ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱՀԵՐԻՑ ՉԷՐ ԲԽՈՒՄ

 ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԱՌԱՐԿԱ.
ՄԱՍ IV

Անգլիայի խորհրդարանում 1895թ. փետրվարի առաջին շաբաթ սկսած նոր տարեշրջանի քննարկման նյութը հայկական խնդիրն էր: Թագուհու ելույթում զգալի տեղ էր տրված Սասունում հայերի ջարդերի փաստին, ինչի մասին լուրերն այլևս կասկած չէին հարուցում թե՛ անգլիական հասարակությունում և թե՛ իշխանական շրջանակներում: Բայց իրականությանը տրված գնահատականներում Անգլիայի թագուհին զգուշավոր էր: Թուրքիայում շահեր ունեցող երկրի ղեկավարների խոսքում որքան էլ հնչեին Թուրքիային ուղղված մեղադրանքի հնչերանգներ, այդուհանդերձ, դրանք կտրուկ ու վճռական բնույթ չէին կրում: Այդ ելույթներն ավելի շուտ թելադրված էին անգլիական լայն հանրությունում տիրող տրամադրություններով և լայն քննարկումների առարկա դարձած հայկական խնդրին արձագանքելու հասարակական պահանջին որոշակի կերպով արձագանքելու անհրաժեշտությամբ: Կառավարության ներկայացուցիչներից շատերի ելույթներում, ինչպես և թագուհու խոսքում գերակշռում էին թուրքական կառավարության ու սուլթանի «մարդասիրական զգացումներին» ուղղված կոչերն ու Սասունի դեպքերի դրդապատճառներն ու մեղավորներին բացահայտելուն կոչված Քննիչ հանձնաժողովից արդարացի քննության ակնկալիքը, հանձնախումբ, որ միայն թուրքերից էր կազմված:

Ջոն Ռոբինզոն, հայանպաստ հոդվածներ տպագրող «Դեյլի նյուզ» լրագրի խմբագիրը:

Ջոն Ռոբինզոն, հայանպաստ հոդվածներ տպագրող «Դեյլի նյուզ» լրագրի խմբագիրը:

Ահա մի հատված՝ թագուհու ճառից. «Փոքր Ասիայի մի նահանգում թուրքական կանոնավոր կամ անկանոն զորքերի ձեռքով հայերի վրա գործված ծայրահեղությունների վերաբերյալ իմ կառավարության ստացած տեղեկագրերին ծանոթանալով՝ իմ պարտքը համարեցի, ուրիշ տերությունների հետ համաձայնությամբ, ազդարարություններ ուղղել Բարձրագույն Դռանը: Սուլթանը հայտարարեց, թե ինքը պատրաստ է պատժել իր զորաբանակի այն սպային կամ զինվորին, որ հանցավոր է այդ գործերով և մի հանձնաժողով է ուղարկել, որ հենց տեղում քննություն կատարի: Կարինում հյուպատոս ունեցող տերությունների պատվիրակներն ուղեկցում են այդ հանձնախմբին»:

Անգլիական հասարակական տրամադրությունները, սակայն, այս գահաճառով չհանդարտվեցին: Արդարացի քննություն չտանելու մտավախությունն արդարացված էր. Քննիչ հանձնաժողովի դանդաղ ու երկարաձգված աշխատանքն անորոշ ու անվստահելի արդյունք էր խոստանում: Հասարակությունն անընդհատ հավաք-միտինգներում պահանջում էր հրապարակել կառավարության տրամադրության տակ եղած տեղեկատվությունը, մասնավորապես՝ «Կապույտ տետրակները» (Blue Books), որոնք Հայաստանի և ամբողջ Տաճկաստանի մասին հյուպատոսական տեղեկագրեր էին: Ի՞նչն էր կատարվածի բուն շարժառիթը, ինչքա՞ն մարդ էր զոհվել, ո՞վ էր պատասխանատուն, հայերն արդյոք հանցավորություն ունեի՞ն: Թեև Սասունում կոտորածների մասին ոչ ոք այլևս չէր կասկածում, բայց կառավարությանն ընդդիմադիր խմբերը հակահայկական դիրքորոշում էին դրսևորում, և լորդ Սոլզպրին, իր խոսքերով, հատուկ կարևորություն էր տալիս այն հրապարակումներին, որոնք հայերին ամբաստանելու բնույթն ունեին: Ահա այդպիսի հրատարակություններից մեկը, ինչը լույս տեսավ բոլոր թերթերում գահաճառի ընթերցման նախօրեին: Նրանում 1894-ի՝ Սասունի դեպքերի ողջ պատասխանատվությունը թղթակցության հեղինակը գցում էր հայերի վրա: Թուրքերի գործողությունները, ըստ այդ հրապարակման, պայմանավորված էին զուտ հայ հեղափոխականների գործողություններով: Տղփիսում՝ «Ռոյթերի» թղթակցից, իբրև թե, տեղեկագիր էր հաղորդվել՝ հետևյալ բովանդակությամբ. «Իմ քննությունից հասկացա, որ թուրքերն էլ են մեղավոր, հայերն էլ, բայց մեղավորների պատիժն անմեղներն են կրել… Հայաստանում կա հզոր հեղափոխական շարժում, և այդ շարժման պարագլուխներից ոմանց մեթոդները պակաս սարսափելի չեն, քան այն բարբարոսությունները, որ թուրքը գործում է՝ իրենց զսպելու համար… Կարճ ասած, նրանց ծրագիրն է խառնակություն գցել թուրքերի շրջանում, որպեսզի թուրքական կատաղի վրեժխնդրությունից քրիստոնյա աշխարհը ցնցվի…»: Չնայած այս պատմությունների հավաստիությունը քննության ու ստուգելու կարիք ուներ, բայց թրքասերների խումբը և հակակառավարական թերթերը խիստ դատողություններ էին անում հայերի դեմ: Հայերի՝ անկախության ձգտումերն ընդհանրապես անընդունելի և դատապարտվելի էին դիտվում այդ հրապարակումներում: Հայերի դիմադրության դեպքերը գնահատվում էին իբրև թուրքերի չարագործություններին համահավասար հանցանքներ: Արձագանքելով «Ռոյթերի» վերոհիշյալ հոդվածին՝ «Դեյլի թելեգրաֆը» գրեց. «… Երկուսն էլ, բարոյականության և քաղաքակրթության ամեն տեսակ կանոնների դեմ մեղանչելով, հավասարապես հանցավոր են և անտեսել են կառավարությանն ու կարգուկանոնի սկզբունքը…»: Հոդվածում կասկածի տակ էր առնվում արդեն իսկ հավաստի փաստերով ապացուցված՝ թուրքերի կողմից Սասունում հայերի սրածությունը և թուրքերի գործողություններն արդարացնող փաստարկներ էին բերվում՝ Թուրքիայի գործողությունները դիտելով՝ որպես «անխուսափելի վրեժխնդրություն»: «…Եթե ենթադրենք, թե թուրքերը ապստամբության նմանվող ամեն բան արյունաներկ և գազանային ձեռքով են զսպում (ուշադրություն դարձրեք «թե»-ական ձևին.- Հ.Ս.) ապա հայերն էլ չեն վարանում անգթություններ գործել , որպեսզի արևմտյան ազգերի ուշադրությունը սևեռեն թուրքերի անխուսափելի վրեժխնդրության վրա, և այսպես մի հարվածով թե՛ իրենց հարստահարիչները պատժվեն և թե՛ իրենց անկախությունը հաստատվի…»:

Սակայն ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց վերջիվերջո հայտնի էր դառնում: Նույն «Դեյլի թելեգրաֆն» էր, որ հրապարակեց դոկտոր Թիլընի մանրապատում հեռագրերն ու նամակները: Փետրվարի 27-ից մինչև մայիսի 23-ը՝ շուրջ երեք ամիս, այդ հեղինակավոր գիտնականն իր հավաստի պատմություններով անընդհատ շարժեց Եվրոպայի և Ամերիկայի խիղճը՝ կենդանի գույներով նկարագրելով թրքահայոց անտանելի տառապանքների պատկերը: Նա Հայաստանի խորքերից աղաղակում էր. «Թուրքիայի պատմության մեջ Սասունի սրածությունը պիտի դասվի Բուլղարիայի, Լիբանանի և Դամասկոսի տխրահռչակ կոտորածների շարքին» և որ «8 000-ից մինչև 10 000 հայ քրիստոնյաներ ջարդվել են ամենայն սառնարյունությամբ»:

«Դեյլի թելեգրաֆից» հետո իրենց թղթակիցների մեծարժեք հաղորդագրությունները տարածեցին «Դեյլի նյուզ թայմզը», «Դեյլի գրաֆիքը» և գավառական մի շարք այլ թերթեր: Թուրքական հայաջինջ քաղաքականությունն այլևս գաղտնիք չէր, պարզ էր նաև Սասունի սրածության պատճառը: Սակայն պարզ չէր, թե այս խնդրին ինչ լուծում պիտի տրվեր: Այս կնճռոտ հարցին լուծում տալու գործին լծվել էին (ինչպես պատմությունը ցույց տվեց, ձևականորե՛ն) մեծ տերությունները: Խոսվում էր, թե ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները Հայաստանի բարենորոգման մի ծրագիր են պատրաստում: Բեռլինի համաժողովից հետո Բ. Դռան վրա գործադրված դիվանագիտական ազդեցիկ ճնշումները, մինչև անգամ 1880 թվականի՝ վեց պետությունների թե՛ համիմաստ և թե՛ հավաքական ծանուցագրերը ապարդյուն էին եղել: Ուստի վստահություն չկար, որ այս անգամ երեք պետությունների ջանքերն ու առաջարկությունները գործնական հետևանքներ կունենային: Ռուսաց Նիկոլայ Երկրորդ կայսեր գահակալությամբ սկիզբ դրված անգլո-ռուսական համաձայնությունը հայկական թնջուկի լուծման գրավական էր դիտվում: Բայց այս ակնկալության հորիզոնն էլ պայծառ չէր, և դա ցույց էր տալիս դեպքերի ոչ նպաստավոր ընթացքը: Համաշխարհային զարգացումներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում էին հայոց խնդրի լուծման հեռանկարների վրա: Ռուսական մամուլում հայտնվում էին դժկամություններ, հասունանում էր չին-ճապոնական պատերազմի հավանականությունը: Մի նշանավոր ռուս քաղաքագետ տիկին՝ Օլգա Նովիկովան, այսպես էր խոսում Սասունի կոտորածների վերաբերյալ.

«Անգլիան մեղավոր է երեք առումով: Նա՛ ջնջեց Սան Ստեֆանոյի դաշնագրով ձեռք բերված ռուսական երաշխավորությունը: Նա՛ ստեղծեց Բեռլինի դաշնագրի «հսկողության» անարժեք հոդվածը և հետո թուրքի վրա ճնշում գործադրելու ամեն հնարավորություն արգելելու համար կնքեց Կիպրոսի այն պայմանագիրը, որն ասիական տիրապետության վրա սուլթանի անօրեն պրոտեկտորատը (թևարկությունը) հաստատեց: Այդ քաղաքականության պտուղը տեսնում ենք Սասունում: Մինչև ե՞րբ պիտի թողնենք, որ այդ բանը շարունակվի: Որքան էլ պարտադրող պաշտոնական գրություններ ու բարեկամական հրահանգներ կամ խրատներ ուղղվեն, դարձյալ հայոց վիճակը չի բարեփոխվի: Դիտողություններն անօգուտ են: Գործել է պետք: Բայց ո՞վ է կարող գործել: Ռուսաստանից բացի ոչ մի պետություն չի կարող գրավել ու կառավարել Հայաստանը: Դժբախտաբար այսչափ դժվար մի գործ ձեռնարկելու համար այն այժմ ո՛չ փափագ ունի և ո՛չ պարտավորություն: Բայց եթե նա չանի, ո՞վ պիտի անի: Ես տեղյակ չեմ մեր արտաքին գործոց նախարարության գաղտնիքներից, բայց «Ռոյթերի» տեղեկատվությունից դատելով՝ արդեն որոշված է՝ չմիջամտել: Թերևս՝ սա ստույգ է: Այսուհանդերձ, ինձ թվում է, որ եթե բոլոր մեծ տերությունները ստիպեն, որ Ռուսաստանը Եվրոպայի փոխանորդը լինի, թերևս մի անգամ ևս գործի իբրև քրիստոնյա ազգի վեհանձն պաշտպան՝ առանց վտանգելու եվրոպական համերաշխությունը» (The Westmister Gazette, դեկտ. 12, 1894):

Հայոց պաշտպանությունը որպես «վեհանձն» քայլ ներկայացնելը հայոց խնդրի շուրջ ծավալվող քաղաքական խաղի «արտաքին ձևավորումն» էր, և այդ ծածկոցի տակից ուրվագծվում էին մեծ տերությունների շահերը, որոնք ավելի շատ բախվում, քան՝ համընկնում էին հայոց ապահովության երաշխավորը դառնալու ուղղությամբ գործադրվելիք քայլերը ձեռնարկելիս:

Այդուհանդերձ, հայ գործիչներն Անգլիայում անդադրում էին: Եկեղեցիների բեմերից, ամսագրերի էջերից, հավաքների սրահներում նրանք ներազդում էին հասարակական կարծիքի վրա, ինչը հզոր կերպով ստիպում էր կառավարությանը գործելու: Մարտի վերջին մի պատվիրակություն՝ Անգլո-հայկական ընկերության ատենապետի առաջնորդությամբ ու քաղաքական ու կրոնական տարբեր դասերի պատվավոր ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկայացավ Անգլիայի արտաքին գործոց նախարարին: Պատվիրակության նպատակն էր խնդրել կառավարությունից, որ չբավարարվի սոսկ Սասունի կոտորածի քննությամբ, այլ գործադրել տա այն բարենորոգումները, որ Թուրքիան, ըստ Բեռլինի դաշնագրի, խոստացել են իրականացնել: Պատվիրակությունը բարենորոգումների մասին հետևյալ առաջարկություններն էր ներկայացնում՝ հայկական նահանգների համար նշանակել մի կառավարիչ, որը կգործի եվրոպական հսկողության ներքո, վրանաբնակ քրդերին եվրոպական կարգապահության կանոններին ենթարկել, ոստիկանությունը ձևավորել եվրոպացիների ու տեղացիների խառն կազմով, դատական բարեփոխումներ իրականացնել:

Լորդ Քիմբրլիի պատասխանը ջերմ էր, փոքր-ինչ հուսադրող շեշտադրումներով, բայց խիստ զգուշավոր և, ըստ էության, խուսափողական. «Ջերմորեն համակրում եմ ձեզ… Ամենքդ էլ տեղյակ եք իրերի դրությանը: Հավատացեք՝ իմ հայրենակիցների հետ միևնույն զգացմունքներն եմ տածում: Խիստ արտահայտություններ չեմ գործածում այն պատճառով, որ դիրքս մեծ պատասխանատվություն է ինձ պարտադրում և կարծիք արտահայտելիս վերին աստիճանի խնամք և զգուշություն է պահանջում:

Նախ, Սասունի խնդրի մասին կարող եմ ասել, որ ամեն հնարավոր ջանք գործադրվել է, գործադրվում է և պիտի գործադրվի, որ քննությունը լիակատար կինի, թեև դա դյուրին չէ: Ֆրանսիական և ռուսական պատվիրակությունների ներկայությամբ այդ քննությունը հնարավորին չափով եվրոպական հսկողություն է նշանակում… Անշուշտ, հանցավորների պատժի խնդիրը չի կարող մոռացվել, բայց բուն խնդիրն այդ դեպքերի կրկնությունն անկարելի դարձնելն է…

Անգլիայի նախարարապետ լորդ Ռոզպրի, որ հայոց դատին նպաստավոր և ոչ մի բառ չէր արտասանել:

Անգլիայի նախարարապետ լորդ Ռոզպրի, որ հայոց դատին նպաստավոր և ոչ մի բառ չէր արտասանել:

Խնդիրն ամենամեծ դժվարություններն ունի,- անգլիական պաշտոնական շրջանակների մոտեցումներն էր պատվիրակներին ներկայացնում Լորդ Քիմբրլին:- Ամենից առաջ, Հայաստան ասելով՝ պետք է հասկանանք մի երկիր, որտեղ միայն հայեր են բնակվում: Ասիական Թուրքիան ունի մի մաս, որ Հայաստան է կոչվում, որտեղ բազմաթիվ հայեր են համախմբված, բայց այնտեղ բազմաթիվ մահմեդականներ էլ կան: Սրանից զատ, ամբողջ Թուրքիայում ցրված հայեր կան, որոնց վիճակն էլ ի նկատի պիտի առնվի: Այս խնդրի ծայրահեղ դժվարությունը հայտնի է նրանով, որ մի քանի տարի առաջ միևնույն նպատակով ներկայացված միացյալ հայտարարությունն ապարդյուն էր: Ուշադրություն դարձրեք նաև այն բանի վրա, որ այս ողջ խնդիրն իր խորքում ծանրակշիռ, դժվար լուծելի և վտանգավոր քաղաքական հարց է պարունակում: Ուրախ եմ, որ Արևելյան հարցը հարուցելու փափագը չունեք… Թուրքիայի քրիստոնյաների բարեկեցությունը ցանկացողները ջերմորեն պետք է ողջունեն այն հանգամանքը, որ այս խնդրով անմիջականորեն շահագրգռված երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի անկեղծ և սրտագին համագործակցությունն է առկա այս պարագայում… Հաստատապես համոզված եմ, որ ռուսական կառավարությունն էլ մեր չափ ընդունում է, որ այս իրավիճակի շարունակումը բացարձակապես վտանգավոր է, և մեր չափ փափագում է, որ ազդեցիկ միջոցներ գործադրվեն… Անհրաժեշտ է այնպես գործել, որ մեր համագործակցությամբ մի կորուստ էլ չունենանք: Այս երկու պետություններից ստացած թղթակցություններս շատ քաջալերող են: Պակաս սրտակից չեն նաև Բեռլինի դաշնագրին մասնակից մյուս պետությունները, և երբ ժամանակը հասնի, համոզված եմ, ո՛չ Իտալիան և ո՛չ Գերմանիան չպետք է թերանան անհրաժեշտ համարվելիք ինչ-ինչ գործողություններ ձեռնարկելիս: Բնական է՝ այս հապաղումը մտահոգիչ է: Մեր առջև ամենակնճռոտ հարցն ունենք, ինչում իրար հաջորդող նախարարների ճիգերն ապարդյուն են անցել… Անհավանական է, որ այն կատարյալ և անթերի լուծում ստանա, եթե ծայրագույն զգուշությամբ չգործենք…

Ցանկանում եմ կտրականապես հերքել, որ ձեր ընկերության կամ մեր կառավարության ձեռնարկած գործողությունները սուլթանի դեմ թշնամական ոգի ունեն. այդ միապետի և նրա կառավարության շահի, ինչպես նաև օսմանյան պետության տևականության համար է անհրաժեշտ, որ արդի իրավիճակի դեմ անթերի դարման գտնվի: Ես հավատում եմ, որ եթե հայ ժողովուրդը բարվոք և արդար կերպով կառավարվի, ապա սուլթանը պիտի տեսնի, որ իրեն շրջապատող հպատակները ոչ թե թշնամիներ են, այլ՝ անկեղծ պաշտպաններ… Արևելյան հարցի ամբողջ առանցքը պտտվում է սուլթանի երկրի մի քանի մասերի դժգոհությունների շուրջ, և եթե այդ դժգոհությունը վերացվի, բարդությունների մեծ մասը կպակասի: Պետք չէ հուսալ, թե խնդրին կատարյալ լուծում կտրվի, բայց հիմա մասնավորապես նպաստավոր շրջան է ազդեցիկ գործողությունների համար, քանի որ չկա մի եվրոպական պետություն, որ այժմ ցանկանա հարուցել Արևելյան հարցը… »:

Ինչպես հստակ երևում է Անգլիայի արտաքին գործոց նախարարի ելույթից, հայոց խնդրի, նույն է թե՝ Արևելյան խնդրի վերարծարծումը, բնավ իր երկրի շահերից չէր բխում: «Դեյլի թելեգրաֆը» կարծիք հայտնեց, թե լորդ Քիմբրլիի հայտարարությունը «երկչոտ էր, թույլ և անբավարար»: Անգլիան, այդ պատմական ժամանակահատվածում համաձայնության գալով այլ խոշոր տերությունների հետ, ջանում էր հասնել իրավիճակի կարգավորման՝ սուլթանական Թուրքիայի կառավարման համակարգում մասնավոր բարենորոգումների իրագործման ճանապարհով, ինչը պիտի հանգեցներ Թուրքիայի բարգավաճմանը: Եվ որքան մեծ լիներ այդ գործընթացում շահագրգիռ տերությունների մասնակցությունը, նույնքան մեծ կլիներ Թուրքիայում վերջիններիս շահերի ներկայացումն ու ազդեցության լծակների հզորացումը: Այս պարագայում հայոց շահերի լիարժեք պաշտպանության մասին խոսք լինել չէր կարող: Անմեղները դարձյալ դրվում էին մեծ տերությունների քաղաքական շահերի բախման զոհասեղանին:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հասմիկ Սարգսյան

Հոդվածի նյութերը քաղված են 19-րդ դարավերջի գրավոր աղբյուրներից և մամուլի հրապարակումներից

Տես՝  ՄԱՍ I

ՄԱՍ II

ՄԱՍ III

 

Добавить комментарий