ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ (1992թ․ ՄԱՅԻՍԻ 8-9)

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ (1992թ․ ՄԱՅԻՍԻ 8-9)

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) Arkadi Ter-Tadevosyan

1991-ի նոյեմբերից ի վեր Շուշիից արձակվող հրթիռները (մինչև 1992-ի մայիսի 8-ը` շուրջ 15.000 արկ ու հրթիռ) ավերում էին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը:
1992թ. փետրվարի 27-ին` Խոջալուի ազատագրման հաջորդ օրը, ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ կայացավ խորհրդակցություն: Հաշվի առնելով, որ Շուշիի մատույցները երիզող կրակակետերն ունեն շուրջ 35 կիլոմետր ձգվածություն, որոշվեց ստեղծել հարվածային խմբավորումներ և քաղաքը գրոհել չորս ուղղություններով: Արցախի Ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունն արդեն ճշտել և արձանագրել էր բոլոր նշանակետերը՝ հակառակորդի շտաբները, հենակետերը, հրետանային կայանքները, ազդականչերը և անցկացրել քարտեզի վրա, կատարել բոլոր հաշվարկները: Ըստ հետախուզության տվյալների, Շուշիում տեղակայված էր 2.800 հոգանոց ադրբեջանական խոշոր զորախումբ, այդ թվում նաև Ադրբեջանում ամենամարտունակը համարվող «777» գումարտակը, որ կազմված էր «աֆղանցիներից»: Զորախմբի հրամանատարը Մեհմեդովն էր, որը 1992թ. հունվարի 26-ին ջախջախիչ պարտություն էր կրել Քարինտակում և հիմա ցանկանում էր իրեն արդարացնել:
Հայ հրետանավորները Շուշին բաժանեցին երեք մասի` համազարկային կրակով հատված առ հատված խփելու համար, որպեսզի մեծ տարածք խոցվեր, ապա նշանակետերի վրա աշխատեցին բոլոր կայանքները: Իսկ առաջին գծից երկու կիլոմետր հեռավորության վրա` Սղնախի ու Քարինտակի միջև, դաշտային հոսպիտալ տեղակայվեց:

Սխեմա 1 / ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ 1992թ․ ՄԱՅԻՍԻ 7-9 ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԵՊԻ ԼԻՍԱԳՈՐ

Սխեմա 1 / ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ 1992թ․ ՄԱՅԻՍԻ 7-9 ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԵՊԻ ԼԻՍԱԳՈՐ

Գործողության նախապատրաստումը

Շուշիի գրավումը նախատեսվել էր ապրիլին, բայց եղանակային պայմանների ու այլ գործոնների պատճառով մի քանի անգամ հետաձգվեց: Ապրիլին Ստեփանակերտ եկան ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գուրգեն Դալիբալթայանը, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Լեոնիդ Մարտիրոսովն ու այլ բարձրաստիճան զինվորականներ:
Պատրաստվել էր տեղանքի մակետը, որի վրա ջոկատների հրամանատարների և հրետանավորների հետ պլանավորում և մշակում էին ապագա գործողությունները: ՀՀ զինված ուժերում Շուշիի ազատագրման ժամանակ առաջին անգամ ստեղծվեց հրետանու խմբավորում կազմված երեք «Դ-30» հաուբիցներից, երեք 120 միլիմետրանոց ականանետերից, համազարկային կրակի երկու «Գրադ» (ԲՄ-21) ռեակտիվ կայանքներից և մեկ «ԿՍ-19» 100 միլիմետրանոց հրանոթից: Հետևակի հետ էլ մի քանի 82 միլիմետրանոց ականանետեր կային:
Ապա ընտրեցին հրետանու կրակադիրքերը և որոշեցին, թե կրակելուց հետո որ կայանքն ուր պիտի տեղափոխվի: Շուտով ստացվեցին կապի առաջին քսան «Ալինկո» դյուրակիր գերկարճալիք ռադիոկայանքները, որոնք գրոհի նախօրեին բաժանվեցին ջոկատների հրամանատարներին: Դրանցով կապ էր ապահովվում վերադաս հրամանատարության, իսկ ԼՂՀ պայմաններում իրենց լիովին արդարացրած խորհրդային «Ռ-159» դյուրակիր ռադիոկայաններով ենթակա ստորաբաժանումների հետ: Շուշիի ազատագրումը ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի համար կապի կազմակերպման առումով առաջին դասական գործողությունն էր: Դրա նախապատրաստությունը տևեց շուրջ մեկ ամիս:
Շուշիի ադրբեջանական զորախմբի ինժեներական-սակրավորական ծառայությունը բավական թույլ էր: Հակառակորդը համոզված էր, որ պետք է գրավի Ստեփանակերտը և ականապատմանը լուրջ ուշադրություն չէր դարձրել: Մեր կողմից Շուշիի գրոհին ավելի քան քսան սակրավորներ մասնակցեցին, իսկ մի խումբը գրոհի նախօրեին շրջանցում կատարելով` Զառիսլուի ուղղությունում բազմաթիվ ականներ էր տեղադրել: Բացի այդ, Շուշիի ազատագրմանը հատկապես Քոսալար-Ջանհասան հատվածում հարձակման ինժեներական ապահովման մեծ աշխատանք նախորդեց:
Հրետանավորները կրակադիրքեր մեկնեցին ապ¬րիլի 24-ին: Մի քանի անգամ «Պատրաստություն համար 1» տվեցին, բայց կրակի հրաման չեղավ: Ապրիլի 28-ին եղանակային պայմանների պատճառով «դադար» տվեցին:

Ազատագրման գործողությունը

Աշոտ Ղուլյան (ԲԵԿՈՐ) Bekor Ashot - ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ (1992թ․ ՄԱՅԻՍԻ 8-9)

Աշոտ Ղուլյան (ԲԵԿՈՐ) Bekor Ashot — ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ (1992թ․ ՄԱՅԻՍԻ 8-9)

Մայիսի 8-ի գիշերը, ժամը 2.30-ին տրվեց հարձակման հրամանը, և երկու հազար մարտիկներ չորս ուղղություններով սկսեցին բերդաքաղաքի գրոհը (տես Սխ. 1): Ստեփանակերտի ուղղությունը ղեկավարում էր գնդապետ Վալերի Չիթչյանը, Շոշ գյուղի ուղղությունը` ագատամարտիկ-հրամանատար, այսօր պահեստի գնդապետ Արկադի Կարապետյանը, Լիսագորի ուղղությունը` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանը, իսկ Ջանհասան-Քոսալարի ուղղությունը` ՀՀ պաշտպանության ապագա նախարար Սեյրան Օհանյանը: Պահեստազորի հրամանատարն էր փոխգնդա¬պետ Յուրա Հովհաննիսյանը` «26-ի Յուրան»1:
Մարտիկները համբուրվեցին, հրաժեշտ տվեցին միմյանց ու գնացին Հասանաբադի մոտ գտնվող կրակադիրքեր հավատացած, որ հաղթելու են: Համազարկային կրակի առաջին կայանքը, արձակելով 40 հրթիռները, մեկնեց վերալիցքավորման: Ապա մեկնեցին պահեստային կրակադիրք Խնածախի շրջակայք, և սկսեցին կրակով օգնել գրոհողներին: 40 րոպեանոց նախապատրաստությունը կատարյալ անակնկալ էր թուրքերի համար: Հակառակորդը հիմնականում կրակում էր Շուշիի բանտի մերձակայքից (այնտեղից երեք «Գրադ» կայանք էր «աշխատում»), որին Քարինտակի կողմից պատասխանում էին 100 միլիմետրանոց «ԿՍ-19» հրանոթով: Ապա կարգադրվեց Աղդամի վրա 40 հրթիռ արձակել՝ այնտեղից հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:

Հակառակորդը բետոնե բլոկներով փակել էր գլխավոր ճանապարհը, և տանկերը շրջանցեցին այդ հատվածը: Հակառակորդը բլոկների շուրջը հող էր լցրել ու ականապատել: Սակրավորները մաքրեցին տեղանքը, և զորքերը շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ հարթ էր ընթանում, սակայն խփվեց ղարաբաղյան ուժերին պատկանող տանկը, և թվաց, թե գործողությունը վտանգվել է: Բայց Արկադի Տեր-Թադևոսյանը հրամայեց դիմանալ ու սպասել: Առավոտյան ժամը 4-ին գրոհը շարունակելու հրաման տրվեց:
Ինքնապաշտպանության ուժերի կապի պետ, հետագայում գեներալ-մայոր Արթուր Փափազյանը թեև վիրավորվել էր, սակայն հարձակողական գործողության ընթացքում կարողացավ անխափան կապ ապահովել հրամանատարության և բոլոր ստորաբաժանումների միջև: Վերջին գրոհի հրամանն Արկադի Տեր-Թադևոսյանը բոլոր զորքերին անձամբ հաղորդեց` հորդորելով կատարել վերջին ճիգը Շուշին ազատագրելու համար: Ու ջոկատներն առաջ գնացին:

Հաղթանակը

Առավոտյան ազատագրվեցին Քոսալարի ու Ջանհասանի բարձունքները: Կեսօրին քաղաքի պաշտպանությունը հյուսիսից ու արևելքից ճեղքվեց։ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) վաշտն առաջիններից էր, որ մտավ քաղաք։ Կռիվներն արդեն մղվում էին Շուշիի շուկայում ու քաղաքի կենտրոնական մասում: Իսկ Քիրս լեռան ուղղությամբ գործող կամավորական ջոկատները, գրավելով կարևոր բարձունքները, սկսեցին վերահսկել Շուշի-Լաչին (Բերձոր) ավտոճանապարհը, ինչը խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում: Երևացին ադրբեջանական ինքնաթիռները և ուղղաթիռները, բայց ապարդյուն… Հակառակորդն արդեն տարբեր ճանապարհներով փախչում էր ազատագրվող բերդաքաղաքից:
Մայիսի 10-ին Ստեփանակերտի երկնքում հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի Սու-25-ը, որն ադրբեջանցի օդաչու Վագիֆ Կուրբանովը (ի դեպ, 1992թ. հունիսի 13-ին «Ստրելա-2» և ԶՍՈւ 23/4 կայանքներով խոցվեց Ասկերանի երկնքում) մեկ ամիս առաջ Սիթալչայի ռազմական օդանավակայանից փախցրել էր Եվլախ, և ԼՂՀ մայրաքաղաքն առաջին անգամ ենթարկվեց օդա¬յին հարվածի: Բայց զոհեր չեղան: Այդ ռմբահարումը Ստեփանակերտի օդային ռմբակոծումների նախերգանքն էր:
Նույն օրն ադրբեջանական բանակը մի քանի տասնյակ տանկերի ու զրահամեքենաների աջակցությամբ հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի հատվածում, անգամ մտավ սահմանամերձ մի քանի բնակավայրեր, բայց հետ շպրտվեց:
Չնայած հակառակորդի տանկերն ու շարժական հրետանին հասցրել էին հեռանալ, բայց Շուշիում թողել էին վեց հրետանային կայանք և հազարավոր արկեր ու հրթիռներ: Իսկ առջևում Բերձորի (Լաչին) ազատագրումն էր…

Ամփոփում

Շուշիի ազատագրումը ռազմաքաղաքական և հոգեբանական առումով շրջադարձային նշանակություն ունեցավ: Այս հաղթանակի շնորհիվ ազատագրվեց նաև Բերձորը, ինչը թույլ տվեց վերականգնել ցամաքային կապը Հայաստանի Հանրապետության հետ և այդպիսով միացնել երկու հայկական պետությունները: Վերացվեցին նաև Ստեփանակերտին, Քարինտակ ու Շոշ գյուղերին ուղղված սպառնալիքները: Շուշիի ազատագրումը կարևոր էր նաև ազգային-հոգևոր առումով, քանի որ բերդաքաղաքն իր ճարտարապետությամբ, Ղազանչեցոց եկեղեցով և այլ մշակութային հաստատություններով հայ մշակութային կենտրոններից մեկն է:

1. Զոհվել է 1993թ․ հունիսին, Մարտակերտ քաղաքի ազատագրման մարտերում։

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ (1992թ․ ՄԱՅԻՍԻ 8-9)
Մեր հաղթանակները – Դ (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2012)
Կարդացեք — ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ , Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան)

Добавить комментарий