ԳԱՆՁԱԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 363Թ.
360-ական թվականները Մեծ Հայքի թագավորության համար դժվարին փորձությունների ժամանակաշրջան էին` պայմանավորված Առաջավոր Ասիայում գերիշխանության ձգտող մրցակից ուժերի հարաբերակցության փոփոխմամբ:
Պարսկա-հռոմեական հերթական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Հուլիանոս կայսրը (361-363թթ.) թեև իր զորքերով մոտենում է Տիզբոնին, սակայն Պարսկաստանի մայրաքաղաքից քիչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարտվում է և ինքն էլ ստացած վերքերից մահանում: Պարսից Շապուհ Բ արքայի և հռոմեական նոր կայսեր` Հովիանոսի (363-364թթ.) միջև կնքված պայմանագրի համաձայն` Մեծ Հայքի հարավային հինգ գավառները` 15 բերդերով և քաղաքներով, ներառյալ Հյուսիսային Միջագետքի մի քանի բնակավայրեր, որոնցից ամենամեծը Մծբինն էր, անցնում են Պարսկաստանին: Պայմանագրի մեկ այլ կետով կայսրը պարտավորվում է օգնություն ցույց չտալ Հայոց արքային Պարսկաստանի դեմ պայքարում:
Արևելքում Հռոմի քաղաքականությունը բնութագրող այս պայմանագիրը IV դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելլինոսը անվանել է «ամոթալի պայմանագիր»։
«Ամոթալի պայմանագրին» հաջորդած տասնամյակը հայ ժողովրդի անկախ պետության պահպանման համար վարվող պայքարի մի փուլ է։ Այն սկսվում է չորս տարի (363-367թթ.) տևած Հայ-պարսկական պատերազմով (որը ստանում է համաժողովրդական պայքարին բնորոշ գծեր) և ավարտվում Ձիրավի ճակատամարտում (371թ.) պարսկական բանակի ջախջախումով:
Պարսիկնների դեմ հայ ժողովրդի մղած պայյքարը հիմք է հանդիսացել «Պարսից պատերազմ» կոչվող մեծ վիպերգության համար, որի կենտրոնական աննձը սպարապետ Վասակ Մամիկոնյան է:
Պետության համար ծանր պահին իրեն լավագույնս է դրսևորում Արշակ Բ արքան (345-368թթ.), որի շուրջն են համախմբվում հայ նախարարները` սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Շապուհ Բ արքան, օգտվելով «Ամոթալի պայմանագրով» ընձեռված հնարավորություններից, պարսկական բանակը կենտրոնացնում է Մեծ Հայքի թագավորության սահմանագլխին։ Ատրպատականի Գանձակ քաղաքում գտնվող հայ սահմանապահներն այդ մասին վաղօրոք տեղեկացնում են Արշակ արքային, որը սպարապետին հրամայում է բանակը շարժել հակառակորդին ընդառաջ:
Արքայի և սպարապետի մշակած ռազմավարական պլանն իրատեսական էր: Ստեղծված իրադրությունում բանակն ուներ երկու խնդիր, որոնց լուծմանը ներգրավվում է երկրի ամբողջ ներուժը:
1. Ռազմաքաղաքական խնդիրը ներառում է հակառակորդի` երկրի կենտրոնական շրջանները ներխուժելու հավանական երթուղիների փակումը:
Հիմնավորումը պարզ էր. պարսկական բանակը ձգտելու էր ավերել և ամայացնել երկիրը: Դրանով անուղղելի հարված կհասցվեր Մեծ Հայքի տնտեսական և ռազմական հզորությանը, իսկ թուլացած երկիրը նվաճելը դյուրին գործ էր:
2. Ռազմավարական խնդիրը բխում էր քաղաքականից և հանդիսանում նրա շարունակությունը:
Պետք էր շտապել հակառակորդին ընդառաջ և, հնարավորության դեպքում, կանխել պարսիկներին օգնության եկող զորամասերի և գլխավոր ուժերի միավորումը:
Պատերազմի նախապատրաստման միջոցառումները նկարագրող պատմիչը նշում է նաև, որ զորքի մարտունակությունը ստուգելու համար սպարապետը զորահանդես է անցկացրել: Դա վկայում է այն մասին, որ հայկական կողմը պատերազմին պատրաստվում էր ամենայն լրջությամբ:
Պատմական տեղեկանք.
«Հայոց թագավորի սահմանապահները, որ նստած էին Ատրպատականի Գանձակում, վաղօրոք այս բանը իմաց էին տալիս Արշակ թագավորին, դեռ (Շապուհը) Ատրպատական չհասած: Հայոց Արշակ թագավորն այս իմանալուն պես հրաման էր տալիս իր Վասակ սպարապետին` իր բոլոր զորքերը կազմակերպել և հասնել, Պարսից Շապուհ թագավորին դիմադրել… Վասակ սպարապետը առաջ շարժվեց, հասավ ու ընդհարվեց պարսից թագավորի հետ»:
Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,Դ, գլ․ ԻԱ
Բավականին երկար ռազմերթով բանակը հասնում է Մեծ Հայքի թագավորության հարավային սահմաններին, որոնց մեջ այդ ժամանակ գտնվում էր Ատրպատականի Գանձակը (տե՛ս հաջորդ ակնարկի քարտեզը): Արագորեն նախապատրաստված և համարձակորեն իրականացված ռազմերթով լուծվում է հակառակորդի ներխուժում թույլ չտալու խնդիրը (նախանշված ծրագրի առաջին մասը)։
Հայկական բանակը շուտով հանդիպում է Հայաստանի սահմանին հասած պարսկական բանակին: Սահմանագլխին էլ` Գանձակի մոտ, Վասակ սպարապետը որոշում է գրոհել հակառակորդի վրա: Թեև պարսկական բանակի ոչ բոլոր զորամասերն էին հասցրել կենտրոնանալ ռազմական գործողությունների թատերաբեմում, սակայն հակառակորդն ավելի մեծաթիվ էր: Այդուհանդերձ, չդիմանալով հզոր գրոհին` պարսկական բանակը ծանր պարտություն է կրում և նահանջում:
Ձգտելով առավել արդյունավետորեն օգտագործել ձեռք բերված հաջողությունը` Վասակ Մամիկոնյանը հրամայում է հակառակորդի ռազմավարական հետապնդում իրականացնել, որը շարունակվում է Հայաստանին սահմանակից պարսկական տիրույթներում:
Եզրակացություն
Գանձակի ճակատամարտում (363թ.) տարած հաղթանակի կարևորությունը դժվար է գերագնահատել: Վասակ Մամիկոնյանն այս հաղթանակով թերահավատներին ցույց է տալիս, որ տվյալ փուլում հզոր հակառակորդի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել` միայն սեփական ուժերին ապավինելով: Այդպիսի հակառակորդի հետ նորանոր առճակատումների պատրաստվող մեր բանակի մարտիկների համար այս գիտակցումն անչափ կարևոր էր։
Մեր հաղթանակները, հատոր Բ, (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2009)