնայած ծանր վիճակին, Ախալցխայի հայությունը չի տեղաշարժվում: Հունիսի կեսերին բերդաքաղաք են ժամանում հայոց ազգային խորհրդի պատվիրակները՝ Ստեփանոս Մալխասյանցի գլխավորությամբ: Նրանք բանակցում են տեղի թուրք իշխանավորների հետ, ինչի արդյունքում հաջողվում է արտագաղթը նվազագույնի հասցնել: Ինքնապաշտպանության շահերից ելնելով՝ բերդաքաղաքին հարող թուրքական բնակավայրերի տեղահանումն էլ տեղի էր ունեցել անարյուն ու կազմակերպված:

Չորս խոշոր ընդհարումները որոշում են Ախալցխայի ինքնապաշտպանության ելքը: Հակառակորդի կողմից հայերի պաշտպանությունը ճեղքելու բազում փորձեր են արվում. նման փորձեր են արվում Ծղալթբիլա, Նիսխրեբ, Ծինուբա և Վալե գյուղերի ուղղությամբ: Բայց ապարդյուն: Այալ և Ուդե գյուղերն ազատագրում են Հայկ Ավագյանի ղեկավարած Ծղալթբիլայի միացյալ ուժերը: Հայ-վրացական ուժերն ազատագրում են վրացիներով բնակեցված Մուղսի գյուղը: Հակոբ Աբուլյանի հրամանատարությամբ՝ հայկական հեծելազորը փախուստի է մատնում թուրքերին: Զորապետ Հաջի Լևոնին հաջողվում է մեծ թվով թուրք զորականների գերել, որոնց հետագայում մեծահոգաբար ազատ է արձակում:

Ախալցխան յոթամսյա դժվարին դիմակայությունից հետո դուրս է գալիս շրջափակումից:

ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

3 идей о “ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Добавить комментарий