ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ - Vazgen 1 - Victor Ambartsumian

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

Սիրում էր հետևել իր ժողովրդի ավանդույթներին և գիտեր զարմանալի մանրամասներ: Երբ մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, Վիկտոր Համբարձումյանը, ով արդեն մեր ակադեմիայի պատվավոր պրեզիդենտն (նախագահ) էր, գտնվում էր Բյուրականում: Էջմիածնում հուղարկավորությանը պետք է մասնակցեին նաև ակադեմիայի նախագահության անդամները: Եվ ահա հուղարկավորությունից մեկ օր առաջ Երևան ժամանեց Վիկտոր Համբարձումյանը և հայտնեց ակադեմիայի պրեզիդենտ (նախագահ) Ֆ. Սարգսյանին, որ ինքն այնքան էլ լավ չի զգում և չի կարող հաջորդ օրը մեկնել Էջմիածին: Սակայն ցանկանում է այդ օրը Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ դրված է կաթողիկոսի դին և որտեղ հայրապետին հրաժեշտ են տալու հոգևորականները, ինքը ևս հրաժեշտ տա Վեհափառին: Մեքենայով մեկնում ենք Ս. Սարգիս եկեղեցի: Որքան մոտենում ենք եկեղեցուն, այնքան դժվարանում է մեքենայի շարժումը: Ոստիկանները, նկատելով մեքենան, կտրուկ շարժումով պահանջում են ընդհատել ընթացքը և կանգնել առաջին իսկ ազատ տեղում: Սակայն նկատելով, որ մեքենայում նստած է Վիկտոր Համբարձումյանը, նույնպիսի կտրուկ շարժումներով ճանապարհ են բացում մեքենայի համար: Իսկ խճողված ժողովուրդը պատրաստ է անգամ մեքենան ձեռքերով բարձրացրած տանել մինչև եկեղեցի: Եկեղեցում այն պահն է, որ հոգևորականները բոլորվել է են կաթողիկոսի դագաղի շուրջը: Նկատելով աշխարհիկ երկու անձնավորության, ովքեր «խանգարում են» ընդունված ծիսակատարության կարգը, մի պահ խոժոռվում են և ապա, ճանաչելով Վիկտոր Համբարձումյանին, նրան են նայում սրբացած տեսքով: Դանդաղ քայելով մոտենում ենք դագաղին, իսկ երբ արդեն պետք է հասնեինք, Վիկտոր Համբարձումյանը հուշում է ինձ. «Այժմ մենք պետք է դիակի ծածկոցի քղանցքը համբուրենք»: Մինչ ես կհասկանամ իր ասածի իմաստը, նա մեծ հմտությամբ կատարում է իր իսկ ասածը:
Վերջացնելով ծիսակատարությունը՝ դուրս ենք գալիս եկեղեցուց: Մեզ անմիջապես դիմավորում է այն ժամանակ Արարատյան թեմի հովվապետը (այժմ՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդը) և հրավիրում մի գավաթ սուրճի: Վիկտոր Համբարձումյանը հրաժարվում է: Անմիջապես ժողովուրդը համախմբվում է Վիկտոր Համբարձումյանի շուրջը: Նա մորմոքաձայն ասում է.
_ Կաթողիկոսը խախտեց կարգը: Ինձնից շուտ մահացավ: Ես նրանից երկու օրով մեծ եմ:

Գ. Բրուտյան

(«Վիկտոր Համբարձումյան. մանրապատումներ իմ հուշաշխարհից» գրքից)

Добавить комментарий