ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ

ԼՂՀ բանակի 2-րդ գումարտակի փոխհրամանատար, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի (1966–1992) նահատակության 10-րդ տարելիցի առթիվ

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան) Dushman Vardan ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան)

«Շուշիի ազատագրման գործում ամենաակտիվը, ամենախիզախն ու համարձակը Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի ջոկատն էր, որն առաջիններից մեկը մտավ Շուշի:
Վարդան-Դուշմանը մարտի նախաձեռնողն էր: Նրա ջոկատը կռվեց ամենադժվարին ու պատասխանատու ուղղություններում, ժամանակին կատարեց մարտական հանձնարարությունները և նպաստեց Շուշիի ազատագրմանը: Դուշմանը Արցախի ազատագրական պայքարի ամենադժվարին ժամանակներից՝ սկզբից մինչև իր մահը՝ 1992 թվականը, նրա քաջարի զինվորն էր: Աֆղանստանում մարտնչած օրերի մեծ փորձն ու հմտությունը շատ օգնեցին դժվարին ու պատասխանատու գործողությունների հաջող իրականացմանը՝ Լեսնոյի, Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալուի, Զառիսլուի, Բերդաձորի, Լաչինի և այլ բնակավայրերի ազատագրմանը: Նրա մարտական գործողություններրը, պահվածքը մարտի դաշտում ոգեշնչում էին ընկերներին: Այդ ամենի մասին քիչ բան գիտե մեր ժողովուրդը: Իրադարձությունների 95 տոկոսն անհայտ է, միայն 5 տոկոսն է հայտնի: Նրա մարտական ընկերներից շատերն այսօրվա կյանքով պարտական են ԴՈՒՇՄԱՆԻՆ»:

Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)
ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի
նախկին գլխավոր հրամանատար

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ
Արցախի ազատամարտում նահատակված հայորդիների գերակշիռ մասը մեզ տարեկից է: Թշնամու դավադիր գնդակից կամ ականի պայթյունից ընդհատված ամեն մի կյանքի հետպատերազմական այդ օրերին մեր արյունն էլ սառում էր մեր երակներում: Ամոթի կամ մեղավորության պես մի զգացում է պատում մեզ՝ նրանց վշտակիր, բայց հպարտ մայրերին հանդիպելիս, նրանց մասին մտածելիս: Մեզնից ո՞ւմ մտքով չի անցել, որ ինքը նույնպես կարող էր զոհվել, եթե ռազմաճակատ մեկներ: Սակայն մի բան է այսպես մտածելը, մեկ այլ բան՝ Հայրենիքի համար ստեղծված ծանր ու վտանգավոր պահին ապահով անկյուններ ու «բարի քեռիներ» փնտրելը, բոլորովին այլ բան՝ մահն արհամարհած, Նժդեհի՝ «Ուժն է ծնում իրավունք» կարգախոսն իրենց պայքարի դրոշին ամրագրած մերօրյա ազատամարտի նվիրյալների ուխտը: Այս սերունդը, որ մահու չափ հոգնել էր բարոյական հաղթանակներից ու «թղթե շերեփներից», սովետական քարոզչական մեքենայի՝ մեզ պարտադրած եղբայրության և ինտերնացիոնալիզմի կարգախոսներից, հայտնաբերել էր պապերի վրեժը լուծելու և նախորդ ժամանակների կորուստները վերադարձնելու միակ՝ զենքին ապավինելու ճշմարտությունը: Մեզ՝ ապրողներիս ընդհանրապես, լրագրողներիս՝ մասնավորապես, բաժին է ընկել հերոսներին արժանավայել մեծարելու պարտականությունը: Ապրողներիս պարտքն է նաև տեր կանգնել նրանց կիսատ թողած գործին և պատվախնդրորեն շարունակել նրանց անավարտ թռիչքը:
Վարդան Ստեփանյան՝ Դուշման: Ծնվել է Երևանում, 1966 թվականին: Ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1984 թվականին զորակոչվել է սովետական բանակ, ծառայել Աֆղանստանում: Զորացրվելուց հետո ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1988 թվականին, երբ սկսվեց ազգային վերազարթոնքը, դեռ ուսանող էր: Չհասցրեց ավարտել բարձրագույն կրթությունը և միշտ մնաց ուսանող՝ 26 տարեկան: Ազգային ազատագրական պայքարը նրան տարավ հերոսի ուխտով երդվյալ զինվորների ճանապարհով: Ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր: Մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը, Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Դուշման-Վարդան հային, զինվորին, քաջին, մարտական ընկերոջն ու անկախ ՀՀ քաղաքացուն կներկայացնեն նրա մարտական ընկերներ Սամվել Սմբատյանն ու Իգոր Սարգսյանը և «Հույս-Վարդան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եդիգարյանը: Ի դեպ, Ամալյան նաև գիրք է գրել Վարդանի կարճատև կյանքի, բայց ուսանելի գործունեության մասին՝ «Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք» խորագրով: Մեր այս հաղորդման ընթացքում կներկայացնենք հատվածներ այդ գրքից:
– Մեծ պատիվ է և շատ ավելի մեծ պատասխանատվություն՝ ներկայացնել մի այնպիսի «սրբազան խենթի», ինչպիսին Դուշման-Վարդանն է: Հետաքրքիր է, Սամվե՛լ, ձեր առաջին հանդիպումը, ծանոթությունը Վարդանի հետ: Ե՞րբ էր, ի՞նչ հանգամանքներում:
Սամվել – Վարդանի հետ ծանոթացել եմ Աֆղանստանում, երբ նա եկավ ծառայության: Առաջին հանդիպման ժամանակ հայկական ընտանիքում մեծացած, փափուկ պահված մանչուկի տպավորություն թողեց: Ընդամենը մեկ շաբաթ հետո Վարդանը ցույց տվեց, որ ինքը կազմակերպված երիտասարդ է: Մեկ ամիս հետո ծառայության զորակոչված նրա հասակակիցները կարծում էին, թե Վարդանն առնվազն մեկ տարվա ծառայող է… Որպես ծառայող նրա պահվածքը շատ հասուն էր, իսկ ձգտումը դեպի մարտադաշտ զարմացնում էր: Մենք՝ հին ծառայողներս, մտահոգված էինք Վարդանին մի ինչ-որ տաքուկ անկյունում տեղավորելու մասին, չէինք ուզում, որ նա մասնակցեր ռազմական գործողություններին: Բայց նա կտրուկ մերժեց մեզ: Այդ օրվանից էլ սկսվեց մեր մտերմությունը: Նա ոչ մի բան հենց այնպես չէր անում…
«Աֆղանցի» տղաներից Վարդանն առաջինն էր, որ մտավ Արցախյան շարժման մեջ: Շատերը նոր էին գլխի ընկնում, որ զենքի ուժով միայն հաղթանակ կլինի, բայց Վարդանն արդեն ծրագրեր էր մշակում: Զենք, զինամթերք հայթայթելու համար նա նույնիսկ մեկնեց Ռուսաստան: Հավաքում էր՝ ինչ որ պետք էր և անակնկալ մեկնում Արցախ՝ այս կամ այն գյուղում բազա հիմնելու… Դեռ երևանյան հանրահավաքների ժամանակ իր ակտիվությամբ արժանացել էր անվտանգության ծառայության ուշադրությանը: Հետո սկսվեց սահմանների պաշտպանությունը: Վարդանն սկզբում սահմաններում էր, հետո մեկնեց Արցախ և ընդմիշտ նվիրվեց նրա պաշտպանությանը…
– Այն ժամանակ գիտեի՞ք, որ նա կամավոր է եկել Աֆղանստան: Եթե այո, զարմանալի չէ՞ր, որ նա ելել է կռվելու ոչ թե Հայաստանի կորուստների համար, այլ ՙինտերնացիոնալ՚ պարտք է կատարում:
Սամվել – Մենք այդքան էլ գրկաբաց չէինք ընդունում կամավոր եկածներին: Բայց մեր աչքի առաջ Վարդանն առնականացավ, դարձավ տղամարդ, կարողացավ դրսևորել իր «ես»-ը՝ որպես կայացած անձ, որպես զինվոր: Այդպես էր նրան դաստիարակել հայոց պատմությունը:
Վարդանի հետ մարտական գործողությունների մասնակցե՞լ եք Աֆղանստանում, կողք կողքի եղե՞լ եք կռիվների ժամանակ:
Սամվել – Այո՛ , իհարկե: Մի անգամ (Վարդանը նոր էր եկել) առաջադրանք կատարելու էինք գնում 25 հոգով. ես՝ առջևից, խումբը` իմ հետևից, Վարդանն էլ՝ շարասյան վերջից: Կանգնելու հրահանգ եղավ. զինվորներից մեկը հետ էր ընկել: Վարդանն էր: Ոչ թե հոգնել էր, այլ հիվանդ էր: Ասացի. «Վարդա՛ն, զենքդ տուր՝ տանեմ»: Համառեց: Կրկնեցի: «Իմ զենքը ե՛ս պետք է տանեմ», – այնպիսի տոնով պատասխանեց, որ անիմաստ էր այլ բան ասելը: Կարճ դադարից հետո շարունակեցինք մեր ճանապարհը:
– Իգո՛ ր, պատմե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս է տեղի ունեցել ձեր ծանոթությունը:
Իգոր – Վարդանի հետ ծանոթացել եմ 1991 թվականին, երբ ԼՂՀ-ի ընդհանուր հրամանատարության հետ համատեղ դիվերսիոն (խափանարարական – Հ. Գ.) գործողություն կազմակերպվեց Շուշի–Լաչին ճանապարհի ուղղությամբ: Այդ գործողությանը մասնակցելու նպատակով վերցրեց ինձ: Քարինտակից գիշերը ոտքով հասանք Զառիսլու և Լիսագոր: Դիմացից գալիս էր թշնամու տեխնիկան: Նախապատրաստվեցինք կրակելու: Մոտ երկու հարյուր մետր էր մնում, որ թշնամին հասներ մեզ: Առաջինը ես պետք է կրակեի: Վարդանին հարց տվեցի: Նա զայրացավ. «Հիմա հարց տալու ժամանակը չէ, պետք է կողմնորոշվես և գործդ անես»: Վիրավորվեցի, բայց հասկացա, որ այդ պահին վիճել չէր կարելի: Մեր առաջադրանքը բարեհաջող կատարեցինք: Հետդարձի ճանապարհին վիճում էինք: Ասում էի. «Լա՛վ, չգիտեի, հարցրի: Դո՛ւ ես հրամանատարը, ո՞ւմ դիմեի այդ պահին»: Պատասխանեց. «Մինչև այդ պահը պետք է հարցնեիր»: Այսինքն՝ ինքնուրույն մտածելու, որոշում կայացնելու առիթ և հնարավորություն էր տալիս:
Սամվել – Մարտական առաջադրանքները ներկայացվում են մինչև մարտի գնալը, պատրաստվում են բոլոր առումներով: Դիրքավորվելուց հետո յուրաքանչյուրն իր գործին է անցնում: Եթե նա այդ պահին պատասխաներ քո հարցին, հաջորդ պահին դու կրկին պետք է դիմեիր նրան: Դու էլ հետագայում համոզվեցիր, որ հրամանատարն իր հետ պետք է ունենա ոչ թե զուտ լսող, կրակող զինվոր, այլ մտածող, ապագա հրամանատար:
Իգոր – Իհարկե: «Վեճի» ընթացքում հասկացա նրա նրբանկատությունը: Լեսնոյի գործողությունից հետո մի այսպիսի դեպք եղավ: Մի գյուղացի հրամանատարին մի քանի հոգու հետ հրավիրել էր ճաշելու: Չգիտես ինչու՝ լուր տարածվեց, թե գնալու են նրա տանը տեսաժապավեն նայելու: Մենք էլ գնացինք՝ բանից անտեղյակ: Բայց պարզվեց, որ շուրջ քսան հոգի արդեն գնացել և դեռ գնում էին: Անհարմար վիճակ էր ստեղծվել այդ գյուղացու համար. նա չէր կարող բոլորին կերակրել… Վարդանը զայրացած հարցրեց ինձ. «Ինչո՞ւ ես եկել»: Վիրավորված պատասխանեցի. «Հեռուստացույց նայելու»… Եվ թողեցինք, հեռացանք: Առավոտ շուտ Վարդանը եկավ ինձ մոտ՝ ներողություն խնդրելու: Բարեկրթորեն բացատրեց. «Բորբոքված էի: Չէ՛ ր կարելի տանտիրոջն այդքան ծանր վիճակի մեջ դնել…»: Հրամանատար էր, կարող էր և չասել այդքանը: Դրանով նա ցույց տվեց իր մարդկային որակը, և ես էլ ավելի սիրեցի նրան: Իսկ երբ իմացավ, որ ես էլ եմ Սևանից, շատ ուրախացավ: Մտերմացանք ավելի…
– Վարդանի մասին ասում են՝ միշտ այնտեղ էր, որտեղ վտանգ կար: Ցանկալի է՝ պատմեք Խոջալուի գործողությունների մասին:
Իգոր – Ես այդ գործողություններին չեմ մասնակցել: Բայց կարող եմ պատմել Լեսնոյի, Հասանաբադի կռիվների մասին: Այո, որտեղ վտանգ կար, Վարդանն այնտեղ էր:
– Խոջալուի մասին խնդրենք պատմել Ամալյային, բայց այն հարցից հետո, թե ինչպե՞ս է նա հայտնաբերել իր համար Վարդանի թեման: Գիտեմ, որ նրանք ծանոթ չեն եղել: Վարդանի գործունեությամբ հետաքրքրվել է, երբ կար, մնացել էր առասպելը…
Ամալյա – Վարդանի մասին և՛ հեշտ է խոսելը, և՛ դժվար: Ասելիքն այնքա՜ն շատ է, որ չգիտես՝ ինչից սկսել… Ռադիոհաղորդում էի պատրաստում՝ նվիրված զոհված ազատամարտիկ Հապետ Արշակյանին: Երկուսն էլ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ էին: Հայրը պատմում էր Հապետի մասին: Մի պահ նա անցավ Վարդանի կերպարին: Պատմեց ու պատմեց Վարդանի մասին: Այդ ժամանակ էլ որոշեցի իմ այդ հաղորդման մեջ մի էջ էլ նվիրել Վարդանին: Փնտրտուքի մեջ էի: Հապետի հայրը խոստացավ օգնել՝ գտնելու Վարդանի մորը. ծանոթ էին միմյանց: Սակայն ասես նախախնամության կամքով օրերից մի օր Ջերմուկում պատահաբար ծանոթացա Վարդանի մոր` տիկին Զարիկի հետ: Մեր ծանոթության այդ տասնօրյա ժամանակամիջոցում շարունակ պատմում էր իր որդու մասին: Հասկացա, որ մեկ հաղորդմամբ դժվար է ներկայացնել այն ամենը, ինչը կարելի է պատմել Վարդանի մասին: Եվ ծնվեց գրքի գաղափարը:
Հարցնում եք Խոջալուի մասին: Մեծ է եղել Վարդանի դերը Խոջալուի ազատագրման գործում, իսկ այն, որպես օդանավակայան, ռազմական կարևոր նշանակություն ուներ պատերազմում: ԼաչինՍտեփանակերտ միջանցքը դեռ բացված չէր, և մեր զինուժը մեծագույն դժվարությամբ էր հասնում Արցախ: Ավելորդ է նկարագրել Խոջալուի ազատագրման անհրաժեշտությունը: Պատմեմ միայն մեկ դրվագ, երբ ոչընչացվել է հայտնի դզօտը (փայտահողաշեն կրակակետ – Հ. Գ.): Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե կռիվն ավարտվել է: Բայց հանկարծ հակառակորդի դզօտից կրակ է արձակվել ՙշտապ օգնության՚ մեքենայի ուղղությամբ: Ժամը 9:30–17:00-ն աշխատել են վնասազերծել կրակակետը, բայց չի հաջողվել: Այստեղ դրսևորվել են Վարդանի հնարամտությունն ու համարձակությունը: Բոլորից աննկատ մոտեցել, նռնակն ակնթարթորեն նետել է դզօտի վրա: Մինչ ադրբեջանցիները կհասցնեին ուշքի գալ` մերոնք հասցնում են գերեվարել նրանց: Պարզվել է, որ դզօտն աշխատեցրել են Աֆղանստանում կռված տղաներ… Կրկժանն այդ ժամանակ ասես Ստեփանակերտի կոկորդում մնացած ոսկոր լիներ: Այդտեղից շարունակ ռմբակոծել են քաղաքը: Դա ամենավտանգավոր կրակակետն էր Ստեփանակերտի համար: Մի օր, երբ Վարդանը մարտական ընկերներից մեկի` Լևոնի հետ քայլելիս է եղել մայրաքաղաքի փողոցներով, սկսվել է հերթական կրակահերթը: Նրանց առջևից, որոշ հեռավորությամբ, անցնելիս է եղել մի աղջիկ: Վերջինս, քայլերի ձայն լսելով, վախեցած աղաղակել է: Վարդանը մոտեցել է, փորձել հանգստացնել, որ իրենք խաղաղ անցորդներ են և պետք չէ իրենցից վախենալ: Աղջիկը չի հանգստացել, արագացրել է քայլերը` շարունակելով աղաղակել: Վարդանը կրկին մոտեցել է նրան` ասելով. ՙՔո՛ ւյր իմ, սիրելի՛ ս, քանի մենք այստեղ ենք, թուրքն այս հողին ոտք չի դնի, իսկ մենք այստեղ ենք, և այս երկրի տիրուհին դուք եք…՚: Վարդանը շատ մարդամոտ է եղել, խոսքաշեն: Երբեք ինքնաներկայացման խնդիր չի ունեցել: Եղել է պարզ, շիտակ, հասարակ: Նրա շրջապատը միշտ մարդաշատ է եղել: Ես համոզվեցի դրանում, երբ տարբեր առիթներով այստեղայնտեղ խոսք էի բացում Վարդանի մասին, խոսակցությունն այլևս շարունակվում էր միայն նրա մասին: Իմ երկրորդ գիրքը ծնվեց այդ հանդիպումների շնորհիվ:
Ես դեռ չգիտեմ` ինչպես եք անվանելու երկրորդ գիրքը, բայց առաջինի վերնագիրը շատ խոսուն է և ամեն ինչ է ասում Շուշիի մասին: Ինչո՞ւ էր Շուշին նրա համար պաշտամունք:
Ամալյա – Խոջալուն ազատագրելուց հետո ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը մտերմաբար ասել է նրան. «Վարդա՛ ն, ընտրիր Խոջալուի ամենալավ տունը, այն նվիրում եմ քեզ, դու դրան արժանի ես»: Իսկ Վարդանը կատակելով ասել է. «Ես Խոջալուից բնակարան չեմ ուզում, ես տուն եմ ուզում Շուշիում»: Խոջալուն ազատագրվել է 1992 թվականի փետրվարի 26ին, իսկ նա արդեն Շուշին ազատագրելու ծրագրեր ուներ… Շուշիի գործում էլ մեծ է եղել նրա լուման: Սակայն կրկին ուզում եմ առանձնացնել մի բավական հատկանշական դեպք: Բերդաքաղաքի ազատագրումից հետո, երբ բոլորը տոնախմբության, ցնծության մեջ են եղել (մեզ ներկայացվող կադրերում Վարդանին չենք տեսնում), նա շամպայնի շիշն առած խենթի պես հասել է Շուշիի գերեզմանոց, կաթիլկաթիլ կաթեցրել պապերի շիրիմների վրա և ասել. «Մե՛ ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ ք…»: Երկար եմ մտորել գրքի վերնագրի շուրջ և, չգիտես ինչու, ուշադրությունս գրավեց նրա այդ խոսքը:
«Շուշին պետք է ազատագրենք, մենք մեր հողն ենք փրկում, մեզ ուրիշի հողեր պետք չեն: Շուշի պետք է մտնեմ առաջինը և Լաչինով տուն գնամ», – սիրում էր ասել Վարդանը:
Հատված գրքից:
«Եվ գիտակցելով, որ Շուշին է վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը, հիշելով Դրոյի իմաստուն խոսքը՝ ՙՈվ տիրում է Շուշիին, նա էլ տիրում է Ղարաբաղին՚, ողջ արցախահայության ուշադրությունը շարժման սկըզբնաօրից գամված է եղել այդ բարձունքին: Ստեղծվել են բոլոր պայմանները՝ Շուշին, Զառիսլուն, Լիսագորը, Բերդաձորը, Լաչինը ազատագրելու և անառիկ ամրոցներ դարձնելու համար: Իսկ թշնամին այդ հողի վրա դիմակայելու կամք չունեցավ, քանի որ բանակը վարձու էր, հողը՝ օտար, քանի որ հայերի համար Ղարաբաղի խնդիրը կյանքի ու հայրենիքի հարց էր… Այո՛ , Շուշի գնացող զինվորները տուն էին գնում: Այդ քաղաքը նրանց համար կորուսյալ երկրի խորհրդանիշ էր: Եվ նրանց առաջին հերթին ոչ թե ատելությունն էր առաջ մղում, այլ հիշողությունը, քանի որ վաղ թե ուշ մարդիկ անպայման վերադառնում են իրենց արմատներին: Նրանց մարտի էր տանում նաև պարտքը ընկածների, պարտքը գալիք սերունդների հանդեպ, որոնք չեն կարող անհայրենիք լինել…»:
Վարդանի մասին շատ բան է ասում Շուշիի ազատագրումից հետո «Դրօշակ» ամսագրին տված նրա անդրանիկ հարցազրույցը:
«– Վարդան, Շուշիից առաջ ինչպիսի՞ն էր զինվորների տրամադրությունը, և ի՞նչ եք զգում այսօր, երբ Շուշին ազատագրված է:
– Կռվից առաջ ավելի լավ էր, քան հիմա: Միշտ էլ այդպես է լինում: Թվում է, մի տեսակ դատարկված ենք…
– Տղաները ինչպե՞ս էին կռվում:
– Հրաշալի: Հաճախ հրամաններով զսպում էինք նրանց ոգևորությունը, որ անտեղի զոհեր չտայինք: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ տղաները պատրաստ էին անգամ ատամներով կռվել ու… հրասայլեր կանգնեցնել:
– Հաղթանակի հիմնական գաղտնիքը ո՞րն էր:
– Թուրքերի նյարդերը չդիմացան: Մերոնք հոգեբանորեն արդեն հաղթել էին նրանց: Այլապես դժվար թե Շուշին գրավեինք: Հարձակումը շատ շեշտակի էր: Սկզբում վիրավորներին չէինք հասցնում հանել կռվի դաշտից, բայց դա մերոնց չէր վհատեցնում, չէր կասեցնում հարձակման թափը:
– Որևէ այլ բան կցանկանայի՞ք ասել:
– Ամեն ինչ լավ կլինի»: («Դրօշակ», 4. 10. 1992)
– Իգո՛ր, խնդրում եմ` ասեք` ո՞րն էր Վարդանի ամենադժվար կռիվը և հիշեք ամենահերոսական դրվագներից: Ինչպե՞ս էր նա պահում իրեն այդ դժվար պահերին:

Իգոր – Հավանաբար դժվարանամ ասել: Կարող եմ պատմել այն մարտերի մասին, որոնց մասնակցել եմ նրա հետ: Ինձ համար մինչ այժմ անհասկանալի էին նրա պահվածքը, կեցվածքը, գործողությունները մարտը ղեկավարելիս: Լեսնոյի ազատագրման ժամանակ տեսել եմ, ինչպես էր նա թռչում գնդակների վրայով, գլուխկոնծի տալիս: Երևում էր, որ գնդակները գալիս են իր հետևից: Ինձ շատ էր զարմացնում դա: Նրա ղեկավարությամբ հաջողությամբ կատարեցինք ռազմական գործողությունը, վերցրինք գյուղը… Զառիսլուի գործողությունն սկսելուց առաջ Վարդանն առաջարկեց Շուշի-Լաչին ճանապարհն ականապատել: Ի՛նչ նախազգացում էր դա… Զառիսլուի մոտ կարողացանք կանխել Շուշիի վրա հակառակորդի հանկարծակի հարձակումը… Հասանաբադում մեր ջոկատներից մեկը շրջափակման մեջ էր ընկել: Վարդանն աֆղանական կռիվներում սովորած «գեղարվեստական» կրակոցներով հասկացրեց, որ մենք մոտ ենք: Մեր տղաներից մեկը` Արամ Պողոսյանը (ցավոք, մահացավ 2000 թվականին, փա՛ ռք նրան, հերոս տղա էր), թուրքերի ձեռքը չընկնելու և զոհված ընկերների դիակները չտալու համար այդ պահին արդեն պատրաստ է եղել պայթեցնել նռնակը: Դուշմանի կրակոցը, ինչպես հետագայում հիշում էր Արամը, նրանց փրկել է: Մի կողմից` թուրքերի, մյուս կողմից` ռուսների ուղղությամբ կրակելով` հասանք և փրկեցինք նրանց: Վարդանի մարտական փորձառությունը, ռազմական գիտելիքներն անչափ կարևոր էին մեզ համար:
Ամալյա – Հրաշալի հրամանատար լինելուց զատ հրաշալի հրահանգիչ էր, կարողանում էր նաև մարտիկների մեջ հայկական ոգի ներարկել: Ժամանակին նա խոստովանել է, որ ինքը մեծացել է գրադարանում: Դեռ մանկուց սկսել է կարդալ վեպեր ու վիպակներ և դրանց օգնությամբ «մասնակից» դարձել Ավարայրի ճակատամարտին, Շիրազի օգնությամբ Դանթեական դժոխքն է «տեսել» իր տառապյալ հողում… Դեռ մանկուց է հոշոտվել նրա հոգին: ՀԱՅ ասելով նա հասկանում էր Եղեռն, պայքար և ազատություն: Աֆղանստան մեկնել է կամավոր: Ամաչել է մեր ազգի շատ զավակների փոխարեն, որովհետև, ինչպես ինքն էր ասում. «Գնում են Ռուսաստան, դառնում արհեստավոր կամ շինարար: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, մենք կռվող չունենք: Վաղն ի՞նչ է լինելու մեր վերջը, եթե…»: Սա է եղել Աֆղանստան մեկնելու հիմնական պատճառը: Գնաց և այնտեղից եկավ հերոսացած, որն էլ շատ օգնեց Արցախի հաղթանակի կայացմանը: Ինչո՞ւ է նրա դերն այս պայքարում կարևորվում: Վարդանն այն մարտիկներից էր, ով տանկը, նշանառուն տեսել էր ոչ թե էկրաններին կամ դրանց մասին կարդացել գրքերում, այլ երկու տարի դեմ առ դեմ կռվել Աֆղանստանում: Շատ եմ արժևորում Վարդանի դերը նաև մեր բանակաշինության գործում: Նրան կարելի է համարել հայկական նորաստեղծ բանակի հիմնադիրներից մեկը: Ղարաբաղում, որտեղ որ եղել են առաջին բանակումները, Վարդանը եղել է բոլոր տեղերում: Այդ մասին շատերն են վկայում:
– Ասում են` Վարդանը հետին թվով չի ներել իր պապերին, ովքեր լքել են իրենց հայրենի հողը: Խոսում են նաև Վարդանի հողապաշտության մասին: Սամվե՛ լ, որքան գիտեմ, մի անգամ բանավիճել եք Վարդանի հետ…
Սամվել – Վարդանի հետ մեր միակ վիճաբանությունը, անհամաձայնությունն այն էր, որ նա միշտ հողը թանկ էր գնահատում մորից, իսկ ես` ոչ: Չկարողացա երբեք հակառակն ապացուցել: Սկզբում մեր` իր նախկին մարտական ընկերների` «աֆղանցիներիս» հետ էր կռվում Արցախում: Մենք ընդմիջումներով էինք կռվի դուրս գալիս, այսինքն` հանձնարարությունը կատարելուց հետո հանգստանում էինք, իսկ Վարդանն այնքան էր տարված հողով, որ դա չէր ընդունում… «Հողի ազատագրմանը պետք է տրվել անմնացորդ, անդադար, մինչև որ այն ազատագրվի», – ասում էր: Համագործակցում էր դաշնակցականների հետ: Այդ էր պատճառը, որ ոմանք նրան սկսեցին դաշնակցական համարել: Բայց նա միշտ ասում էր, որ ինքը ոչ կոմունիստ է, ոչ հնչակ, ոչ դաշնակցական. «Ես կռվող, հող ազատագրող եմ»: Նա անընդհատ ընդգծում էր, որ մեր պապերը թողել, գնացել են այստեղից, մենք պետք է հետ վերցնենք մեր հողերը: Պետությունը, ազգը ապրում, շնչում են Վարդանի նման տղաներով, ովքեր ունեն պետական մտածողություն…
– Որքան հետաքրքիր կլիներ մեր այս հաղորդումը Վարդանի մասին, եթե հնարավոր լիներ «Ակունքի՚ ձայնասրահում հավաքել նրա բոլոր մարտական ընկերներին: Ցավոք, նրանց մեծ մասն անմահացել է Վարդանի պես, ոմանք Արցախում են, մյուներն էլ` այլուր: Ամալյա՛, Ձեր գրքում կարդում ենք. ՙԵրանի՜ թե որքան նրանք էին սիրում մեր ազգն ու հայրենիքը, ազգն էլ այդ սիրո գոնե մեկ հազարերորդականը փոխադարձեր»: Ի՞նչ նկատի ունեիք այս տողերը գրելիս:
Ամալյա – Գիրքը գրել եմ հինգ տարի առաջ: Այդ ժամանակ թե՛ պետական կառույցների և թե՛ հասարակության մոտեցումը զոհվածներին և նրանց ընտանիքներին հավուր պատշաճի չէր: Յուրաքանչյուր զոհված մարտիկ արժանվույնս չգնահատվեց: Նոր են սկսել կոչումներ տալ: Իհարկե, Վարդանը կոչումներ ստանալու համար չէր կռվում: Բայց տեսնում ենք` ովքեր են արժանանում կոչումների: Բոլո՞րն են արդյոք դրան արժանի… Այդ տարիների ընթացքում ինչպես ես, այնպես էլ ժողովուրդը ճանաչեցին, գնահատեցին Վարդան մարդուն, նրա գործը: Ժողովուրդն իր գնահատականը տվել է այդ հերոսին: Ժողովուրդը նրան տվե՛ց հերոսի կոչում: Զարմանում եմ, որ մեր իշխանությունները, պետական այն այրերը, ովքեր ունեն այդ կոչումը տալու իրավունքը, լռում են: Եթե նախկինում լռում էին` մեղքը բարդելով կուսակցական շահերի վրա, այսօր այդ խնդիրները կարծես վերացել են: Ծանոթանալով նրա գործունեությանը, երբեմն զայրանում եմ: Եթե ոչ Վարդանին, ապա ո՞ւմ կարելի է տալ ազգային հերոսի կոչումը: Այսօր կարծեմ չորսհինգ հոգի են արժանացել դրան: Նրանք արժանի են, բայց արժանի է նաև Վարդանը: Վարդանի կերպարով այսօր սերունդ ենք դաստիարակում: Այս հինգ տարվա ընթացքում իմ գիրքը հասել է ԱՄՆ, Կանադա, Իսրայել, անցել դպրոցից դպրոց: Արցախի ազատագըրման համար մեր այս տղաներն անկարելին են արել: Իսկ հայրենի իշխանությունների մոտեցումը մի տեսակ հուսախաբ է անում: Կարծում եմ` վերջիններս դեռ պետք է իրենց խոսքն ասեն այդ առթիվ: Լրացավ Վարդանի մահվան տասը տարին: Լռությամբ անցավ: Խոր զայրույթ ապրեցի այդ առիթով: ՀՀ պաշտպանության նախարարությունում հրաշալի գիտեն Վարդանին, իրենց մարտական ընկերն է եղել: Նրանք էլ լռեցին…
– Հուլիսի 3-ը նրա վերջին օրն էր: Լավ էր, որ նա չտեսավ Մարտակերտի անկումը` մի քանի օր անց: Նա չտեսավ նաև Արծվաշենի անկումը: Թե ո՞վ էր մեղավոր, ինչո՞ւ, ի՞նչ տեղի ունեցավ Արծվաշենում, այդ հարցերին կպատասխանի ժամանակը: Գետաշենի ենթաշրջանի հայաթափումը անասելի ծանր ողբերգություն էր Վարդանի համար:
Հատված գրքից:
«Երբ սկսվեց այդ լեռնաշխարհի` պատմության մեջ չտեսնված, խաղաղ բնակչության ողբերգությունը, անկազմակերպ գաղթը դեպի անհայտություն, մարդիկ մոլորված հեռացան իրենց տներից՝ թշնամուն թողնելով ամբողջ ունեցվածքը, ու նաև ամենասուրբը՝ պապերի ու հարազատների շիրիմները…
Բուզլուխը թողնելուց առաջ Վարդանը մտնում է գերեզմանոցը, ծնկում մի շիրիմի առջև, «Հայր մեր» արտասանում, ոչ այնքան հստակ ավելացնում. «Ներեցե՛ք, մեր պապեր, քույրեր, ձեր չար որդիներին»:
Կարծես կրկնվում էր դարասկզբի ահավոր ոճիրը… Մինչև օրս էլ ընկերները չեն հասկացել Վարդանի այդ խոստովանությունը: Բայց ի՞նչ կար չհասկանալու. նա ներողություն էր խնդրում այդ սուրբ շիրիմներն ու հողը չպաշտպանելու, անպատկառ թշնամուն թողնելու համար: Այդքանը չէ: Մտել է գյուղ, գետնախնձորների թփուտները պոկոտել, հույս ունենալով, որ անպայման կազատագրեն, գոնե մարդիկ առաջին օրերին կարողանան գետնախնձորներով սնվել»:
– Իգո՛ր, իբրև մարտական ընկեր, ե՞րբ եք զգում նրա ներկայության անհրաժեշտությունը:

Իգոր – 1994–95 թվականներին ՀՅԴ հալածանքների շրջանն էր: Անհեթեթության հասնող հալածանքներ էին: Չէիր հասկանում` ինչի՞ համար: Գնացել ենք պայքարելու հանուն մեր ազգի, մեր երկրի, ցանկանում ենք կառուցել սեփական պետություն, հզորացնել այն, բայց հալածվում ենք: Մի անգամ ակամա մտաբերեցի մեր բոլոր զոհված ընկերներին` Վարդանին, Արթուրին, մյուսներին ու հայհոյեցի նրանց. «Ո՞ւր եք, ո՞ւմ եք թողել մեր երկիրը, մեր հաղթանակը…»:
– Դուք ինձ հիշեցրիք 19-րդ դարի վերջի մեր ֆիդայական շարժումը, երբ մի բուռ ՙխենթեր՚ դուրս էին եկել Օսմանյան կայսրության դեմ` հետևյալ կարգախոսով. «Ով զարկվի` դավաճան է»:
Իգոր – Այո՛ , թերևս: Մենք էլ մարտերի ժամանակ նման բան ասում էինք: Պարբերաբար իրենց, հատկապես Վարդանի նման տղաների կարիքը շատ ենք ունենում, ցավում, մխում, որ նրանք այլևս մեզ հետ չեն: Սփոփվում ենք, որ նախախնամությամբ նրանք եկան, ասուպի պես անցան` ցույց տալով` ովքեր են իրենք, և հաղթանակ բերեցին: Եվ այսպես մնացին պատմության մեջ: Ես հպարտ եմ, որ նրանք են իմ ընկերները: Հպարտ եմ, որ սերունդ դաստիարակելիս կարողանում եմ տալ Վարդանի անունը, ասել` նման մարդու հետ ես կռվել եմ… Պատմության հեռվից նայում ենք Վարդան Մամիկոնյանին, որի անունը նա կրում է: Ցավալի է նրան կորցնելը: Սակայն Վարդանը թողեց փայլուն անուն: Փա՛ռք նրան: Փա՛ռք մեր բոլոր հայորդիներին՝ անկախ կուսակցական և այլ գաղափարական կողմնորոշումներից: Փա՛ռք նրանց, ովքեր զոհվեցին հանուն մեր հաղթանակի, մեր պետության կայացման, մեր հարատևման: Մենք՝ ողջերս, պարզապես պետք է անպայման շարունակողը լինենք նրանց անավարտ գործի, որպեսզի պատմության շարունակական ընթացքը չկտրվի, որպեսզի հասնենք մեր հոգեկան մեծ բավարարվածությանը, այսինքն՝ արժանավայել ապրելու բավարարվածությանը: Քանի դեռ ունենք թշնամիներ, քանի դեռ ունենք հակառակորդներ, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկիրը, մեր ազգային գիտակցությունը պահել բարձր մակարդակի վրա, որպեսզի չկորչենք: Զինադադար է: Փաստացի մենք հաղթող կողմ ենք: Բայց դա այնքան էլ հաղթանակ չի լինի, եթե չկարողանանք կազմակերպել և ավելին անել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր բոլոր ազատագրած տարածքները: Մենք պետք է առաջին հերթին մտածենք այդ տարածքների բնակեցման մասին, մեր ազգային բանակի հզորացման մասին: Բանակը հասարակության արտապատկերն է: Հասարակությունը չպետք է իրենից օտարի այս խնդիրը: Չպե՛տք է երբևէ մտածել, թե այդ հողերը կարող է երբևէ հետ տան: Չի՛ լինելու նման բան: Մենք հաղթել ենք: Մենք հետ կբերենք նաև մնացածը: Եթե ո՛չ մենք, համոզված եմ, դա կանի հաջորդ սերունդը: Մտահոգություն չունեմ: Պարզապես պետք է ապրենք և հավատքով առաջ նայենք:
Սամվել – Ես կասեի` Վարդանն իր գործունեությունը շարունակում է: Նա կա՛: Կարևոր չէ` մարդը քանի տարի է ապրում: Վարդանն ապրեց 26 տարի, բայց երևի արեց հարյուրամյա մարդու գործ: Կցանկանայի, որ մեր ազգի գոնե երեսուն տոկոսը լիներ նրա նման: Տեսնելով զանազան այլանդակություններ, ոչ օրինական կամ ոչ մարդկային արարքներ, հիշում եմ՝ տղաներից ոմանք ասում էին` ինչո՞ւ պիտի մենք կռվենք, իսկ ուրիշները առևտուր անեն, փող աշխատեն… Վարդանը միշտ ասում էր. «Մեր ազգին մարդու բոլոր տեսակներն էլ պետք են: Ամեն մարդ պետք է զբաղվի ի՛ ր գործով»: Հեշտ չէ առևտուր անելը: Նա գնահատում էր բոլորի աշխատանքը: Նա մեր ազգը սիրում էր: Նա իրոք մեր ազգի զավակն էր:
Ամալյա – Տղաները կռվելով, զոհվելով ազատագրեցին տարածքներ և ապրողներիս պատգամեցին` տեր կանգնել արյան գնով ձեռք բերածին: Այսօր թշնամու դեմ միավորվելու, բռնցքվելու փոխարեն ասես միմյանց դեմ ենք դուրս եկել: Պետք է տեր կանգնենք մեր թափած այնքա՛ն թանկ արյանը, այլապես ինչպես Երևանի սրտում գտնվող սրբավայր Եռաբլուրը, այնպես էլ հանրապետության բոլոր բնակավայրերում այս տարիների ընթացքում վեր հառնած Եռաբլուրները կմռնչան…

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ
Վարդանի մասին հնարավոր չէ մեկ հաղորդաժամում ասել ամեն ինչ: Բավական հարցեր ունեի. Արցախում անվանակոչումներ են եղել, նրա անվամբ Ամալյա Եդիգարյանն ստեղծել է «Հույս-Վարդան» հիմնադրամը, պատրաստ է Վարդանի մասին նրա երկրորդ գիրքը և այլն: Այս հարցերին կանդրադառնանք մեկ այլ անգամ: Իսկ այսօր ավարտելով մեր հաղորդումը, ասենք, որ Վարդանը և գաղափարի մեր զինվորներից շատերը ոչ թե հուշ, հիշողություն են դարձել, այլ իրենց անձնական օրինակներով պարտավորեցնում են մեզ ապրել, սովորեցնում են արժանավայել ապրելու արվեստը: Իսկ ապրելու օրենքը հարատև պայքարն է: Ինչպես մեր ժամանակի «խենթերից» ամենախենթը` Մովսես Գորգիսյանն էր ասում. «Սուգը հավերժական է, եթե չկա պայքար»: Նրանցից յուրաքանչյուրը մարտի դաշտ մեկնեց այն գիտակցությամբ, որ իրեն գնդակ չի դիպչի, իսկ եթե զոհվի, ապա միայն դավադիր ականից… Այսօր նրանց գրառումները կարդալիս թվում է` գեղարվեստական գործ ես կարդում կամ շատ վաղ անցյալի պատմություն: «Թիկունքում մեր անպաշտպան հարազատներն են, մեր նահանջը նրանց մահն է», – գրել է Վարդանը: Կամ` «Եթե ապրելու ենք, այսպես պետք է ապրենք»: Վարդանը ոչ միայն այդպես ապրեց, այլև երազում էր կռվել Վանի մատույցներում և աղոթքի պես մրմնջում էր. «Երնե՜կ նրան, ով Մասիսը տուն կբերի»: Իսկապես` հազա՛ր երանի…

Սիրելի Վարդա՛ ն, քո երազանքները դեռ չեն իրագործվել: Մենք` ողջերս, պարտավոր ենք շարունակել և՛ քո, և՛ քեզ նմանների անավարտ թողած գործը: Հանգստություն, խաղաղություն ձեր անհանգիստ հոգիներին: Աղոթք ու խունկ ձեր լույս-շիրիմներին…

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ
Հասմիկ Գուլակյան «Վեմ» ռադիոկայան, 20. 11. 2002
Հասմիկ Գուլակյան, Հայագիտության և հայապահպանության հարցեր,
հատոր Բ, «Էդիթ Պրինտ», 2010

Добавить комментарий