ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ (Վիպակ-ուտոպիա)

 ԿԱՄ ՆՇԱՆԱՎՈՐ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ
ԱՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ,
ՈՐՈՆՔ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՆԱՐԵԿ ԱՌԱՋԻՆ ԱՐՔԱՅԻ ՕՐՈՔ

***
Վիպակ-ուտոպիա

Քամու, թե Հայոց երկրի պահապան հրեշտակի թևն աննկատ հպվեց Մայր Աթոռ ս. Էջմիածին տաճարի ավետաբեր զանգերի քնքուշ լեզվակներին, և ղողանջը, պատեպատվելով, լցվեց Արարատյան տոթ դաշտի տաք կողերի մեջ ու, ժամանակը, իմաստավորվելով հասունացավ երկնելուց առաջ՝ իրեն տեր ու հովանի ունենալով՝ երկնահաս ու վեհափառ Մասիսները:

ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ  (Վիպակ-ուտոպիա)

ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ (Վիպակ-ուտոպիա)

Հայոց և աշխարհի բոլոր ծագերի ընտրանին և հասարակ բազմությունը հայոց հավաքվել-օղակել էին տաճարը, որպեսզի վկան ու ականատեսը դառնան՝ երկրիս մանկահասակ ղեկավարի օծման արարողությանը:
Տաճարի ներսում վաղօրոք հրավիրյալների մեջ էին՝ Շիկավարսների պետության երևելի խորամանկ տիրակալն ու Նորբաբելոնիայի աշխարհակալ տերը:
Նրանք իրենց ենթակաների ու վասալների հետ փսփսում, մտքեր էին փոխանակում՝ իրենց թույլ տալով նաև հյուրընկալած երկրի հասցեին անպարկեշտ ակնարկներ հեղինակել, որը, հանդիսությանը ներկա տիկնանց ներողամիտ ժպիտների մեջ ամբարվում էր որպես բամբասանքի նյութ՝ վաղվա օրվա համար:
Նորբաբելոնիայի աշխարհակալն արհամարհական ժպիտով զննում-նայում էր Շիկավարսների երկրի փոքրամարմին տիրակալին և նրան խղճալով՝ մտքի մեջ ըմբոշխնում էր լրտեսական վերջին այն տվյալները, ըստ որի՝ իրենք կարողացել են քայքայել Հայաստան աշխարհը՝ անհուսալի վիճակի հասցնելով կուսակցություններն ու նրանց մեծամիտ առաջնորդներին…
Նա մտածում էր այսպես, և աչքերի չար նայվածքի մեջ երևում էր փառատենչն ու նվաճողը:
Շիկավարսների տիրակալն աննկատ որսաց հակառակորդի հայացքից դեպի իրեն առաքված ատելությունն ու թույնը, մտքի մեջ քմծիծաղ տալով՝ հայացքը հառեց մի կետի և սպասեց: Նա ուղղակի թքած ուներ նորբաբելոնական այդ վիժվածքի վրա, քանզի իր գործակալները ջանադիր փորփրել էին նրա եղկելի անցյալը, և հասունացող աղմկահարույց գաղտնազերծումը, հաղթաթղթի պես շոշափելի, զգում էր իր գրպանում:
Այս մտքից նա անսպասելի բացականչեց.
-Հրաշալի՜ է…
Նորբաբելոնացին զգաստացավ, սակայն իր տիրակալական բարձունքից կարևորություն չտվեց շիկավարս խորամանկի բառ-կրակոցին: Նա պարզապես շարունակեց մտածել, թե չոր հացի պես միշտ իր կոկորդում մնացած այս քարքարոտ երկիրը, նրա անհնազանդ պահանջատեր բնակիչների անկանխատեսելի վարքն ու կեցվածքը, հակատրամաբանական արարքներն ու հոխորտացող կեցվածքը միշտ ուղղված են եղել իր դեմ: Բայց փառք երկնավորին. ամեն ինչ կատարվեց ժամանակին, կոտրվեց այս երկրի քաղաքական ոգին՝ իշխանատենչներին կաշառելով ու իրար դեմ հանելով, խառնելով ու խառնակելով, պաշտոններ խոստանալով ու պաշտոնախեղդ անելով:
Զանգերի սաստկացող ղողանջը նրան կտրեց ավարառու այս մտքերից, և նա, թեք ընկնելով փափուկ բազկաթոռին, լարվեց:
-Գալիս է,- ժողովրդի հաստատող խոսքն էր, ու ժողովրդի արդար բերանն էր վանկարկողը,- գալիս է,- իսկ հետո ալիքվեց մի պահ ու հանդարտվեց, քարացավ:
Անվտանգության ուժերը կոհակ-կոհակ, ուս-ուսի եկան, ահագնացան ամրակուռ որպես կենդանի պատ՝ փորձելով հենց սկզբից անջրպետ ստեղծել ժողովրդի ու ապագա ղեկավարի միջև:
Տաճար տանող ճանապարհը բաց էր:
Հոգևոր տերն արտաքուստ խստաբարո ու հանգիստ էր երևում, սակայն խնկագույն մատների ջղաձիգ կծկումը տոնական շուրջառի ոսկեգույն ֆոնի վրա մատնում էր նրա ներքին խռովքն ու տագնապը, ու նա, վեհացած, մտածում էր, թե ժամանակի անկասելի ու անկանխատեսելի ձեռքով հենց ինքը՝ ամենակարող Աստծո կամոք, իր ձեռամբ պիտի օծումն կատարի հայոց աշխարհի և՝ ի սփյուռս նորընծա նախագահի:
Օրը տարուբերվեց դրսկան ամբոխի ոգեշունչ ողջույն աղաղակից և, թափանցելով, խուժեց տաճար ու անհանգիստ արեց ներսի երևելիներին և նրանց փափկասուն տիկնանց, բայց մի պահ հետո, ասես, երկսայրի ընդհատված աղմուկն ու հաստատված լռությունը հուշեց, որ ժամանակը թույլատրել է թերթել հայոց պատմության մատյանի նոր էջը:
Դեպի Մայր տաճար շարժվող նախագահական հանդիսավոր թափորն անցնում էր ոտքի թաթերի վրա ձգված, ժողովրդի մարդեղեն պատնեշի միջով՝ քայլ-քայլ առաջանալով:
Իսկ կենդանի պատնեշը երերում ու ալիքվում էր՝ հայացք-հայացք փնտրելով ու դեմ առ դեմ փորձելով տեսնել՝ օծվելու եկող պատանի ընտրյալին:
Տեսավ… ճակատ թռած հոնքերի և չռված աչքերի զարմանախառն հիասթափություն էր, որ դուրս թռավ համր աղաղակի պես նրա բերանից, կենդանի պատը պարանի պես գալարվեց, ունկերի մեջ լռությունն անսպասելի կծկվեց և սպասեց:
Եկողը սասնա ծուռ չէր, ժայռեղեն ու քարեղեն չէր, այլ փոքրամարմին, նիհար, բաց ճակատով, պարզ հայացքով պատանի էր ու նման չէր, հաստատ նման չէր տեր ու տիրակալի:
Բայց չէ, քայլքը հաստատ է դնում, որովհետև զգում է իր հողի շունչը, նիհար է ու ձիգ, ասես աղեղ է, պիրկ՝ պատրաստ նետահարելու չարակամին, ձեռքերը բռունցքված են, ուրեմն՝ ամուր է կամոք, հայացքը լուսեղեն է, ուրեմն՝ պահապան է լույսի ու գիտության:
Ժողովուրդը տեսավ, հասկացավ, ջերմացավ հոգով ու ներքին մի մղումով հարցրեց ու ընկրկեց՝ ճանապարհ բացելով առաքվածին:
Մուտքը տաճարի բաց էր:
Ասես ներքին հրաման էր, ու չհնազանդվողներ չգտնվեցին, ոտքի կանգնեցին, իսկ կաթողիկոս այրը ոսկեկուռ խաչը գլխից վեր բռնած, առաջացավ, հնթացս եպիսկոպոսաց դասի գլուխ կանգնած և, ծունր չոքելով, սպասեց:
-Արևելքը մնում է արևելք,- գլխի թեթև խոնարհումով և նենգ ժպիտն աչքերի նեղ բացվածքում խաղացնելով՝ ասաց նորբաբելոնցու սափրագլուխ խորհրդականն իր աշխարհակալին:
-Այո,- քրթմնջաց վերջինս, վայրենուն ոչ թե խոսքով, այլ սրով պետք է քաղաքակրթել:
Սակայն տաճարի երկնախոյակ կամարների տակ արձագանքվող վեհափառ տիրոջ խոսքի ու զանգերի ավետաբեր ղողանջների ճախրանքի մեջ մարեց վերջիններիս անբարո խոսակցությունը, իսկ հոգևորի գրաբարախառն ու երգեցիկ ձայնը հասնում էր ոսկեդրվագ գմբեթին, արձագանքվում ու վերադառնում էր.
-Սիրելի ժողովուրդ, Հայաստան աշխարհի և ի սփյուռս… Ամենակարող Տիրոջ օրհնությամբ ձեզ և օտար տերությանցդ երևելիներ, ներկայացնում եմ մեր աշխարհի նորընտիր նախագահ պատանուն, որն Աստվածաշունչ մատյանի և բոլոր պատվարժաններիդ ներկայությամբ հավատարմության երդում կտա՝ մասն կազմելով երկրիս օրենքներին և ընդունված կարգին…
Սակայն ապագա նախագահն աջը չդրեց իրեն մեկնած մագաղաթյա սուրբ Ավետարանի վրա, որ զարդարել ու ծաղկել էին միջնադարյան մեր աստվածատուր մանրանկարիչները և, ի զարմանս բոլորի, առաջանալով բեմեզր՝ խոսեց.
-Ազատանի աշխարհիս, տիկնայք փափկասունք, ցանկությունս է՝ երդվել Աստվածաշնչի, Խորենացու «Հայոց պատմության» և Նարեկացու «Ողբերգության մատյան»ի վրա միաժամանակ:
Սրահի կամարների տակ մի խուլ տնքոց ծավալվեց, ծավալվեց ու մարեց անսպասելի, ինչպես որ սկսել էր:
Շփոթահար կաթողիկոսի լուռ համաձայնությունը ստանալուց հետո, դիվանապետի կարգադրությամբ նշված մասունք-սրբությունները ներկայացվեցին:
Ժամանակն, ասես, մի պահ կանգ առավ, իսկ պատանի նախագահը հապաղում էր.
-Ժողովուրդ հայոց և երկրիս հոգևոր տեր,- վերջապես խոսեց նա,- ցանկությունս նաև այս է՝ երդումիս պահին ձեռքիս ունենալ հայոց քաջաց քաջերից մեկի սուրը՝ ի տես համայն աշխարհի, որպես խաղաղության խորհրդանիշ, ի տես ու խորհուրդ թշնամյաց, որպես ավետումի և պաշտպանության գործիք: Վստահիր ինձ, նախաստեղծ ժողովուրդ հայոց, քանի դեռ թագավորդ ես եմ:
Խորանների տակ բառերի աղավնակերպ ճախրանքն արձագանքվում ու ձայնասփյուռների օգնությամբ թափանցում էր տաճարի շիկացած սրբատաշ պատերից դուրս՝ արձագանքվելով հայոց կապույտի ներքո, հասնելով ու զարկվելով վեհապանծ Մասիսների մարդակուլ վիհերին, երկնահաս գմբեթներին ու, ղողանջելով, պատեպատվեցին աշխարհով մեկ, ավետելով, թե ծնվեց հայոց թագավորը…
-Կեցցե՜ հայոց պատանի թագավորը…
Ժողովուրդն էր: Ու նրա հավաքական իմաստուն ոգին էր, որ աղաղակում էր դրսում՝ դեպի երկինք առաքելով գոհություն ու աղոթք: Իսկ հետո փորձեց ալիք-ալիք շարժվել դեպի տաճար: Ճնշումն ուժեղ էր: Ալիքները դառնում էին հողմակործան: Մի պահ պահնորդների շարքերը երերացին, և եթե նրանք ժամանակին տեղի չտային տարերքին, ապա նրա բերանն ընկած տաշեղների պես ոտնատակ պիտի արվեին:
Տաճարի քանդակակուռ դռներն անկասելի, բայց անաղմուկ բացվեցին, և ժողովուրդն անսպասելի բխած ժայռեղեն աղբյուրի պես, առաջացավ և ծավալվեց՝ մինչև հանդիսության բեմեզր ծնկելով ու շղթա-շղթա ետընթաց ալիք տալով, դուրս եկավ տաճարի պատերից և գնաց՝ հավաքվածներին հրավիրելու անհրաման ծնրադրության հայոց նորընծա թագավորի առաջ:
Օտարերկրյա հյուր ազատանին շփոթահար էր գործերի այս անակնկալ ընթացքից և, շունչը պահած, սպասում էր Շիկավարսների խորամանկ տիրակալի և նորբաբելոնցի աշխարհակործան աշխարհակալի վերաբերմունքին:
Շիկավարսների փոքրամարմին առաջնորդը, չարախինդ քմծիծաղով, նայեց կատաղությունից բեխի ծայրը կրծող նորբաբելոնցու մռայլ դեմքին և ցինիկ ժպտալով, դանդաղ բարձրացավ նստած տեղից, ասես հրավեր նետելով մրցակցին:
Նորբաբելոնցին մտքի մեջ հայհոյելով աջ ու ձախ, բայց տիրապետելով հոգու խռովքը, զգաց, որ հապաղելու դեպքում Հայաստան կոչվող այս չոր պատառը բաժին է հասնելու Շիկավարսներին: Եվ այս գիտակցումով էլ ոտքի կանգնելով, որպես ողջույնի նշան, ծափահարելով՝ գոչեց.
-Կեցցե՜ հայոց թագավորը:
Իսկ հայոց պատանի թագավորը շարունակում էր իր երդումը սուրբ մասունքների վրա՝ աջ ձեռքում ունենալով քաջամեծ Վարդան զորավարի սուրը:
-… Եվ ես՝ Նարեկ I թագավորս, ի շահ հայ ժողովրդի և ի լուր աշխարհի չորս ծագերի, հայտարարում եմ վստահաբար, որ առաքելությունս լինելու է Աստծո օգնությամբ ինձ ընձեռված անսահմանափակ իշխանությունը գործի դնել՝ որդեգրելով խաղաղ քաղաքականություն՝ դրսում, իսկ երկրի ներսում՝ լինել երաշխավորը և պահապանը ժողովրդական արժեքների…
Իսկ դրսում, երեկոյի թափանցիկ շղարշի մեջ, ժողովրդի ու զորքի հայացքների առաջ հրեշտակի լուսեղեն թևը քսվեց արարչագործ տաճարի գմբեթին, որպես օրհնանք և պահպանություն՝ ինքն իրեն թագավոր հռչակած օծյալ պատանու ճակատագրին և անելիքներին:

***

Դեպքերին հաջորդած առաջին գիշերը, կատաղած նորբաբելոնցի ինքնամեծար տիրակալի քունն աչքերից փախել էր: Նա դեսպանատան ամենախուլ սենյակներից մեկում հավաքել էր Հայաստանում գործող իր լրտեսներին և առատորեն հայհոյանքներ ու լուտանքներ էր թափում նրանց՝ շատ բան տեսած, բայց այդ իսկ պահին ամոթահար հակված ու համրացած գլուխներին՝ համառորեն պահանջելով բացատրել, թե ինչպես իրենց ջանքերով իշխանության եկածը հանկարծ դրժեց հնազանդության և կամակատարության բոլոր պայմանավորվածությունները՝ իրեն հռչակելով թագավոր ու տեր՝ խաչմերուկ այս երկրին…
Շփոթահար լրտեսներն անկեղծորեն երդվում էին, թե իրենք արել են անկարելին՝ քայքայելով տնտեսությունն ու առողջ քաղաքական դաշտը, երկպառակտել ու գժտեցրել էին դաշնակից գործիչներին, անասելի չափերի կաշառքներ տալով ու ամայացնելով նախագահական աթոռի հավակնորդներին, ֆիզիկապես ու բարոյապես արդյունքում մրցակից չունեցող 14-ամյա պատանուն ներկայացրել էին որպես միակ հնարավոր թեկնածու՝ նախապես պայմանավորվելով հայոց տարաբախտ աշխարհի անվերապահ ու վերջնական գաղութացման հարցի շուրջը:
Սակայն հանդիսության առաջին իսկ պահից հասկացել էին, որ նախաձեռնությունը կորզվել էր ձեռքերից և իզուր էին կորսվել ժամանակը, նյութական հսկայաչափ միջոցներն ու խառնվել աշխարհաքաղաքական դաշտի խաղաթղթերը, երբ նորընտիր նախագահը հաստատակամորեն իրեն հայտարարեց արքա Նարեկ I:
Նորբաբելոնցի տիրակալի աչքերը հարցականների պես ոլորվեցին, կլորացան ու կծկվեցին՝ նմանվելով որսի սպասող էգ վագրի: Բայց լարումը քիչ-քիչ թուլացավ, հարցականը վերածվեց բացականչականի և, նա, զսպելով գրգռող տոնը, ջղաձիգ հարցրեց.
-Իսկ հետո՞: Ինչ ասենք հետընթացս այս գործերի: Կա՞ ճանապարհ, թե ընդունենք այս ամենը, մեկընդմիշտ որպես ակնհայտ ճշմարտություն և անշրջելի ընթացք:
Դեսպանը համարձակվեց ներկայացնել ընդհանուրի տեսակետը: Նա թվարկեց քսության զինանոցում նմանապիպ դեպքերի համար հարուստ զինապահեստի ընտրանին, որոնց մեջ բռնակալից ժողովրդին ազատելու գաղափարն առաջինն էր, կար նաև մահափորձի տարբերակը՝ աննկատ թունավորմամբ կամ դիպուկահարի կրակոցով: Վերջիվերջո իրավիճակն անհուսալի չէր:
-Ոչ,- բացականչեց սրտնեղած տիրակալը՝ սենյակի անկյունները չափչփելով,- այս պահին աղմուկն ու սպանությունը չեն խոսելու մեր օգտին: Անհրաժեշտ է դաս տալ Նարեկ I հորջորջյալ այդ պատանուն:

***

Ականակիր խավար գիշերն իր գիրկն էր առել նորածնունդ թագավորությունը, որի առաջին գիշերը խոստանում էր անակնկալներ: Լարվածության շունչը խեղդող ու առկա էր ամեն քայլափոխի:
Վարչապետն ու վարչախումբը, որ դեռ նախկին չէին, այդ իսկ պահին հրավիրվել էին Նարեկ I արքայի կամոք, առանձնազրույցի:
-Պատրաստ լինենք ամենավատթարին, տղայք,- զգուշավոր բարբառել էր վարչապետը մուտքից առաջ:

Իսկ երբ ներս մտնելով հարմար տեղավորվեցին բարձրադիրք բազկաթոռներին, Նարեկ I թագավորը բարեժպիտ հորդորեց վարչապետին անկեղծորեն ներկայացնել գործերի իրավիճակն այս պահի դրությամբ: Ոգևորված կառավարության ղեկավարը սկսեց հայրաբար խրատանի կարդալ պատանի թագավորի գլխին՝ ամենավառ գույներով ու երանգավորումներով ներկայացնելով իր աշխատանքը: Իսկ երբ պատահաբար լեզվից թռցրեց Հայաստանի տարածքային կորուստների մասին, անամոթը տեղն ու տեղը պատճառաբանեց, թե այդ ամենը կատարվել է ռազմավարական նպատակներով, և թե սահմանի երկարությունը կրճատելով , լավագույնս կարելի է վերահսկել այն: Բանակի ֆինանսական դրությունը ներկայացրեց մռայլ գույներով և նորանոր պահանջներ ներկայացնելով: Տարածաշրջանում լարվածությունը համարեց բարեբախտություն, որն իբր թե նպաստելու է երկրի առաջընթացին: Ոգեշնչվելով, նա կույրի պես խարխափում էր կրկնությունների լաբիրինթոսում, այս անգամ էլ ճամարտակելով, թե բանակի պարտությունը հայ զինվորի ազգային ոգու բացակայությունն է:
Նարեկ I արքայի համբերությունը սպառվեց: Խորամիտ թագավորը չդիմացավ այս զրպարտություններին և բացականչեց.
-Լռեք, դուք պղծում եք ամենասուրբը՝ ոգեղենությունը, որն անբաժան է հայ զինվորից, ինչպես մարմինը՝ ոգուց: Նյութի վրա հենված էությունը, ինչպիսին որ դուք եք, ագահ որդի պես կրծում է բանակային կարողությունները, թուլացնում այն՝ ի շահ թշնամիների:
Ապա Հայաստանի ներկա վիճակը երիտասարդ թագավորը բավարար ապացույց համարելով, հրամայեց հենց տեղում ձերբակալել խաբեբա վարչապետին ու վարչախմբին, մինչև հարցի մանրամասն ուսումնասիրությունն ու նրանց իրավացի պատասխանատվության ենթարկելը:

 ***

Նախկին վարչախմբի ձերբակալումը որոտի պես տարածվեց երկրից երկիր, և արձագանքը զանգվածային լրատվամիջոցների թղթակիցների տեսքով ալիք-ալիք բերեց հասցրեց պալատ:
Նարեկ I արքան հաճությամբ ընդունեց նրանց և նախկին կառավարության կալանումը մեկնաբանեց այսպես.
-Պետությունը մի ամբողջություն է, որը կազմված է բազմաթիվ եսերից և կոչվում է մենք, իսկ եթե մենքը պատկերացնենք բռունցքի տեսքով, որի յուրաքանչյուր մատ մանակիցն ունենալով իր դերն ու նշանակությունը, չի կատարում ճակատագրով իրեն վստահված առաքելությունը, ապա կիսատ-պռատ ամբողջությությունը մի՞թե կարող է լինել լիարժեք: Չունենալ պետական մտածողությամբ կառավարություն, նշանակում է՝ գիտակցաբար գնալ կործանմանն ընդառաջ:
Այսպիսի պտասխանն, իհարկե, անակնկալ էր և նույնքան անսպասելի: Ուստի զարմացրեց փորձված շատերին՝ ստիպելով անկախ իրենց ցանկությունից, հարգանքով լցվել դեպի երիտասարդ թագավորը:
Իսկ Նարեկ արքան սիրահոժար շարունակեց.
-Մեր ոգին ամփոփված է արժանապատիվ այն հատերի մեջ, որոնք ժամանակի հետ անողոք ճակատամարտում շահել են հաղթողի դափնին ՝ դառնալով ընտրյալ, և անհատ բանականության սահմանների այս և հակադիր կողմերում: Մեր ժողովուրդն իր կենսունակությունն ու արիությունը իր սուրբ լեռան, զուլալությամբ շաղախված պարզ միամտությունը հավաքել պատվաստել է իր արմատն ու էությունը ներկայացնող Սասնա ծռերին: Չմոռանանք երբեք: Եթե թլոլ Դավիթը մեր արկածախնդիր ու կենսատու ոգու ապացույցն է, ապա մի՞թե մեր իմաստնության ամփոփումը Փոքր Մհերը չէ: Կոչենք Մհերին: Դուրս գանք մեր տառապանքների Ագռավաքարից և մեր լեռների բարձունքներից ձայն տանք ու խնդրենք որդիաբար.
-Դու հոգնել ես, հող: Պատմությունն ու ժամանակը չեն ներել քո նախաստեղծ առաջնայնությունը և հուսալքված էլ չես կարող պահել մեզ՝ քո կենսատու կրծքի վրա: Հե՜յ-հե՜յ, Փոքր Մհեր, դուրս արի քեզ կաղապարող սահման քարայրից, ասա՝ հե՜յ վախ իմ անտեր աշխարհ, ասա, ու մեր բոլորի ոգին տար ու գումարիր մեր ցասումների թուր կայծակին, փշրիր փակ ու կապան: Քո մեջ ամփոփվածներս տեր պիտի լինենք մայր հողին՝ դիմադարձ կանգնելով ժամանակի փորձություններին ու արհավիրքներին: Ստեղծենք Դավթի երիտասարդության և Փոքր Մհերի իմաստնության ներդաշնակություն, և ապագան մերը կլինի…
Ելույթի ավարտը և ծափերի որոտը եկան հաստատելու, թե թագավորն առանց ջանք թափելու գրավել է լրագրողների սրտերը:
Երիտասարդ արքան, մի պահ համեստորեն լռելուց հետո, շարունակեց.
-Երկրիս կառավարոււմն այսուհետ հանձնվում է թագավորին՝ ցմահ և ժառանգաբար, որի իշխանությունն անսահմանափակ է: Սակայն նա հաշվետու և ենթակա է սահմանադրությանը և էլ առավել՝ իր խղճին: Մեծ ու փոքր ազգերը, ուժեղները և թույլերը՝ անաղմուկ կամ դղիրդով, ի ցույց և խրատ բոլորիս, շարժվում գնում են իրենց իսկ երազած Ավետյաց աշխարհը: Թագավորի գերագույն նպատակը իր հպատակներին բաբելոնյան այս խառնիճաղանջից անփորձանք ու անվնաս առաջնորդելով տեղ հասցնելն է՝ ապահովելով նրանց համար արժանապատիվ երկիր:Հենց այս պահին, երբ խոսում էի ձեզ հետ, վերջին խոսքերս եկան հուշելու, թե միտքս առակի իմացությամբ պիտի շարունակվի մեկնաբանել:Երբ ծեծեցին հասարակ մի մարդու աշխարհիս զորավորներն ու տանջեցին ֆիզիկապես, նա լեզուն սեղմեց ատամների տակ ու ձայն չհանեց: Մութ զնդանի մեջ փակեցին նրան ու ուտելու ոչինչ չտալով, փորձեցին ընկճել ոգին, դիմացավ նրանց, բայց երբ մութ զնդանից դուրս հանելով հայհոյեցին նրա հավատն ու երկիրը, ծեծված ու սովահար մարդը, զորանալով հոգով ու մարմնով, հարձակվեց հայհոյողների վրա՝ ցըփռ բերանները կոծկելու և փակելու:
Անպատիվ ու անարգված երկիրը չի կարող գոյատևել, մարմնապես ու նյութապես բարձր չի լինի մուրացիկից: Երկրիս փառքն ու հեղինակությունն թագավորի արյան մեջ՝ նախնիների պահանջն ու կանչն է: Իր անցյալը չհիշողը չի կարող կերտել իր ապագան: Ապագան ոդիների ժամանակն է և պատկանում է նրանց: Ճիշտ խնամված ծառի պտուղներն ախորժելի են տեսքով և ախորժելի են քիմքին: Ճշմարիտ և ճիշտ թող լինեն որդիները: Այդժամ հուսալի կլինի երկրի կառավարումը նրանց օրոք: Ինչպես բնության, այնպես էլ մարդու շարունակությունն ու անմահությունն էգ ու արու տեսակների մեջ է, նրանց արյան ծալքերում՝ ժառանգականության գաղտնիքներով: Փոխանցենք առողջ գեներ մեր ժառանգներին, ինչպես մեզ ավետում են աստվածաշնչյան հրաշք պատվիրանները: Տան գործերի կառավարը միշտ եղել է կինը: Վստահենք Տուն-Երկիրը կնոջը՝ նրան մասնակից դարձնելով կառավարմանն ու իշխանությանը: Մի վախեցեք, երբ ցեղի արուների բացակայության դեպքում թագուհի հռչակվի կինը: Նա մայրաբար հավաքելու է իր զավակներին շուրջը՝ հոգածությամբ ու խրատքով… Չլինենք անառակ որդի, չլքենք մայր հայրենիքը՝ հանուն սեփական որկրամոլության և ստոր կրքերի: Թագավորը կամ թագուհին կարող են կրել նաև արքայից արքա կամ Մայր թագուհի տիտղոսները, եթե նրանց օրոք կատարվել են իրադարձություններ, որոնք նպաստ են բերել պետությանը: Բոլոր ուժային կառույցնեը ենթակա են նրանց և ուղղորդվում են նրանց կողմից: Թագավորը միշտ կրելու է զինվորական հասարակ համազգեստ, բացի առանձնահատուկ դեպքերից, այն է՝ արտերկրյա այցելություններ և դեսպանների ընդունելություններ ներսում: Թագուհին կրելու է համեստ, բայց նրա իշխանությունն ու գեղեցկությունն ընդգծող հագուստներ…
Երիտասարդ արքայի ելույթի երկրորդ մասը կարծես թե հիշեցնում էր ծրագիր, որի մատուցումը շաղախված էր թևավոր խոսքերով և իմաստնություններով: Ապշած լրագրողներից ամեն մեկը փորձեց ժամ առաջ դառնալ այն մեկնաբանը, որ կազդարարի այս ամենը՝ ի լուր աշխարհի:

 ***

Լույսը նոր էր բացվում: Սակայն արքան չէր քնել: Նա փորձում էր մինչ այդ պահն իսկ կատարված իրադարձությունների խառնիճաղանջ լաբիրինթոսից դուրս հանել այն առողջ ու տրամաբանված մտքերը, որոնք պետք է լույս սփռեն գործերի հետագա ընթացքի վրա: Մտածումները նրան տանում էին այս պատմության սկիզբը, որն անակնակալ էր նաև հենց իր համար: Գուցե ճակատագրի կամքն ու միտքն էր, որի հրամայականի հլու կատարողը դարձավ այդ պահից: Իրավունք ունե՞ր արդյոք ինքն իրեն տեր հռչակելու հինավուրց մի ժողովրդի, որի բախտի խոփը մշտապես դեմ է առել պատմության ամրակուռ քարին ու ապառին:
Այսպես էր խորհում երիտասարդ Նարեկ I արքան՝ նախորդած օրվա անակնալ իրադարձությունների մասին, երբ նորանշանակ մամուլի քարտուղար դպիրը պատշաճ վարվելա-կերպով ներս մտնելով՝ ասաց.
-Արքա, գրություն՝ հենց նոր ստացված Նորբաբելոնական տիրակալից: Խնդրանքը՝ հանդիպում:
-Ե՞րբ,- անվրդով հարցրեց Նարեկ I թագավորը:
-Կեսգիշերին,- քարտուղար դպիրը մեկնեց ծրարը՝ գլխի խոնարհումով:
Նրանք կանգնել էին դեմ դիմաց. մեկն՝ իր զորությունը գտնելով երիտասարդության մեջ և վստահելով նրան, իսկ մյուսը՝ աշխարհակալի սարսափազդու իր անվանը վստահ, խորամանկ գործելակերպի ոգուն համապատասխան: Տնտղում էին նրանք հայացքով իրար՝ փորձելով պահ առաջ որսալ հակառակորդի միտքը:
Անսպասելի հյուրը չդիմացավ լարված լռությանը, և առաջինն ինքը խոսեց.
-Պատանի, պարզապես ապշահար եմ չարդարացված, և հենց քեզ համար՝ վտանգներով հղի քո համարձակությունից: Խոսք չունեմ: Խաղացիր սցենարից դուրս և վարպետորեն: Մի՞թե թույլ չես տալիս քեզ ավելին, քան պատշաճ է նմանիդ: Այս ամենը չի բխում իմ և իմ երկրի շահերից, հասկացա՞ր, պատանի, -և, բարկացայտ աչքերի կրակով, փորձեց մոխրացնել Նարեկ I թագավորի անձն ու էությունը:
-Հարկ է, որ պատշաճ վարվելակերպն ուղեկից լինի բանական մարդուն: Երկրի շահը ժողովրդի շահն է և ոչ թե մեծապետական մտածողության արդյունք: Հիշեցման կարգով կարող եմ ասել տիրակալիդ, որ մեր հետաքրքրության շրջանակից դուրս է այն ամենը, ինչն անձնապես վերաբերում է երկուսիս՝ ծագող պատանուն և մայր մտնող ծերությանը:
-Շատ լավ,-մռլտաց կատաղությունից դողացող մեծամիտ աշխարհակալը,- ասում եմ քեզ՝ ափսոսալու համար քո ժամանակը սպառված է:
-Խաղաղության լեզուն հիմքն է բարեկեցության, սակայն ավելորդ բարեկեցությունը երևի թե տանում է արկածախնդրության: Իսկ արկածախնդրությունը, համոզված եղեք, պատերազմի նախապայմանն է,- հանգիստ պատասխանեց երիտասարդ թագավորը:
-Շատ լավ,- ուրիշ բառ չգտնելով՝ երկրորդեց շփոթահար մեծախոսը՝ բախվելով հպարտ պատանու ամրակուռ մտքերին և հեռացավ՝ մտքի մեջ քեն ու ոխ որոճալով, միաժամանակ զգալով, թե չի խուսափելու ամոթից ու խայտառակությունից այս պահից իսկ սկսած…

***

Շիկավարսների թագավորը այս ամենին տեղեկացավ իր մարդկանց միջոցով, և նախապես նախատեսված այցը հայոց թագավորին համարեց կայացած ու ավարտված, որ Նորբա-բելոնցու անփառունակ պարտությունը մտքերի ճակատամարում ուղղակի նշան է տրված բոլորին առ այն, թե տարածաշրջանում ծնվում է նոր տերություն՝ իր ասելիքով…

***

Թշնամի տերությունները և նրանց խամաճիկները հայոց սահմանի ուղղությամբ տեղաշարժեցին իրենց զորքերը, որը զգաստացրեց Նարեկ I արքային:
Ուստի, անհանգստացած, թագավորը հրավիրեց գերագույն խորհուրդ և նշանակեց նոր վարչապետ: Մի քանի օր անց կռավարության նոր կազմը ևս հաստատվեց արքայի կողմից, որտեղ ընդգրկված էին իրենց բնագավառի հայտնի և երևելի մասնագետներ:
Նրանք հավատարմության երդում տվեցին արքային հավուր պատշաճի և անցան իրենց պարտականությունների կատարմանը, իսկ ուժային կառույցներն առաջվա պես մնացին՝ ի տնօրինումն թագավորի:

***

Օդը շիկացել էր, ինչպես Արարատյան դաշտն օգոստոսին: Շիկացած էր նաև արքայական պալատի այն հարկաբաժնի մթնոլորտը, ուր թագավորի հորդոր հրավերով հավաքվել էին ընդդի-մադիր ուժերի պատասխանատու ղեկավարները՝ նախօրոք արքայից երաշխիք կորզելով իրենց անձեռնմխելիության մասին:
Ինչ պիտի ասեր պատանի թագավոր ինքնակոչը, որի համարձակությունը չափ ու սահման չճանաչելով, շարժվում էր օրերին ու ժամանակին ընդառաջ՝ իր ճանապարհին խորտակելով պատնեշներ և սանձելով երևակայության սահմանները:
Արքան ճշտապահ էր, սակայն այս անգամ նա մտածված խախտեց կարգը, որի անվերապահ նվիրյալն էր: Ու, գուցե թե, այդ էր պատճառը, որ քաղաքական տարբեր հայացքներ՝ բախվելով սենյակի բարձրադիր կամարների տակ, շիկացրել էր առանց այն էլ հեղհեղուկ օդը:
Աղմուկը հանկարծակի և միանգամից դադարեց թագավորի համեստ մուտքով: Նա ողջունեց ներկաներին և առանց ձևականությունների բոլորին հրավիրեց մրգահյութով ծանրաբեռ սեղանների շուրջ՝ սրտաբաց զրույցի, որը ժպիտ ու քամահրանք առաջացրեց մեծամիտ ու նույնքան ինքնահավան գործիչներից մի քանիսի դեմքին: Այս ամենը չվրիպեց Նարեկ I ուշադրությունից, սակայն նա համբերատար շարունակեց իր միտքը.
-Միանձնյա երկիր ղեկավարողը նման է օվկիանոսում միայնակ նավ վարողին: Դիմադիր լինենք փոթորիկներին միասին: Մեզ բաժին հանած պատմության գորդյան հանգույցը լուծենք միասնաբար:
-Խելացի է,- չկամությամբ, սակայն գլխի թեթևակի խոնարհումով հաստատեց ընդդիմադիր ամենախոշոր առաջնորդներից մեկը,- սակայն միթե բարոյական է սատարել ինքնահռչակ թագավորին, ում համար սահմանադրությունը պարզապես մրոտված թղթի կտոր է:
-Միանգամայն համամիտ եմ,- պատասխանեց Նարեկ I թագավորը,- սակայն հայրենիքի շահը պահանջում է առժամանակ չհակվել դեպի փակուղի տանող ճանապարհ: Մեր երկրի ճակատագիրն ինքներս կերտենք ներսում՝ հեռու պատեհապաշտությունից, և նախապտվությունը տանք իրապա-տում գործերին: Մեզ առաջարկած հրապուրիչ օտարերկրյա տեսիլքները վերադարձնենք նվիրատուներին՝ առանց տոկոսների և շնորհակալությամբ:
-Զրպարտանք է՝ Շիկավարսների և Նորբաբելոնցիների հասցեին,- տեղից մի ձայն, կարծես թե սպասելով հարմար առիթի, հաջորդեց Նարեկ I արքային, սակայն առանց որևէ արձագանքի և տպավորության, մարեց:
-Մեր գործերը թող խոսեն մեր մասին և ոչ թե մեր բերանները մեր գործերի մասին,- իմաստասիրեց երիտասարդ թագավորը ,- ներումն հայցենք բոլոր նրանցից, ում անձի և անվան հանդեպ մեծամտությունն է ստիպել խոսել, և ոչ թե բանականությունը: Զերծ լինենք զեղծարարությունից, և մաքուր ճշմարտությունը թող ընտրյալների չափանիշներով արդարադատ լինի մեր հանդեպ:
Այս խոսքերը հնչելուց հետո, երիտասարդ ընդդիմադիրներից մեկը ձայնի իրավունք խնդրեց.
-Այս իսկ պահից ընդմիշտ մենք Ձեզ հետ ենք՝ հոգով և մարմնով: Խոսքի և մտքի իմաստաբան չլինելով, ընդունում ենք հայրենիքը և մեզ փրկելու եկածին,- ապա մի փոքր դադար տալով, անսպասելի ավարտեց իր միտքը,- կեցցե՜ երիտասարդ թագավորը:
-Կեցցե,- արձագանքեցին ներկաներն ու ոտքի կանգնեցին՝ ի նշան հարգանքի և հնազանդության:
Հաշտությունը կայացվեց: Հայոց անմիաբան ձեռքը բռունցքվում էր…

***

Նոր կազմով կառավաությունը, երիտասարդ թագավորի գլխավորությամբ, ստեղծեց հայրենասիրական ճակատ, որը երդվյալ նվիրյալների խումբ- ամբողջություն էր՝ նպատակադրված որոնել ու գտնել հայրենիքի փրկության ուղիները և նրան այլ ազգերի հետ մրցակցությունում հաղթողի կարգավիճակ ապահովելը: Թագավորն օրհնեց նրանց և ազատ արձակեց բոլորին ի գործ…

***

Խիստ կարևոր էր արքայի և ԿԳ զառամյալ նախարարի առանձնազրույցը, որը տեղի ունեցավ նույն օրը երեկոյան: Երիտասարդ թագավորը փորձում էր օր առաջ լուծել այս հարցը, քանզի դեռ թարմ էին այն փորձությունները, որոնց հետևանքով դպրոցները դարձել էին ուղեղների ամայացման ու անապատացման գոտիներ՝ տանելով երկիրն ապագայազուրկ տարածքների, ուր՝ օտարին, առանց
ջանադրության կհաջողվեր հպատակության մտրակը բանեցնել՝ տաղանդավոր ու արիական հայ ազգը վերածելով բանող անասունների:
Նախարարը ցուցադրաբար ներկայացնում էր այս ուղղությամբ իր մտածումները, հավանաբար, ցանկանալով տպավորություն գործել արքայի վրա: Սակայն արքան, լսելով նրան, աստիճանաբար մռայլվում էր: Երիտասար ճակատը ծածկվում էր խոկումի կնճիռներով, իսկ համբերությունը չէր պայթում այն պարզ պատճառով, որ, սեղմելով ատամները, որոշել էր մինչև վերջ պարզել այս մարդու նպատակահարմարությունն իր պաշտոնում: Վերջինս, ինքնագովերգումով տարված, ու ոչինչ չնկատելով, շարունակում էր ճամարտակել.
-Բյուջեի հարստացման լավագույն ուղիներից մեկը՝ դպրոցի վրա անիմաստ ծախսերի կրճատումն է: Աղքատ ու փոքր երկրի համար, ինչպիսին որ մենք ենք, համընդհանուր ուսուցումը համարում եմ անիմաստ և ավելորդ շքեղություն: Տաղանդավորները, եթե իհարկե կան այդպիսիք, հնարավորության դեպքում թող իրենց ուսումը շարունակեն արտերկրում, իսկ ազատված դրամական միջոցները, արքա, կարող եք ծախսել ըստ ձեր հայեցողության:
Թագավորն, առանց ձայնը բարձրացնելու, բայց վճռական անդրադարձավ դպրոցաշինության բազմաթիվ հարցերի և հասկանալի ու պարզ ներկայացրեց լուծման ուղիներ՝ այն դիտելով որպես բարեփոխումների իրատես և վերջնական ծրագիր այս բնագավառի համար.
-Երկրիս ապագան հայրենիքի գիտական ներուժն ու իմացությունն է: Դպրոցն այդ ուժի աղբյուրն է: Եթե փակենք դեպի մեզ առաքված ակունքը, ապա կթուլանա ու կամայանա՝ աշխարհի ստեղծումից ի վեր մեզ պարգև հասած մի բուռ քարաստան Հայաստանը:
Դպրոցը մեր ամրոցն է ու սահմանը, փող տնտեսել՝ թույլ ամրոց ունենալու համար և չպաշտպանված զինվոր ու ժողովուրդ, նշանակում է՝ գիտակցաբար ընտրել դավաճանության ուղին…
Նա իր համաձայնությունը հայտնեց 10-ամյա ուսուցման ծրագրին, սակայն միաժամանակ կատարեց մի շարք լրացումներ.
1. Հստակ դարձնել ուսուցման ծրագրերը
2. Հանել անիմաստ ճառախոսությունները
-անհարկի դատողությունները
-անիմաստ երկարաբանությունները
-խճողված մտքերը
-կրկնությունները
-բերանացի պահանջվող երկարաշունչ մտավարժանքները
Ուսուցման վերջին երկու տարիները հատկացնել մասնագիտական կողմնորոշմանը և բուհական քննությունների նախապատրաստմանը:
Տաղանդավոր երեխաներին ապահովել թոշակով՝ որպես երկրի ապագա նվիրյալների.
Սահմանել ուսուցչական կոչումներ և կարգեր՝
Վարժապետ-դաստիարակ՝ նախադրոցական կրթական հիմնարկների մակարդակով.
Դասատուներ՝ ցածր դասարանների համար.
Մանկավարժներ՝ միջին դպրոցի համար.
Ուսուցիչներ՝ բարձր դասարանների համար.
Յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առաջ, քննություն հանձնելուց և կարգ ստանալուց հետո միայն ուսուցչին թույատրել աշխատելու դպրոցում:
Պետական հատուկ որակավորման հանձնաժողովների կողմից ընդունված, կրթական և ուսուցման համալիր ծրագրի պարտադիր կատարումը տնօրենների կողմից, իրավունք կապահովի նրանց պաշտոնավարել դպրոցում մեկ տարի ժամկետով՝ այդ թվում հաշվի առնելով նաև նույն աշխատանքային միջավայրի ուսուցիչ-մանկավարժների անհատական կարծիքը.
Բավարար առաջադիմություն չցուցաբերող ուսուցիչներն ու մանկավարժները կաստիճանազրկվեն միչև վարժապետություն:
Դպրոցաշինությանն ու ուսուցմանը հատկացվելիք գումարը պետք է մոտ լինի ռազմական ծախսերին:
Թագավորի տրամաբանված այս և այլ ուշագրավ մտքեր, ծրագրի տեսքով հանձնվեց նախարարին՝ ի կատարումն, իսկ զրույցին ներկա գտնվողները զարմանքով հետևում էին իրենց արքայի մտքերի անարգել հոսքին, որոնք որպես աշխատասեր մեղուների պարս, ջանադիր մեկնում էին՝ ուսման ծաղկադաշտերից պետություն-փեթակի համար կենսաբեր նեկտար ամբարելու և մեղրուղեղ դառնալու համար:

***

Ազգընտիր գագաթաժողովը ինքնաընթաց կերպով շարունակում էր կատարել իր պարտականությունները՝ հրավիրելով անիմաստ նիստեր և ընդունելով սնամեջ օրենքներ բարեփոխումերի մասին, որոնք պատուհասի պես փլվում էին ժողովրդի անմեղ գլուխներին՝ միաժամանակ պետությանը հրելով դեպի կործանում և ոչնչացում:
Խառնակ այս վիճակը գոհացնում էր ԱԳ մեծամիտ քարտուղար հանձնակատարին և նրա երկու ստոր տեղապահներին, որոնք անասելի հարստություն էին դիզել ՝ ի հաշիվ օլիգարխների, նրանց համար կանաչ ճանապարհ բացելով՝ թալանի և անպատասխանատու գործելակերպի համար:
ԱԳ կարճահասակ քարտուղար հանձնակատարը, ի ծնե թեթևաբարո շիլաչ մի անձ՝ հիպնոսված իր բնածին կեղտոտ կարողություններով, կարծում էր, թե ափոխարինելի է այս պաշտոնի համար: Նա հեշտությամբ կարողանում էր իրար դեմ հանել միամիտ երեսփոխաններին և անասելի ուրախանում և հրճվում էր՝ տեսնելով, թե ատելության մթնոլորտում ինչպես են տապալվում հատուկենտ ժողովրդանպաստ օրինագծերը: Նրանից հետ չէին մնում նաև իր քսու տեղակալները: Առաջին տեղակալը կին էր՝ անխնամ կտրած մազերով և նիհար տեսքով: Ասես իրիկնային ուրու էր՝ պատրաստ հարվածելու ցանկացածի, ում կկասկածեր ԱԳ քարտուղար հանձնակատարի դեմ անվստահության մեջ: Նա իր անպատկառ տիրոջ հրահանգի համաձայն լրտեսում էր բոլորին և անհապաղ հենց նույն օրվա երեկոյան մանրամասն հաշվետվություն ներկայացնում նրան՝ չզրկվելու համար այն վայեքներից, որոնցով վարձատրվում էր իր մատնությունների համար:
Երկրորդ տեղակալը բաևձրահասակ, դատարկուղեղ մի անձ էր: Մեծամտությունը և սնապարծությունը նրան բերել էին այն կարծիքի, թե ինքը հանճար է և երբեմն դժգոհում էր բաևձրյալից՝ աշխարհի խելքն իր այլակերպ գլուխը մտցնելու համար:
Բայց երբեմն ԱԳ քարտուղար հանձնակատարի և այս վերջինիս միջև տեղի էր ունենում բառային փոխհրաձգություններ, որի արդյունքում վիրավորված դատարկագուխը դիմում էր սահմանադրական դատարան:
Երեսփոխաններն այս ամենն ընդունում էին հրճվանքով, որպես հատուկ ներկայացում՝ իրենց աննպատակ ձանձրույթը փարատելու համար:
Այս և այլ բացահայտող տեղեկություններ Նարեկ I արքային ստիպեց ձեռնամուխ լինել գործի հանգուցալուծմանը:
-Վկա լինել չարի ծննդին և չկանխել այն՝ նշանակում է գիտակցաբար մասնակից լինել հետագա բոլոր չարագործություններին, որի համար հետադարձ զղջումը հավասարազոր է անհեթեթության: Թույլ չտանք մուտացիայի ենթարկված արմատի հզորացումը՝ մեր իսկ աչքի առաջ, քանզի նրա պտուղները խորշակող մորեխների նման ավերելու են մեր հրաշակերտ աշխարհը:
ԱԳ մեծամիտ քարտուղար հանձակատարը, տեսելով թագավորի վճռական գործունեությունն այլևայլ բնագավառ-ներում, հոգու խորքում կասկածում էր, թե կարո՞ղ է, միթե, ինքը երկար դիմանալ այս պաշտոնում: Ահա այդ էր պատճառը, որ իր երկու խամաճիկ տեղակալների հետ՝ գիշերն իր տանը հանդիպելով, առաջարկեց ֆիզիկապես վերացնել Նարեկ I արքային: Քննարկված բազում տարբերակներից առաջնությունը տրվեց դանդաղ ու աննկատ թունավորմանը: Այս դեպքերից մի շաբաթ անց ԱԳ քարտուղար հանձնակատարը հրավիրվեց պալատ՝ արքայի ընդունելությանը և որպես անակնկալ, իր փաստված երկարատև չարիքների դիմաց ստացավ ընդամենը՝ Ազգային գագաթնաժողովը ցրելու և իր պաշտոնանկության մասին փաստաթուղթը:
-Ես կարծում եմ,- անկեղծորեն ասաց թագավորը,- որ սեփական մեղքի գիտակցումը ձեզ թույլ կտա հրաժարվել մի պաշտոնից, որը ձեր դերակատարմամբ ԱԳ դարձրել է թատրոն, իսկ նրա գործունեությունը՝ մեկ մասնակցով ներկայացում: Պետությունը կարիք ունի պետական մտածողությամբ այրերի:
Արդեն նախկին ԱԳ քարտուղար հանձնակատարը գունատվեց զայրույթից, սակայն թույնը եռում էր ներսում, ուստի կատաղությունից ատամները կրճտացնելով, խոսեց.
-Կարծում եմ դեռ առիթ կունենանք, ինքնակո՛չ, խաչաձևելու մեր սրերը քաղաքական դաշտում: Եվ վա՜յ պարտվողին…
-Լիովին համաձայն եմ,- հանգիստ պատասխանեց արքան ՝ այդ լկտի մարտահրավերին,- հաջողությունը թող ուղեկից լինի ոչ թե անձնամեծարին, այլ պետության նվիրյալին:

***

Այս դեպքերից երկու օր անց հրապարակվեց ԱԳ ընտրության նոր ընդհանուր նախագիծ- կանոնակարգը, ըստ որի.
-Երեսփոխան կարող են դառնալ մեծահարուստների 60%-ը,
-գիտության ճանաչված ներկայացուցիչների 30%-ը,
-10%-ը նշանակվում է կառավարության կողմից.
-մեծահարուստ ընտրյալ երեսփոխանները զրկվում են աշխատավարձից, բայց դրա փոխարեն իրենց նվիրված աշխատանքի դիմաց վարձատրվում են՝ ժողովրդի հարգանքն ու սերը վայելելով.
-վճռական է գիտության ներկայացուցիչների դերն օրենքների մշակման և ընդունման գործում, որի ելակետը ժողովրդի բարօրությունն է ու բարեկեցությունը.
-պետության կողմից նշանակված 10% ներկայացուցիչները, հիմնականում ժողովրդի հարգանքը վայելող անվանի պետական քաղաքական և մշակույթի գործիչներ են:
Նարեկ I արքայի այս հրամանագիրը ժողովուրդն ընդունեց ցնծությամբ, իսկ դրսեկ ուժերը, համագործակցելով թագավորի հանդեպ նախկինների չտրամաբանված կույր ատելությունից, նախապատրաստեց Հայաստան երկրի հանդեպ նոր փորձություններ նյութելու՝ նպատակ ունենալով կործանել այն մեկընդմիշտ:

***

Պատմությունից հայտնի հայ զինվորի առասպելական փառքը խամրել, հավասարվել էր զրոյի: Եվ, թվում էր, այլևս անդարձ է մեր հերոսական անցյալի, և հաղթահասակ, և իմաստուն զորապետներով զորացած, գոտեպնդված, դարերի ամենակուլ արգելքները խորտակած ժողովրդի, նրա քաջարի զինվոր-զավակների կամքն ու կորովը:
Նարեկ I արքայի այս մտածումներն ու խոհերը, սակայն, չէր մղում նրան կարոտախտի, այլ քաջալերում էր ամրապնդվելու հոգով և մարմնով՝ դիմադարձ կանգնելու այն ուժերին, որոնց համար հայոց վերածնունդը մահ էր:
Այս խոհերով ծանրաբեռ, մեծաց դասերին ունկնդիր պատանի թագավորը, հավուր պատշաճի հրավիրեց բանակային զորապետներին՝ խորհրդակցելու և անվերջանալի անկումների ու պարտությունների ուղուց անցնելու քաջագործությունների ու հաղթանակների ուղի:
Պաշտպանության և հակադարձման ծեր նախարարը պահպանողական հայացքների տեր, ռազմի գործերի մեջ պատահական մի այր, ինքնավստահ ռազմագետի տեսքով բարբառում էր.
-Արքա և սպայակույտ հայոց: Պատիվ ունեմ զեկուցելու, որ ըստ օտար տերությանց հետ կնքված գերշահավետ ռազմական պայմանագրերի, մեր երիտասարդ սպայական կազմը կմարզվի և կուսուցանվի բարեկամ երկրներից որևէ մեկի ռազմական հանգրվաններում: Շեշտում եմ նաև, որ ապշեցուցիչ հաջողություն էր, հատկապես, մեր ռազմական հետագա ծրագրերի փաստաթղթային մշակումն այլ տերությունների համապատասխան գերատեսչություների կողմից, որի դիմաց այս իսկ պահից ծախսվել է մեզ հատկացված բյուջեի ուղիղ կեսը, իսկ մյուս կեսի հաշվին խոստանում եմ Շիկավարսներից կամ Նորբաբելոնիայից ձեռք բերել ռազմատեխնիկա:
Գտնում եմ, որ հենց այս է մեր ազատության նախապայմանը:
Արքայի ծով համբերությունը եռում, ափեափվում էր.
-Ազատության գաղափարը,- ասաց նա,- անցնում է ժողովրդի ֆիզիկական գոյության և հոգևոր էության շարունակական ճանապարհով, մինչև վերջնակետ ու հանգրվան: Արհեստածին ազատու-թյունը չպատվաստենք մեր կենաց ծառին և խուսափենք այլածին պտուղների վայելքից : Հրաժարվենք այլոց կողմից մեզ բաժին հանած ազատությունից, որը դառնալու է սկիզբը մեր անկումների և ստրկության: Ազատության գրավականը մեր միասնության և հզորության մեջ է: Այս ամենն ապացուցենք գործով և ոչ ճառասացությամբ:
Զորապետների տարակուսած հայացքներն աներկբա մատնում էին արքային՝ նրանց բթացած ու անպտուղ մտածողության առկայության մասին: Նարեկ I թագավորը ցավով հասկացավ, որ դեմ է առել տկարամտության անբնածին պատնեշների, սակայն զսպելով իրեն, հավաքեց անսպառ համբերության վերջին ալյակները և ցանկություն հայտնեց իմանալու մյուս զորապետների կարծիքը:
Մեդալներով ու շքանշաններով զարդարված ապաշնորհները միաբերան հավանություն տվեցին պաշտպանության և հակադարձման ծեր նախարարի խոսքին, քանզի այդ ամենի մեջ տեսնում էին բանակի հաշվին իրենց հետագա բարգավաճումը և բարեկեցության երաշխիքը:
Նարեկ թագավորը վճռական մերժեց այս և համանման այլ ելույթները՝ պարզ պատկերացում կազմելով, թե ինչ կպատահի, եթե Հայաստանի դեմ որևէ երկիր պատերազմ հայտարարի հենց այս պահին:
-Մի՞թե մեզ հետ չեն մեծն Տիգրանի, քաջն Վարդանի, անկասելի Անդրանիկի և բազում այլ քաջերի լուսեղեն ոգիները: Դադարել ենք հայ լինելու՞ց, թե՞ մոռացել ենք արիական մեր ծագումն ու փառապանծ Մասիսների խորհուրդը: Ըմպենք Կաթնաղբյուրի կենսատու ուժի ակունքներից՝ գորովագութ ու կորովի Դավթի նման: Սրբենք սրբացած հայոց դաշտ ու լեռները պղծողներից և հպարտ կանգնենք Աստծուց մեզ շնորհված քարաշխարհին՝ որպես անպարտելի արծիվներ և փառքն ինքը կփնտրի մեզ:
Այս նախաբանից հետո, հնարավորություն չտալով ապաշնորհ բերանբացներին ուշքի գալու, պատանի թագավորը շարունակեց.
-Ոչ ասենք՝ մետաղատար ռազմամթերքին իր բոլոր տարատեսակներով:
-Ոչ ասենք՝ փափկասուն տիկնանց վայել, օտարերկրյա շքեղ ինքնաշարժերով բարձրաստիճան զինվորականների ցուցադրաբար ու աննպատակ թրևելը մայրաքաղաքի փողոցներում:
-Ոչ ասենք՝ ճոխ առանձնատների փափուկ բազկաթոռներում քնելու համար զինվորական բարձրագույն աստիճաններ շնորհելուն:
-Ոչ ասենք՝ այն զորապետներին, որոնց քաջությունը սահմանափակվում է՝ գիշերային ակումբների մեղկ գեղեցկուհիներին նվաճելով:
-Այո ասենք՝ գիտությամբ զինված նորագույն զինտեխնիկայի ստեղծմանը:
-Այո ասենք՝ պճնանքներից զուրկ դաշտային համազգեստով զորապետներին, նրանց չոր անհարմարավետ կյանքին:
-Այո ասենք՝ ռազմական բոլոր հաստատություններին: Ուսուցանենք մեր ապագա մասնագետներին՝ ինքներս ձեռքի տակ ունենալով ռազմագիտական նորագույն նվաճումներ:
-Այո ասենք՝ զինվորական կոչումների վերանայմանը:
-Այո ասենք՝ բոլոր այն զորապետներին, որոնք ինքնակամ կմեկնեն սահմանամերձ տարածքներ ու կբացահայտեն իրենց ռազմական տաղանդը, դառնալով զիվորների պատկերացում-ների հերոսը:
-Մայրաքաղաքում թույլատրել մնալու միայն գլխավոր շտաբին և նրա գործունեությունն իրականացնող աչքի ընկած զինվորականներին:
-Ստեղծել ռազմական քարտուղարություն՝ մշտապես տեսչական այցեր իրականացնելու նպատակով:
Կարճառոտ, բայց լիիմաստ այս ելույթը, փաստորեն, ռազմական ծրագիր էր, որը գրավոր տեսքով հանձնվեց, դեռևս իր պաշտոնում գտնվող պաշտպանության և հակադարձման նախարարին, նշված ժամկետներում իրագործելու համար:

***

Նարեկ I արքան հայոց երկիրը պատկերացնում էր որպես միասնական մի մեծ ընտանիք, որի չափահաս անդամներն ունեն սեփական նախատեսումներ ու մտածումներ, սակայն ընդունում և առաջնորդվում են միասնական այն ծրագրերով, որն ընդունվել և հաստատվել է ընտանեկան խորհրդի կողմից և արժանացել ընտանիքի հոր հավանությանը:
Ու նա մտորում, մտածում էր երկրի ապագա կառուցվածքի մասին:
-Հեյ, հայոց երկիր, լեռների անհասանելի ծովում ազգակուլ փոթորիկ սրահարումներին դիմադիր նավ: Քարեղեն կողերիդ զարկված, ջարդված ու նահանջ-նահանջ իրենց ելակետը վերադարձող քոչվոր ալիքների հիշողությամբ դեռ անցնելիք ճանապարհդ հավերժ է:
Թափառական ամպերի պես անօթևան, պանդուխտի պես անտուն, պատմության հողմերի գրոհին դիմադարձ, դավ ու ցավից հոգնած ճամփորդ, հավատա, ոգիդ դեռ կենդանի է:
Գահավեժ դարերի մուժում գտիր նավահանգիստդ հուսո, ուր դադար ես առնելու:
Հենիր գլուխդ հոգնած մայր հողի, կարոտից պապակված ափերին ու զորացիր կրկին, հավատալով երթիդ: Եկան անհանգրվան հեղեղի պես օտարները գուժկան, պատուհաս որպես, բզկտելով աշխարհներդ ու զրկեցին քեզ գարուններից զմրուխտ, աշուններից թագակիր, ձմեռներից՝ ճերմակաշուշան, ամառներից մեղրանուշ ու բեկորեցին՝ փորձելով կործանել պատկերդ ընդմիշտ:
Դանդաղ, դանդաղ, փշուր-փշուր, անեզր աշխարհներդ փակ տարածքներ դարձան՝ կոչվելով շրջան, ուր պտտվեցինք խաղ- կարուսելի պես տարիներ շարունակ ինքներս մեր ետևից՝ հասնելու փորձ անելով ու դոփեցինք տեղում, մինչդեռ ուրիշները քայլում էին արագընթաց, իսկ հետո սկսեցին վարգել քառատրոփ:
Շատ դոփելուց էր, գուցե, որ փշրվեցիր շրջան-շրջան ու պատմության անթափանց փոշին՝ սողած-ավերված կողերիդ վրայով, իսկ երբ հոգնեց ու շնչահեղձ դադար առավ, տեսան, ա՜խ, բոլորը տեսան, որ քո տխուր անցյալի անուրախ էջերից պեղված մարզպանությունն արթնացել է դանդաղ ու բազմել է արհեստածին գահին:
Երկիր, ու՞ր են աշխարհներդ ծովից ծով, ասա:
Որտե՞ղ են, ու՞ր են նրա ծառա տերերը, իրենց աշխարհներին բերդ, երկիր միջնաբերդին թև ու թիկունք, արքային նեցուկ, ժողովրդին հավատարիմ՝ մշտապես ծառա և խոնարհ կատարող:
Թող այսուհետև մարզերդ անվանվեն աշխարհներ, իսկ մարզպետները՝ արքայի տեղապահներ:
Թող հազարների միջից ընտրվեն նրանք, որ նվիրյալ են երկրին ու ժողովրդին, թագավորին ու հայրենիքին, քաջ են ու մեծագույն հայրենասեր:
Թող նրանց բազկի զորությունը լինի անկասելի, միտքը՝ տիեզերագնա, ռազմական գիտելիքները՝ անսպառ:
Թող նրանք իրենց արժանահիշատակ գործերի համար արժանի լինեն ժողովրդի վստահությանն ու սիրուն, վայելեն արքայի հարգանքը և կրկին հաստատվեն տեղապահության պաշտոնում մեկ տարի ժամկետով ի շահ հայենիքի:
Թող գյուղերը հայոց երկիր դաշտավայրում ամենագեղեցիկ ծաղիկների պես բացվեն իրենց անկրկնելի հրապույրներով, աչքի համար մշտապես ցանկալի և հոգու համար՝ հարատև ներդաշնակ:
Թող արժանիներն ու բանիմացները, գիտուններն ու նվիրյալները, ռազմասերներն ու քաջաբազուկներն առաջնորդեն համայնքները թագավորի նշանակմամբ:
Թող վերապահվի մենաշնորհը հայոց գյուղերին տնօրինելու մայր հողն ու ակունքները ջրերի, կապիտալը շրջանառու և պայմանագրերի կնքումը դրսի ու նեսի ընկերությունների հետ՝ ի շահ համայնքի պետության հովանավորությամբ և հսկողությամբ:
Թող բարեկարգ համայնքներն իրենց բարեկեցությամբ նեցուկ լինեն երկրին և ոչ թե՝ պահանջատեր:
Թող ամեն մեկն երկնքի արքայության մասին մտածելուց առաջ իր ոտքերի տակ հենարան ունենա այն, ինչ մեզ տրված է ֆիզիկապես և կոչվում է հող:
Թող այս հողի վրա մեր ներկայությունը լինի մշտապես ցանկալի և արդարացված, և ոչ թե հավերժ սպասում՝ անառակ որդիների վերադարձին:
Թող զուգակցենք հողը գիտության հետ և տեղաշարժվենք բոլոր ուղղություններով՝ թե՛ հորիզոնական, թե՛ ուղղաձիգ հարթություններով:
Թող ուժեղ համայնքները պետության ուժի երաշխիքը լինեն:

***

Պալատականները հրաժեշտի ողջույն տալով թագավորին, դուրս եկան սենյակից՝ առժամանակ մենակ թողնելով նրան: Սակայն խոհերն ու մտածումները, որ միշտ նրա հետ էին հայրենիքի մասին ճակատագրի պես իր էությունից անբաժան ուժ ու զորություն էին տալիս նիհար ու վտիտ մարմնին:
Եվ ինչպես որ բնությունն ամպրոպից առաջ, մի պահ խորհրդավոր լռում-համրանում է, այսպես էլ այս պահին թագավորի դեմքի խաղաղը վկայում էր, որ ամպրոպ, այո, լինելու է, բայց ոչ կործանարար, այլ կենսատու և բարեբեր:
Եվ նրա ձայնն աղավնակերպ մտքերի տեսքով ճախրում-թևածում էր սենյակի կամարների տակ ավետելով:
Անմնացորդ նվիրիր ունեցածդ հայրենիքին, ոչ թե նրանից շահ և փառք ակնկալելու, այլ նրա սուրբ հողին արժանանալու հույսով: Այլ երկրներից, սահմաններով զատված աշխարհագրական տարածքը չի կարող կոչվել հայրենիք, եթե նրա վրա ապրողները զուրկ են հայրենիքի զգացողությունից:
Մեր բանակի ամենահզոր դաշնակիցը հայոց լեզուն է:
Ազգի բնորոշումն առանց լեզվի նման է անհացե նամակի:
Ինչպես որ յուրաքանչյուր համեղ կերակրատեսակ պարտական է համեմունքների առկայությանը, այնպես էլ յուրաքանչյուր լեզու պարտական է իր հարուստ նրբերանգներին:
Գրաբարը նման է այն թագավորին, որը մահվանից առաջ ավանդել է իր հաջորդին ամուր և հզոր երկիր:
Օտարաբանության սիրահարը նման է անձնասպանի:
Կիրթ երևալու ամենաանիմաստ ջանքը խոսակցական լեզուն օտարաբանություններով շաղախելն է:
Մեր գոյության ապացույցը մեր մարմնի առկայությունն է, իսկ մեր հոգու առկայության մասին վկայում է լեզվամտածողությունը:
Մեզ մատուցվող բարոյազուրկ ֆիլմերը նման են այն մրգերին, որոնք արտաքուստ քաղցր և ախորժելի են, իսկ ներքուստ՝ դառն ու լեղի:
Ընդունենք օտարների մշակույթը վերլուծաբար, ընտրենք հատիկը և դեն նետենք հարդը:
Հեռուստատեսությունն ազգային է ոչ թե անվամբ, այլ էությամբ:
Հեռուստատեսության ներկա նպատակը գլոբալացումն է, իսկ գլոբալացման նպատակը՝ ազգերի և ազգայինի վերացումը:
Գեղարվեստական ֆիլմերից դիտենք այն, ինչը չի ոտնահարում մարդու արժանապատվությունը, իսկ այս չափանիշներին չհամապատասխանողները ցուցադրենք կենդա-նիներին:
Յուրաքանչյուր իշխանավոր պարտավոր է հաշվետվություն տալ ժողովրդին, և ոչ թե հաշիվ:
Նյութապես գերհագեցված հասարակությունն իր պարապությունը լցնում է դրամի իշխանությամբ ձեռք բերված զվարճանքերով, որի արդյունքը նրա հիվանդ անդամների առկայությունն է՝ ազատ սիրո ըմբռնումներով:
Փողը կարող է հիպնոսի դեր խաղալ, եթե հիպնոսվողը կամազուրկ է և թույլ:
Մարզական խաղերն աստիճանաբար նմանվում են քաղաքական խաղերի, կուլիսային բանակցություններն են որոշում նրա ելքը:
Անմահությունը ժամանակավորի մասին այն հիշողությունն է, որը կապված է յուրաքաչյուրի կատարած գործերի և մարդկային արժանիքների չափանիշներին՝ սիրով և անկեղծորեն:

***

Հզոր տերություն ստեղծելու գրեթե անուծելի բազում խնդիրները չշեղեցին արքային այն մտքից, թե ինքը չավարտեց դպրոցը և կիսատ մնաց ուսումը:
-Լույսի գոյության մասին իմացողը չի արող մնալ խավարում, եթե անգամ նա ի ծնե կույր է,- մտորում էր Նարեկ I թագավորը…
Եվ անհանգիստ մտքերը ստիպեց նրան մի կողմ դնել բնական ամոթխածությունն ու, խնդրանքով դիմել կառավարությանն ու ԱԳ քարտուղար հանձնակատարին՝ որոշելու և ընթացք տալու այս հարցերին:
ԱԳ արտահերթ հրավիրված հատուկ նստաշրջանը միաձայն որոշեց բավարարել թագավորի խնդրանքը՝ նրան կցելով երկու ուսուցիչ. մեկ՝ կնոջ հումանիտար գիտությունների գծով և մյուսը՝ տղամարդու բնական առարկաների:
Թագավորը խոնարհ աշակերտի ուրախությամբ դիմավորեց երկու ուսուցիչներին և երդվեց, թե լինելու է ուշիմ աշակերտ՝ պարտաճանաչ կատարելով թե՛ բանավոր և թե՛ գրավոր տրված բոլոր հանձնարարությունները:
Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ տիկին-ուսուցչուհին պաշտում է քարանձավային գիտելիքները և հեռու է վերլուծական մտքից: Նա պարտաճանաչ հետևում և հսկում էր աշակերտի այն բոլոր մտածումները, որոնք միտված էին հայտնագործելու միակ ճանապարհը, որը տանելու էր անհայտի բացահայտմանը:
-Մարմինն ապրում է այսօրով, հոգին՝ ապագայով: Եթե ներդաշնակենք այս երկուսը, կվայելենք բնության հովանավորությունն ու սերը, հակառակ դեպքում՝ պարզապես կդառնանք կենդանական տեսակերից մեկը, առանց բանականության, գերի կույր բնազդներին:
Այս և համանման մտքերի շուրջը տիկինը կարողանում էր կուտակել ամպրոպաբեր ամպեր, սակայն չէր կարողանում անձրևել, բախվելով թագավորի խելացի պահվածքին և նույնքան խելացի պաշտպանությանը:
Ատելությունը վարժապետ –ուսուցչուհուն դուրս էր նետում բանականության շավղից և նա, հերսոտված, փնովում էր ուշիմ աշակերտին՝ աջ ու ձախ պալատականներին հավատացնելով, թե իր մանկավարժական կարողություներն ու հմտությունը կստիպեն թագավորին մոռանալ այն, ինչ կոչվում է նվիրվածություն հումանիտար գիտությանը:
Հարցն այնքան հասունացավ, որ Ազգային գագաթաժողովը հարկադրված անցկացրեց լսումներ, որտեղ հազար ու մի բան տեսած երեսփոխանները, լսելով տիկնոջ բարբաջանքները, մնացին ապշած:
-Իր գիտելիքների մեջ անհասկանալի թագավորը որոնում է ժամանակի և տարածության համաձայնությունը՝ փորձելով տեսանելի դարձնել նրա կառավարումը: Որքան գիտեք, այս ամենն անհասկանալի լինելուց բացի, զուրկ է նյութական տրամաբանությունից: Պայքարենք անբնականի դեմ: Ապավինենք իմ մանկավարժական գիտելիքներին:
Սրան ի պատասխան երիտասարդ արքան ասաց.
-Եթե գիտությունը պատկերենք ուղղաձիգ զսպանակի տեսքով, որի հիմքն ամրացված է, իսկ գագաթն ազատ ձգվում է վեր, ապա գալարի սկիզբը հաղթահարելով, առանց ջանքերի, ու, աստիճանաբար բարձրանալով, գալար-գալար կսպառենք մեր ուժերը, իսկ զսպանակը կդառնա ավելի երերուն՝ մեծացնելով անկման վտանգը և դժվարացնելով գագաթ հասնելու հավանականությունը:
Մի՞թե զսպանակի ստորին և վերին գալարները կրկնում են իրար և մի՞թե այստեղից հետևում է, թե կրկնությունը գիտության մայրն է: Տիեզերքը բազմակերպ մարմինների քաոս է, որոնց էությունը ճանաչելով միայն կարող ենք խոսել բանականության մասին:
ԱԳ հատուկ հանձնաժողովը ժամանակ խնդրեց, որպեսզի լսումների հիման վրա տա իր եզրակացությունը:
Բնագետը փայուն ընդօրինակող էր: Իր այս ընդունակությունը նա շփոթում էր հանճարեղության հետ և խաղում էր ականջ ունեցող ցանկացած անձի նյարդերի վրա՝ մշտապես ներկայացնելով իրեն որպես եզակի և անկրկնելի: Եվ գուցե թե խեղճն իրավունք ուներ ներկայացնելու իրեն իր սրտի ուզածի պես, քանզի կանոնավոր կրթություն ու դաստիարակություն չէր ստացել և մանկությունից լինելով ընչաքաղց ու բութ, աչքն անընդհատ հացի վրա էր: Սա ևս կրկնօրինակն էր՝ իր գործընկերոջ բանսարկության մեջ չգերազանցված ինքնամեծար հիվանդագին երևակայությամբ: Եվ երբ հայելու դեմ կանգնելով, փորձում էր անճաշակ փողկապները, մշտապես հիանում էր իր ճաղատով, գտնելով, որ և՛ փողկապը, և՛ ճաղատը ընդգծում են իր իմաստությունն ու բանիմացությունը:
Մի առիթով նա թագավորին ստիպեց հավատալ, թե մարդկային ուղեղը մասնակի դերակատար է, և մտածողության ամբողջ պատասխանատուն լեզուն է:
Այս անհեթեթությանն ի պատասխան, թագավորն ասաց.
-Մի՞թե լեզվից զրկված մարդը դադարում է մտածելուց և մի՞թե լեզու ունեցող ցանկացած կենդանի օժտված է մտածողությամբ:
Այսպիսի դեպքերում բնագետը, ճաղատը առաջ ցցած, բղավում էր խելակորույսի պես, իսկ հանգստանալուց հետո քմծիծաղում էր աշխարհի վրա իր »գիտական« բարձունքներից:
Թագավորը դառնությամբ մտածում էր, որ իր բախտն ուսուցիչ ընտրելու հարցում չի բերել: Ուստի անիմաստ ժամավաճառությունից և վարկաբեկումներից խուսափելու համար, պահանջեց՝ անկախ հանձնաժողովից հրավիրել գիտուն այրերի, որտեղ ինքը կապացուցի ի՛ր գիտելիքներն ու կարողությունները:
Հանձնաժողովը բավարարեց այս արդարացի պահանջը, և արքան արժանապատվորեն դուրս եկավ փորձությունից՝ միաժամանակ արժանանալով հռչակավոր մասնագետների հիացմունքին և գովասանքներին: Ներկաների բուռն ծափերն ընդհատելով և ներողություն խնդրելով, թագավորը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իր միտքն ավարտելով այսպես.
-Բարեկամներ, որքան էլ խորհրդավոր ու սարսափազդու է գիշերների իմաստը, այնուամենայնիվ, սպասվածը և ցանկալին ցերեկն է:
Հիշեցեք: Եվ երբ Տերը քաոսից ձևում էր աշխարհը, մի՞թե չարարեց ցերեկներ, քանզի տեսավ, որ լույսն ավելի գեղեցիկ է ու ցանկալի: Հետևենք աստվածաշնչյան խորհրդին, նվիրվենք լույսին և ավետենք լույս…

***

Երիտասարդ թագավորը սիրում էր էությամբ ու բնույթով ազգայինը: Մի առիթով նախարարների հետ հանդիպման ժամանակ նա ասաց.
-Մեր հայրենի տան հիմքն անսասան դարձնելու համար նրա շաղախին խառնենք ազգային ծեսերն ու սովորույթները:
Նախահայրերն երկիրն ի պահ հանձնել են մեզ: Լինենք պատասխանատու ապագա սերունդների առաջ:
Երկիրը պետք է միշտ շնչի և թևավորվի՝ նորովի չմոռանալով, սակայն հետադարձ հայացք ձգել իր պատմությանն ու անցյալին:
Հայրենիքը պատմականորեն ձևավորված իր դեմքն ունի: Չաղավաղենք օտար ազգերի առաջ նրա կերպարը:
Նրա դարավոր կնճիռների իմաստնացած խորքում թաքնված մտածումները պեղենք ու մեկնաբանենք համամարդկային արժեքների չափանիշներին համապատասխան, որովհետև մենք էլ մեր արժանի տեղն ունենք այս արևի տակ:
Մենք հին ենք, բայց ոչ հնացած:
Դարերի փորձով կուտակված իմաստնությունն ամբարվել է մեր գենային ֆոնդերի մեջ, զտելով այն խառնակ արյունը, որ տարածաշրջանի խաչմերուկներով անցնող վայրենին պարտադրել է մեզ, դրանով իսկ փորձելով խաթարել մեր անաղարտությունը, պարտադրել ավարառուի իր փորձն ու էությունը: Բայց հզոր մեր կամքը ծառացել է օտար կանչերի դեմ՝ խորտակելով կապ ու կապանք և, զուլալվելով, շարժվել է առաջ դեպի իր երկնահաս լեռների բարձունքները, ուր արևածագները ծիրանափայլ են, և ապրելու հույսն անհատնում, ինչպես մեր հոգին, մեր արմատն ու էությունը:
Նարեկ I արքայի այս մտքերը հիշեցնում էին մշակութային ծրագիր, որը կարող էր հիմնավոր դառնալ՝ մեր կերպն ու ոգին առաջնորդելու տևական շրջանի համար:
Այս հիմքի վրա առաջնությունը տրվեց ազգային երգ ու պարին, ազգային ֆիլմերին ու թատրոնին, մարմնապարին և օպերային, ինչպես նաև մշակույթի այլ ձևերին:
Երիտասարդ նախարարներից մեկը խիստ վրդովված հարցրեց արքային.
-Գուցե մենք պապենական սայլը գերադասենք ինքնաշարժերից, չէ՞ որ նրանք երթևեկել են դրանցով, իսկ գուցե մագաղաթյա գրքերին տանք նախապատվությունը՝ դեն նետելով տեղեկատվության նորագույն միջոցները, ետընթաց շարժվելով պատմության սկիզբը: Մի՞թե այս է տրամաբանությունը:
-Ոչ և ոչ,- բացականչեց թագավորը դառնացած՝ միաժամանակ զարմանալով չհասկանալու մարմաջով բռնված այս ջատագովին, որի արտահայտած մտքերը փորձության քար էին յուրաքանչյուր անզգույշի սայթաքման համար ,- անցյալ չունեցող յուրաքանչյուր ժողովուրդ չունի ապագա , իսկ ապագա չունեցող ժողովուրդը դատապարտված է չգոյության…
Հարց տվողը պարզապես սսկվեց: Իսկ մշակույթի նախարարին այս ամենը մտքում պատկերվեց որպես հարմարավետ ու շքեղ մի շինություն հզոր հիմքերով: Ուստի այս մտքից ոգևորված, նա սղագրեց Նարեկ Առաջինի մտքերը, որը հետագայում դառնալու էր ազգային մշակույթի զարգացման ուղենիշը:

***

Լույսի մեջ, ասես, կույր էր հայոց երկիրը: Ու հիմա մեն-մենակ, անուղեկից ու անկարեկից ելել էր քաղաքական քար ու քռա դաշտ և խարխափում ու գայթում էր, երերում էր անհավասարակշիռ՝ աջ թե ձախ, աջ թե ձախ…
-Մի՞թե երկու կետերը միացնող ուղին ամենակարճ ճանապարհը չէ,- բարձրաձայն մտորեց երիտասարդ արքան,- հենվել սեփական ձեռնափայտինև ոչ պատահական անցորդի, որը միևնույն է՝ ճանապարհի ինչ-որ հատվածում լքելու է անկասկած,- և, կանգ առնելով դեպի վեհափառ Մասիսները նայող պատուհանի առաջ, շարունակեց մտորել,- լինենք ճկուն ու պինդ, բայց ոչ պնդաճակատ ու ճկվող, լինենք ճիշտ, բայց ոչ ճշտանման, լինենք նպատակասլաց՝ հանուն երկրի և լինենք խոսքաշեն ու ոսկեբերան՝ մեր կառուցողական միտքը տանելով ընդդեմ քաղաքական դաշտի խարդավանքների: Փոքր ազգ լինելով, մեզ չշփոթենք փոքրավորի հետ, նրանց խաղին մասնակից չլինենք՝ որպես շախմատային հասարակ զինվոր ու չգլխատվենք հենց այնպես՝ ի շահ օտարի: Տնային վերլուծության ենթարկենք ինքներս մեր խաղը, զուգորդենք այն քաղաքական հոտառության հետ: Եթե ժամանակը դատապարտել ու վտարել է մեզ պատմության հրապարակից, չներելով անցյալի մեր հապաղումներն ու սխալները , իմաստուն չինենք մի՞թե: Չէ որ եկել է քարեր հավաքելու ժամանակը:
Այս մտքերին ծնունդ տվողը մի քանի ժամ առաջ Շիկավարսների հետ ռազմական ծրագրերի վերանայումն էր, որտեղ անտեսվում էր հավասարազոր շահերը:
-Հակադրենք պարզ մեծամասնությանը մեր խելոք գլուխները ճակատամարտը շահելով ոչ թե թվով, այլ էությամբ: Դաշնակցի երկդիմի խաղը մեզ տանելու է երկու ճակատով կռվող պետության կարգավիճակի: Ուշիմ և հնազանդ աշակերտից վերաճենք բանիմաց ուսուցչի: Տանք պատմության դասաժամին առաջին դասը մեր կեղծ բարեկամին և բացահայտ թշնամուն:
Նա պարզ պատկերացրեց գլոբալացման համահարթեց-ման մուտքը, ազգային ավանդների մնացորդները դեռ պահպանող Հայաստան երկրի համար տեսնելով աղետալի այն հետևանքները, որ սպառնում է ահագնանալով:
-Ազգային դիմագիծ չունեցող երկիրը նման է նկարի, որի շրջանակը սև է, կտավը՝ բորբոսնած, նկարիչը՝ մուրացիկ,- այս առիթով իր մտքերն ամբողջացնելով, նա բաց պատուհանից թափանցած լույսի պայծառ շողի մեջ տեսավ թևաթռիչք աղավնուն՝ կտուցին դալար շիվը երփներանգված: Հիշեցու՞մ էր, թե՞ կենդանի պատկեր՝ Նոյյան աղավնու տեսքով:
-Չաղավաղենք Աստծուց պարգև ստացած մեր դիմագիծը՝ ջրի հայելուն նետած օտարի պատահական քարից,- շարունակեց մտորել թագավորը,- դեմ լինենք խավարին մեկընդմիշտ՝ դիմադարձ կանգնելով չարիքին ու բռնությանը, սատարենք բռնավոր դարձած ազգերին ու հաստատենք հավասարների երկիր՝ ի վերուստ բանականությամբ պարգևատրած մոլորակի վրա,-մի պահ դադար տվեց ու շարունակեց,- ազգերի ինքնորոշումը միակ ճիշտ ճանապարհն է, որ շարժվում է լույսին ընդառաջ: Թող լույս իջնի Հայոց սուրբ հողի վրա, ուր դեռ հայուհիների հրապույրը նախաստեղծ է և եվրոպայի հրամայականն անբնական խառնազույգությամբ պիղծ և արգահատելի:
Նարեկ թագավորը փակ աչքերի հետնատարածքում տեսավ մարմինն ապրանք դարձրած կեղծ դիցուհիներին՝ բարեկիրթ, դատարկ ու մերկ, անզգացմունք դաշտերում սեր վաճառելիս: Եվ տեսավ սև գույնի թանձրացումը կապույտ մոլորակի վրա՝ համաճարակի պես համառ ու սողեսող, լույսը խաթարող, որը նախորդումն է պատերազմի.
-Պատերազմը նախամարդու ուղեկիցն է, որի ռունգերն օդի մեջ որսում են արյան գաղջ հոտը՝ որպես գոյատևման նախապայման: Ի՞նչն է ստիպում իրեն տիեզերքի զարդ համարող այսօրվա մարդուն՝ անցնելու նախամարդու տրորված արահետով ավարառու միտքը թե արյան ծարավը: Բայց երկրի վրա, ավա՜ղ, պակասում են զուլալ աղբյուրները, ու շատացել են նրա ազնիվ ակունքին քար նետողները: Թող նետեն, եթե դա է նրանց նախնիների կանչը: Չ՞է որ գալու է նաև պատասխան տալու ժամանակը՝ անմահության երաշխիքով կամ էլ հավերժ չգոյության դատապարտմամբ,- նա նստեց, գլուխը հենեց ձեռքերին՝ հայացքը հառած սեղանին փռված Հայաստան աշխարհի քարտեզին, որ աչքերի առաջ հանկարծ ոգի առած ծավալվեց ու ծովացավ, ընդարձակվեց, ինչպես մի բուռ շագրենակաշի՝ վեհերոտ սիգապանծ Մասիսներից մինչև Կիլիկիո կապտածիծաղ ափերը: Տեսավ Հայոց սուրբ դաշտերում քոչվոր ու անհայրենիք, խենեշ ու կծծի բարբարոս, ոչ ու փուչ եկողներին, ավերակող, դեգերող ասպատակներին, որոնք չտեսացած, հոտոտում էին մեր ոսկեձեռիկ վարպետների ծաղկած մագաղաթ մատյանների լաջվարդն ու էջ-էջ ծովացած ծիրանին՝ ի վերուստ կերտված ու օծյալ եկեղեցիներն ու մատուռները. տեսավ նրանց նեղաչվի բիբերում բթացած վայելումի չարախինդ չկամությունը, տեսավ՝ մինչև երկինք հասնող հրեշտակակերպ մանուների և խորոտիկ հարս-մայրերի հուսահատ աղաղակը և անապատող ու անարգող թաթերի ափլափումը, որ փորձում էր ավերակել լույսն ընդմիշտ:
Բայց, ո՜վ հրաշք: Երկնքի դղիրդը գունդ-գունդ ալիքվում էր ուղի ու, ճամփա բացելով, տարփողելով ու մունետիկի պես ավետելով գալուստը հայոց երկրի, հզոր ոգիներից մեկի քաջակորով այր Տիգրան Մեծ արքայի:
Երկու արքաները կանգնած էին դեմ-դիմաց: Ու զրույցը շարունակվում էր մտոք ու աչոք՝ լռությունը չստվերող բառ ասելիքով: Մեկը՝ երկրի անցյալի փառքն ու պատիվը, մյուսը՝ ներկան էր՝ համեստ ու խոնարհ:
Մի պահ և Նարեկ Առաջինը որդիաբար ծունկ չոքեց մեծ արքայի առաջ՝ որպես հնազանդ զավակ, շուրթերը հպելով գորովագութ ծնողի ձեռքերին…

***

Հայի վերջին խելքի մասին առասպելը հովություն, թե մխիթարանք է ժամանակների փորձություները դիմագրաված մեր միամիտ սրտերի համար, թե ճակատագրի անվերջանալի հարվածնրից վերջիվերջո խելքի ենք եկել ու հասկացել, որ էլ նահանջ չկա՝ ոչ երգով, ոչ առանց երգի: Ու հիմա հիշողությունը՝ կենդանի ու պերճախոս, վկայում է, իրոք, մեր վերջին հնարավորության մասին: Վերջին: Վերջի՞ն, թե դեռ կա հնարավորություն՝ դեգերելու վերջի և սկզբի միջև: Մի՞թե սա չէր մեր կործանումների պատճառը: Մի՞թե թշնամի օտարը և օտար բարեկամը ենթագիտակցորեն ավելի շուտ չեն ըմբռնել այս իրողությունը մեր թուլության մասին:
Բարեկամի դիմակ, որքան ասես, և որպես կանոն՝ բոլորն էլ ժպտադեմ, բոլորն էլ կարեկից:
Տառապանքների բովով անցած իմ հրաշալի ժողովուրդ, ափդ մի պարզիր օտարին՝ մի քանի սենթ կամ մի քանի սու մուրալու համար: Վերագտիր նախաստեղծ քո ոգին: Հանուն ստամոքսի մի դարձիր գործակալ կրկին, մի խաչիր քո Քրիստոսին երեսուն արծաթով, որ քո երկիրն է՝ բարձրյալից պարգև տրված ընդմիշտ քեզ:
Եվ մի՞թե սա չէր պատճառը, որ Նորբաբելոնական աշխարհակործանը, լավագույնս տեղեկացված էր՝ հայոց աշխարհում կատարվող իրադարձություններին: Եվ այս ամենը նրան պատկերվում էր Գողիաթի և Դավթի մենամարտի տեսքով, ուր պարտվողն ինքն էր՝ հրեշակերպը: Նորբաբելոնացին հասկացավ, որ ժամանակը բաց է թողել իր ձեռքից:
Հայոց երկիրը մերձենում էր երկնքին:

***

Նախնիների անցյալը մոռացության փոշիներին հանձնած, երբեմնի քոչվոր կոյունլուն անհամբեր սպասում էր իր բարերարին ու հովանավորին՝ միացյալ խուժելու աշխարհի սկզբից ի վեր՝ գոյության պայքարում իր լինելությունը հաստատած, հայոց երկրի դեմ:
Զորք ու զինվոր ըմպեցին սատանայի մատուցած արյան գինին և մթագնած ուղեղով շարժվեցին դեպի սահման:
Օրերի սլացքը կասեցվեց, գիշերվա խավարը թանձրացավ ու կուտակվեց պայթելու համար:
Անորոշությունը թակում էր դռները:
Այդ իսկ պահից ամեն ինչ արդեն տնօրինվելու էր մահվան ձեռքով և մահվան համար:
Հայոց երկիրը ոտնակոխ քարեղեն խաչի պես, բայց փշուր-փշուր բեկորված ու փռված, անարգված էր դարանենգ ժամանակի, նրա սուրբ պատկերն աղավաղելու խելատենչ փորձ անող վայրենի խուժանի կողմից:
Ու հիմա մշտապես երկնամերձ ու աստծուն մոտ նախաստեղծ այս երկիրը՝ մաքրված անցյալի մեղքերից, եկել դեմ-դիմաց կանգնել էր Տիրոջ հետ խոսք խոսելու՝ ի խորոց սրտի և ստանալու նրա անձնամեծար հովանին՝ խաղաղ խաչակնքելու, հավատավոր համբուրելու արարչագործ Աջը:
Եվ ընդամենը մի դավադիր ու աչոք կույր գիշեր էր բաժանում երկրին ու ժողովրդին երանելի այն պահից, երբ բացվելու էր օրհնյալ լույսը՝ ավետելով ճանապարհի սկիզբը, որը տանելու էր ընդմիշտ փրկության ու հավերժություն…
Այս ամենը թշնամու կողմից անտրամաբան ձեռնարկ էր ու չարակամ խիզախում, որի պատճառն անտարակույս խելապակասությունն էր ու հիվանդագին ժառանգականությունը:

***

Նարեկ թագավորը, ինչպես միշտ, այս գիշեր ևս հեռու էր արքայանիստ պալատից: Ոչ ոք չգիտեր, որ նա մի խումբ գիտուն հայրենասերների հետ գրավոր ու բանավոր չվկայված հեռու մի խորխորատ զինափորձարանում տքնում ու աշխատում էր ռազմական գաղտնի համակարգի վրա, որը նրան ծնունդ տվող մասնակիցների անունով այդպես էլ կոչվեց՝ Նարնաի:
-Ովքեր խոնարհվում են պատերազմի Չարին, նրանք դեմ են բանականությանը,- այսպես ասաց հանգստի պահին Նարեկ արքան իր գիտուն բարեկամներին, բայց տեսնելով նրանց տարակուսած հայացքները շարունակեց, ամբողջացնելով միտքը հետևյալ լրացումով,- մեզ հարկադրել են ստեղծել այն, ինչի համար հպարտանալուց առաջ կարելի է ամաչել, սակայն մեկընդմիշտ նախահարձակ չլինելով, պատրաստ լինենք ցրելու թշնամու ստեղծած ինքնախաբ տեսլականը, որ մեզ պատկերում է անփորձ պատանու դիմագծերով և, քնից արթնանալով, ցանկացած պահի պատրաստվում է խրատաբանելու, իսկ հակառակության և դիմադարձ կանգնելու դեպքում պատժելու նաև իր նախընտրությամբ մեզ՝ ի տես բոլորի:
Բարեկամները խիստ ոգևորվեցին այս համառոտ, բայց կույր տրամաբանությամբ հյուսված մտքերից և՝ ուռա՜ գոչելով, ձեռքերի վրա առան երիտասարդ թագավորին՝ պտույտ կատարելու արդեն ավարտված և գործելու պատրաստ Նարնաի համակարգի շուրջը:
Մինչդեռ հարավում հողը շիկացել էր, ու թշնամիներով պատնեշված սահմանը երերում էր՝ ժամ առ ժամ փլվելու պատրաստ:
Դաշնակցած թշնամին պահ առաջ փորձում էր ցուցադրել իր զորությունը՝ առանց գիտակցելու, թե ինչ փորձություններ են սպասում իրեն անառիկ հայոց լեռներում և, աքլորակեցվածք՝ անցավ չհսկվող սահմանն ու արշավեց հայոց երկրի վրա:
Եկողը թշնամի էր ու ավերակող: Քար ու քռա քշած գալիս էր՝ ամայացնելով ու խառնիճաղանջ պտույտի մեջ առնելով կենդանն ու անկենդանը: Եկավ, եկավ իրենով հիացած, տեսավ երկիրն անպաշտպան ու հպարտացավ իր բազկի զորությամբ, տեսավ զորք, զինվոր, ժողովուրդ չկա հայոց դաշտերում, քրքջաց երախամեծ ու հեղեղվեց առաջ՝ դեպի երկրի մայրաքաղաք սիրտը:
Բայց հետո օրեր անց կասկածեց հաղթանակների հեշտությանը, կանգ առավ, հասկացավ ու տեսավ, որ ինքը մենակ է ամայի դաշտերում, տեսավ կռվում է ստվերների հետ, տեսավ կռիվ-կռիվ է խաղում ինքն իր հետ: Տեսավ ու սարսափը մտավ անհագուրդ սիտը: Հոգին մի բուռ դարձավ ու էլի սարսափեց: Երկու ձեռքով բռնեց խելացնոր գլուխն ու սարսափից ոռնաց: Տեսավ իր անդրադարձը լեռների ուղղաձիգ, անխորտակ կողերին, հայելային անդրադարձում տեսավ իր կռիվն իր դեմ ու սարսափեց:
Հայոց լեռներն առան մարտահրավերը, ձայն տվին իրար, եկան հավաքվեցին ու երկնահաս գագաթները գլուխ գլխի շունչ քաշեցին մի պահ, ու հանկարծահաս որոտները փեղկահան արեցին երկնքի դարպասները, խորտակեցին հայոց հավաքական մտքի կապանքված արգելքները, դուրս հորդեցին երկինք ու երկիր՝ իրար խառնելով և ձայնելով մեր ոգեղեն քաջաբազուկ այրերին:
Տիգրան Մեծ հայոց անպարտելի արքային՝ ծովից ծով իր Հայաստան երկրից
Վռամշապուհ թագավորին և սուրբ Մեսրոպ ուսուցչին՝ իրենց երեսունվեց անխոցելի զինվորներով
Քաջ -Վարդան զորավարին՝ իր զորք ժողովրդով ու փափկասուն հայոց տիկնանցով Ավարայրի դաշտից: Նրա քարտուղար դպիր երևելի այր և գիտուն՝ Հովսեփյան հոգևորին
Արշակ թագակիր արքային՝ Փառանձեմ թագուհու հետ հայրենի հողով զորացողներին
Մեծ ու փոքր Սասնա ծռերին անխտիր
Խորենացի կոչվող Մովսես պատմահորը պատմագիր այրերի հետ
Հայոց հոգևորին Տիրոջ խոսքով զորացողներին.
Ճերմականժույգ հեծվոր Անդրանիկ զորավարին՝ իր քաջ ֆիդայիների հետ
Սարդարապատի հերոսներին, ժողովրդին, զորքին՝ մեկիկ- մեկիկ
Նժդեհ քաջին իր ցեղակրոնությամբ
Եվ բազում-բազում այլ մեծաքաջ այրերի:
Կանչել էր, թե չէր կանչել, երբ հանկարծ երկինքը կիսվեց երկայնակի բյուր ու միլիոն կայծեր բռնկվեցին երկնա ու երկրամերձ տարածքներում, ատոմակերպ հյուլեները զարկվեցին, բախվեցին իրար, բայց սանձվեցին ու արշավեցին հնազանդ հեծյալ հայոց մտքի կողմից դեպի թշնամին ու տարածք-տարածք հազարավոր կիլոմետրերի վրա նրանց երկրների ամպեղեն կամարները ճզմեցին ծանր ու կախվեցին երկնքից մինչև գետին ու սպասեցին հրամանի՝ ավերակելու ամեն ինչ:
Նարնաի համակարգը գործում էր անխափան:
Ու հասկացան արյան ծարավները, մեծ ու փոքր խան ու բեկերի հետնորդ-բեկորները արևելքում, գերմարդու զառանցական մտքեր ըմբոշխնածներն արևմուտքում թե անցել ու անցյալ է դարը, որ իրենցն էր: Եվ այսու ամոթի դառը դառնալու է դատապարտված այն ուղեծիրը, ու պտտվելու են նրանք՝ խարանված ու ամոթահար ընդմիշտ:
Ու տապալեցին իրենց տիրաններին այս երկրի ժողովուրդները, իսկ այսուհետև, խորհելով ու կարծիք կազմելով, իրենց կամքը թղթի վրա մեկիկ-մեկիկ շարադրելով՝ խոնարհաբար խնդրելով դրեցին Նարեկ թագավորի առաջ:
Կամքը Նարեկ թագավորինն էր, բայց հաստատողը սեփական երկրի ժողովուրդն էր: Նա էր ասողը: Ու նա ասաց՝ հա՛…
Եվ աշխարհի ծագերը բացեցին իրենց սահմանները, որ հայոց երկրի օրհնված լույսը գա ու լցվի, ողողի իրենով իրենց պիղծ տարածքներն ու մաքրազերծի մանուկից մեծ:
Ու մի երկիր էր աստղերի տակ՝ արևի վսեմափայլ ծագից մինչև շքեղաշուք մայրամուտ:
Ահա և Մասիսները՝ միշտ անբաժան, միշտ միասին, դեմ-դիմաց քարեղեն խորհուրդ և ոգեղեն կամք արձանացած թագավորանիստ պալատի դիմաց:
Նարեկ արքան բաց պատուհանից նայում էր սիգապանծ զույգին՝ խոնարհվելով բիբլիական գեղեցկության առաջ:
Մի կայծ բռնկվեց հզոր գագաթին, մեծացավ ու լույսն իջավ խորխորատ կողերն ի վար: Ամպեղեն քողը տեղի տվեց , ընկրկեց, նահանջ-նահանջ գնաց, թաքնվեց վիհերում, որ լույսն անարգել իջնի, իջնի…
Ու տեսավ հայոց պատանի արքան, տապանը Մասիսների ստորոտում վիհերն ի կախ քամուց տարուբեր, բայց ամուր, իրեն ստեղծողի աջի պես ամենակարող և օրհնված: Տեսավ Նոյ նահապետին՝ խաղողի տունկը ձեռքին՝ ափն իրեն պարզած:
Բայց այդ պահին թիկունքում ոտնաձայներ լսեց: Շրջվեց ու դեմ առ դեմ հանդիպեց հայոց անհաղթ Տիգրան Մեծ արքային՝ ոսկեկար ծիրանին ուսերին, ակնակուռ թագը գլխին ու ձեռքին՝ իշխանական գավազան:
-Մեծ արքա,- ու ծունկ չոքելով համբուրեց նրա աջը,- կամքդ ի կատար:
Արքայից արքա Մեծն Տիգրանը գորովագութ ծնողի պես ծնկի իջավ և ազնիվ գլուխը հպեց Նարեկ թագավորի լուսապայծառ ճակատին…
-Թող զորավիգ լինի ոգիս ընդմիշտ քեզ, որդիս,-ասաց ու նրան հանձնեց իշխանության խորհրդանիշ գավազանը,-տար քո հետևից նախաստեղծ այս ժողովրդին:
Բաց պատուհանից թևիկ-թևիկ ծափ զարկելով, աղավնին մտավ ներս՝ կտուցին կանաչ մի շյուղ և սկսեց օղակ-օղակ պտույտներ գործել Նարեկ թագավորի գլխավերևում…
Ժամանակն էր…
Տիգրան արքայի հեռանալը Նարեկ Առաջինը չէր զգացել: Ոտքի կանգնեց, մոտեցավ գրասեղանին, ցած դրեց ձեռքից իշխանական գավազանը և վերցնելով, իր խղճի պես մաքուր մի թուղթ, գրեց.
-Ես Նարեկ հայոց թագավորս…

***

Քամին էր, թե վստահաբար երթի ելած երկրի պահապան հրեշտակը, որ հպվեց հայոց առաքյալ հոգու զանգերին, և ղողանջը պատեպատվեց աշխարհեաշխարհ՝ որպես ավետաբեր Նոյյան աղավնի՝ ձիթենու դալար շիվը կտուցին…

Կարդացեք նաև՝ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ

ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ