ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Նոյյան աղավնու վերադարձը
Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան

Նարեկ Հովսեփյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 9-ին։ Նա ծնվել է, որ իր թերևս կարճ, բայց լուսեղեն գոյությունը մեզ համար դարձնի հավերժական` անընդհատ հուշելով, որ «լույսի գոյության մասին իմացողը չի կարող մնալ խավարում, եթե անգամ նա ի ծնե կույր է»։ Նա ծնվել է, որպեսզի բացառի հուսահատությունն ու պարտվողականությունը մեր մեջ և նահանջի բոլոր տրամադրությունները` երգով թե առանց

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ NAREK HOVSEPYAN / ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ NAREK HOVSEPYAN / ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 երգի։ Նա ծնվել է ինքնամաքրման մեր ճանապարհին անմար կերոն դառնալու և բարոյականության դասագրքերը մեր սեղաններին միշտ բաց պահելու համար։ Նա ծնվել է ազգային ու ոգեղեն ճգնաժամից դուրս գալու իրական ելքի ուղիներ նշելու մեզ համար հատկապես ծրագրային գործով` որպես ձիթենու դալար շիվ` վերադարձող աղավնու կտցին։ Նա ծնվել է, որպեսզի հիշեցնի մեզ Իմաստնության տաճարի ճանապարհը։ Նա ծնվել է, որ իրենով ապրեցնի մեզ…
Այսօր նա պետք է լիներ և է 25 տարեկան։ Ապրեց ընդամենը 17 տարի` թողնելով բազում-բազում հարցականներ։ Դրանցից մեկին փորձելու եմ այսօր պատասխանել սուբյեկտիվորեն, որովհետև այլ ելք չունեմ։ Խոսքն այն մասին է, թե ո՛ր տարիքում է գրել «Նոյյան աղավնու վերադարձը» էսսե-վիպակը. ի դեպ, սա իմ` բոլոր ստանդարտներից դուրս բնորոշումն է. այդպիսին է նաև հեղինակն ինքը։ Հակված եմ կարծելու, որ գրել է 14 տարեկանում, որովհետև այդ տարիքին է նաև էսսե-վիպակի հերոսը` Նարեկ Ա արքան…
Այն, ինչ գրել է Նարեկ Հովսեփյանն այդ գործում, շատերիս համար գուցե նորություն չէ։ Պարզապես ցնցում-ապշեցնում են 17-ամյա պատանու տրամաբանված, կուռ, հայեցակարգային անխոցելի մտածողությունը և չափազանց հակիրճ աֆորիզմները` բանաձևված արտահայտությունները ազգի, հայրենիքի ու պետության և նրանց ապագայի մասին։
Վիպակն սկսվում է Հայաստան աշխարհի մանկահասակ արքայի` Նարեկ Ա-ի օծման արարողության պահից։ 14-ամյա պատանուն այդ թեկնածության համար պատրաստել են հայության ու Հայոց աշխարհի թշնամիները` խոշոր տերությունները` ի տես Նորբաբելոնիայի աշխարհակալ ղեկավարի և մյուսների։ Հատկապես Նորբաբելոնիայի ղեկավարը կարծես թե գոհ է իր գործակալական ցանցի աշխատանքի արդյունքով. Հայաստան աշխարհը կարողացել են քայքայել այնպես, որ անհուսության են մատնել երկրի քաղաքական կուսակցություններին ու նրանց մեծամիտ առաջնորդներին… Հայաստանում նրանք ստեղծել են լրտեսական այնպիսի սարդոստայն, որ ամեն ինչ տեսնում են ասես ափի մեջ։ Նորբաբելոնիայի տիրակալը հոգնել է իր կոկորդում չոր հացի պես խրված այս քարքարոտ երկրից. նրա անհնազանդ ու պահանջատեր քաղաքացիներն անկանխատեսելի վարք ու կեցվածք ունեն, և միշտ խառնում են իր հաշիվները։ Եվ, ահա, իր գործակալական ցանցի անվրեպ ջանքերով կարողացավ կոտրել այս երկրի բնակիչների քաղաքական ոգին. քայքայել են տնտեսությունն ու առողջ քաղաքական դաշտը, իշխանատենչներին հանել իրար դեմ` պաշտոններ և այլ խոստումներ տալով, գժտեցրել դաշնակից գործիչներին, անասելի չափերի կաշառքներով բարոյազրկել են նախագահական աթոռի հավակնորդներին, որի հետևանքով մրցակից չունեցող 14-ամյա պատանուն ներկայացրել են որպես միակ հնարավոր թեկնածու՝ նախապես պայմանավորվելով երբեմնի փառապանծ Հայաստան աշխարհ անվերապահ ու վերջնական գաղութացման հարցի շուրջը։ Երկրի անվտանգության ուժերն այլևս վստահելի չեն, և կարելի էր սրանցով ապագա մանկահասակ արքային անջրպետել ժողովրդից։
Նորբաբելոնիայի տիրակալի կարծիքով` այստեղ տեղի էր ունենալու հավուր պատշաճի մի արարողակարգ, որից հետո Հայոց արքային նրանք խաղացնելու էին` ըստ իրենց սցենարի։
Սկսվում է օծման արարողությունը։ Բազմությունն օղակել է տաճարը։ Տաճար տանող ճանապարհը բաց է։ Տաճարի մուտքը նույպես բաց է։ Գալիս է նաև մանկահասակ արքան։
Այսպես է նկարագրում նրա մուտքը Նարեկ Հովսեփյանը. «Եկողը սասնա ծուռ չէր, ժայռեղեն ու քարեղեն չէր, այլ փոքրամարմին, նիհար, բաց ճակատով, պարզ հայացքով պատանի էր ու նման չէր, հաստատ նման չէր տեր ու տիրակալի։
Բայց չէ, քայլքը հաստատ է դնում, որովհետև զգում է իր հողի շունչը, նիհար է ու ձիգ, ասես աղեղ է, պիրկ՝ պատրաստ նետահարելու չարակամին, ձեռքերը բռունցքված են, ուրեմն՝ ամուր է կամոք, հայացքը լուսեղեն է, ուրեմն՝ պահապան է լույսի ու գիտության։
Ժողովուրդը տեսավ, հասկացավ, ջերմացավ հոգով ու ներքին մի մղումով հարցրեց ու ընկրկեց՝ ճանապարհ բացելով առաքվածին»։
Բոլորը ոտքի են կանգնում։ Կաթողիկոսը, որ ոսկեկուռ խաչը գլխից վեր էր բռնել, ընդառաջ է գալիս Հայոց պատանի արքային, ծնկի գալիս նրա առաջ` իր արարքով ընդգծելով, որ պետականության գաղափարը վեր է ամեն ինչից։ Վեհափառ հայրը ներկայացնում է նորընտիր ղեկավարին և ասում, որ նա «Աստվածաշունչ մատյանի և բոլոր պատվարժաններիդ ներկայությամբ հավատարմության երդում կտա՝ մասն կազմելով երկրիս օրենքներին և ընդունված կարգին…»։ Ահա այստեղ է, որ երկրի ապագա ղեկավարը խառնում է բոլորի խաղաթղթերը` ասելով. «Ազատանի աշխարհիս, տիկնայք փափկասունք, ցանկությունս է՝ երդվել Աստվածաշնչի, Խորենացու «Հայոց պատմության» և Նարեկացու «Ողբերգության մատյանի» վրա միաժամանակ»։
Շփոթահար կաթողիկոսը լուռ համաձայնություն է տալիս, և դիվանապետի կարգադրությամբ ներկայացվում են նշված մասունք-սրբությունները։
«Ժողովուրդ հայոց և երկրիս հոգևոր տեր,– ասում է պատանի արքան,– ցանկությունս նաև այս է՝ երդումիս պահին ձեռքիս ունենալ հայոց քաջաց քաջերից մեկի սուրը՝ ի տես համայն աշխարհի, որպես խաղաղության խորհրդանիշ, ի տես ու խորհուրդ թշնամյաց, որպես ավետումի և պաշտպանության գործիք։ Վստահիր ինձ, նախաստեղծ ժողովուրդ հայոց, քանի դեռ թագավորդ ես եմ»։
Մինչ օտարերկրյա հյուր ազատանին շունչը պահած սպասում էր Շիկավարսների խորամանկ տիրակալի և նորբաբելոնցի աշխարհակալի վերաբերմունքին, Հայոց պատանի թագավորը, առանց ավելորդ պաթոսի, սակայն հանդիսավոր և վճռորոշ շարունակում է իր երդումը սուրբ մասունքներով՝ աջ ձեռքում Վարդան զորավարի սուրը։
«…Եվ ես՝ Նարեկ I թագավորս, ի շահ հայ ժողովրդի և ի լուր աշխարհի չորս ծագերի, հայտարարում եմ վստահաբար, որ առաքելությունս լինելու է Աստծո օգնությամբ ինձ ընձեռված անսահմանափակ իշխանությունը գործի դնել՝ որդեգրելով խաղաղ քաղաքականություն՝ դրսում, իսկ երկրի ներսում լինել երաշխավորը և պահապանը ժողովրդական արժեքների…»։
Հանդիսության առաջին իսկ պահից Նորբաբելոնիայի աշխարհակործան տիրակալը հասկանում է, որ տանուլ է տվել. իզուր էին կորսվել և՛ ժամանակը, և՛ նյութական ահռելի միջոցները, որ չի խուսափելու ամոթից ու խայտառակությունից։ Իրենց ջանքերով իշխանության եկածը հանկարծ դրժում է հնազանդության և կամակատարության բոլոր պայմանավորվածությունները, խառնում աշխարհաքաղաքական դաշտի խաղաթղթերը` հաստատակամորեն հռչակելով իրեն թագավոր ու տեր՝ խաչմերուկ այս երկրին` Նարեկ Ա արքա… «Այս ամենը չի բխում իմ և իմ երկրի շահերից, պատանի»,– հետո ոռնալու պես մռլտալու էր նորբաբելոնցին…
Արարողության մասնակից օտարերկրյա մեծ ու փոքր տրամաչափի գործիչները հասկանում են, որ ընթացքն այլևս անշրջելի է, իսկ ճշմարտությունը` ակնհայտ, և մտածում են պատանուն դաս տալու մասին…
Նարեկ Ա արքան եկավ իշխանության, երբ անորոշությունը թակում էր Հայաստան աշխարհի դուռը։
Հետագա շարադրանքում հեղինակը ներկայացնում է այն ծրագրերը, որոնց իրագործմամբ պետք է ոտքի կանգնի կործանման եզրին հասած։
Արքան նախ ձերբակալում է կառավարության նախագահին, որը ղեկավարվում էր «որքան վատ, այնքան լավ» քաջածանոթ կարգախոսով, և նրա ապիկար ու հանցակից վարչախմբին։
Կառավարման միասնական կամքի անհրաժեշտությամբ է Նարեկ Ա-ն առաջին հերթին բացատրում արդեն նախկին կառավարության կալանումը.
«Պետությունը մի ամբողջություն է, որը կազմված է բազմաթիվ եսերից և կոչվում է մենք, իսկ եթե մենքը պատկերացնենք բռունցքի տեսքով, որի յուրաքանչյուր մատ-մասնակիցն ունենալով իր դերն ու նշանակությունը, չի կատարում ճակատագրով իրեն վստահված առաքելությունը, ապա կիսատ-պռատ ամբողջությությունը մի՞թե կարող է լինել լիարժեք։ Չունենալ պետական մտածողությամբ կառավարություն` նշանակում է՝ գիտակցաբար գնալ կործանմանն ընդառաջ…
Մեր ոգին ամփոփված է արժանապատիվ այն հատերի մեջ, որոնք ժամանակի հետ անողոք ճակատամարտում շահել են հաղթողի դափնին՝ դառնալով ընտրյալ, և անհատ բանականության սահմանների այս և հակադիր կողմերում։ Մեր ժողովուրդն իր կենսունակությունն ու արիությունը իր սուրբ լեռան զուլալությամբ շաղախված պարզ միամտությունը հավաքել պատվաստել է իր արմատն ու էությունը ներկայացնող Սասնա ծռերին։ Չմոռանանք երբեք։ Եթե թլոլ Դավիթը մեր արկածախնդիր ու կենսատու ոգու ապացույցն է, ապա մի՞թե մեր իմաստնության ամփոփումը Փոքր Մհերը չէ։ Կոչենք Մհերին։ Դուրս գանք մեր տառապանքների Ագռավաքարից և մեր լեռների բարձունքներից ձայն տանք ու խնդրենք որդիաբար.
– Դու հոգնել ես, հող։ Պատմությունն ու ժամանակը չեն ներել քո նախաստեղծ առաջնայնությունը և հուսալքված էլ չես կարող պահել մեզ՝ քո կենսատու կրծքի վրա։ Հե՜յ-հե՜յ, Փոքր Մհեր, դուրս արի քեզ կաղապարող սահման քարայրից, ասա՝ հե՜յ վախ իմ անտեր աշխարհ, ասա, ու մեր բոլորի ոգին տար ու գումարիր մեր ցասումների թուր կայծակին, փշրիր փակ ու կապան։ Քո մեջ ամփոփվածներս տեր պիտի լինենք մայր հողին՝ դիմադարձ կանգնելով ժամանակի փորձություններին ու արհավիրքներին։ Ստեղծենք Դավթի երիտասարդության և Փոքր Մհերի իմաստնության ներդաշնակություն, և ապագան մերը կլինի…»։
Անուրանալի է այս տողերի հեղինակի առնականությունը, արժանապատվության բարձր զգացումը, հայրենանվիրությունը, և շատ կուզենայի, որ նախ և առաջ նման հատկանիշներ դաստիարակի իր սաների մեջ հայկական հանրակրթական դպրոցը։ Այսպես` նորընծա արքան հայտարարում է, որ երկրի կառավարումն այսուհետ հանձնվում է թագավորին՝ ցմահ և ժառանգաբար, սակայն նա հաշվետու և ենթակա է սահմանադրությանը և էլ առավել՝ իր խղճին։ Թագավորի գերագույն նպատակը իր հպատակների համար ապահով և արժանապատիվ երկիր ստեղծելն է` բաբելոնյան այդ խառնիճաղանջից անփորձանք ու անվնաս հանելուց հետո։
«Անպատիվ ու անարգված երկիրը չի կարող գոյատևել, մարմնապես ու նյութապես բարձր չի լինի մուրացիկից։ Երկրիս փառքն ու հեղինակությունը թագավորի արյան մեջ նախնիների պահանջն ու կանչն է։ Իր անցյալը չհիշողը չի կարող կերտել իր ապագան։ Ապագան ոդիների ժամանակն է և պատկանում է նրանց։ Ճիշտ խնամված ծառի պտուղներն ախորժելի են տեսքով և ախորժելի են քիմքին։ Ճշմարիտ և ճիշտ թող լինեն որդիները։ Այդժամ հուսալի կլինի երկրի կառավարումը նրանց օրոք։ Ինչպես բնության, այնպես էլ մարդու շարունակությունն ու անմահությունն էգ ու արու տեսակների մեջ է, նրանց արյան ծալքերում՝ ժառանգականության գաղտնիքներով։ Փոխանցենք առողջ գեներ մեր ժառանգներին, ինչպես մեզ ավետում են աստվածաշնչյան հրաշք պատվիրանները։ Տան գործերի կառավարը միշտ եղել է կինը։ Վստահենք Տուն-Երկիրը կնոջը՝ նրան մասնակից դարձնելով կառավարմանն ու իշխանությանը։ Մի վախեցեք, երբ ցեղի արուների բացակայության դեպքում թագուհի հռչակվի կինը։ Նա մայրաբար հավաքելու է իր զավակներին շուրջը՝ հոգածությամբ ու խրատքով… Չլինենք անառակ որդի, չլքենք մայր հայրենիքը՝ հանուն սեփական որկրամոլության և ստոր կրքերի։ Թագավորը կամ թագուհին կարող են կրել նաև արքայից արքա կամ Մայր թագուհի տիտղոսները, եթե նրանց օրոք կատարվել են իրադարձություններ, որոնք նպաստ են բերել պետությանը։ Բոլոր ուժային կառույցնեը ենթակա են նրանց և ուղղորդվում են նրանց կողմից։ Թագավորը միշտ կրելու է զինվորական հասարակ համազգեստ, բացի առանձնահատուկ դեպքերից, այն է՝ արտերկրյա այցելություններ և դեսպանների ընդունելություններ` ներսում։ Թագուհին կրելու է համեստ, բայց նրա իշխանությունն ու գեղեցկությունն ընդգծող հագուստներ…»։
Նարեկ Ա-ն հրավիրում է նոր Գերագույն խորհուրդ, նշանակում նոր վարչապետ, հաստատում կառավարության նոր կազմ, որտեղ ընդգրկված էին իրենց բնագավառների երևելի մասնագետներ։
Իսկ թշնամիները, բնականաբար, քնած չէին։ Նրանք որոգայթներ էին լարում Հայոց պատանի արքայի դեմ` շարունակ որոճալով նրան պատժելու իրենց նենգ որոշումը։ Շրջափակում, պաշարում են Հայաստանի սահմանները իրենց անթիվ-անհամար զորքերով։ Ծանր վիճակ է ստեղծվում երկրի համար։ Այդ օրհասական պահին արքան իր խոհեմությամբ ու համեստությամբ կարողանում է միավորել ներքին բոլոր ուժերը, անգամ` կենտրոնախույսներին, ստեղծել հայրենասիրական ճակատ, լավ հասկանալով, որ`
«Միանձնյա երկիր ղեկավարողը նման է օվկիանոսում միայնակ նավ վարողին։ Դիմադիր լինենք փոթորիկներին միասին։ Մեզ բաժին հանած պատմության գորդյան հանգույցը լուծենք միասնաբար։
Հայրենիքի շահը պահանջում է առժամանակ չհակվել դեպի փակուղի տանող ճանապարհ։ Մեր երկրի ճակատագիրն ինքներս կերտենք ներսում՝ հեռու պատեհապաշտությունից և նախապատվությունը տանք իրապատում գործերին։ Մեզ առաջարկած հրապուրիչ օտարերկրյա տեսիլքները վերադարձնենք նվիրատուներին՝ առանց տոկոսների և շնորհակալությամբ։
Մեր գործե՛րը թող խոսեն մեր մասին և ոչ թե մեր բերանները` մեր գործերի մասին, ներումն հայցենք բոլոր նրանցից, ում անձի և անվան հանդեպ մեծամտությունն է ստիպել խոսել, և ոչ թե բանականությունը։ Զերծ լինենք զեղծարարությունից, և մաքուր ճշմարտությունը թող ընտրյալների չափանիշներով արդարադատ լինի մեր հանդեպ»։
Նարեկ Ա-ի վարքագիծը փորձառու շատ այրերի ստիպում է հարգանքով լցվել նորընտիր արքայի նկատմամբ։ Ներքին հաշտությունը, որ այնքան կենսական էր, այլևս իրողություն էր։ Հայոց անմիաբան ձեռքը բռունցքվում էր…
Երիտասարդ թագավորի գլխավորությամբ նոր կազմով կառավարությունն ստեղծեց հայրենասիրական ճակատ, որը երդվյալ նվիրյալների խումբ-ամբողջություն էր՝ նպատակադրված որոնելու և գտնելու հայրենիքի փրկության ուղիները և այլ ազգերի հետ մրցակցության մեջ նրա համար հաղթողի կարգավիճակ ապահովելու։
Երանելի վիճակ…
Եվ արքան անցնում է իր բարեփոխումների ծրագրերին։
Առաջին կարևորագույններից մեկը վերաբերում էր մեր սրբություն սրբոցին` դպրոցին։ Նա փորձում էր օր առաջ լուծել այս հարցը, քանզի դեռ թարմ էին այն փորձություն-դժբախտությունները, որոնց հետևանքով «դպրոցները դարձել էին ուղեղների ամայացման ու անապատացման գոտիներ»՝ երկիրը վերածելով ապագայազուրկ տարածքների, որտեղ յուրաքանչյուր օտար, առանց ջանադրության, կկարողանար «հպատակության մտրակը բանեցնել՝ տաղանդավոր ու արիական հայ ազգը վերածելով բանող անասունների»։
Կրթության և գիտության նախարարը ցուցադրաբար փորձում է սոփեստությամբ և անհեթեթ հիմնավորումներով շփոթեցնել Նարեկ Ա-ին` ասելով`
– Բյուջեի հարստացման լավագույն ուղիներից մեկը դպրոցի վրա անիմաստ ծախսերի կրճատումն է։ Աղքատ ու փոքր երկրի համար, ինչպիսին որ մենք ենք, համընդհանուր ուսուցումը համարում եմ անիմաստ և ավելորդ շքեղություն։ Տաղանդավորները, եթե իհարկե կան այդպիսիք, հնարավորության դեպքում թող իրենց ուսումը շարունակեն արտերկրում, իսկ ազատված դրամական միջոցները, արքա, կարող եք ծախսել ըստ ձեր հայեցողության։
Ի պատասխան` արքան ներկայացնում է բարեփոխումների իրատեսական մի ծրագիր, որը կարելի է դնել այսօրվա մեր դպրոցաշինության հիմքում.
«Երկրիս ապագան հայրենիքի գիտական ներուժն ու իմացությունն է։ Դպրոցն այդ ուժի աղբյուրն է։ Եթե փակենք դեպի մեզ առաքված ակունքը, ապա կթուլանա ու կամայանա՝ աշխարհի ստեղծումից ի վեր մեզ պարգև հասած մի բուռ քարաստան Հայաստանը։
Դպրոցը մեր ամրոցն է ու սահմանը, փող տնտեսել թույլ ամրոց ունենալու համար և չպաշտպանված զինվոր ու ժողովուրդ, նշանակում է գիտակցաբար ընտրել դավաճանության ուղին…
Նա իր համաձայնությունը հայտնեց 10-ամյա ուսուցման ծրագրին, սակայն միաժամանակ կատարեց մի շարք լրացումներ.
1. Հստակ դարձնել ուսուցման ծրագրերը,
2. Հանել անիմաստ ճառախոսությունները,
– անհարկի դատողությունները,
– անիմաստ երկարաբանությունները,
– խճողված մտքերը,
– կրկնությունները,
– բերանացի պահանջվող երկարաշունչ մտավարժանքները։
Ուսուցման վերջին երկու տարիները հատկացնել մասնագիտական կողմնորոշմանը և բուհական քննությունների նախապատրաստմանը։
Տաղանդավոր երեխաներին ապահովել թոշակով՝ որպես երկրի ապագա նվիրյալների։
Սահմանել ուսուցչական կոչումներ և կարգեր։
Վարժապետ-դաստիարակ՝ նախադրոցական կրթական հիմնարկների մակարդակով։
Դասատուներ՝ ցածր դասարանների համար։
Մանկավարժներ՝ միջին դպրոցի համար։
Ուսուցիչներ՝ բարձր դասարանների համար։
Յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առաջ, քննություն հանձնելուց և

Նարեկ Հովսեփյան

ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

կարգ ստանալուց հետո միայն ուսուցչին թույատրել աշխատելու դպրոցում։
Պետական հատուկ որակավորման հանձնաժողովների կողմից ընդունված, կրթական և ուսուցման համալիր ծրագրի պարտադիր կատարումը տնօրենների կողմից իրավունք կապահովի նրանց պաշտոնավարել դպրոցում մեկ տարի ժամկետով՝ այդ թվում հաշվի առնելով նաև նույն աշխատանքային միջավայրի ուսուցիչ-մանկավարժների անհատական կարծիքը.
Բավարար առաջադիմություն չցուցաբերող ուսուցիչներն ու մանկավարժները կաստիճանազրկվեն միչև վարժապետություն։
Դպրոցաշինությանն ու ուսուցմանը հատկացվելիք գումարը պետք է մոտ լինի ռազմական ծախսերին»։
Հատկապես վերջին միտքը մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. «Դպրոցաշինությանն ու ուսուցմանը հատկացվելիք գումարը պետք է մոտ լինի ռազմական ծախսերին»։
Ուշագրավ է արքայի վերաբերմունքը արտաքին գործերի գերատեսչության գործունեության նկատմամբ։ «Պետությունը կարիք ունի պետական մտածողությամբ այրերի» կարգախոսով առաջնորդվող արքային զարմացնում է այդ նախարարությունում ստեղծված անառողջ մթնոլորտը. ընդունել են սնամեջ օրենքներ, լուրջ հարցերով զբաղվելու փոխարեն լրտեսում էին միմյանց, մեծամիտ են և սնապարծ, որոնց բառ-կրակոցները վերածվել են բառ-փոխհրաձգությունների…
– Ես կարծում եմ,– անկեղծորեն ասում է թագավորն արտաքին գործերի արդեն նախկին քարտուղար հանձնակատարին,– որ սեփական մեղքի գիտակցումը ձեզ թույլ կտա հրաժարվել մի պաշտոնից, որը ձեր դերակատարմամբ արտգործնախարարությունը դարձրել է թատրոն, իսկ նրա գործունեությունը՝ մեկ մասնակցով ներկայացում` հավելելով` հաջողությունը թող ուղեկից լինի ոչ թե անձնամեծարին, այլ պետության նվիրյալին…
Ծանր վիճակում էր մեծաց դասերին միշտ ունկնդիր պատանի թագավորը։ «Պատմությունից հայտնի հայ զինվորի առասպելական փառքը խամրել, հավասարվել էր զրոյի»։ Եվ, թվում էր, այլևս անդառնալի անցյալում են մեր հերոսական անցյալը, «դարերի ամենակուլ արգելքները խորտակած ժողովրդի, նրա քաջարի զինվոր-զավակների կամքն ու կորովը»։ Հարկավոր էր անվերջանալի անկումներից ու պարտություններից անցնելու քաջագործությունների ու հաղթանակների ուղի։ Ստեղծված կացությունը պահանջում էր դիմագրավելու այն ուժերին, որոնց համար հայոց վերածնունդը մահ էր։
Պաշտպանության և հակադարձման ծեր նախարարը` ռազմի գործերի մեջ պատահական մի այր, զեկուցում է, որ, ըստ օտար տերությունների հետ կնքված գերշահավետ ռազմական պայմանագրերի, մեր երիտասարդ սպայական կազմը կմարզվի և կսովորի բարեկամ երկրներից որևէ մեկի ռազմական հանգրվաններում։ Նա ապշեցուցիչ հաջողություն է համարում հատկապես այն, որ մեր ռազմական հետագա ծրագրերը մշակել են այլ տերությունների համապատասխան գերատեսչություներ, որի համար ծախսվել է պաշտպանության համար հատկացված բյուջեի ուղիղ կեսը, իսկ մյուս կեսի հաշվին նախարարը խոստանում է Շիկավարսներից կամ Նորբաբելոնիայից ձեռք բերել ռազմատեխնիկա` համարելով այն մեր ազատության նախապայմանը…
Այս տողերը գրելիս գիտե՞ր արդյոք պատանի հեղինակը` Նարեկ Հովսեփյանը, որ «մոտ տասը տարի շարունակ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի հետ համադրել է Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ռազմավարական հրամանատարության Հարավ-արևելք միացյալ հրամանատարությունը, որի անձնակազմի 70–80 տոկոսը թուրք զինծառայողներ են։ Ավելին, ՆԱՏՕ-ում գործող Գործընկերության համադրման կենտրոնում Հայաստանի հետ համագործակցության սպայի պաշտոնը մշտապես տրվում է Թուրքիայի ներկայացուցիչներին, Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանին վերաբերող բոլոր քննարկումներում և նրա ոչ հայանպաստ, չհիմնավորված կարծիքը, մասնավորապես հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, շատ դեպքերում անքննադատաբար հաշվի է առնվում ՆԱՏՕ-ի մյուս անդամների կողմից ու պարտադրվում ընդունվող փաստաթղթերում»*։ Այս ամենը` 2007 թ. տվյալներով։
Նարեկ Ա արքան հասկանում է, որ հանդիպել է «տկարամտության անբնածին պատնեշների», երբ լսում է մեդալներով ու շքանշաններով զարդարված ապաշնորհների կոհորտայի անդամներին, որոնք լիաբերան հավանություն են տալիս պաշտպանության և հակադարձման ծեր նախարարի բարբաջանքներին, «քանզի այդ ամենի մեջ տեսնում էին բանակի հաշվին իրենց հետագա բարգավաճումը և բարեկեցության երաշխիքը»։ Եվ ներկայացնում է իր հերթական` բանակի վերափոխման ծրագիրը։
«Ազատության գաղափարն անցնում է ժողովրդի ֆիզիկական գոյության և հոգևոր էության շարունակական ճանապարհով, մինչև վերջնակետ ու հանգրվան։ Արհեստածին ազատությունը չպատվաստենք մեր կենաց ծառին և խուսափենք այլածին պտուղների վայելքից։ Հրաժարվենք այլոց` մեզ բաժին հանած ազատությունից, որը դառնալու է սկիզբը մեր անկումների և ստրկության։ Ազատության գրավականը մեր միասնության և հզորության մեջ է։ Այս ամենն ապացուցենք գործով և ոչ ճառասացությամբ…
Մի՞թե մեզ հետ չեն մեծն Տիգրանի, քաջն Վարդանի, անկասելի Անդրանիկի և բազում այլ քաջերի լուսեղեն ոգիները։ Դադարել ենք հայ լինելո՞ւց, թե՞ մոռացել ենք արիական մեր ծագումն ու փառապանծ Մասիսների խորհուրդը։ Ըմպենք Կաթնաղբյուրի կենսատու ուժի ակունքներից՝ գորովագութ ու կորովի Դավթի նման։ Սրբենք սրբացած հայոց դաշտ ու լեռները պղծողներից և հպարտ կանգնենք Աստծուց մեզ շնորհված քարաշխարհին՝ որպես անպարտելի արծիվներ և փառքն ինքը կփնտրի մեզ։
– Ոչ ասենք մետաղատար ռազմամթերքին` իր բոլոր տարատեսակներով։
– Ոչ ասենք փափկասուն տիկնանց վայել, օտարերկրյա շքեղ ինքնաշարժերով բարձրաստիճան զինվորականների ցուցադրաբար ու աննպատակ թրևելը մայրաքաղաքի փողոցներում։
– Ոչ ասենք ճոխ առանձնատների փափուկ բազկաթոռներում քնելու համար զինվորական բարձրագույն աստիճաններ շնորհելուն։
– Ոչ ասենք այն զորապետներին, որոնց քաջությունը սահմանափակվում է գիշերային ակումբների մեղկ գեղեցկուհիներին նվաճելով։
– Այո ասենք գիտությամբ զինված նորագույն զինտեխնիկայի ստեղծմանը։
– Այո ասենք պճնանքներից զուրկ դաշտային համազգեստով զորապետներին, նրանց չոր, անհարմարավետ կյանքին։
– Այո ասենք ռազմական բոլոր հաստատություններին։ Ուսուցանենք մեր ապագա մասնագետներին՝ ինքներս ձեռքի տակ ունենալով ռազմագիտական նորագույն նվաճումներ։
– Այո ասենք զինվորական կոչումների վերանայմանը։
– Այո ասենք բոլոր այն զորապետներին, որոնք ինքնակամ կմեկնեն սահմանամերձ տարածքներ ու կբացահայտեն իրենց ռազմական տաղանդը` դառնալով զինվորների պատկերացումների հերոսը։
– Մայրաքաղաքում թույլատրել մնալու միայն Գլխավոր շտաբին և նրա գործունեությունն իրականացնող աչքի ընկած զինվորականներին։
– Ստեղծել ռազմական քարտուղարություն մշտապես տեսչական այցեր իրականացնելու նպատակով»։
Ռազմական բարեփոխումների ծրագիրը պաշտպանության և հակադարձման նախարարին ներկայացնելուց հետո արքան մտորում, մտածում էր երկրի ապագա կառուցվածքի մասին։
Նա Հայոց երկիրը պատկերացնում էր որպես միասնական մի մեծ ընտանիք, որի չափահաս անդամներն ունեն սեփական նախատեսումներ ու մտածումներ, սակայն ընդունում և առաջնորդվում են միասնական այն ծրագրերով, որոնք ընդունել և հաստատել է ընտանեկան խորուհրդը, և որոնք արժանացել են ընտանիքի հոր հավանությանը։ Եվ սկսում է մտորել հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` վստահ, որ «դեռ անցնելիք ճանապարհն հավերժ է»։
Անհանգրվան հեղեղի պես եկան օտարները գուժկան, պատուհաս որպես, բզկտելով երկրի անեզր աշխարհները, փշուր-փշուր արեցին դրանք, դարձրին փակ տարածքներ՝ անվանելով շրջան, որտեղ «պտտվեցինք խաղ-կարուսելի պես տարիներ շարունակ, ինքներս մեր հետևից՝ հասնելու փորձ անելով, ու դոփեցինք տեղում, մինչդեռ ուրիշները քայլում էին արագընթաց, իսկ հետո սկսեցին վարգել քառատրոփ»։
Հայրենիքի մասին խոհերն ու մտածումները ճակատագրի պես անբաժան էին արքայի էությունից, ուժ ու զորություն էին տալիս նրա նիհար ու վտիտ մարմնին։
«Երկիր, ո՞ւր են աշխարհներդ ծովից ծով, ասա։
Որտե՞ղ են, ո՞ւր են նրա ծառա տերերը, իրենց աշխարհներին բերդ, երկիր միջնաբերդին թև ու թիկունք, արքային նեցուկ, ժողովրդին հավատարիմ՝ մշտապես ծառա և խոնարհ կատարող։
Թող այսուհետև մարզերդ անվանվեն աշխարհներ, իսկ մարզպետները՝ արքայի տեղապահներ։
Թող հազարների միջից ընտրվեն նրանք, որ նվիրյալ են երկրին ու ժողովրդին, թագավորին ու հայրենիքին, քաջ են ու մեծագույն հայրենասեր։
Թող նրանց բազկի զորությունը լինի անկասելի, միտքը՝ տիեզերագնա, ռազմական գիտելիքները՝ անսպառ…
Թող արժանիներն ու բանիմացները, գիտուններն ու նվիրյալները, ռազմասերներն ու քաջաբազուկներն առաջնորդեն համայնքները թագավորի նշանակմամբ։
Թող վերապահվի մենաշնորհը հայոց գյուղերին տնօրինելու մայր հողն ու ակունքները ջրերի, կապիտալը շրջանառու և պայմանագրերի կնքումը դրսի ու նեսի ընկերությունների հետ՝ ի շահ համայնքի` պետության հովանավորությամբ և հսկողությամբ։
Թող բարեկարգ համայնքներն իրենց բարեկեցությամբ նեցուկ լինեն երկրին և ոչ թե պահանջատեր։
Թող ամեն մեկը երկնքի արքայության մասին մտածելուց առաջ իր ոտքերի տակ հենարան ունենա այն, ինչ մեզ տրված է ֆիզիկապես և կոչվում է հող։
Թող այս հողի վրա մեր ներկայությունը լինի մշտապես ցանկալի և արդարացված, և ոչ թե հավերժ սպասում՝ անառակ որդիների վերադարձին։
Թող զուգակցենք հողը գիտության հետ և տեղաշարժվենք բոլոր ուղղություններով՝ թե՛ հորիզոնական, թե՛ ուղղաձիգ հարթություններով։
Թող ուժեղ համայնքները պետության ուժի երաշխիքը լինեն։
Անմնացորդ նվիրիր ունեցածդ հայրենիքին ոչ թե նրանից շահ և փառք ակնկալելու, այլ նրա սուրբ հողին արժանանալու հույսով։ Այլ երկրներից, սահմաններով զատված աշխարհագրական տարածքը չի կարող կոչվել հայրենիք, եթե նրա վրա ապրողները զուրկ են հայրենիքի զգացողությունից»։
Ռազմական բարեփոխումների ծրագրից հետո արքան ներկայացնում է նույնպիսի ծրագիր մշակույթի համար` հատուկ ընդգծելով հայոց լեզվի դերն ու նշանակությունը` որպես ազգային ինքնության անփոխարինելի և անսակարկելի գրավական։ Եվ սա գրել է 14-ամյա պատանին` 2010-ի ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին» օրենքի ազգադավ նախագծի ընդունումից շատ առաջ։
«Մեր բանակի ամենահզոր դաշնակիցը հայոց լեզուն է։
Ազգի բնորոշումն առանց լեզվի նման է անհացե նամակի։
Ինչպես որ յուրաքանչյուր համեղ կերակրատեսակ պարտական է համեմունքների առկայությանը, այնպես էլ յուրաքանչյուր լեզու պարտական է իր հարուստ նրբերանգներին։
Գրաբարը նման է այն թագավորին, որը մահվանից առաջ ավանդել է իր հաջորդին ամուր և հզոր երկիր։
Օտարաբանության սիրահարը նման է անձնասպանի։
Կիրթ երևալու ամենաանիմաստ ջանքը խոսակցական լեզուն օտարաբանություններով շաղախելն է։
Մեր գոյության ապացույցը մեր մարմնի առկայությունն է, իսկ մեր հոգու առկայության մասին վկայում է լեզվամտածողությունը։
Մեզ մատուցվող բարոյազուրկ ֆիլմերը նման են այն մրգերին, որոնք արտաքուստ քաղցր և ախորժելի են, իսկ ներքուստ՝ դառն ու լեղի։
Ընդունենք օտարների մշակույթը վերլուծաբար, ընտրենք հատիկը և դեն նետենք հարդը։
Հեռուստատեսությունն ազգային է ոչ թե անվամբ, այլ էությամբ։
Հեռուստատեսության ներկա նպատակը գլոբալացումն է, իսկ գլոբալացման նպատակը՝ ազգերի և ազգայինի վերացումը։
Գեղարվեստական ֆիլմերից դիտենք այն, ինչը չի ոտնահարում մարդու արժանապատվությունը, իսկ այս չափանիշներին չհամապատասխանողները ցուցադրենք կենդանիներին»։
Այստեղ ուզում եմ հակադրվել մեր սիրելի Նարեկ Հովսեփյանին` ասելով` չարժե, որ այդ ֆիլմերը ցուցադրեն կենդանիներին` աղարտելով նրանց մաքրամաքուր բնությունը և էլեկտարէներգիայի ավելորդ կորուստ տալով։ Թող այդ աղբը ցուցադրեն միայն նկարահանողների ընտանիքներում` կազմակերպելով ֆիլմի «նեղ դիտումներ»…
Արքայի մշակութային ծրագիրն անհնար կլիներ պատկերացնել առանց կրթության և ուսուցչի դերի առանձնացման։ Քանի որ Նարեկ Ա-ն ինքն էլ էր ծարավի ուսման (նրա կրթությունը կիսատ էր մնացել), խնդրում է, որ իր կրթության հարցով զբաղվեն երկու մասնագետ` հումանիտար և բնական գիտությունների գծով։ Նա, որ երկու ոլորտում էլ փայլուն ընդանուկություններ ուներ, շատ անհաջողակ էր ուսուցիչների հարցում։ Երկուսից և ո՛չ մեկը իր գիտելիքներով վարժապետից այն կողմ չէր անցնում։ Նրանցից և ո՛չ մեկը գաղափար չուներ ազգային մշակույթից։ Իսկ Նարեկ Ա-ի համար ազգայինը միշտ ելակետ էր` համաշխարհային քաղաքակրթության ճանապարհին և առիթը բաց չի թողնում ի լուր երկրի նախարարությունների ասելու.
«Մեր հայրենի տան հիմքն անսասան դարձնելու համար նրա շաղախին խառնենք ազգային ծեսերն ու սովորույթները։
Նախահայրերը երկիրն ի պահ հանձնել են մեզ։ Լինենք պատասխանատու ապագա սերունդների առաջ։
Երկիրը պետք է միշտ շնչի և թևավորվի նորովի` չմոռանալով, սակայն, հետադարձ հայացք ձգել իր պատմությանն ու անցյալին։
Հայրենիքը պատմականորեն ձևավորված իր դեմքն ունի։ Չաղավաղենք օտար ազգերի առաջ նրա կերպարը։
Նրա դարավոր կնճիռների իմաստնացած խորքում թաքնված մտածումները պեղենք ու մեկնաբանենք համամարդկային արժեքների չափանիշներին համապատասխան, որովհետև մենք էլ մեր արժանի տեղն ունենք այս արևի տակ։
Մենք հին ենք, բայց ոչ հնացած։
Դարերի փորձով կուտակված իմաստնությունն ամբարվել է մեր գենային ֆոնդերի մեջ` զտելով այն խառնակ արյունը, որ տարածաշրջանի խաչմերուկներով անցնող վայրենին պարտադրել է մեզ` դրանով իսկ փորձելով խաթարել մեր անաղարտությունը, պարտադրել ավարառուի իր փորձն ու էությունը։ Բայց հզոր մեր կամքը ծառացել է օտար կանչերի դեմ՝ խորտակելով կապ ու կապանք և, զուլալվելով, շարժվել է առաջ դեպի իր երկնահաս լեռների բարձունքները, ուր արևածագները ծիրանափայլ են, և ապրելու հույսն անհատնում, ինչպես մեր հոգին, մեր արմատն ու էությունը…
Անցյալ չունեցող յուրաքանչյուր ժողովուրդ չունի ապագա, իսկ ապագա չունեցող ժողովուրդը դատապարտված է չգոյության…
Ազգային դիմագիծ չունեցող երկիրը նման է նկարի, որի շրջանակը սև է, կտավը՝ բորբոսնած, նկարիչը՝ մուրացիկ…
Չաղավաղենք Աստծուց պարգև ստացած մեր դիմագիծը՝ ջրի հայելուն նետած օտարի պատահական քարից, դեմ լինենք խավարին մեկընդմիշտ՝ դիմադարձ կանգնելով չարիքին ու բռնությանը, սատարենք բռնավոր դարձած ազգերին ու հաստատենք հավասարների երկիր՝ ի վերուստ բանականությամբ պարգևատրած մոլորակի վրա, ազգերի ինքնորոշումը միակ ճիշտ ճանապարհն է, որ շարժվում է լույսին ընդառաջ։ Թող լույս իջնի Հայոց սուրբ հողի վրա, ուր դեռ հայուհիների հրապույրը նախաստեղծ է և Եվրոպայի հրամայականն անբնական խառնազույգությամբ պիղծ և արգահատելի»։
Ո՞վ կհամարձակվի ասելու, թե այս ծրագիրն ազգային մշակույթի զարգացման ուղենիշը չէ, որի մասին խոսում ենք հատկապես անկախությունից ի վեր…
Ազգային արմատների ու դիմագծի պահպանումը արքան առաջին հերթին կարևորում է քաղաքական նկատառումներով` դրսևորելով հասուն այրի խորիմաստություն և փորձառություն.
«Հենվել սեփական ձեռնափայտին և ոչ պատահական անցորդի, որը, միևնույն է, ճանապարհի ինչ-որ հատվածում լքելու է անկասկած, լինենք ճկուն ու պինդ, բայց ոչ պնդաճակատ ու ճկվող, լինենք ճիշտ, բայց ոչ ճշտանման, լինենք նպատակասլաց՝ հանուն երկրի և լինենք խոսքաշեն ու ոսկեբերան՝ մեր կառուցողական միտքը տանելով ընդդեմ քաղաքական դաշտի խարդավանքների։ Փոքր ազգ լինելով` մեզ չշփոթենք փոքրավորի հետ, նրանց խաղին մասնակից չլինենք՝ որպես շախմատի հասարակ զինվոր ու չգլխատվենք հենց այնպես՝ ի շահ օտարի։ Տնային վերլուծության ենթարկենք ինքներս մեր խաղը, զուգորդենք այն քաղաքական հոտառության հետ։ Եթե ժամանակը դատապարտել ու վտարել է մեզ պատմության հրապարակից, չներելով անցյալի մեր հապաղումներն ու սխալները, իմաստուն չլինենք միթե։ Չէ՞ որ եկել է քարեր հավաքելու ժամանակը…
Հակադրենք պարզ մեծամասնությանը մեր խելոք գլուխները` ճակատամարտը շահելով ոչ թե թվով, այլ էությամբ։ Դաշնակցի երկդիմի խաղը մեզ տանելու է երկու ճակատով կռվող պետության կարգավիճակի։ Ուշիմ և հնազանդ աշակերտից վերաճենք բանիմաց ուսուցչի։ Տանք պատմության դասաժամին առաջին դասը մեր կեղծ բարեկամին և բացահայտ թշնամուն»։
Նարեկ Ա արքան լավ էր հասկանում, որ թշնամի տերությունները կկորցնեն իրենց հանգիստը` տեսնելով, թե ազգային և մշակութային ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում։ Եվ նա չէր սխալվում։ Շուտով նրանք որոշում են պատժել հանդուգն արքային և կործանարար ուժերով ներխուժում են մեր երկիր` մտածելով փոշիացնել ամեն ինչ և մեկընդմիշտ։ Նրանց, սակայն, չեն դիմագրավում բանակն ու աշխարհազորը։
«Հայոց լեռներն առան մարտահրավերը, ձայն տվին իրար, եկան հավաքվեցին ու երկնահաս գագաթները գլուխ գլխի շունչ քաշեցին մի պահ, ու հանկարծահաս որոտները փեղկահան արեցին երկնքի դարպասները, խորտակեցին հայոց հավաքական մտքի կապանքված արգելքները, դուրս հորդեցին երկինք ու երկիր՝ իրար խառնելով և ձայնելով մեր ոգեղեն քաջաբազուկ այրերին`
Տիգրան Մեծ հայոց անպարտելի արքային՝ ծովից ծով իր Հայաստան երկրից,
Վռամշապուհ թագավորին և սուրբ Մեսրոպ ուսուցչին՝ իրենց երեսունվեց անխոցելի զինվորներով,
Քաջ Վարդան զորավարին՝ իր զորք-ժողովրդով ու փափկասուն հայոց տիկնանցով` Ավարայրի դաշտից։ Նրա քարտուղար դպիր երևելի այր և գիտուն Հովսեփյան հոգևորին,
Արշակ թագակիր արքային՝ Փառանձեմ թագուհու հետ հայրենի հողով զորացողներին,
Մեծ ու փոքր Սասնա ծռերին անխտիր,
Խորենացի կոչվող Մովսես Պատմահորը` պատմագիր այրերի հետ,
Հայոց հոգևորին Տիրոջ խոսքով զորացողներին,
Ճերմականժույգ հեծվոր Անդրանիկ զորավարին՝ իր քաջ ֆիդայիների հետ,
Սարդարապատի հերոսներին, ժողովրդին, զորքին՝ մեկիկ-մեկիկ,
Նժդեհ քաջին իր ցեղակրոնությամբ,
Եվ բազում-բազում այլ մեծաքաջ այրերի»։
Եվ հանկարծ երկինքը կիսվում է երկայնակի, բյուր ու միլիոն կայծեր են բռնկվում երկնամերձ ու երկրամերձ տարածքներում, ատոմակերպ հյուլեները զարկվում են, բախվում իրար, հայոց մտքի զորությամբ հնազանդ արշավում դեպի թշնամին, հեռու շպրտում նրան, ապա սկսում ճզմել և ծանր-ծանր կախվել երկնքից մինչև գետին ու սպասում հրամանի՝ ավերակելու ամեն ինչ։ Սա ի՞նչ միստիկ տեսարան է, ի՞նչ մոգական ուժ էր գործում, կհարցնեք։ Մոգական ոչինչ չկար։
Զինափորձարանում արքան ինքը նույնպես մասնագետների հետ տքնել ու աշխատել է ռազմական գաղտնի համակարգ ստեղծելու համար, որը մասնակիցների անվանատառերով այդպես էլ կոչվել է՝ Նարնաի, գործում էր անխափան։
«Ու հասկացան արյան ծարավները, մեծ ու փոքր խան ու բեկերի հետնորդ-բեկորներն արևելքում, գերմարդու զառանցական մտքեր ըմբոշխնածներն արևմուտքում թե անցել ու անցյալ է դարը, որ իրենցն էր։ Եվ այսու ամոթի դառը դառնալու է դատապարտված այն ուղեծիրը, որ պտտվելու են նրանք՝ խարանված ու ամոթահար ընդմիշտ։
Ու տապալեցին իրենց տիրաններին այս երկրի ժողովուրդները, իսկ այսուհետև, խորհելով ու կարծիք կազմելով, իրենց կամքը թղթի վրա մեկիկ-մեկիկ շարադրելով՝ խոնարհաբար խնդրելով դրեցին Նարեկ թագավորի առաջ։
Կամքը Նարեկ թագավորինն էր, բայց հաստատողը սեփական երկրի ժողովուրդն էր։ Նա էր ասողը։ Ու նա ասաց՝ հա՛…»։
Եվ աշխարհի ծագերը բացում են իրենց սահմանները, որպեսզի հայոց երկրի օրհնված լույսը լցվի և մաքրազերծի բոլորին` մանուկից մեծ։
Եվ ընդամենը մի դավադիր ու կույրաչք գիշեր էր բաժանում երկրին ու ժողովրդին երանելի այն պահից, երբ բացվելու էր օրհնյալ լույսը` ավետելով ճանապարհի սկիզբը, որը տանելու էր ընդմիշտ փրկության ու հավերժություն…
Այդ սպասումների մեջ Նարեկ արքան բաց պատուհանից նայում էր սիգապանծ զույգին՝ միշտ անբաժան Մասիսներին, որոնք, որպես քարեղեն խորհուրդ և ոգեղեն կամք վեր էին խոյանում արքայանիստ պալատի դիմաց։ Եվ հանկարծ Արարատի հզոր գագաթին մի կայծ է բռնկվում և, մեծանալով, իր լույսով ողողում ողջ լեռը` վերից վար։ Ու տեսնում է Հայոց պատանի արքան Մասիսների ստորոտում տապանը` քամուց տարուբերվող, բայց ամուր կանգնած, և Նոյ նահապետին՝ խաղողի տունկը ձեռքին՝ ափն իրեն պարզած։
Եվ այդ պահին նա թիկունքում ոտնաձայներ է լսում։ Շրջվում ու դեմ առ դեմ հանդիպում է իր քաղաքական իդեալին` Տիգրան Մեծին։ Սա նրա երկրորդ հանդիպումն էր հայոց արքայից արքայի հետ։ Ինչպես և առաջին հանդիպման ժամանակ, Նարեկ Ա-ն ծնկի է գալիս և համբուրում նրա աջը։ Իր հերթին Տիգրան Մեծը գորովագութ ծնողի պես ծնկի է իջնում և իր վեհաշուք գլուխը հպում Նարեկ թագավորի լուսապայծառ ճակատին` ասելով` «Թող զորավիգ լինի ոգիս ընդմիշտ քեզ, որդիս»,– ու նրան հանձնում իշխանության խորհրդանիշ գավազանը` հանձնարարելով` իր հետևից տանել նախաստեղծ այս ժողովրդին, ու աննկատ հեռանում։
Նարեկ Առաջինը մոտենում է գրասեղանին և, վերցնելով, իր խղճի պես մաքուր մի թուղթ, գրում. «Ես Նարեկ հայոց թագավորս…»,– որպես` Հայոց պատմությունը արժանապատվորեն շարադրող արքա…

Նարեկ Հովսեփյանն իր «Նոյյան աղավնու վերադարձը» էսսե-վիպակը գրել է մտածված, տրամաբանված, զուսպ, սրտի ցավով, նվիրյալ հայորդու պատվախնդրությամբ։ Պատումը շաղախված է թևավոր խոսքերով ու իմաստնություններով։
Սա իրական հիմքի վրա ստեղծված, ծրագրային դրույթներով հարուստ, երկրի ու ժողովրդի փրկության իրագործելի նախագիծ է։ Սա իր ծննդյան պահից ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանի անկախ հանրապետության ու նրա ժողովրդի համար ստեղծված կացությունից դուրս գալու ծրագրի նախագիծ է։ Սա հակաճգնաժամային նախագիծ է, որ պետք է դրվի մեզ օդ ու ջրի պես այնքա՜ն անհրաժեշտ ազգային ծրագրի հիմքում, որն այդպես էլ մեզ համար մնում է որպես երազանք…
Նարեկ Հովսեփյանը միանգամայն ճիշտ է հասկացել մեր երկրում ստեղծված կացությունն ու գերտերությունների խաղերը հայոց սրբազան հայրենիքում։ Հայության դեմ ուղղված մարտահրավերներին դիմակայելու համար նա կարևորում է երկրի ազգային անվտանգության գերակա գործոնների` հայկական դպրոցի ու մշակույթի անաղարտության և առողջության պահպանումը, որոնցով զինված կկարողանանք կռել մեր մյուս հաղթանակները։
«Փոքր ածուի» արժանապատիվ տերը խստագույնս պահանջում է մեզ չշփոթել «փոքրավորի հետ», որովհետև, որպես ազգ, «մենք հին ենք, բայց ոչ հնացած», որովհետև «Հայոց երկիրը մերձենում է երկնքին»։
Նարեկ Հովսեփյանի ծննդյան 25-ամյակին նվիրված այս հաղորդումը նվիրում եմ նաև ՀՀ անկախության 20-ամյակին` Նարեկի անունից մաղթելով մեր երկրին` իր քաղաքացիների համար արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ստեղծելու և ապահովելու կամք ու կորով։

8. 06. 2011
*Արմեն Այվազյան, Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում, 2007, էջ 9։

Կարդացեք նաև՝   ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

   ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ, Վիպակ-ուտոպիա

 ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ( ՄԱՔՍԻՄՆԵՐ )

Добавить комментарий