ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԱՔՍԻՄՆԵՐ) NAREK HOVSEPYAN

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԱՔՍԻՄՆԵՐ) NAREK HOVSEPYAN

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (1986-2004) ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԱՔՍԻՄՆԵՐ) NAREK HOVSEPYAN

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԱՔՍԻՄՆԵՐ) NAREK HOVSEPYAN

Երբեմն անհատների կողմից ստեղծված որոշ բացահայտումներ անհարիր է ներկա հասարակության ըմբռնումներին և կարող է ճակատագրական լինել հենց նրա համար` սխալ հասկացվելու դեպքում, և ճիշտ ու ճշմարիտ է, թե ամեն ժամանակ իր պահանջն ունի, և ժամանակից առաջ ընկնող հանճարն անգամ չի ներվում:
***
Այս է վարքս և վկայողը դու ես, մա՛րդ, պատս ամուր է և հաստատուն, ինչպես վարքս և կյանքիս այն մասը, որ տրվել է ինձ ի վերուստ, և կյանքս լույս է, ինչպես շաղախը, որ ոգեղեն է, ու շնորհը գրքերի մեջ է, որ թողնում եմ քեզ:
***
Բնությունը մարդուն զգուշորեն տվել է բանականություն այնքան, որքան որ անհրաժեշտաբար սահմանել է: Քանզի Բարու և Չարի սահմանագծում դեգերող մարդը իր երկվությամբ միշտ էլ անկանխատեսելի է թե այսօր, թե վաղը և թե ընդմիշտ:
***
Նրանք, ովքեր կարծում են, թե աշխարհը տրվել է մարդուն մեկ անգամ և ընդմիշտ, ելնում են այն պարզ իրողությունից, երբ իրենց ծննդյան օրվանից մինչև վախճանը աշխարհում կատարվող փոփոխությունները աննշան են, մինչդեռ Ստեղծողը երկրին տվել է մոռացման կարողություն, որի չափերը տիեզերական են և անհագուրդ ախորժակ, որի ապացույցը անհետացած քաղաքակրթությունների քարեղեն վկայություններն են:
***
Որս գեղեցկության հետևից-այսպես կարելի է բնութագրել կանանց մարմնի և հոգու միացյալ տենչը իրենց երկրային գոյության ընթացքում: Սակայն ո՞ր իրավունքը նրանց թույլ կտա մոռանալ գեղեցկությունը գնահատողին՝ տղամարդուն, որն ի հավելումն այս ամենի կարիք ունի նաև մայրական սիրո, կնոջ հավատարմության և քրոջ քնքշանքի:
***
Պահի կորուստը կորուստ է այնքանով, որ մեր կյանքի մի ակնթարթը ևս դառնում է ոչինչ:
***
Մի՞թե մարդկային կյանքի իմաստը որոշակի տարիք ապրելն է և ոչ թե որոշակի տարիք իմաստավոր ապրելը:
***
Ամուսնությունների արդարացումը ոչ թե փախուստ է միայնությունից և վախ է ծերությունից, այլ երեխաների առկայությունն է որպես իմաստ և արդարացում այդ միության:
***
Կարճ տարածք վազողի երազանքը մշտապես մնում է մարաթոնյան դափնեպսակով գլուխը զարդարելը՝ թեկուզ մտապատկերում:
***
Համոզվածությունը ոչ թե փորձի արդյունք է, այլ ինքնավստահություն:
***
Կույր աչքերի առաջ սուր ճոճելը նույնքան անիմաստ գործ է, որքան կույր հոգու համար իմաստասիրաց դասերը:
***
Քամին կարող է փչել տարբեր ուղղություններով՝ կախված հանգամանքներից, սակայն ինչ անուն տալ այն մարդուն, որի աշխատանքը քամուն կրկնելն է:
***
Նրանք, ովքեր կարող են հեքիաթ պատմել արդարության մասին՝ առանց նրա հաստատման համար ազնվորեն պայքարելու, պարզապես զբաղված են խաբեությամբ:
***
Մարմինների պատերազմի կրքոտ երկրպագուն մահն է, իսկ մարմինների գգվանքը կյանքի տարածքն է:
***
Մեր ժամանակի հերոսը մի՞թե նա է, ով մարտնչում է երևակայական հրեշների դեմ, այլ ոչ թե նա, ով իր վերջին պատառ հացը առանց ափսոսանքի կիսում է աղքատի հետ:
***
Յուրաքանչյուր փակուղի ստեղծվում է Ճշմարտությունը եսի տեսակետից մենաբանելու հետևանքով:
***
Դյուրամարս այն մտքերը, որոնք մեզ ներկայացվում են պարզունակ կաղապարների մեջ ամփոփված, անկասկած հավակնություն ունեն հանդես գալու որպես անհերքելի ճշմարտություններ՝ նույնիսկ առանց ապացույցների առկայության:
***
Մկնանմանների կարևոր հատկանիշը կրծելն է: Զարմանալի է, որ նրանց բնորոշ առանձնահատկության անսխալ կրկնությունը որոշ homo sapiens-ների մենաշնորհն է:
***
Ապրելու իմաստը փնտրենք բնության հետ ներդաշնակվելու մեջ: Անմահությունը վերծանենք որպես բարի անուն՝ իմաստ թողնելով ժամանակի և տարածության մեջ՝ հիշողության տեսքով:
***
Ո՞վ է ժամանակի հեղինակը. Չա՞րը, թե՞ Բարին: Եթե Բարին, ապա մի՞թե ճիշտ չեն այն արդարացումները, թե աներկբա է հնի փոխարինումը նորով, խավարը՝ լույսով, մահը՝ կյանքով: Իսկ եթե Չարն է հեղինակը, ուրեմն հաշտվենք, որ պիտի նորը կործանվի, կյանքն ավարտվի մահով, լույսը՝ խավարով, հույսը՝ անհուսությամբ: Ահա ձեզ աշխարհ գործուղված անբաժան համահեղինակներ, որոնց գործունեությունը բնության կողմից մեկընդմիշտ սահմանված օրենք է:
***
Բարեկամի անվան տակ թաքնված թշնամին ավելի վտանգավոր է, քան նա, ով մեզ թշնամի է բացահայտ:
***
Արմատի և սաղարթի փոխհարաբերությունը բնության կողմից նախաստեղծ է և ներդաշնակ:
***
Զուր ջանք է հայրենասիրությունը բնորոշող չափանիշներ փնտրելը՝ հետախուզելով անցյալ և ներկա իմաստասերների մտքերը անվերջ քրքրելով, պարզապես այն հոգու կանչ է՝ հեռու նյութապաշտությունից, և մաքրամաքուր է, ինչպես նորածին մանուկ:
***
Հավատացեք մարդկային ջանքերի գնով ստեղծված բարիքների անհատույց ու անվճար նվիրատվությունը հասարակությանը, կասկած է հարուցում նույն հանրության անդամներից յուրաքանչյուրին այն մակարդակային տարածքում, որը անհերքելիորեն որակվում է որպես գողացված և կամ էլ, համենայն դեպս, անորակ տքնանք դուրս թափելու աստիճանի:
***
Պատրանքների աշխարհի ընձեռած միակ հնարավորությունը փորձ է հայտնագործելու հավերժության ուղին հայտնապես, սակայն բազմաթիվ անհայտներով:
***
Ցանկացած երևույթի երկու կեսերի մեխանիկական միավորումը բերում է ամբողջական տեսքի, բայց դա դեռ չի նշանակում, թե այդ ամենը հաճելի է նաև գեղագիտական տեսակետից:
***
Հուսախաբված երազանքները իրենցից հետո մատնացույց են անում հիասթափության և հուսալքության ուղին, սակայն մի՞թե աշխարհը մեզնով է սկսել և մեզնով էլ ավարտվելու է, մարդի՛կ:
***
Կարող եք դատապարտել այն մարդուն, որի ազնվության հետևանքը սեփական երեխաների սովամահությունն է:
***
Եթե խոսք ես տվել, կատարիր այն մի ժամանակատարածքում, որ քո ուժերի իրական սահմանն է: Հակառակ դեպքում՝ նույնիսկ պատկառանք ներշնչող քո բարեկեցիկ արտաքինը ընդամենը կհիշեցնի Տորիչելյան դատարկություն և ոչ ավելի:
***
Արարի՛ր, եթե կարող ես, իսկ եթե չես կարող, մի՛ խանգարիր արարողներին և դու բարի գործ կատարած կլինես անգամ այս դեպքում:
***
Եթե թշնամուն ուղարկված պատգամաբեր խաղաղության աղավնին դառնում է նրա արյունռուշտ ծնոտների ոչ ախորժելի ուտեստը, ապա չերկնչելով ու քաղաքակրթության դեմ չմեղանչելով՝ ինչու՞ նրանց հետ չխոսենք մեր լեռների երկնահաս արծիվների լեզվով:
***
Յուրաքանչյուր երկնային ճամփորդ ամեն օր ավելի է հեռանում մեզնից՝ մշտապես մնալով որպես բարի խորհուրդ և հիշողություն. ուրեմն մտապահենք, որ լուցկու հատիկների պես մենք էլ, մի ակնթարթ բոցավառվելով, անցնելու ենք հավերժական տիեզերքի հիշողության ծալքերով՝ որպես երկնային ճամփորդներ՝ դառնալով նրա անբաժանելի մասնիկը:
***
Անհարկի շտապողականությունը կարող է պատճառ դառնալ նույն գործը երկու անգամ կատարելու, սակայն երկու անգամ կատարված նույն գործը որքանո՞վ է համապատասխանում այն ամենին, ինչ ծրագրել էինք մինչ այդ մեզ հատկացված ժամանակահատվածում:
***
Լույսի արագությունը գերազանցող հանճարեղ միտքը կարող է ընդհատվել իր հաճույքի համար պատահական գնդակ արձակած տգետի կողմից:
***
Հոգևոր կյանքն ավարտվում է այն պահից, երբ սկսվում է մարդու կլոնավորումը:
***
Փակ դռներ բացելու երկու միջոց կա՝ փող և բանալի:
***
Երկրային գաղտնիքների բացահայտման բանալին երկրամերձ լեռների անհաս գագաթներից էլ վեր է: Մի խաբվեք ու մի տրվեք անդունդների քմայքոտ ու հավերժական կանչին, ուր խավարը ծնում է խավար: Բարձրացեք լեռները, ինչպես ուխտագնացը երկյուղած դեպի ակունքը լույսի, և նրա հրաշագործ ավազանում թաթախեք ձեր հոգին՝ մաքրագործելով; Ու թող լույսը լույս ծնի և ցնծա հավիտենս հավիտենից:
***
Անսահմանությունը տիեզերքի անցաքս դաշտն է, ուր աստղերը նրա հուր ծաղիկներն են: Երազանքի դաշտը երկնքի սահմանն է, ուր թռչունները նրա թև ծաղիկներն են: Ծովերի դաշտը ջրերի խաղն է, ուր ձկները նրա լուռ ծաղիկներն են: Երկիրը դրախտ կորուսյալ պատրանքների դաշտն է, ու մարդիկ նրա զույգ ծաղիկներն են: Մոռացությունը մահվան լռության դաշտն է, ուր հիշողությունը նրա սուրբ ծաղիկներն են:
***
Հրամայողի և կատարողի մեջ թշնամանքը դադարեցնելու միակ միջոցը օրենքի կիրառումն է: ***
Կանոնակարգված տիեզերքը կյանքի սկզբնաղբյուրն է և նրա գոյատևման հավերժական երաշխիքը:
***
Սրճային գուշակությունը մրուրում անցյալ, ներկա և ապագա աննպատակ ճամփորդություն է ոչ մի տեղ:
***
Քաղաքակիրթ լինելը ավելի դժվար է, քան քաղաքակիրթ երևալը:
***
Օրենքներ ստեղծելով՝ մարդը գիտակցաբար փորձում է սանձահարել իր բնազդային աշխարհի առավել վտանգավոր դրսևորումները:
***
Իմաստունների մտքերի շարահոս ընթացքը բացահայտում է այն ճանապարհի իմաստը, որը աներկբա տանում է իմաստնության աշխարհ:
***
Կյանք կոչված խաղի կանոնները բնության պարտադրված նվերն են: Սնապարծությամբ դիմադարձ չկանգնեք, այլ խելոք ու խելացի լինելով՝ ընդունենք այն, ինչպես կա, որպեսզի ժամանակից շուտ չվտարվենք խաղադաշտից, այլ մշտապես վայելենք բնության բարեհաճ վերաբերմունքը:
***
Մարդու երջանկությունը մերձավորների երջանկության շարունակությունն է:
***
Հզորների ներկայությամբ թույլերի գոյատևելը հերոսություն է: Մինչդեռ հզորները չունեն այդ հերոսության կարիքը: Պարզապես նրանք ապրում են թույլերի հաշվին, բայց նրանց գոյությանն անտեղյակ:
***
Միտք սանձահարող մեխանիկան անհայտ է մարդկությանը:
***
Մեծամիտն իր տգիտության զոհն է:
***
Անհայտի հետ երկխոության հրավերի առկայության դեպքում նույնիսկ ժամանակ գտեք ծանր ու թեթև անելու ձեր երկխոսության նյութը:
***
Նիցշեն համոզված մեզ ուզում է պարտադրել, թե արվեստը ծնուդ է մարմնատենչության, սակայն մոռանալով մոռանում է, որ արմատն առանց էության չի կարող լինել, խավարն՝ առանց լույսի, մարմինն՝ առանց հոգու և մարմնատենչությունը՝ առանց սրտի թրթիռի…
***
Եթե համոզված ես, թե ստի ոտքերը կարճ են, օժտիր նրան իշխանությամբ:
***
Մեր զգացական աշխարհից դուրս կյանքը առանց մեզ էլ ինքնին գոյություն ունի, իսկ հակառակ տրամաբանելը պարզապես մեր մտածողությանը կդրդի ապավինել ունայնությանը:
***
Վարկածը ճշմարտության բացհայտման հնարավոր տարբերակներից մեկն է:
***
Ոչինչը ոչնչության ծնունդն է, իսկ ոչնչությունը՝ ոչնչի:
***
Յուրաքանչյուր դարաշրջան ունեցել է գեղեցկության ընկալման իր չափանիշները, սակայն, ավա՜ղ, նրանցից ոչ մեկը դույզն-ինչ ջանք չի արել փրկել աշխարհը, այլ կամա թե ակամա ասպարեզը թողել է հրեշավորին ու այլանդակին:
***
Հոգու գոյությանը չհավատացողը հաճույքով հավատում է մի գիտության, որի կոչումը հոգու դարպասներ բանալն է, սակայն այն շառավիղը, որտեղ վերջանում է մարդու զգացական տեսադաշտը, ընդամենը սահմանափակությունն է, հավելած՝ անիմաստ նյութապաշտությունը:
***
Երկխոսությունը սկիզբն է խաղաղության:
***
Ափսոսանքով հրաժեշտ տանք մանկության և պատանեկության միամիտ և անհոգ օրերին, զի ով չգիտի, որ հասունության շրջանում կյանքի առաջադրած խնդիրները քանակապես և որակապես էլ ավելի են դառնում անլուծելի և միշտ չէ, որ գորդյան հանգույցը կարող է լուծվել սրի մեկ հարվածով:
***
Մի՞թե ուսուցիչ կարող է համարվել նա, ով ազնվորեն կատարում է իր վրա դրված պարտականությունները և ոչ թե նա, ով սրբորեն կատարում է իր պարտքը աշակերտի հանդեպ:
***
Կյանքը երկրի վրա սկզբնավորվել և շարժման մեջ է դրվել Բարձրագույն բանականւթյան կողմից, սակայն այն տրամաբանական վախճանին կհասնի փողի գերիշխանության հանդեպ մեր հիվանդագին պաշտամունքի հետևանքով:
***
Ուզում ենք, թե չենք ուզում, Բարին ու Չարը մեր մշտական ուղեկիցներն են, թե՛ այս երկրի վրա և թե՛ նրանից դուրս:
***
Հասուն մարդու կողմից մանկություն վերադառնալու փորձը դատապարտված է ձախողման: Որովհետև ծերացող մարմնի և երիտասարդ մնացած հոգու և՛ ձգտումներն են տարբեր, և՛ հնարավորությունները:
***
Բարի ախորժակ ցանկացիր նրան, ով դեռ կարող է ոչ միայն ուտելու բան ճարել ըստ իր պատկերացումների, հանուն որկրամոլության, այլ նաև նրան, որի հույսը բնության կողմից պատրաստի բաժին պարգևն է՝ առանց ճակատագրին անհանգստացնելու:
***
Եթե կրկնությունը գիտության մայրն է, ուրեմն եկեք ջանադիր լինենք՝ բացահայտվածը բացահայտենք երիցս և քայլ առ քայլ նահանջելով՝ աղաղակենք ոչ մի տեղ չտանող ու չնվաճված մեր առաջընթացի մասին:
***
Մի՞թե գիրքը նման է զորակայանում պատսպարված գեներալի, այլ ոչ թե հասարակ զինվորի, որը պատրաստ է դիմակայել ու ճակատել թշնամուն՝ ցանկացած պայմաններում:
***
Ո՞վ կհամարձակվի վճռապես հերքել կամ հաստատել, թե մենք բարձրագույն բանականության ձեռքի և մտքի ստեղծագործ կերտվածքը չենք: Եվ մի՞թե մեր մարդ տեսակին հատուկ կասկածն ու տարակույսը չեն մղի մեզ անառակ որդու պես »այո« կամ »ոչ« ասել, երբ ոչ թե պատճառը, այլ ընդամենը արդյունքն ենք այդ ամենի:
***
Հզորների դեմ պայքարը սահմանափակվում է հնարավոր այն շրջանակներում, որը ուղիղ համեմատական է մեր կարողություններին:
***
Մեր գոյության միակ իրական երաշխիքը աշխարհում ժամանակն է:
***
Ասում են, թե՝ -Բոլոր ճանապարհները մեզ կարող են տանել Հռոմ: Ասում եմ՝ -Իսկ նրանցից քանի՞սը ի վիճակի կլինեն մեզ դուրս հանել Հռոմից:
***
Ցվայգի »Մարդկության աստեղային ժամերի« հերոսները հաջողության ջենտլմեններ են, որոնց ճակատագիրը շփացրել է՝ հնարավորինս թույլ տալով ժամանակի՝ իրենց ապրած հատվածը տնօրինել ըստ հայեցողության՝ առանց հաշվի առնելու նույն մարդկության ոչ միայն կամքը, այլ նաև շահերը:
***
Անմեղսունակն էլ կարող է խստագույնս պատժվել ոչ թե մեր սխալական լինելու պատճառով, այլ մեր գերազանցությունը և իշխանությունը ցուցադրելու հետևանքով՝ ի տես և խրատ մնացյալ չպատժվածների:
***
Կոմիտաս վարդապետը անհարիր է համարել զուռնայի ձայնի միահյուսումը մեր հոգեցունց ու հոգևոր երաժշտության գանձերին: Կոմիտաս երգահանը բացեիբաց մերժել է զուռնան՝ որպես արևելքից եկած արյունռուշտ նվաճողների խառնիճաղանջում սպանվողների և մորթվողների աղերսանքը խեղդամահ անող խենեշ ճղճղոց:
***
Նա արևմուտքը նվաճեց՝ նրանց վերադարձնելով մեր ժողովրդից փոխ առած իր երաժշտու-թյունը՝ ապացուցելով, թե արևելքի Եվրոպա կոչվող Հայաստան երկիրը հնդեվրոպացիների հոգևոր և մարմնական նախաստեղծ հայրենիքն է:
***
Ժամանակի մոռացության փոշին, առանց իսկ մեր կարծիքը հարցնելու, աննկատ ծածկում է հիշողության ծալքերը՝ կորստյան մատնելով հնարավոր այն ամենը, ինչը այդքան ջանադրորեն նախապատրաստել ենք մեր չլինելուց հետո իմաստնության տաճար մուտք ունենալու համար:
***
Այնտեղ, որտեղ հրամայված է լռել՝ չխոսելով ճշմարտության կայացման հնարավոր եղանակների մասին, նշանակում է բռնի և մտածված տարածք ստեղծել կեղծիքի և ստի ապագա թագավորության կայացման համար:
***
Երկու դեպքում կինը կարող է հայելու դիմաց կանգնել ավելի երկար, քան անհրաժեշտ է: Առաջին դեպքում՝ հաճույքից, երբ իր հրապույրները գնահատում է ցանկասիրության տեսադաշտում՝ արժանանալու տղամարդու բարեհաճ արժեքավորմանը: Երկրորդ դեպքում՝ վախից, երբ նա զգուշորեն փորձում է սքողել ժամանակի համառ ձեռքի կատարած ավերածությունները, անցած գնացած երանելի օրերի երբեմնի իր մարմնական հրապուրանքը վերադարձնելու անիմաստ փորձ կատարելու համար:
***
Աշխարհի անտեսանելի մասը, որը մշտապես մեր անբաժան ուղեկիցն է, անտեսում ենք՝ երբեք իրավասու չլինելով: Սակայն հենց այդ չընկալված մասն է, որ կարող է մեզ անսպասելիորեն մատնել կործանման կամ դարերի միջով հասցնել բանականության կողմից նշված տիրույթ:
***
Արվեստ կոչվող նավը աշխարհի ստեղծման օրից ակոսում է Մշակույթ անունը կրող օվկիանոսի ջրերը: Ես նրա առագաստի ճերմակ ուռուցիկը տեսնում եմ տիեզերական կանգառների հավերժական ճանապարհներին:
***
Կյանքի ծանր պայմանները կարող են ստիպել և պարտադրել մարդուն հարկադիր մուրացկանության, սակայն ի՞նչը կարող է նրան դրդել՝ մղելով աններելի ու ամոթալի մուրացկանության՝ սիրո հարցում:
***
Ճանապարհը սրընթաց ինձ տանում է լույսի արագությունը բազմիցս գերազանցող մի մղումով, բայց և այնպես, մարդու տեսակի ներկայացուցիչ դեսպանը լինելով՝ ես հազիվ հասցնում եմ հավատո պայմանանշաններ թողնել հավերժ ինձ կանչող աննյութ ճանապարհի աջ ու ձախ կողմերին, ոչ թե այն բանի համար, որ չկորցնեմ հետընթաց ճանպարհս վերից վար, որը անհնարին է այլևս, այլ այն բանի համար, որ համարձակորեն ինձ հետևողները, առանց երկմտանքների ու տառապանքների ճեղքելով Մեծ ձանձրույթի անիմաստ դատարկությունը, գտնեն Հույսը, որը բոլոր ցանկացողների համար սիրով բացելու է միակ ճշմարիտ լույսի ճանապարհը:
***
Չարի ու Բարու անզիջում պայքարը երկրի վրա միասնական է ու անվախճան: Սակայն ինչու՞ նեղանալ բանականության թողտվությամբ իր կամքին ազատ թողնված մարդուց, որը անվերջ ընդօրինակում ու կրկնում է նրանց և անկանխատեսելի է, ինչպես սանձազերծ վարգող ձին՝ անդունդի եզրին:
***
Արվեստը քաղաքակրթության հնագույն լեզուներից մեկն է, որով հաղորդակցվել են հնադարից մինչև մեր օրերի արվեստագետները: Բոլոր ժողովուրդներին այն հասկանալի դարձնելու համար սովորեցնենք նրանց այդ այբուբենը՝ շաղախելով համամարդկային արժեքներին:
***
Կարեկից լինենք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ճշմարտապես ունեն: Կարեկից լինենք՝ զերծ մնալով թատերայնությունից, ուր միակ հանդիստեսը թող մեր խիղճը լինի: Կարեկից լինենք և թող իսկապես մեր բանականությունը ի հայտ բերի մարդ կոչմանը արժանի լինելու հավաստին: Կարեկից լինենք…
***
Ժամանակի թելադրությունը ամեն մեկս գրում ենք մեր կարողությունների սահմաններում և ըստ այդմ էլ գնահատվում ենք մեր կարողությունների չափանիշներով, չհաշված բացառությունները:
***
Յուրաքանչյուր մարդու աստվածաշնորհյալ լինելու առասպելը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է նրա կատարած գործերի իրական ուսումնասիրությունը:
***
Բնությունը մեզ կրավորական դեր չհատկացնելով հանդերձ՝ վստահորեն հենց միայն ինքը ստեղծել է այն սերմնահատիկը, որի մեջ իմաստնորեն ամփոփել է մեր բանական շարունակությունը, որը կոչվում է հարատև կյանք:
***
Զորավիգ չլինելով խաղաղության հաստատմանը, որպես մարդկության գոյատևման միակ երաշխավոր, հնարավորինս արագացնելով ընթացքը՝ ինքներս մեզ դուրս ենք գրում բնության և բանականության հաշվառման մատյանից:
***
Ցանկացած ժողովրդի իմաստնության չափանիշը օրհասական պահերին նրա համախմբվածության և գոյատևման պայքարի կամքի դրսևորումն է հանուն հաղթանակի:
***
Դատարկ թվացող անապատը նման է քնած մարդու, որին անպատեհ արթնացնելու հետևանքը անկանխատեսելի է:
***
Իր ծննդյան օրից մարդկությունը համառորեն բախում է տիեզերքի փակ դռները… Սակայն նա՝ Անսահմանի ու Ժամանակի տերը, գուցե թե մեր արատավոր արմատի և էության պատճառով անտարբեր է մեր կանչերին:
***
Ճակատագրի շփացած զավակները ևս ունեն իրենց պրոբլեմները:
***
Մի՛ դատապարտեք բոլոր նրանց, ում իմացական աշխարհն ավարտվում է սեփական տեսողության սահմաններում:
***
Երբեմն անիմաստ հպարտության փեշից ամուր կառչածները հայտնվում են եսասիրության թակարդում:
***
Բոլոր ճանապարհները չէ, որ ավարտվում են այնտեղ, որտեղ գտնվում է մեր երազանքների ու տվայտանքների հանգրվանը:
***
Մերկ մարմնի կենսափիլիսոփայությունը անխտիր և համարձակորեն փնտրեք վերածննդի դարաշրջանի մեծ արվեստագետների գործերում:
***
Իրականությանը չհավատացողը դաշնակցում է տեսիլքներին:
***
Մարդկային մտքի սանձահարման միայն մի եղանակ է մեզ հայտնի՝ սպանություն:
***
Երազանքը մեր մտքի ստեղծագործությունն է, երազը՝ բնության:
***
Մենք Ձեզ ոչ թե խնդրում ենք, այլ հրամայում, որովհետև Դուք ընտրված եք և ոչ թե՝ նշանակված:
***
Երկնքի ու երկրի միջև տարածք կրճատելը աներեր հավատի և ճշգրիտ գիտության խնդիրն է:
***
Ամենասարսափելին եսին ստրկանալն է:
***
Ժամանակը մոռացությունից փրկում է միայն նրանց անունները, ովքեր մարդկային պատմությունը իմաստավորում են հենց այդ նույն ժամանակահատվածում:
***
Մեծագործությունն ու դավաճանությունը պատմությունը հիշատակում է անկողմնակալ. առաջին դեպքում՝ օրհնելով, երկրորդ դեպքում՝ անիծելով:
***
Երբեմն անհատների կողմից ստեղծված որոշ բացահայտումներ անհարիր է ներկա հասարակության ըմբռնումներին և կարող է ճակատագրական լինել հենց նրա համար` սխալ հասկացվելու դեպքում, և ճիշտ ու ճշմարիտ է, թե ամեն ժամանակ իր պահանջն ունի, և ժամանակից առաջ ընկնող հանճարն անգամ չի ներվում:
***
Մի՛ ծաղրեք այն ճշմարտությունը, ինչը պարզության մեջ ձգտում է կատարյալի, մերժեք պարզամտության գերիշխանությունը, եթե միտումը աղավաղող նպատակն է:
***
Ոչ ոք իրավունք չունի ծաղրել անձը, ուր տեսակը տարածքի թելադրանքին ներդաշնակ է ու ամբողջական:
***
Ի վերուստ խաղը տրված է ցրելու մտքի մշուշը, որպեսզի բանականության հորիզոնը ժամանակ ունենա ի մի բերելու արդար դատելու իր կարողությունը:
***
Նկարչության հիմքը դեֆորմացիաներով երկրաչափական պատկերների համադրումն է տարածության մեջ՝ հեռապատկերի և սահուն գծերի ներդաշնակությամբ, իսկ ինչ մնում է գույների և երանգների միաժամանակյա զուգահեռ առկայությանը, չզարմանաք, դա բնության գյուտն է՝ ծիածանի տեսքով, մնում է միայն բանական լինել, վերցնել վրձնով ու տեղափոխել նկարվող մակերեսին:

ԻՄԱՏՈՒՆ ՄՏՔԵՐ՝ ՔԱՂՎԱԾ «ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՎԻՊԱԿԻՑ

***
Հայրենի հողի շունչը զգացողը քայլը հաստատ է դնում:
***
Ամուր կամք ունեցողի ձեռքերը բռունցքված են:
***
Լուսեղեն հայացք ունեցողը պահապան է լույսի և գիտության:
***
Քաղաքակիրթ կոչվող վայրենուն ոչ թե խոսքով, այլ սրով պետք է քաղաքակրթել:
***
Ժողովրդի հավաքական ոգին իմաստուն է:
***
Տարերքը կարող է կործանել այն նավը, որի նավապետը հուսալքված է:
***
Դավաճանը, սահմանի երկարությունը կրճատելով, լավագույնս կարող է վերահսկել այն:
***
Քաղաքական լարվածությունը բարեբախտություն է թույլ բռնապետի համար:
***
Կրկնությունների լաբիրինթում խարխափողը իրավունք չունի ճամարտակել առաջընթացի մասին:
***
Հայ զինվորի ազգային ոգու գոյությունը պետության գոյության երաշխիքն է:
***
Ոգեղենությունը անբաժան է հայ զինվորից, ինչպես մարմինը՝ ոգուց:
***
Նյութի վրա հենված էությունը ագահ որդի պես կարող է կրծել մարդկային կարողությունների արդյունքը:
***
Չունենալ պետական մտածողությամբ կառավարություն, նշանակում է՝ գիտակցաբար գնալ կործանմանն ընդառաջ:
***
Պետությունը մի ամբողջություն է, որը կազմված է բազմաթիվ եսերից և կոչվում է մենք, իսկ եթե մենքը պատկերացնենք բռունցքի տեսքով, որի յուրաքանչյուր մատ մասնակիցը, ունենալով իր դերն ու նշանակությունը, չի կատարում ճակատագրով իրեն վերապահված առաքելությունը, ապա կիսատ- պռատ ամբողջությունը մի՞թե կարող է լինել լիարժեք:
***
Մեր ոգին ամփոփված է արժանապատիվ այն հատերի մեջ, որոնք ժամանակի հետ անողոք ճակատամարտում շահել են հաղթողի դափնին՝ դառնալով ընտրյալ և անհատ՝ բանականության այս և հակադիր կողմերում:
***
Հայ ժողովուրդն իր կենսունակությունն ու արիությունը, իր սուրբ լեռան զուլալությամբ շաղախած պարզ միամտությունը հավաքել, պատվաստել է իր արմատն ու էությունը ներկայացնող Սասնա ծռերին:
***
Եթե թլոլ Դավիթը մեր արկածախինդ ու կենսատու ոգու ապացույցն է, ապա մի՞թե մեր իմաստնության ամփոփումը Փոքր Մհերը չէ:
***
Հայրենի՛ք, քո մեջ ամփոփվածներս տեր պիտի լինենք մայր հողին՝ դիմադարձ կանգնելով ժամանակի փորձություններին ու արհավիրքներին:
***
Ստեղծենք Դավթի երիտասարդության և Փոքր Մհերի իմաստնության ներդաշնակություն, և ապագան մերը կլինի…
***
Մեծ ու փոքր ազգերը, ուժեղները և թույլերը, անաղմուկ կամ դղիրդով, ի ցույց և ի խրատ բոլորիս, շարժվում գնում են իրենց իսկ երազած Ավետյաց աշխարհը:
***
Ցանկացած կառավարության գերագույն նպատակը պետք է լինի իր հպատակներին բաբելոնյան այս խառնիճաղանջից անփորձանք ու անվնաս առաջնորդելով տեղ հասցնել՝ ապահովելով նրանց համար արժանապատիվ երկիր:
***
Անպատիվ ու անարգված երկիրը չի կարող գոյատևել, մարմնապես և նյութապես բարձր չի լինի մուրացիկից:
***
Երբ ծեծեցին հասարակ մի մարդու աշխարհիս զորավորներն ու տանջեցին ֆիզիկապես, նա լեզուն սեղմեց ատամների տակ ու ձայն չհանեց: Մութ զնդանի մեջ փակեցին նրան և ուտելու ոչինչ չտալով՝ փորձեցին ընկճել ոգին, դիմացավ դրանց, բայց երբ մութ զնդանից դուրս հանելով հայհոյեցին նրա հավատն ու երկիրը, ծեծված ու սովահար մարդը, զորանալով հոգով ու մարմնով, հարձակվեց հայհոյողների վրա՝ ցըփռ բերանները կոծկելու ու փակելու:
***
Երկրիս փառքն ու իշխանությունը ժողովրդի արյան մեջ նախնիների պահանջն ու կանչն է:
***
Իր անցյալը չհիշողը չի կարող կերտել իր ապագան:
***
Ապագան որդիների ժամանակն է և պատկանում է նրանց:
***
Ճիշտ խնամված ծառի պտուղներն ախորժելի են տեսքով և ախորժելի են քիմքին:
***
Ճշմարիտ և ճիշտ թող լինեն որդիները: Այդժամ հուսալի կլինի երկրի կառավարումը նրանց օրոք:
***
Ինչպես բնության, այնպես էլ մարդու շարունակությունն ու անմահությունն էգ և արու տեսակների մեջ է, նրանց արյան ծալքերում՝ ժառանգականության գաղտնիքներով:
***
Փոխանցենք առողջ գեներ մեր ժառանգներին, ինչպես մեզ ավետում են աստվածաշնչյան հրաշք պատվիրանները:
***
Տան գործերի կառավարը միշտ եղել է կինը:
***
Մի՛ վախեցեք, երբ ցեղի արուների բացակայության դպքում թագուհի հռչակվի կինը:
***
Չլինենք անառակ որդի, չլքենք մայր հայրենիքը՝ հանուն սեփական որկրամոլության և ստոր կրքերի:
***
Հարկ է, որ պատշաճ վարվելակերպն ուղեկից լինի բանական մարդուն:
***
Երկրի շահը ժողովրդի շահն է և ոչ թե մեծապետական մտածողության արդյունք:
***
Խաղաղության լեզուն հիմքն է բարեկեցության:
***
Զգու՛յշ եղեք, ասում եմ ձեզ, ափսոսալու համար ժամանակը սպառված է:
***
Ավելորդ բարեկեցությունը տանում է արկածախնդրության:
***
Շարժվենք օրերին և ժամանակին ընդառաջ՝ ճանապարհին խորտակելով պատնեշներ և փորձենք իմաստնաբար սանձել երևակայության սահմանները:
***
Հեղհեղուկ օդն անգամ կարող է շիկնել կրքերի բախումից:
***
Միանձնյա երկիր կառավարողը նման է օվկիանոսում միայնակ նավ վարողին:
***
Սահմանադրությունը ոչ թե պարզապես մրոտված թղթի կտոր է, այլ երկար սպասված ափ է նավաբեկությունից հետո:
***
Հայրենիքի շահը մշտապես պահանջում է չհակվել դեպի փակուղի տանող ճանապարհ:
***
Մեր երկրի ճակատագիրն ինքներս կերտենք ներսում՝ հեռու պատեհապաշտությունից, և նախապատվությունը տանք իրապատում գործերին:
***
Մեզ առաջարկած հրապուրիչ օտարերկրյա տեսիլքները վերադարձնենք նվիրատուներին՝ առանց տոկոսների և շնորհակալությամբ:
***
Մեր գործերը թող խոսեն մեր մասին և ոչ թե մեր բերանները՝ մեր գործերի մասին:
***
Ներումն հայցենք բոլոր նրանցից, ում անձի և անվան հանդեպ մեծամտությունն է ստիպել խոսել և ոչ թե բանականությունը:
***
Զերծ լինենք զեղծարարությունից, և մաքուր ճշմարտությունը թող ընտրյալների չափանիշներով արդարադատ լինի մեր հանդեպ:
***
Հայոց անմիաբան ձեռքը կարող է բռունցքվել. եթե անգամ իմաստաբան չենք, բայց մի ենք հոգով և մարմնով:
***
Եթե դպրոցները դարձնենք ուղեղների ամայացման ու անապատացման գոտիներ, ապա կտանենք երկիրն ապագայազուրկ տարածքներ, ուր օտարին առանց ջանադրության կհաջողվի հպատակության մտրակը բանեցնել՝ տաղադավոր ու արիական հայ ազգը վերածելով բանող անասունների:
***
Երկրիս ապագան հայրենիքի գիտական ներուժն ու իմացությունն է:
***
Դպրոցը մեր ամրոցն է ու սահմանը, փող տնտեսել՝ թույլ ամրոց ուենալու համար և չպաշտպանված զինվոր ու ժողովուրդ, նշանակում է՝ գիտակցաբար ընտրել դավաճանության ուղին:
***
Դպրոցն ուժի աղբյուր է:
***
Յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առաջ, քննություն հանձնելուց և կարգ ստանալուց հետո միայն ուսուցչին թույլատրել աշխատել դպրոցում:
***
Որպես աշխատասեր մեղուների պարս, ջանադիր լինենք ուսման ծաղկադաշտերից պետություն- փեթակի համար կենսաբեր նեկտար ամբարելու և մեղրուղեղ դառնալու համար:
***
Վկա լնել չարի ծննդին և չկանխել այն՝ նշանակում է գիտակցաբար մասնակից լինել հետագա բոլոր չարագործություններին, որի համար հետադարձ զղջումը հավասարազոր է անհեթեթության:
***
Թույլ չտանք մուտացիայի ենթարկված արմատի հզորացումը մեր իսկ աչքի առաջ, քանզի նրա պտուղները խորշակող մորեխների նման ավերելու են մեր հրաշակերտ աշխարհը:
***
Պետությունը կարիք ունի պետական մտածողությամբ այրերի:
***
Հաջողությունը թող ուղեկից լինի ոչ թե անձնամեծարին, այլ պետության նվիրյալին:
***
Հայոց վերածնունդը չարակամ հարևանի մահն է:
***
Ազատության գաղափարը անցնում է ժողովրդի ֆիզիկական գոյության և հոգևոր էության շարունակական ճանապարհով, մինչև վերջնակետ ու հանգրվան:
***
Արհեստածին ազատությունը չպատվաստենք մեր կենաց ծառին և խուսափենք այլածին պտուղների վայելքից:
***
Հրաժարվենք այլոց կողմից մեզ բաժին հանած ազատությունից, որը դառնալու է սկիզբը մեր անկումների ու ստրկության:
***
Ազատության գրավականը մեր միասնության և հզորության մեջ է:
***
Մեր իմաստնությունը ապացուցենք գործով և ոչ թե ճառասացությամբ:
***
Սրբենք սրբացած հայոց դաշտ ու լեռները պղծողներից և հպարտ կանգնենք Աստծուց մեզ շնորհված քարաշխարհին՝ որպես անպարտելի արծիվներ, և փառքն ինքը կփնտրի մեզ:
***
Գիշերային ակումբների մեղկ գեղեցկուհիները նվաճվում են ոչ թե սիրով, այլ փողով:
***
Պճնանքից զուրկ դաշտային համազգեստը զարդարում է իսկական զորապետին:
***
Մեր օրերի քաջնազարականությունը ճոխ առանձնատների փափուկ բազկաթոռներում քնելու համար զինվորական բարձրագույն աստիճանների շնորհումն է:
***
Գիտությամբ զինված նորագույն զինտեխնիկայի ստեղծումը կապանք է թշնամու ցանկություններին:
***
Զիվորական կոչումի վերանայումը զորականի տաղանդի վկայությունն է:
***
Ուսուցանելով մեր ապագա մասնագետներին և ինքներս ձեռքի տակ ունենալով ռազմագիտական նորագույն նվաճումներ, կդասվենք ոչ թե փառասեր ազգերի, այլ պատվարժանների շարքին:
***
Հայոց երկիրը լեռների անհասանելի ծովում ազգակուլ փոթորիկ սրահարումներին դիմադիր նավ է:
***
Գահավեժ դարերի մուժում թո՛ղ անցյալդ, երկի՛ր, և գտիր նավահանգիստդ հուսո, ուր դադար ես առնելու և հանգիստ:
***
Ուժեղ համայնքները պետության ուժի երաշխիքն են:
***
Անմնացորդ նվիրիր ունեցածդ հայրենիքին, ոչ թե նրանից շահ և փառք ակնկալելու, այլ նրա սուրբ հողին արժանանալու հույսով:
***
Այլ երկրներից սահմաններով զատված աշխարհագրական տարածքը չի կարող կոչվել հայրենիք, եթե նրա վրա ապրողները զուրկ են հայրենիքի զգացողությունից:
***
Մեր բանակի ամենահզոր դաշնակիցը հայոց լեզուն է:
***
Ազգի բնորոշումն առանց լեզվի նման է անհասցե նամակի:
***
Ինչպես որ յուրաքանչյուր համեղ կերակրատեսակ պարտական է համեմունքների առկայությանը, այնպես էլ յուրաքանչյուր լեզու պարտական է իր հարուստ նրբերանգներին:
***
Գրաբարը նման է այն թագավորին, որը մահվանից առաջ ավանդել է իր հաջորդին ամուր և հզոր երկիր:
***
Օտարաբանության սիրահարը նման է անձնասպանի:
***
Կիրթ երևալու ամենաանիմաստ ջանքը խոսակցական լեզուն օտարաբանություններով շաղախելն է:
***
Մեր գոյության ապացույցը մեր մարմնի առկայությունն է, իսկ մեր հոգու առկայության մասին վկայում է լեզվամտածողությունը:
***
Մեզ մատուցվող բարոյազուրկ ֆիլմերը նման են այն մրգերին, որոնք արտաքուստ քաղցր և ախորժելի են, իսկ ներքուստ՝ դառն ու լեղի:
***
Ընդունենք օտարների մշակույթը վերլուծաբար, ընտրենք հատիկը և դեն նետենք հարդը:
***
Հեռուստատեսությունն ազգային է ոչ թե անվամբ, այլ էությամբ:
***
Հեռուստատեսության ներկա նպատակը գլոբալացումն է, իսկ գլոբալացման նպատակը՝ ազգերի և ազգայինի վերացումը:
***
Գեղարվեստական ֆիլմերից դիտենք այն, ինչը չի ոտնահարում մարդու արժանապատվությունը, իսկ այս չափանիշներին չհամապատասխանողները նետենք աղբարկղ:
***
Յուրաքանչյուր իշխանավոր պարտավոր է հաշվետվություն տալ ժողովրդին, և ոչ թե հաշիվ:
***
Նյութապես գերհագեցված հասարակությունն իր պարապությունը լցնում է դրամի իշխանությամբ ձեռք բերված զվարճանքերով, որի արդյունքը նրա հիվանդ անդամների առկայությունն է՝ ազատ սիրո ըմբռնումներով:
***
Փողը կարող է հիպնոսի դեր խաղալ, եթե հիպնոսվողը կամազուրկ է և թույլ:
***
Մարզական խաղերն աստիճանաբար նմանվում են քաղաքական խաղերի, կուլիսային բանակցություններն են որոշում նրա ելքը:
***
Անմահությունը ժամանակավորի մասին այն հիշողությունն է, որը կապված է յուրաքաչյուրի կատարած գործերի և մարդկային արժանիքների չափանիշներին՝ սիրով և անկեղծորեն:
***
Լույսի գոյության մասին իմացողը չի կարող մնալ խավարում, եթե անգամ նա ի ծնե կույր է:
***
Պաշտենք ոչ թե քարանձավային գիտելիքները, այլ վերլուծական միտքը:
***
Մարմինն ապրում է այսօրով, հոգին՝ ապագայով: Եթե ներդաշնակենք այս երկուսը, կվայելենք բնության հովանավորությունն ու սերը, հակառակ դեպքում՝ պարզապես կդառնանք կենդանական տեսակերից մեկը, առանց բանականության, գերի կույր բնազդներին:
***
Որոնենք ժամանակի և տարածության համաձայնությունը՝ փորձելով տեսանելի դարձնել նրա կառավարումը:
***
Մեր իմաստնությունը կուտակենք որպես ամպրոպաբեր ամպեր, բայց անձրևենք՝ կենսատու լինելով բնությանը:
***
Տիեզերքը բազմակերպ մարմինների քաոս է, որոնց էությունը ճանաչելով միայն կարող ենք խոսել բանականության մասին:
***
Եթե գիտությունը պատկերենք ուղղաձիգ զսպանակի տեսքով, որի հիմքն ամրացված է, իսկ գագաթն ազատ ձգվում է վեր, ապա գալարի սկիզբը հաղթահարելով, առանց ջանքերի, ու, աստիճանաբար բարձրանալով, գալար-գալար կսպառենք մեր ուժերը, իսկ զսպանակը կդառնա ավելի երերուն՝ մեծացնելով անկման վտանգը և դժվարացնելով գագաթ հասնելու հավանականությունը:
***
Փայլուն ընդօրինակողին չշփոթենք աճպարարի հետ:
***
Ապավինենք մանկավարժական ճշմարիտ գիտելիքներին:
***
Մի՞թե լեզվից զրկված մարդը դադարում է մտածելուց և մի՞թե լեզու ունեցող ցանկացած կենդանի օժտված է մտածողությամբ:
***
Որքան էլ խորհրդավոր ու սարսափազդու է գիշերների իմաստը, այնուամենայնիվ, սպասվածը և ցանկալին ցերեկն է:
***
Եվ երբ Տերը քաոսից ձևում էր աշխարհը, մի՞թե չարարեց ցերեկներ, քանզի տեսավ, որ լույսն ավելի գեղեցիկ է ու ցանկալի: Հետևենք աստվածաշնչյան խորհրդին, նվիրվենք լույսին և ավետենք լույս…
***
Մեր հայրենի տան հիմքն անսասան դարձնելու համար նրա շաղախին խառնենք ազգային ծեսերն ու սովորույթները:
***
Նախահայրերն երկիրն ի պահ հանձնել են մեզ: Լինենք պատասխանատու ապագա սերունդների առաջ:
***
Երկիրը պետք է միշտ շնչի և թևավորվի նորովի՝ չմոռանալով, սակայն հետադարձ հայացք ձգել իր պատմությանն ու անցյալին:
***
Հայրենիքը պատմականորեն ձևավորված իր դեմքն ունի: Չաղավաղենք օտար ազգերի առաջ նրա կերպարը:
***
Մենք հին ենք, բայց ոչ հնացած:
***
Հայրենիքի դարավոր կնճիռների իմաստնացած խորքում թաքնված մտածումները պեղենք ու մեկնաբանենք համամարդկային արժեքների չափանիշներին համապատասխան, որովհետև մենք էլ մեր արժանի տեղն ունենք այս արևի տակ:
***
Դարերի փորձով կուտակված իմաստնությունն ամբարվել է մեր գենային ֆոնդերի մեջ, զտելով այն խառնակ արյունը, որ տարածաշրջանի խաչմերուկներով անցնող վայրենին պարտադրել է մեզ, դրանով իսկ փորձելով խաթարել մեր անաղարտությունը, պարտադրել ավարառուի իր փորձն ու էությունը: Բայց հզոր մեր կամքը ծառացել է օտար կանչերի դեմ՝ խորտակելով կապ ու կապանք և, զուլալվելով, շարժվել է առաջ դեպի իր երկնահաս լեռների բարձունքները, ուր արևածագները ծիրանափայլ են, և ապրելու հույսն անհատնում, ինչպես մեր հոգին, մեր արմատն ու էությունը:
***
Անցյալ չունեցող յուրաքանչյուր ժողովուրդ չունի ապագա , իսկ ապագա չունեցող ժողովուրդը դատապարտված է չգոյության…
***
Նա, ով հիմա մեն-մենակ, անուղեկից ու անկարեկից կհամարձակվի ելնել քաղաքական քար ու քռա դաշտ, կխարխափի ու կգայթի անհավասարակշիռ՝ մեկ աջ, մեկ ձախ, մեկ վեր, մեկ վար…
***
Երբեմն երկու կետերը միացնող ուղին ճակատագրի հեգնանքով կարող է ամենաերկար ճանապարհը լինել:
***
Հենվել սեփական ձեռնափայտին և ոչ պատահական անցորդի, որը միևնույն է՝ ճանապարհի ինչ-որ հատվածում լքելու է անկասկած:
***
Փոքր ազգ լինելով, մեզ չշփոթենք փոքրավորի հետ:
***
Տնային վերլուծության ենթարկենք ինքներս մեր խաղը, զուգորդենք այն քաղաքական հոտառության հետ:
***
Եթե ժամանակը դատապարտել ու վտարել է մեզ պատմության հրապարակից, չներելով անցյալի մեր հապաղումներն ու սխալները , իմաստուն չինե՞նք միթե: Չէ որ եկել է քարեր հավաքելու ժամանակը:
***
Հակադրենք պարզ մեծամասնությանը մեր խելոք գլուխները՝ ճակատամարտը շահելով ոչ թե թվով, այլ էությամբ:
***
Դաշնակցի երկդիմի խաղը մեզ տանելու է երկու ճակատով կռվող պետության կարգավիճակի:
***
Ուշիմ և հնազանդ աշակերտից վերաճենք բանիմաց ուսուցչի:
***
Միշտ պատրաստ լինենք տալու պատմության դասաժամին առաջին դասը մեր կեղծ բարեկամին և բացահայտ թշնամուն:
***
Ազգային դիմագիծ չունեցող երկիրը նման է նկարի, որի շրջանակը սև է, կտավը՝ բորբոսնած, նկարիչը՝ մուրացիկ:
***
Չաղավաղենք Աստծուց պարգև ստացած մեր դիմագիծը՝ ջրի հայելուն նետած օտարի պատահական քարից:
***
Հայուհիների հրապույրը նախաստեղծ է:
***
Լույսը խաթարողը բանախոսն է պատերազմի:
***
Պատերազմը նախամարդու ուղեկիցն է, որի ռունգերն օդի մեջ որսում են արյան գաղջ հոտը՝ որպես գոյատևման նախապայման:
***
Ի՞նչն է ստիպում իրեն տիեզերքի զարդ համարող այսօրվա մարդուն՝ անցնելու նախամարդու տրորված արահետով. ավարառու մի՞տքը, թե՞ արյան ծարավը:
***
Երկրի վրա, ավա՜ղ, պակասում են զուլալ աղբյուրները, ու շատացել են նրա ազնիվ ակունքին քար նետողները:
***
Իմաստուն զրույցը կարող է շարունակվել նաև մտոք և աչոք՝ լռությունը չստվերող բառ-ասելիքով:
***
Մեզ համար նահանջ չկա՝ ոչ երգով, ոչ առանց երգի:
***
Հայոց երկիրը մերձենում է երկնքին:
***
Ամենասարսափելին դռները թակող անորոշությունն է:
***
Նյարդերի խառնիխուռն ալեբախությունը կարող է վերածվել ավերակվող բանականության:
***
Չհսկվող սահմանը կարելի է անցնել առանց հրավիրատոմսի:
***
Ովքեր խոնարհվում են պատերազմի Չարին, նրանք դեմ են բանականությանը:
***
Նախահարձակ լինելով, պատրաստ լինենք ցրելու թշնամու ստեղծած ինքնախաբ տեսլականը, որը մեզ պատկերում է անփորձ պատանու դիմագծերով և, քնից արթնանալով, ցանկացած պահի պատրաստվում է խրատաբանելու, իսկ հակառակության և դիմադարձ կանգնելու դեպքում՝ պատժելու նաև իր նախընտրությամբ մեզ՝ ի տես բոլորի:
***
Հավատացեք առաքյալներին, որովհետև նրանք են վկայում, թե Մարդու Որդին ուսուցիչ է:
***
Նա, ով կարողանում է կուտակել ամպրոպաբեր ամպեր, սակայն չի կարողանում անձրևել, ուրեմն բախվել է խելացի պահվածքի և նույնքան խելացի պաշտպանության:
***
Կույր ատելությունը ցանկացածի կարող է դուրս նետել բանականության շավիղներից:

12 идей о “ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԱՔՍԻՄՆԵՐ) NAREK HOVSEPYAN

Добавить комментарий