ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS
ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ / KOMITAS КОМИТАС ԿՈՄԻՏԱՍ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ

Կոմիտաս անշշուկ մտավ Պոլիս։ Ոչ ոք լուր ունեցավ իր ժամանումեն։ Անցած էր վաղուց գինովության մեր այն շրջանը, երբ Կովկասեն եկողները ծափով ու ծնծղայով կդիմավորեր Պոլիսը։ Ծիծաղելի այդ զույգ տարիեն հետո, ի՜նչ դեմքեր աննշմար պիտի մտնեին այլևս Պոլիս, ու պիտի չգիտնայինք երբեք, եթե մեր թերթերը երկու տողով լուր տված չըլլային անոնց մասին։
Այդպես մեզ եկավ Կոմիտաս։ Ոչ թերթերուն խմբագրատունները ման եկավ, ինչպես իրմե առաջ շատերն ըրին, ոչ ալ աղմուկ ստեղծել ուզեց շուրջը։ Միակ այցելությունը, -վտանգավոր այց այն օրերուն, -ան տվավ 0րմանյանին, որ իր դաստիարակն էր եղեր ճեմարանին մեջ և որ այդ պահուն կճգներ Ըթըր փողոցի իր բնակարանը, ամբաստանությանց բեռը ուսին։
Կոմիտաս իսկույն վազեց գնաց Կուտինա։ Տարիներ առաջ ան անգամ մը այցի եկեր էր իր հայրենիքը։
Կարո Ուշագլյան, ակնարկելով Սողոմոն սարկավագի 1892-ի այդ այցին, կգրե․
«Ըսին որ կուգա։ Կրոնավորի տարազով, մեր դպրոցի սրահեն ներս մտավ դեղին մորուքով, սիրուն, աշխույժ, ժպտադեմ երիտասարդ մը։ Մենք, փոքրիկ մանուկներ, տակավին նոր կոխած դպրատան սեմը, իրար անցանք։ Երկու ընկերներ, կերևա ամենեն երկչոտներս, պահվըտեցանք նստարանին տակը։ Տեսավ և ծռելով ժպտեցավ մեզի։ 0՜, որքա՜ն ամչցանք։ Լավ չեմ հիշեր ինչ ըրինք։ Ելա՞նք մեր թաքստոցեն, թե մնացինք հոն։ Շատ փոքր Էի ։
․․․Եկեղեցվո մեջ, կրոնական արարողություններու կմասնակցեր։ Կերգեր․ ի՜նչ անուշ ձայն։ Ավետարան կկարդար․․․
Դուրսը, երբ զինք կպատվասիրեին ընտանիքներու մեջ, կերգեր ազգային կես-կրոնական և այլ երգեր»(32)։
Ադոնցմե մեկն Է եղած Թադեոս առաքյալի ձոնված սա երգը.
«Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի, Բուրաստան ծաղկալի կողմանց հիւսիսոյ: Նախկին լուսաւորիչ, պսակ պանծալի, Թադէոս առաքեալ, ընդէ՞ր կաս հեռի…»:
Կոմիտաս իր սույն այցեն օգտված Է գրի առնելու համար հոգևոր երգեր։ Երևանի գրականության և արվեստի թանգարանին մեջ ծրար մը կա, որ «Հոգևոր եղանակներ, հավաքեց Սողոմոն սարկավագ Սողոմոնյանը, Կուտինայում, [18]92 թ. (օգոստոս) 24» մակագրությունը կը կրե և կբովանդակե 9 զանազան հոգևոր երգեր իր ծննդավայրի ավանդական եղանակներով»(33)։
Կոմիտաս, իր ծննդավայրին տված սույն առաջին այցելության առթիվ, կերևա թե երաժշտության դասեր ալ ավանդած է։
Հրանտ Հրահան, Կոմիտասին նվիրված իր հուշերուն մեջ, կարտատպե նաև հուշերը, զորս 1949-ին Մարսիլիայեն ղրկած է իրեն տիկին Զարուհի Սիմիթյան։ Տիկին Սիմիթյան կգրե այնտեղ. «Սողոմոնը ինձմե տասնհինգ տարով մեծ էր, երբ առաջին անգամ այցելեց մեր քաղաքը 1893 հոկտեմբերին և սկսավ ինձ և քույրերուս երգի դաս տալ։ Մենք ազգական էինք անոր հետ իմ հոր՝ Տեր-Արթինյաններու կողմե։ Ես շատ ուրախ էի այն ատեն, որ նոր Կոմիտասի վերածված և այնքան գեղեցիկ ձայն ու շնորհք ունեցող ազգականի մը աշակերտուհին եմ։ Ան այնքան ուշադիր և հոգածու էր մեզ հանդեպ, որ կարելի չէ պատկերացնել, մանավանդ այնքան բարի էր, անկեղծ և հայրենասեր»(34)։
(Դիտել տանք, որ Կոմիտասի մասին հուշեր գրողներեն շատ շատերուն պես, տիկին Սիմիթյանի հիշողությունը ևս դավաճանած է իրեն։ Կոմիտաս 1892-ին Է, որ իր ծննդավայրը այցելած է, տակավին սարկավագ)։
Այն օրերուն վանքեն դուրս բոլորովին անծանոթ մըն էր Կոմիտաս, դեռ պարզապես Սողոմոն սարկավագ։ Ոչ իսկ «Արարատ»-ի մեջ երևցած էր ան։ Մեկու մը միայն ուշադրությունը գրավեց ան այդ պահուն։
«Ո՞վ կհիշե այսօր, թե Կոմիտասի վրա ուշադրություն հրավիրող աոաջին թրքահայ հրապարակագիրը եղած է Արփիար Արփիարյան, որ Կոստանդնուպոլսո «Հայրենիք» օրաթերթին 1892 նոյեմբեր 21-ի թիվին մեջ, անմոռանալի վարդապետին նվիրած է ամբողջ հոդված մը, -հավանականաբար անդրանիկը որ գրված ըլլա անոր մասին։
Կոմիտաս իր վարդապետական աստիճանը չէր ստացած տակավին, կկոչվեր Սողոմոն սարկավագ Սողոմոնյան, և առողջությունը դարմանելու համար Գևորգյան ճեմարանեն մեկնելով գացած էր իր ծննդավայրը, Քյոթահիա։
Երբ էջմիածին վերադառնալու միջոցին Պոլիս կուգա, Արփիարյանի փափագին վրա կայցելե «Հայրենիք»-ի խմբագրատունը և երկարորեն կտեսակցի անոր հետ, «Նիհար ու հիվանդադեմ երիտասարդ մըն էր,- կգրե Արփիարյան, —թեպետև քյոթահիացի, բայց Կովկաս կրթվելով բռնված էր մասնագիտության ախտեն։ Հին երգերու հետքերը գտնել, նախնիքներու բանաստեղծությունները հավաքել ոչ թե միայն խոսքերովն, այլ եղանակներովը, նորերն ալ անոնց մեք խառնել ու տոհմային (գրաքննությունը չէր թույլատրեր «ազգային» բառը) ժողովրդական երգերու հավաքածո մը մեզ տալ։ Ահա ինչ որ այս երիտասարդը իրեն կետ նպատակի դրած էր»։
Արփիարյան կհայտնե, թե իրենց տեսակցության ընթացքին Սողոմոն սարկավագ էապես շահեկան խոսքեր ըսավ իրենց, բայց կխոստովանի, թե ինք «շատ բան հասկնալու կարողութենեն զուրկ էր»։
Կոմիտաս այդ թվականին հետազոտած էր Արարատյան գավառը, Շիրակը, Սուրմալուն, Ապարանը, և հավաքած մոտ 200 երգ, խոսքն ու եղանակը միասին։ Հավաքած էր նաև հայկական հին ձայնանիշերու, խազերու բավական ճոխ քանակություն մը, որոնցմե Արփիարյանի կթվե մեկ քանին․ -Տավտպապա, Կոզեռն, Կատուն, Ավագերեցն, Կարմիր Վանեցին, Սարկավագն, Ճիչող, Սայլն, և այլն։
Իր խոսակցին խնդրանքին վրա, Սողոմոն սարկավագ կերգե հիշած աոաջին երգը.

Տըվել եմ կելնիմ սարը,
Հապր պան, օյ, օյ.
Չը գտա ֆիտան յարը,
Հապր պան, օյ, օյ:

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ

Արփիարյան թեև շատ հմայիչ չի գտներ այս երգը, բայց կըսե, թե կրկին ուներ որոշ գեղեցկություն, ու կավելցնե. «Եղանակը տխուր բան մը ունի իր մեջ, թեև կենթադրեմ, թե զվարթության համար հորինված ըլլա։ Բայց արևելյան եղանակներու մեջ զվարթության ու տխրության սահմանները ճիշտ չեն գծված»։
Շատ հավանականաբար ըսել կուզեր, թե «Արևելքի մեջ չկա զվարթություն, որուն տխրություն չխառնվի»։ Բայց գրաքննիչը գլխուն վրա էր…»(35)։
Հիմա երկրորդ անգամ կուգար Կուտինա։
Իր առաքելության սկսելե առաջ’ Կոմիտաս կուզեր ուխտի երթալ իր հայրենիքը։ 1910-ի ամռան եկավ ան Կուտինա՝ մանկության իր օրերը վերապրելու հոն պահ մը։ Տասներկու տարեկան տխեղծ մանուկ մըն էր ան, երբ 1881-ին մեկներ էր էջմիածին, շուրջ երեք տասնյակ տարի հետո ան կուգար հպարտ՝ համբուրելու համար սեմը իր հայրենի տան։ Դեռ կապրեր պառավ ու աչազուրկ իր հորաքույրը, որ մոր դեր կատարեր էր իրեն’ երբոր որբ էր մնացեր։ «Կուզեր այդ չափազանց անշուք տնակին անսեթևեթ մեկ անկյունը բազմիլ ու քովիկը նստեցնել անկար հորաքույրը», ու ատեն մը քաշված ապրիլ հոդ, համեստ արհեսաավորներու այդ քաղաքին մեջ, որովհետև «հաճելի էր իրեն ձևակերպություններե ու ծեքծեքումներե զերծ մնալ և անհոգ ու անհաշիվ բազմոցին վրա տարածվիլ ժամերով՝ տեսակցելու համար այդ նախնական մարդոց հետ»(36)։
Հիշեցնենք, որ Կոմիտաս մայրը չէր ճանչցած։ Իր հորաքույր Զմրուխտն էր, որ զայն մեծցուց մոր մը պես։ Լուսանկարի մը վրա, զոր սարկավագ ձեռնադրվելե հետո ղրկած է հորաքրոջը, Սողոմոն կգրե, թե զայն «նվիրում է յուր մոր Զմրուխտին որդիական անմոռաց սիրով»։ Նույն այդ լուսանկարին կռնակը հետևյալ ձոնը կա.

Թե խոր ու անանց սարեր ու ձորեր,
Կատղած, փրփրած ու անծիր ծովեր
Պատնեշ կը կանգնեն իբր հըսկա կամ քաջ,
Ես դարձյալ անահ կը սուրամ առաջ.
Ժըպիտ երեսիս
Կըրկին կը տեսնես (37):

Վարդապետին նվիրած իր հուշերուն մեջ, Հրանտ Հրահան կարտադրե նաև Կոմիտասի հասակակից և այժմ Երևան բնակող կուտինացի Սահակ Երեմյանի իրեն պատմածը անոր այցին մասին Կուտինա, 1910-ին։ Ըստ Երեմյանի պատմածին, «տարիների բացակայությունից հետո, Կոմիտասը երբ փառքով և հաղթանակով վերադառնում է Քյոթահիա, պատիվներով ու հարգանքով շրջապատված իր հայրենակիցներից, որոնք տեսել էին իր անբախտ մանկությունը և որբի տառապանքը փողոցներում թափառական վիճակի մեջ, հուզված փափագ է հայտնել այցելել նախ իր հայրենի տունը։ Ականատեսները պատմում են, թե այդ հանդիպումը այնքա՜ն սրտաճմլիկ ու ցնցող է եղել, որ ներկաները չեն կարողացել զսպել իրենց արցունքները։ Կոմիտասը ողջագուրվում է իր հարազատների հետ՝ ազգական, հորեղբորորդի, և ապա մտնում իր հայրենական սենյակը ու սկսում նախ լուռ և գլխիկոր շոշափել ու փայփայել պատերն ու լուսամուտները, և հետո մատերի մեջ գուրգուրանքով սեղմել այն փոքրիկ գամը, որից իր սիրասուն մոր կենդանագիրն է կախված եղել տասնհինգ տարի առաջ։ Ու անկարող այլևս զսպել իր պոռթկացող հուզումը, բարձրաձայն հեկեկում է։ Կոմիտասը այդ փայտաշեն ու կիսափուլ սենյակի մեջ է ծնվել. այնտեղ են հաջորդաբար մահացել իր նորատի բանաստեղծ մայրն ու երգիչ դժբախտ հայրը։ Դուրս զալով հայրենի տնից, Կոմիտասը հուզված գնում Է դեպի Վարի թաղի ազգային Ս. Էջմիածնի անվան դպրոցը, ուր ինքը չորս տարի աշակերտել էր։ Սրահ մտնելիս, նա բնազդական մղումով վազում է դեպի ձախ անկյունը և ծալապատիկ նստում փոշոտ ու կեղտոտ տախտակամածի վրա, վճռականապես մերժելով խուճապահար թաղականների խնդրանքը՝ թիկնաթոռի վրա նստելու…
Տխուր, բայց անողոք շեշտով նա պատասխանում է.
-Տարիներ առաջ ոչ ոք չգուրգուրաց ինձ վրա երբ ես նստում էի ճիշտ այստեղ առանց բազմոցի, մինչ ուրիշներ զույգ բազմոցների վրա էին նստում։ Ես երկու անգամ ծանր հիվանդացել եմ այստեղ։ Այժմ թույլ տվեք ինձ, իմ հոժար կամքով, նստել ու հիշել իմ անցյալ դժբախտ օրերը և այս չոր տախտակները․․․»(38)։
Ստուգիվ, «Սողոմոնին մանկությունը հատկանշված Է թշվառություններով։ Դեռ միամյա’ մորմեն որբացած Է։ Մեծցած Է ցնցոտապատ ու խլլոտ, մերթ լալով ու մերթ երգելով, կես մը տունը կես մը փողոցը, անցորդները նեղելով ու խաղընկերները ցավցընելով»(39)։
Կոմիտաս կուզեր իր աոաջին համերգը տալ իր հայրենիքին։ Հարյուրի մոտ երկսեռ պարմանիներ հավաքեց իսկույն և սկսավ զանոնք մարզել Վերի Ս. Թորոս եկեղեցիի ընդարձակ գավիթին մեք։ Շուտով պատրաստ Էր խումբը, ու գիշեր մը համերգը տեղի ունեցավ։
«Թովիչ, խելահեղ բան մըն Էր ան ու անսովոր երևույթ մը գավառի խաղաղ ու միօրինակ կյանքին մեջ։ Կարծեք հրեշտակներու մելանույշ մեղեդիներ կհոսեին աղոթավայրի առիքին վրա տարածվող աստղազարդ երկինքեն։ Ժողովուրդը չուզելով բաժնվեցավ, երբ համերգը վերջացավ։
Քանի մը օր վերջ վարժարաններու հոգաբարձությունը բացօթյա խնքույք մը սարքեց Վարդապետին ի պատիվ։ Կուտինան կռնակը տված է սարերու շարքի մը, որոնց բարձրագույնը, Երլիջե, ետևեն կհսկե մյուսներուն վրա։ Ագսու առուն անոր ընդերքեն բխելով’ ադամանդազարդ գոտիի մը նման գալարված է կողին շուրք։
Մեծ արվեստագետի մը հետ լման օր մը անցուցինք այդ ջուրին եզերքը։ Համակրելի անձնավորություն մըն էր’ կենսուրախ, համակ զգացում ու համակ մեղեդի։ Սեր ուներ ամեն բանի, որ գեղեցիկ էր ու ազնիվ, -ազգականներուն, հայրենակիցներուն, ազգին, մարդկության, ու մտքի և հոգիի ստեղծագործություններով հանդեպ։ Ուշագրավ էին իր խրոխտ հասակն ու կիսաքարձ մորուքը։ Կեցվածքով պարզ, բայց վսեմ էր։ Իր մտավոր զարդարանքը այնքան պսպղուն էր, որ պետք չուներ տարազի պերճանքին։ Ան Կուտինայի մեծագույն տուրքն էր հայության և հայության ալ պարծանքը։
… Երբ մութը կոխեց, ինքն ալ մեզ պատվեց իր մեկ դյուցազներգությունովը, զոր ներկայացուց կարծեմ Ժէ դարի գործ։ Լիալուսինը իր ցոլքերը կհեղուր մարդերուն ու իրերուն վրա։ Վարը կխորունկնար ձոր մը մեկ կողմեն լայննալով կազմելու համար հեռուն, Կուտինայի գունագեղ դաշտը, և մյուս կողմեն սահմանափակ՝ բլրակ մը, որուն գագաթը թառած էր ջրաղացի սպիտակ շենք մը։
Վարդապետը իր ողջ հասակով ցցված էր ապառաժի մը կատարը… իր հագագեն ջրվիժող երգի ալիքները կարձագանքեին հանդիպակաց ջրաղացի բլուրեն և մեղմ սյուքին հետ կերկարաձգվեին միջոցի ամայություններուն մեջ։
Բոլորս ալ շշմած՝ ընկողմանած էինք իր պատվանդանին շուրջ։ Ցերեկվան զվարճություններեն ետք, բարձրություններու լուռ ու խորհրդավոր գոգին մեջ ադիկա պահն էր խոկումի ու հոգեկան խռովիչ ըմբոշխնումի մը։
Այն օրը եղավ մեզի երկնային արբշռանքի օր մը»։

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ

Եվ վերջապես, «պատարագ մըն ալ մատույց առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցիին մեջ Վարի թաղին թաղական խորհուրդին խնդրանքով՝ հակառակ անոր, որ չէր սիրեր պատարագիչ ըլլալ։ Տաճարը նեղ կուգար երկու թաղերեն խռնված ժողովուրդին համար։ Իր օրհներգություններն ու սուրբգրական ընթերցանությունը, թեև պարզ ու կարճ, բայց անուշ ոլորումներ կպարունակեին. անոնք ձերբազատված էին մյուս հոգևորականներու եղանակներուն զիկզակումներեն ու հարձակումներեն։ Թարմություն մըն ալ ա՛ս էր մեզ համար»։
Կոմիտասի հայրենակից Գ. Ուշագլյան, 1962 հոլիս 29-ին Փարիզեն կգրե ինձի.
«Կոմիտաս վարդապետ Կուտինա եկավ 1910-ին հունիս, հուլիս և օգոստոս ամիսները մնալով։ էջմիածնեն վերադարձին կարծեմ առաջին կոնսերը տվավ իր ծննդավայրը’ Քյոթահիա, կիրակի օր մը այր մարդոց, և հաջորդ երկուշաբթի օրը’ կիներուն։ Գոյացած գումարը մոտ 120 կարմիր ոսկի, որ քաղաքին համար աննախընթաց երևույթ մըն էր, ձգեց եկեղեցվո վարչության, հանձնարարելով հարմար շենք մը գնել, վերածել սրահի և ընթերցատան, հասույթը հատկացնելով դպրոցին, և խոստացավ Պոլսեն ղրկել պակսած գումարը։ Շենքը գնվեցավ արդարև, բայց հետագա դեպքերը թույլ չտվին, որ ծրագիրը ամբողջապես իրականանա»։
Բայց, ավա՜ղ, Կոմիտաս միայն վարդ չքաղեց իր հայրենիքեն, Առնակ կպատմե.
«Բայց Կոմիտաս վարդապետ հալածվեցավ իր համաքաղաքացիներեն ալ։ Այնտեղ ալ կային տերտերներ ու աղաներ ազգականական կապերով իրարու զոդված, որոնք իրենց տգիտությունով ու պահպանողականությունով կփայլեին, ինչպես ամեն տեղ։ Անոնք չքաշվեցան քյոչեք անունը փակցնել այս զգայուն էակին»։
Այդ քրթմնջյունները ստվեր չբերին սակայն այն ջերմ սիրույն մեջ, որով Կուտինան ողջագուրեց իր մեծ զավակը ու ճամբու դրավ դեպի իր նոր առաքելությունը։

․Շարունակված «Էջմիածին» ամսագրի 1965 թվականի Ա-ից, Ե-Զ-Է-ից, Ը-Թ-ից և ժ-ից։
32 «Արևմուտք», Փարիզ, 1946 դեկտեմբեր 15, էջ 7 ։
33 Պետրոս սարկավագ Բերբերյան, «Էջմիածին» 1962 փետրվար, Էջ 55։
34 «Էջմիածին», 1950, թիվ III-IV, էջ 20։
35 Կապարճ (Արամ Անտոնյան), «Նոթեր Կոմիտասի մասին», «Արևմուտք», Փարիզ, 1946 դեկտեմբեր 15, Էջ 6։
36 Առնակ, «Կոմիտաս վարդապետ», «Հայրենիք ամսագիր», 1936 հունվար, Էջ 75։
37 Առնակ, «Ամէնուն տարեցույցը», 1924, Էջ 305-306։
38 «Էջմիածին», 1950, թիվ III-IV, էջ 21-22։
39 Առնակ, «Կոմիտաս վարդապետ», «Հայրենիք ամսազիր», 1936 հունվար, Էջ 73։

 

Սիրունի, Հ. Ճ. (1966) Կոմիտասին հետ. III. Հայրենի տունը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԻԳ (Ա). pp. 51-60.
ԿՈՄԻՏԱՍԻՆ ՀԵՏ WITH KOMITAS ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ

Добавить комментарий