ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ — RUBEN SEVAK

Ինձ համար գրելը երգել է։ Բոլոր մխիթարությունս սա երկաթի փոքրիկ գրչիս մեջն է։ Ու մենավոր ապաստանիս մեջ՝ ձմռան գիշերներ, ինձմե  երջանիկ մարդ չէ՛ կարելի երևակայել՝ ոտանավորի մը ավարտումեն վերջ։

Ռուբեն Սևակ

Ռուբեն Սևակ, Լոզան / ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ - RUBEN SEVAK

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ — RUBEN SEVAK , ԼՈԶԱՆ

1912 թվականի ապրիլի 29-ին Լոզանից Ռուբեն Սևակն իր նամակում Հրանտ Նազարյանին հայտնում էր «ամենավերջին փափագը»․ երկրագործ լինել, կյանքի «վերջին տարիներն» անցկացնել լռության ու բնության մեջ։ Ամենավերջին․․․ քսանյոթամյա երիտասարդը կանխազգո՞ւմ էր մոտեցող մահը, թե՞ սա պոետական կեցվածք էր իրականության հանդեպ, առկա կարգերն ու բարքերը մերժելու, ռոմանտիկ հոգիներին վայել գոյության հաստատաման ձև, «աստվածորեն ապրելու» ձգտում։ Նրա ստեղծագործությանն էապես բնորոշ է կյանքի և երազների հակասությունը։ Մի կողմից նրբագույն ապրումներ, մեղմ սիմվոլիկ պատկերներ, բանաստեղծական  տեսիլներ, նյուս կողմից պայքար տրորվող, տառապող մարդու ազատության համար ազատության համար։ Նամակի տողերը պերճախոս հաստատումն են անհունության, մենության մեջ ապրելու և ստեղծագործելու անհնարինության։ Խաղաղ պոետիզմի անիրագործելիությունը, ճակատագրային անխուսափելիությունը տառապանքից ու մաքառումից, բանաստեղծին տանում է դեպի ազգային-ազատագրական պայքար։ Հեռվից պարզորոշ տեսնելով «Պոլսո մղձավանջը․․․ Սոդոմի մուխն ու Գոմորի բոցը», նա վերադառնում է հայրենիք՝ նահատակվելու։ Ոչ ոք  չէր հավատա ոչ մի ականատեսի հուշերի, եթե պահպանված չլիներ մի ուրիշ նամակ։ Ահա անհավատալի փաստը․ «․․․ կցանկամ, որ վերջնականապես հայրենիք վերադառնալե առաջ երթամ գոնե գարո՜ւն մը- կյանքիս հաշվված գարուններեն մին- Վենետիկ անցնեմ, ապրիմ, ապրիլս  զգամ, մեռնիլս կանխազգալե առաջ» (նամակը գրված է 1911-ի փետրվարի 4-ին, Լոզանից)։

Մահվան ուրվականը հետապնդում է բանաստեղծին նրա ողջ ստեղծագործական կյանքում, որը դաժան  նախախնամությամբ, նահատակության մի նախապատրաստություն էր կարծես։

Ռուբեն Սևակը (Ռուբեն Չիլինկիրյանը) ծնվել է 1885-ի փետրվարի 15-ին Մարմարայի եվրոպական եզերքի Սիլիվրի գյուղաքաղաքում։ «Մանչերու գերեզմանը» գրվածքը հուշ է Սիլիվրիից։ Նախ երկաթագործ, ապա երկաթեղենի առևտրական հայրը՝ Հովհաննես աղա Չիլինկիրյանը աշխատում է հիմնավոր կրթության տալ իր զավակներին։ Ծննդավայրում Ռուբենն ավարտում է Ասքանազյան տարրական նախակրթարանը, ապա երկու տարի սովորում է Պարտիզակի գիշերօթիկ ամերիկյան վարժարանում, իսկ 1901-ին անցնում է Կ․ Պոլսի նշանավոր Պերպերյան վարժարան, որն ավարտում է 1905-ին։

Դասընկերները լավ ծանոթ էին նրա կազմակերպած ինքնագործ աշակերտական խմբում կարդացած բանաստեղծություններին։ Իսկ աոաջին տպագիր գործը 1905-ին «Մասիսի» (թիվ 24,13 օգոստոսի) խմբագրության ծանոթությամբ «Բաժանման խոսքեր» բանաստեղծությունն էր, որ Պերպերյանի շրջանավարտ Ռուբեն Չիլինկիրյանը կարդացել էր վկայականների բաշխման ավարտական հանդեսին, արժանանալով ներկաների գնահատանքին։ Փայլուն ավարտելով վարժարանը, ցայտուն ընդունակություններ դրսևորած ամենատարբեր առարկաների յուրացման մեջ, մեծ ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի թելադրությամբ ու աջակցությամբ Ռուբեն Սևակը մեկնում է Շվեյցարիա, 1905-ի աշնանից ուսանելով Լոզանի բժշկական համալսարանում։ 1908-ին, սահմանադրության հաստատումից հետո, ամառվա արձակուրդներին նա գալիս է Կ. Պոլիս, կարճ ժամանակով զբաղվում «ՍուրՀանդակակ» օրաթերթիհրատարակությամբ, նվիրվում հասարակական գործին։ Լոզանի բժշկական համալսարանը 1911-ին ավարտելուց հետո աշխատում է տեղի հիվանդանոցներում որպես օգնական բժիշկ։ Ուսանելու շրջանում նա ծանոթանում է գերմանական բարձր դասի մի ընտանիքի դստեր՝ Յաննի Ապպելի հետ, որը դարձավ նրա կինը հակաոակ աղջկա ծնողների արգելքներին (հակառակությունը շուտով իհարկե վերացավ և Սևակի նամակներից իսկ երևում է, որ նրան վերաբերվում էին ջերմ համակրանքով) ։ Երիտասարդ և գեղեցիկ ամուսինները երկու զավակ ունեցան՝ Լևոնը և Շամիրամը։ Յաննիի և Ռուբենի նամակները ռոմանտիկ, անմար սիրո մի վիպասանություն են, այժմ մեզ համար արդեն ազգային գրականության պատմության հմայիչ մի դրվագ, ողբերգական ավարտով։ Ինչպես պատմում է Սևակի ընկերներից մեկը՝ Գ. Ամատյանը, Յաննին հետաքրքրվում էր հայ մշակույթով և սկսել էր ամուսնուց հայերենի դասեր առնել։

Ուսանողության տարիներից էլ Սևակը արևմտահայ մամուլում տպագրում է իր գործերը հետզհետե լայն ճանաչում ստանալով։ 1910-ին Կ․ Պոլսում լույս տեսավ «Կարմիր գիրքը» ժողովածուն։ Թեոդիկի 1911 -ի «Ամենուն տարեցույցում» հայ մշակույթի բազմաթիվ այլ գործիչների հետ տրված Ռուբեն Սևակի կարճառոտ կենսագրականում նշված են իր ծրագրած «Քաոսը», «Սիրո գիրքը», «Վերքին հայերը»։ Նույնը հավաստում է նաև Մերուժան Պարսամյանը («Շանթ», Կ, Պոլիս, 1918, թիվ 2)։ Այդ գրքերը չկարողացավ հրապարակել։ Սևակի արձակ առաջին գործը՝ «Տարի մը վերջ» պատմվածքը լույս տեսավ 1907-ին, իսկ 1918-ին «Ազատամարտում» սկսեց հանդես գալ «Բժիշկին գիրքեն փրցված էջեր» շարքով, որը մեծ հաջողություն ունեցավ և որը նույնպես ամբողջոթյամբ չկարողացավ հրատարակել։ Ռուբեն Զարդարյանը շարքի մասին գրեց. «Չեք կարող երևակայել, թե որպիսի՜ խանդավառ ընդունելություն գտած են անոնք ընթերցող հասարակության մեջ․․․ Ասիկա նախ կապացուցանե այն անտարակուսելի գրական ճարտարությունը, որով կգրեք ձեր հոդվածները քերթվածի մը չափ թրթռուն․․․»։ Իսկ Հարություն Ալփիարին հիացնում էին արվեստագետի ձիրքերը․ «Զգացումներու փափկազգած նկարիչ մը, լեզվի ciseleur մը, և բառին ամբողջ ույժովը՝ հաճելի գրագետ մը։ Գրական նոր ճյուղ մը կ’ստեղծեք կոր» ։

Ինչպես այդ, այնպես էլ Արևմուտքում ապրած տարիների մասին որոշ պատկերացում են տալիս Ռուբեն Սևակի նամակները, որոնցից մի փունջ ընդգրկված է Ռուբեն Սևակ «ԵՐԿԵՐ» ժողովածուում։ Թվում էր թե բոլոր նախադրյալները կան լիարժեք ապրելու, երջանիկ լինելու համար, հաջողություն, նվիրվածություն ու տաղանդ ընտրած մասնագիտության մեջ, ներդաշնակ ընտանիք ու իսկական մեծ սեր, ստեղծագործական հագեցված, փայլուն կլանք, անշահախնդիր արվեստագետ ու ոչ արվեստագետ բարեկամների ազդեցիկ շրջան, անկարևոր չէր հարկավ նաև նյութական բարեկեցիկ վիճակը։ Բայց եթե բանաստեղծն ընդհանրապես, ինչ երկնքի տակ էլ ապրի, չի կարող երջանիկ լինել, հայ բանաստեղծը դատապարտված է ճակատագրով։ Հեռվից էլ զգացվում էր կոտորածի մղձավանջը և այնուամենայնիվ հայ մտավորականության շատ ներկայացուցիչներ վերադառնում էին տուն։ Այդպես 1914-ին Սևակն ընտանիքով վերադարձավ Կ. Պոլիս։ Հենց նավահանգստում, Յաննիի վրա թուրքական միջավայրը ծանր տպավորություն թողեց. «Ռուբեն, դառնանք այս շոգենավով, ես շատ չհավնեցա այս երկրին… Սոսկում եկավ վրաս. չե՞ս տեսներ, ո՛չ մեկուն դեմքը կժպտի»։ Սևակը հաստատապես վճռել էր վերադառնալ, և դժբախտաբար, կնոջ մռայլ կանխազգացումը որևէ նշանակություն չունեցավ։ Կ, Պոլսում Սևակը բնակվում էր Բերա, Բանկալթի, Մավրոբուլո մենատանը, աշխատում իր մասնագիտությամբ, դասախոսություններ կարդում Բերայի Հայ բժշկական միության կազմակերպած հիվանդապահության դասընթացներում։ Գրական աշխատանքի նոր, բուռն շրջան էր սկսվել նաև, իր հարազատ տարերքի մեք էր՝ արևմտահայ արվեստագետների միջավայրում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Սևակը կանչվեց թուրքական բանակ՝ սպայի աստիճանով, որպես զինվորական բժիշկ։ Մի հանդիպման մասին Մերուժան Պարսամյանը պատմում է, «Առտու մը տեսա զինքը ձիու վրա, զինվորական բժշկի համազգեստով․․․ երբ տուն հասանք… իր անտիպ քերթվածներեն ու արձակներեն կարդաց… Մերթ տիկին Չիլինկիրյանն էր, որ իր բարձր ու շքեղ կիսաստվերը կպտտեցներ սենյակին մեջ, տաքություն մը, երաժշտություն մը հոսեցնելով մթնոլորտին մեջ… Նույն իրիկունն իսկ իմացա, որ ձերբակալեր են զինքը։ Առաջին վայրկյանեն իսկ հուսահատ էր տիկին Չիլինկիրյան․ առտուն գերման դեսպանատուն, իրիկունը` ոստիկանական տնօրենին մոտ… Իբրև թե հայուհի մը ըլլար տիկին Չիյինկիրյան, կքննադատեր գերմաններուն ընթացքը, կպախարակեր անոնց վայրագությունը»։ Ռուբեն Սևակը ձերբակալվեց և ուղարկվեց Չանղըրը։ Այդ օրերի մասին վկայություններ է թողել նրա հետ աքսորված Միքայել Շամտաճյանը (տե՛ս «Հուշարձան ապրիլ տասնըմեկի», Կ. Պոլիս, 1919, «Չանղըըըեն վերհիշումների» էջ 113—121)։ Չանղըրըում Սևակը բուժում Է մի թուրք չեթեճիի աղջկան։ Թուրքը, «խանդաղատանքի զգացումներ» հայտնելով բժշկին, համոզում է մահմեդականություն ընդունել անխուսափելի սպանությունից փրկվելու համար։ Սևակը հրաժարվում է, ավելին, նա, որ աստված ու կրոն չէր ընդունում, հավատափոխությունը համարելով ազգադավութուն, ամբողջ երկու օր աշխատում է համոզել տատանվող որոշ հայերի, թե մահը մահմեդականացումից լավ է,  ստիպելով երդվել նրանց՝ որոնց վրա կասկած ուներ։ Օգոստոսի 26 -ին, հինգշաբթի առավոտյան հինգ հոգի երկու կառքով ուղարկվում են Այաշ, որոնց մեջ Ռուբեն Սևակն ու Դանիել Վարուժանը։ Երեկոյան ժամը 12-ին հասնում է նրանց սպանության լուրը, իսկ մեկնելուց ընդամենը 24 ժամ հետո Կ. Պոլսից հեռագիր է ստացվում, որ նրանք պետք է ազատ արձակվեն ։ Ականատես Հասան անունով թուրք կառապանի պատմությունը բացում է սպանության հանգամանքները։ Ճանապարհին կառքերը կանգնեցնում են։ Կարծում են ավազակների հարձակում է, բայց ոստիկանության պաշտոնյան ակնածանքով բարևում է անծանոթին, որին հետևում էին չորս ուրիշներ՝ մինչև ատամները զինված։ Տեղափոխությունն այսպիսով խաբեություն էր, նախապես ճշգրտորեն մշակված էր հինգ զոհերի սպանության ծրագիրը։ Նրանց ձեռքերը կապված էին և դիմադրել չէին կարող։ Կառապանն անկասկած նկատի ունի Սևակին, երբ նշում է. «Անոնցմե մեկը երիտասարդ մըն էր սև մորուքով և վառվռուն աչքերով»։ Ոստիկանները խուզարկում են զոհերին, կողոպտոում նրանց ունեցածը և հեռանում։ Կառապանը մնում է և հեռվից դիտում սարսափելի տեսարանը։ Հինգ դահիճները հարձակվում են հինգ զոհերի վրա, մերկացնում, կապում ծառերին․ «Հետո չեթեապետը և իր մարդիկը իրենք դաշույնները մերկացուցին և սկսան դանդաղորեն և հանդարտ կերպով զանոնք մորթոտել։ Դատապարտյալներու աղաղակը և անոնց հուսահատական կատաղությունը սիրտս կճմլեին»։

Միքայել Շամտաճյանը ուրիշ ազատված հայերի հետ մեկնելիս Թյունեյ գյուղից այն կողմ տեսնում են ճամփեզրի սեզերով ծածկված, ջրի դիմացի ափն ի վեր, հինգ հողաթմբերը։ Դանիել Վարուժանի և Ռուբեն Սևակի աճյուններն այնտեղ են։

Աքսորի ժամանակ Ռուբեն Սևակը զարմանալի անվրդով էր թվում, լավատես՝ վաղվա օրվա հանդեպ։ Համենայնդեպս, 1915 -ի հունիսի 17 -ին Չանղըրըից գրում է Յաննիին․ «Շատ հանգիստ եմ… մի մտահոգվիք ինծի համար։ Շնորհոքն աստուծո քիչ ատենեն արդարությունը կվերականգնվի և մենք միասին կըլլանք»։ Ինչպե՞ս վերականգնեի չեղած արդարությանը, ինչպե՞ս ապավինել չընդունած աստծուն։ Նրան հանգիստ չէր տվել մահվան գաղափարը, բայց այդպես էր թերևս նրա գրականության մեջ միայն։ Քանզի ստեղծագործելու ու ստեղծագործության, կյանքի ու գրչի անմնացորդ համընկնումը անխուսափելի օրինաչափություն չէ։ Անհողդողդ մոտենում էր նահատակության անագորույն պահը․ ստեղծադործողն ու ստեղծագործությունը ողբերգականորեն միաձուլվեցին։ Յաննի Սևակը այգ գույժը լսելուց, Կ. Պոլսից հեոանայուց հեյտո էլ. չէր կորցրել հույսը։ 1915 -ի նոյեմբերի 4-ին գերմանական դեսպանատան թարգման Հայկ Թայքեսենյանին զրում է․ «Կտառապիմ։ Աստուծո սիրուն, ազնվությունը ունեցեք երթալ տեսնելու տիկին Վարուժանը և իրեն հարցնելու, թե ինչ եղած է մոնս, Տոլչիի աշխատության արդյունքը՝ ամուսինին մասին։ Ինծի համար ատիկա մեծ կարևորություն ունի. որովհետև դեռ ձեռքս ապացույց մը չունիմ Ռուբենի մահվան մասին և կհուսամ տակավին։
Դարձյալ կխնդրեմ ձեզմե, որպեսզի իմ կողմես աղաչեք Կոմիտաս վարդապետի, հոգեհանգիստ մը կատարելու համար»։

Ստեփան Թոփչյան

 

Ռուբեն Սևակը և կինը՝ Յաննի Ապպել

Ռուբեն Սևակը և կինը՝ Յաննին

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ — RUBEN SEVAK

Ռուբեն Սևակի ստեղծագործություններն այստեղ՝

ԱՊՐԻԼԸ ՀԱՂԹԵԼ է…

ԱՅԼԱՍԵՐՈՒՄ

5 идей о “ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ — RUBEN SEVAK

  1. Hayagitaran Hayastan

    Ինձ համար գրելը երգել է։ Բոլոր մխիթարությունս սա երկաթի փոքրիկ գրչիս մեջն է։ Ու մենավոր ապաստանիս մեջ՝ ձմռան գիշերներ, ինձմե երջանիկ մարդ չէ՛ կարելի երևակայել՝ ոտանավորի մը ավարտումեն վերջ։

    Ռուբեն Սևակ

  2. Daniel Davit

    Ուշագրավ է այն փաստը, որ Սեւակը, լինելով հետևողական գիտնական-աթեիստ, այդուհանդերձ, դավանափոխությունը համարում էր դավաճանություն։ Դավաճանություն իր ժողովրդի հանդեպ, բանաստեղծի, մտավորականի իր կոչման հանդեպ։ «Մենք ժողովրդի առաջնորդներն ենք։ Եթե մենք դավաճանենք մեր գաղափարներին, ժողովուրդը կկորցնի պայքարի, արդարության հանդեպ իր հավատը։ Մենք պետք է օրինակ ծառայենք նրան։ Մենք պետք է մահանանք՝ հանուն մեր ժողովրդի անմահության»,- ասել է նա։ (C)

Добавить комментарий