ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 370Թ.

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 370Թ.

Նետվող զինատեսակների սայրեր / ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 370Թ.

Նետվող զինատեսակների սայրեր / ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 370Թ.

Արտագերսի մոտ կրած պարտությունը Սասանյան Շապուհ Բ թագավորի համար նոր արշավանքի առիթ է դառնում: Պարսկական բանակը, Զիկ և Կարեն զորավարների գլխավորությամբ, Հայաստան է մտնում: Ծանր դրության մեջ հայտնված Փառանձեմ թագուհին կրկին ապավինում է Արտագերս ամրոցին, սակայն ամիսներ տևած պաշարումից հետո ամրոցում սկսված համաճարակի պատճառով ստիպված է լինում դադարեցնել դիմադրությունը:
Արտագերսի տասնչորսամսյա հերոսական պաշտպանությունը (368թ. հոկտեմբեր — 369թ. դեկտեմբեր) հայոց պատմության հերոսական էջերից է:
Թեև պետության համար անչափ դժվարին պահին իշխանությունը ստանձնելու կամք դրսևորած թագուհուն վիճակված չէր որդուն տեսնել Մեծ Հայքի գահին բազմած, սակայն նրա ջանքերն ապարդյուն չէին: Մասնավորապես, Արտագերսի պաշարման վրա հսկայական ուժեր ու ժամանակ վատնած պարսկական բանակը պաշարում, բայց չի կարողանում գրավել Կոգովիտ գավառի Դարոյնք բերդը, որտեղ կուտակված էր թագավորական գանձերի մյուս մասը: Հայրենիք վերադարձած Պապ արքան (369-373թթ.) տեր է կանգնում այս գանձերին և Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ սպարապետի հետ միասին ձեռնամուխ լինում պետության հզորացմանը:

ՀԱՂԹԱՆԱԿԸ
Կանխատեսելով, որ պարսկական բանակը նորից կներխուժի Հայաստան, երիտասարդ արքայի առաջին գործն իրենց ամրոցներում փակված նախարարների ուժերը մեկ միասնական բանակում միավորելն է դառնում: Ցավոք, սպասումներն արդարանում են. Շապուհը կրկին բանակ է ուղարկում Հայաստան:
Մուշեղ Մամիկոնյանը հասցնում է ավարտել զինվորական պատրաստությունները և շտապում դեպի պետության հարավարևելյան սահմանները, ուր Ատրպատականից 370թ. ներխուժել էր պարսկական բանակը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ․ «Հայոց զորավար ու սպարապետ Մուշեղը իր քառասուն հազարով գալիս հարձակվում էր (Շապուհի) բանակի վրա և կոտորում էր բոլորին: Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախչելով ճողոպրում էր, իսկ բանակի ամբողջ բազմությունը սրի էր անցկացնում Մուշեղը Հայոց զորքի հետ: Շատերին կոտորում էին, Պարսից ավագներից շատերին ձերբակալում էին, ավար էին առնում Պարսից թագավորի գանձերը, բռնում էին նաև տիկնանց՝ մյուս կանանց հետ միասին»:
Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե, գլ․ Բ

Հայկական բանակը ծանր պարտության է մատնում երկիրն ավերող պարսիկներին (տե՛ս քարտեզը): Մարտադաշտից ճողոպրած Շապուհը մի կերպ կարողանում է ազատվել հետապնդումից ու փրկել իր կյանքը, սակայն գերվում է Արևելքի հզոր տիրակալի կանանոցը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ․ «Բայց Պարսից Շապուհ թագավորի կանանց որևէ անարգանք հասցնել թույլ չէր տալիս Հայոց Մուշեղ զորավարը, այլ հրամայում էր բոլորի համար ժանվարներ(1) պատրաստել և նրանց բոլորին ազատ արձակեց իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետևից: Պարսիկներից էլ մարդիկ արձակեց, որ ողջ և անարատ գնան Պարսից Շապուհ թագավորի մոտ: Պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարերարության, քաջության և ազնվության վրա, որ իրեն ոչ մի անարգանք չհասցրեց կանանց վերաբերմամբ:Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր` ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմե»: Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը` ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ»:
«Երբ Հայոց զորքերը իրենց աշխարհը դարձան` Հայոց զորքերից շատերը Պապ թագավորի առաջ ամբաստանում էին Մուշեղ սպարապետին, թե ինչո՞ւ նա ազատ արձակեց Պարսից թագավորի կանանոցը, որ մեր թշնամին է և Հայոց Պապ թագավորի թշնամին: Այս բանի պատճառով (Պապը) երկար ժամանակ ոչ քիչ թշնամությամբ էր վարվում Մուշեղի հետ»:
Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե, գլ․ Բ

Հատկանշական է սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի մարդասիրական արարքին Շապուհ Բ-ի տված գնահատականը: Ըստ Բուզանդի, իր նշանավոր կենացը («Ճերմակաձին թող գինի խմե») Շապուհն արտասանում է ոչ թե հերթական կերուխումներից մեկի ընթացքում, այլ զորքի հյուրասիրության ժամանակ:

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 370Թ. / քարտեզ

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 370Թ. / քարտեզ

Եզրակացություն

Մուշեղ Մամիկոնյանի զորավարական տաղանդի վկայությունը հանդիսացող այս առաջին հաղթանակը Շապուհ Բ-ին ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ հակառակորդի դեմ է պայքարի դուրս եկել: Սպարապետն ապացուցեց, որ հակառակորդի պարտությունը պայմանավորված չէ նրա զորքի քանակով: Հաղթանակի իրական պատճառը նվաճողական արշավանքի ելած պարսկական բանակի նկատմամբ հայրենիքի ազատության համար պայքարող հայոց բանակի մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական գերազանցությունն էր: Իսկ Շապուհի գերված կանանոցի նկատմամբ սպարապետի ցուցաբերած քրիստոնեական մարդասիրությունը Արևելքի արքայից արքային նետված մարտահրավեր էր, ապտակ, որին նա չէր կարողանալու պատասխանել:

1 Ժանվար — թագուհիների և ազնվազարմ կանանց համար իբրև փոխադրամիջոց օգտագործվող բազմոց կամ գահավորակ: Ժ-ը կրում էին զույգ գրաստները, իսկ որոշ երկրներում` նաև ստրուկները։

Մեր հաղթանակները, հատոր Բ, (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2009)

 

Добавить комментарий