ԱՊՐԻԼԸ ՀԱՂԹԵԼ է…

Ո՜վ մարդ, մտածա՞ծ ես երբեք այն հրաշալի բանին վրա, որ կյա՛նքն է։

Ruben Sevak Ռուբեն Սևակ Рубен Севак

ԱՊՐԻԼԸ ՀԱՂԹԵԼ է… / Ruben Sevak Ռուբեն Սևակ Рубен Севак

Կ’ըսեն, թե համբույրներ կան, որ վա՜րդ կծըլեցնեն։ Վարդն ի՛նչ է. համբույրներ կան, որ մա՜րդ կծնցնեն։
Ծնողնե՜ր, ուսուցեք ձեր տղաներուն, թե իրենց մեջ Աստվա՜ծ մը կքնանա։
Ու վա՜յ անոր, որ մութ անկյուններու մեջ կխաթարե, կ’աղարտե, կը թունավորե կյանքի գործիքը։ Այդպիսին դժբա՛ղդ հայր մը պիտի ըլլա, եթե երբե՛ք հայր ըլլա․․․
Ապաժառանգ, պակասավոր, ցավագար, մելամաղձոտ, այսահար, ախտագին զավակներուն հաշիվը գինեմոլ ու ցոփակյաց հայրերո՜ւն հարցուր․․․
Այնքա՜ն փափուկ է սիրո պտուղը։
Խավարի մեջ բանտված այդ փոքրիկ մարմինը ո՛չ կտեսնե, ո՛չ կլսե, ո’չ կխոսի, ո’չ կշնչե։ Բայց այդ մսի կտորը բոլո՜ր սրտերե ավելի զգայուն է։
Այդ ապագա կյանքը՝ մայրական տխրութենե մը իր ամբողջ ճակատագրով կ՛ազդվի։ Մորը սրտին մե՛ն մի կոչը իր փոքր սրտին մեջ կ’արձագանքե։ Ան ցա՛վե մը, խո՛ցե մը, ոչինչե՛ մը կրնա մեռնիլ մոր կենդանի արգանդին մեջ․․․
Բայց պիտի ապրի՛։ Ու ահա՛ վճռական ժամը, տառապանքի ու հույսի այն փոթորկա՜լի ժամը, ուր զավկի մը ծնունդը ու մոր մը մահը նժարին երկու աչքերուն մեջ իրա՛ր կկշռեն, վարանոտ տատանումնեոով․․․
Այրը արդեն հեռացավ, մեղավո՜ր անասունի մը պես։ Սարսափահար կինը միայնա՜կ է այն խոշոր անծանոթին առջև, որ իր արյունեն սնույց և որ վայրկյանե մը պիտի մեռցնե զինք գուցե․․․
Որքա՜ն երանելի է սակայն այսօրվան երախան, ան այժմ կրնա՛ արտաքին աշխարհի հետ հարաբերության մտնել․․․
Կտեսնե՞ս սա գիտության մարդը, որ գլուխը մոր որովայնին վրա հակած՝ մանուկին սիրտը կ’ունկնդրե։ Մանուկն անոր ականջին կանխավ կպատմե իր տարիքը, իր հասակը, իր առողջությունը, գլխո՞վ, ձեռքո՞վ, թե ոտքո՞վ աշխարհ գալու իր որոշումը․․․
Ու ահա ծնավ։
Բայց որքա՜ն սիրուն է այս անծանոթը, որմե մայրը կվախնար․․․ Մե՛կ էին, երկո՛ւք եղան ու իրարու կժպտի՜ն… Աստղ մըն էր, որ աշխարհ ինկավ։ Սակայն երկինքեն իջնող հրեշտակին համար որքա՜ն դառնություններ ունի երկիրը։ Հացի փշուր մը բավական է զայն խեղդելու։ Պիտի կրնա՞ ապրիլ, թե միայն հյո՜ւր է․․․
Հարսանիթի, կեղծ-մաշկի, կապույտ հազի, շառատենդի, ուղեղատապի զոհերուն հաշիվը սգավոր մայրերո՛ւն հարցուր․․․
Եթե ուժե՛ղ է, պիտի հաղթե ու պիտի ապրի։
Բոլոր ախտերուն ու մահերուն մեջեն այդ կենսունակ մսակույտը իր ճամբա՛ն պիտի բանա։ Այդ դողդոջուն էակը, որ բզե՜զ մը բավական էր մեռցնելու, բոլո՛ր դժվարություններով պիտի հաղթե, պիտի ուռճանա, թագավո՜ր պիտի ըլլա․․․
Ու ո՛չ թե աշխարհագրական կետի մը թագավորը, այլ աշխարհի՛ն թագավորը, ամբողջ կենդանական ցեղերուն, շնչավոր ու անշունչ էակներու թագավորը։
Երեկվան գառնուկը այսօր առյուծնե՛րը պիտի դողացնե ու վանդակներու մեջ պիտի բանտե զանոնք՝ իր զբոսանքին համար։
Լեռներուն պիտի հրամայե, որ խոնարհի՛ն, թե ո՛չ՝ անոնց փորոտիքին մեջեն պիտի անցնե իր երկաթե ճամբան։
Երկնքին պիտի հրամայե, որ լռե՛․ եթե ո՛չ՝ շանթարգելով մը պիտի վիժեցնե անհնազանդ տարրերուն կատաղությունը․ թնդանոթով մր պիտի փարատե ամպի ծոցին մեջեն սպառնացող կարկուտը․․․
Երկրին արգանդեն չխավարին ոգիները դո՛ւրս պիտի կանչե․ անկերպարան մետաղներուն պիտի հրամայե, որ ծռին, ձև առնեն ու աշխատի՛ն իրեն համար․․․
Արարչության կարգն ու սարքը պիտի փոխե։ Բնությունը զայն հո՛ղին դատապարտած էր, ան ծովերո՛ւն ու օդերո՛ւն պիտի իշխե։
Օվկիաններուն մեջտեղը թավալող անդրջրհեղեղյան լեռնանման վիշա՛պը պիտի հալածե։ Ամպերեն վեր ճախրող արծի՛վը պիտի սարսափեցնե իր սրընթաց սավառնակին վրա թառած․․․
Ահավասի՛կ թագավորը, տիեզերքին թագավորը․․․
Բայց որքա՜ն տկար, որքա՜ն խղճալի է ան․․․
Ա՛յն, որ երեկ օդերուն մեջ կ՝արշավեր, այսօր սողունի մը պես անկողնին գամվե՜ր է, խղդուկ-խղդուկ կհազա… Աներևույթ թշնամիներ իր կոկորդը լեցուցեր, իր շունչը կղպեր են…
Թագավորը պիտի մեռնի՜, ու չի՛ հասկնար, թե ո՞վ է զայն մեռցնողը․․․
Սերունդե սերունդ վայրի գազանները կոտորեց, թունավոր ղեռունները անհետացուց իր բնակութենեն. մարդասպաններու համար օրենքներ շինեց ու չվաններու ծայրեն կախեց անհնազանդները… Ո՞վ է ուրեմն թշնամին, ուրկե՞ մտավ․․․
Բայց կտեսնե՞ս դուն նորեն սա գիտության մարդը, որ հիվանդին վրա փափկությամբ կծռի, աննշա՜ն սրսկում մը կ՚ընե սրունքին մեջ,
վայրկենաբար միլիոնավոր մանրեներ կոկորդին մեջ կմեռնին ու կեցցե՜ թագավորը․․․
Ան մինչև այժմ միա՛յն տեսանելի թշնամիներուն դեմ պայքար մղեր էր, հիմա նոր խաչակրությունը մը կսկսի անտեսանելիներուն դեմ…
Որո՞նք են այդ խաչակրության զորապետներն ու իշխանները։
Անոնք ոսկեճամուկ դարդեր չունին։ Սուսերի տեղ սուր դանակ մը, ատրճանակի տեղ մանրադիտակ կա ձեռքերնին։
Մոլիերին հեգնած բժիշկները, որ դեռ երեկ արքաներուն աղիքները լվալո՜վ միայն կ՛ապրեին, այսօր ամբողջ երկրագունդի վրա ձեռք ձեռքի տվեր են՝ համամարդկային կյանքին պաշտոնյաները, վերջնական հաղթության հուսատուները եղեր են։
Կտեսնե՞ս սա ծերունին, որ կատղած շունին երախեն ումպ մը լորձունք կհավաքե՝ քննելո՜ւ համար։
Կտեսնե՞ս սա երիտասարդը, որ չա՜ր աշխարհներու մեջ կմեռնի՝ հնդախտին գաղտնիքը հափշտակելու համար։
Կտեսնե՞ս սա նոր Բրոմեթեոսը, որ խավարին ծոցեն ռատիումը գողնալով՝ իր ձեռքերը կ’այրե այդ մոգական հուրեն։
Կտեսնե՞ս սա հայ գիտունն ալ, որ Ռեոնթկենյան ճառագայթներուն գիտակից զոհը կ՛ըլլա նոր աշխարհին մեջ։
Բայց դեռ ի՜նչ անանուն բժիշկներ կան, որ ուրիշներու կյանքին համար կմեռնին, անգիտացվա՜ ծ․․․
Արդյո՞ւնքը ․․․
Մոռցա՞ր ուրեմն այն օրերը, ուր ամբողջ ժողովուրդ մը՝ իր արքաներով ու ասպետներով, վերքերու մեջ կփտեր։ Այն քսան հազար բորոտնոցներեն, որոնք Եվրոպայի մակերեսը կծածկեին, այսօր հա՜տ մը իսկ չէ մնացեր․․․
Ժանտախտը, Ծաղկախտը, Հնդախտը՝ դժոխքեն փախած այդ երեք Աստվածները, որոնք մեկ օրվան մեջ անթիվ բանակ մը սրե կ՛անցնեն, ա՜լ չեն զորեր ոտք կոխելու այս անծայրածիր Եվրոպան, զոր բժիշկնե՜ ր կպաշարեն։
Անոնք պահակներու պես կհսկեն քաղաքակրթութեան սահմանագլխին վրա։ Ու որպեսզի ժողովուրդներ կարենան հանգի՜ստ քնանալ, իրենք անքո՜ւն կսպասեն խրամատին վրա, նենգ թշնամիին դեմ ճակատ ճակատի․․․
Այս անհավասար կռվին մեջ, որ անզե՜ն մարդը կատղած Աստվածներուն դեմ կմղե, հաղթությունը մե՛րը պիտի ըլլա․․․
Առջի օր Ծաղկախտն ու Կեղծմաշկը անձնատուր եղան։ Երեկ կատաղությունը խելոքցավ։ Այսօր ժանտատենդն ու Ֆրանկախտը հաղթվելու վրա են։ Վաղը Թոքախտին է կարգը…
Հիշե՛ Սպարթացի մոր խոսքը․ «վահանո՛վդ կամ վահանի՛դ վրա»: Պիտի հաղթես կամ պիտի հաղթվիս ուրիշ ճար չիկա ․․․
Բժիշկնե՛ր, սորվեցուցեր ձեր հիվանդներուն, որ քաջ ըլլան, ապրիլը հաղթել է։ Հուսահատներուն համար այս կյանքին մեջ տեղ չկա․․․
Վա՜յ հոգևոր ու մարմնավոր տկարներուն, վա՜յ երկչոտներին, վա՜յ հոռետեսներուն, վա՜յ թերահավատներուն։ Վատերուն համար այս աշխարհին մեջ տեղ չիկա…
Հոգնա՞ծ ես․ տո՛ւր ինծի քու ձեռքդ։ Որովհետև եթե կյանքի պայքարը տիեզերական օրենք է, իրերօգնությունն ալ կենդանական բնա՛զդ է։
Մենք երգելո՜վ երթանք վաղվան։
«Մահվան» չե՛մ ըսեր, որովհետև հիվանդութենե մը մեռնիլը այնքա՜ն անբնական ու անիրավ է, որքան արկածե մը մեռնիլը․․․
Բոլո՜ր երկիրներու ախտավորներ, իրա՛րու միացեք, ձեռք ձեռքի տվեք, կազմակերպվեցեք մե՛ծ հաղթության, կյանքի՛ն հաղթության համար․․․
Հառա՛ջ, ապրիլը հաղթե՜լ է․․․

Ռուբեն Սևակ

Տես նաև՝ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ (Ռուբեն Սևակ)

2 идей о “ԱՊՐԻԼԸ ՀԱՂԹԵԼ է…

  1. Рузанна Карапетян

    Մեր սերունդներին փչացնում են ամեն կերպ: Նրանք իսկի չեն էլ ճանաչում այս հանճաին: Հայրենասիրությունը դաստիարակվում է հենց ընտանիքում, փոքր ժամանակվանից, բայց հայերը իրենց երեխաների հետ խոսում են ռուսերեն: Օտար լեզվով հայրենասիրություն չի լինում: Իսկ դպրոցներում արդեն չգիտես ինչ ազգության են պատկանում այս երեխաները: հայ են? ռուս են, թե անգլիացի? Սկսբից երեխաները սովորում են անգլերեն և ռուսերսն, իսկ հայերեն կամ կսովորեն կամ էլ `ոչ:

Добавить комментарий