ԱՎԵԴԻ ԱՎԵԴՐԱՆ AVEDI AVEDRAN
Ծիծաղափայլ Սևանի ափին, բարձր ու վեհ լեռների հովանու ներքո դարեր ի վեր թիկն է տվել Զոլաքարը, այժմյան բնակիչները բնիկ ալաշկերտցիներ են: 1828 թվականին Ալաշկերտից ու Մուշից գաղթած հայերը նոր շունչ ու ոգի տվեցին գյուղին, շենացրին ու զարգացրին:
Տեխնիկական, գիտական, մշակութային առաջընթացին համընթաց քայլող գյուղն ու գյուղացիները սրբորեն պահում-պահպանում են հինն ու ավանդականը: 2 դար առաջ (իսկ դրանից դարեր առաջ ունեցած) սուրբ մասունքները չզլացան իրենց հետ բերել, պահել ու պաշտպանել բազում արհավիրքներից: Գյուղը հարուստ է սրբավայրերով, դրանցից յուրաքանչյուրի խորհուրդը սուրբ մասունքի առկայությունն է, որոնց դուռն են գնում հիվանդ ու հուսահատ մարդիկ, օգնություն ու աջակցություն խնդրում ամենայն հավատով:
Ավեդի ավեդրան — այսպես է կոչվում Բարոյան Արարատի տունը (հացատուն), որտեղ պահպանվում է 1829-30-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Ձիրավ (Զիրո) գյուղից գաղթած և Զոլաքարում հանգրվանած Բարեղամի և եղբայրների բերած Նարեկը (Մատյան ողբերգության)՝ տպագրված 1751 թվականին, Կոստանդնուպոլսում, այս թվագրությունը նշված է ձեռագրով, բայց հիշատակարանում նշված է Երուսաղեմի պատրիարք Մինաս Ամդեցու անունը և թվագրությունը, ըստ որի սա Նարեկի առաջին ամբողջական տպագրությունն է՝ «Գիրք աղոթից սրբոյն Գրիգորի Նարեկացիոյ արարեալ», լույս է տեսել 1701 թ. Կոստանդնուպոլսում, հրատարակել է Երուսաղեմի պատրիարք Մինաս Ամդեցին:
Այստեղ սրբությամբ պահպանվում է նաև հմայիլ՝
Հմայիլ բառը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնեալ) բառից: Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն կրողին պահպանում է փորձանքներից:
Որպես կանոն, այն կրել են՝ պահելով կտորեղենից կարված կամ կաշվե պատյաններում, երբեմն նաև փայտյա կամ մետաղյա տուփերում, որոնք կոչվում են կշտապանակներ:
Ժապավենաձև հմայիլները լինում են թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր: Հմայիլները, որպես կանոն, զարդարված են մանրանկարներով, իսկ տպագրերի դեպքում՝ փորագրանկարներով:
Գալարաձև փաթաթվող հմայիլները՝ կազմված են իրար սոսնձված, առանձին դեպքերում՝ կարված, թղթերից կամ մագաղաթից. դրանց երկարությունը տատանվում է մի քանի մետրից մինչև շուրջ 3 տասնյակ մետրի:
Ձեռագիր, ինչպես նաև տպագիր հմայիլներում, ձևավորված ավանդույթի համաձայն, հիմնականում աղոթքների վերջում լրացվում էր պատվիրատուի անունը, կամ վերջինիս բացակայության դեպքում ազատ տեղ էր թողնվում՝ հետագայում լրացնելու համար, ինչն ավելի բնորոշ է տպագրերին:
Ըստ երևույթին Ավեդրանում պահպանվող հմայիլը ևս Կոստանդնուպոլսում տպագրված է՝ մոտ 20 մետր երկարությամբ, պահպանվում է կտորից կարված պատյանում: Ցողիկ տատիկի վկայությամբ, գյուղում երբ կինը ծննդաբերելիս է եղել, հմայիլը տարել են դրել կողքին, որ հեշտ ու անփորձանք ծննդաբերի:
Դարեր շարունակ գյուղացիների կողմից Ավեդի Ավեդրան կոչվող տան դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հավատով ու հույսով են գալիս սրբի դուռը, օրհնանք ստանում, մոմ վառում:
1828-30-ական թվականներին է կառուցվել հացատունը (9ճ8 մակերեսով, 5մ բարձրությամբ), միանման կաղնու փայտից հազարաշեն ծածկով: Առաստաղի այս տեսակը աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ ու բացառիկությամբ, որ Հայաստանում հազվադեպ հանդիպող է. եթե նույնիսկ փլվեն պատերը, առաստաղի ամբողջականությունը չի խաթարվի: Հազարաշենի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այն իրականացվում է ավելի քիչ և ավելի կարճ փայտե հեծաններով կամ գերաններով։ Դրանք ավելի նպատակահարմար են անձրևաջրերի արագ հեռացման համար: Այս տարբերակով ծածկերը տարածված են եղել փայտազուրկ, ձյունառատ ու անձրևոտ շրջաններում և ամենից շատ Բարձր Հայքում, այն ճանաչվում է Հազարաշեն կամ Հազարաշենք անունով։ Ամենից շատ այս անունը գործածել են Կարնո, Բայազետի, Բուլանխի, Բասենի, Մուշի, Ալաշկերտի, Սեբաստիայի և սրանց հետ առավել կամ նվազ չափով հաղորդակցության մեջ գտնված շրջանների բնակիչները։ Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի, նմանատիպ ծածկերը առաջին անգամ հանդիպել են Հայաստանում, այնուհետև փոխանցվել է հռոմեական ճարտարապետություն:
Հացատան սյան վրա հին ադաթով նշված են, թե որ թվին որ ընտանիքն է առանձնացել: 26 ընտանիք է ապրել, 2000 մարդ կյանք է մտել այս տնից: Սերնդեսերունդ զբաղվել են փայտամշակմամբ, պահպանվում է և՛ արհեստանոցը, և՛ պատրաստված իրերը:
Ավետիք Իսահակյանը դեռ վաղուց իր մտահոգությունը թղթին է հանձնել. «Կգա ժամանակ, երբ սեղանները կճռռան ուտելիքի ծանրությունից, բայց կլինի ոգու սով»: Մեր օրերում մարդկային հոգին հիվանդ է, քանի որ հավատը վտանգված է, իսկ տեխնիկական դարի յուրաքանչյուր մարտահրավեր խեղաթյուրում է մարդկային թույլ ու անպաշտպան հոգին: Սովետական միության կողմից խարխլված եկեղեցին դեռևս չի ամրացրել իր հիմքերը, չունի երբեմնի հզոր դերն ու ազդեցությունը, կիսագրագետ քահանաները վանում են մարդկանց, հինավուրց եկեղեցիներ օրական հարյուրավոր մարդ է այցելում, բայց զուտ շրջագայելու նպատակով կամ եկեղեցու ճարտարապետական լուծումներն են գրավում, քան ուխտն ու եկեղեցու խորհուրդը: Հարյուրավոր զբոսաշրջիկներ են լինում եկեղեցու բակում, երբ ներսում պատարագ է. մի քանի հավատացյալ են այնտեղ: Օրեցօր ավելացող բազմաբնույթ աղանդները շփոթության մեջ են գցում մարդկանց, հայ մարդը մոլորված է, չգիտի ճշմարիտ հավատի ուղին:
Զոլաքարում կա գործող եկեղեցի, բայց մարդկանց ձգում է այն սրբավայրը, որտեղ հանգրվանել է իրենց պապերի ճշմարիտ հավատը՝ Ավեդի Ավեդրանը, Կեսոյ Ավեդրանը, Իրիցու Ավեդրանը, Օսկանի Ավեդրանը:
«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:
Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը: Սրա վառ ապացույցը Ավեդի Ավեդրանում պահվող Նարեկն է` «Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարե֊կացւոյ արարեալ», համարյա 3 դար ապրած գիրքը, համարյա անընթեռնելի է, բայց զորության ուժն անչափելի է:
Ցողիկ տատիկն իր մեծերից լսել է ճշգրիտ պատմություն. «Երբ սատկել են թուխսն ու ճտերը, տանտիրուհին աղերսել է Սուրբ Նարեկին, որ թույլ չտա իր ընտանիքը սովի մատնվի ու հարություն տա թխսին ու ճտերին. Երբ առավոտյան արթնացել է, տեսել թուխսն ու ճուտիկները շրջում են»:
Պատմում է, նաև, որ Արարատը Գեղամի միակ որդին է եղել, հիվանդացել է, ծնողներն հուսահատվել են, հորեղբոր կինը, որ աղջիկ զավակ ուներ՝ մի քանի ամսական, եկել է Սուրբ գրքի մոտ ու խնդրել՝ պահպանի Արարատի կյանքը, քանի որ տղա զավակն է տոհմի շարունակողը, դրա փոխարեն մատաղ անի իր դստերը… Այդպես էլ եղել է՝ աղջիկ երեխան մահացել է, Արարատը ողջ մնացել:
Ցողիկ տատիկն ասում է. Սուրբը նաև վերահսկել է տան կարգուկանոնը. երբ տանտերերը որևէ անտարբեր արարք են թույլ տվել, Նարեկը երազի տեսքով ճիշտ ուղու վրա է կանգնեցրել: Հնում տունը կառուցելիս հատուկ տարածք էին հատկացնում ամբարներին, որտեղ տեղավորում էին հացահատիկը, ալյուրը, Բարոյանների տանը ամբարը տեղակայված է այն մասում, որտեղ հատուկ պահարանի մեջ պահվում է Նարեկը: Մի անգամ որոշում են ամբարը տեղափոխել տան մյուս հատվածը: Հաջորդ օրը ազգականներից մեկը, որը տեղյակ չէր նրանց տան անցուդարձից, լուր է ուղարկում, թե Սուրբը երազում պատվիրել է ամբարը իր տեղը դնել. այդպես էլ անում են:
Սովետական միության կարգերի ժամանակ հրահանգվում է բռնագրավել բոլորի տներից քրիստոնեական նշանակության գրքերն ու իրերը, գյուղում շատերի տներից տարել են, բայց Ավեդի տան Նարեկը չեն գտել տանտերերի ջանքերի շնորհիվ:
1978 թվականին մոմից տանը հրդեհ է բռնկվում, Սուրբ գրքի պահարանը, շորերն ամբողջությամբ վառվում են, բայց գիրքն անվնաս է մնում: Ցողիկ տատիկն համոզված է, որ դրանում Սրբի զորությունն է:
Ընտանիքի անդամները համոզված են, որ Սուրբը տարեց, սպիտակամորուս, սպիտակ հագուստով մարդ է, որովհետև բազմիցս իրենց այցելել է երազում՝ վտանգի մասին ահազանգելու կամ բարի լուր հաղորդելու պատվիրանով: Նույնիսկ ուրիշ գյուղերից մարդիկ են եկել Ավեդրան, մոմ վառել ու ասել, որ երազում են տեսել, Ավեդրանն էլ, Սուրբն էլ և վտանգից ազատվել…
Արարատ Բարոյանը Բարոյանների տոհմի չորրորդ ներկայացուցիչն է՝ մասնագիտությամբ հյուսն-վարպետ, տարածաշրջանում հայտնի է եղել իր մասնագիտական վարպետությամբ: 1950-ական թվականներին, երբ կառուցվում էին Մարտունի քաղաքի բնակարանները, ներկրվում է «մոսկովսկի» կոչվող պատուհանները, որոնք իրենց ձևով ու մեծությամբ չէին համապատասխանում տարածքի բնակլիմայական պայմաններին, Արարատ Բարոյանը հատուկ թույլտվություն է ստանում դրանք ձևափոխել- փոքրացնելու: Նրա այրին՝ Ցողիկը, ամենայն հավատարմությամբ ու ջանասիրությամբ պահպանում է արհեստանոցը:
Բնակելի շենքի (որտեղ ապրում է ընտանիքը) մի հատվածը, որը կառուցվել, կահավորվել ու բնակեցվել է 1950-ական թվականներին, այժմ պահպանում է իր սկզբնական ձևն ու ոճը:
Այժմ տունն ու Նարեկը տանտիրուհու՝ Ցողիկ տատիկի հոգածության տակ են:
Ցողիկ տատիկը սիրով ու հավատով է ընդունում յուրաքանչյուր այցելուի, 70 տարի առաջ հարս է եկել Զոլաքար, Ավետների ազգի 4-րդ սերդի ներկայացուցչի՝ Արարատ Բարոյանի այրին է, այնքան նվիրում, հավատ կա նրա խոսքի մեջ, այնպիսի ջերմեռանդությամբ է պատմում Սրբի հրաշագործությունների մասին, տոհմի յուրաքանչյուր սերնդի ներկայացուցչի մասին գիտի ամենայն մանրամասնությամբ, քեզ թվում է՝ ինքը Բարեղամ նախապապն է քեզ պատմում ու ներկայացնում իրենց տոհմը:
Չեմ վախենա ասել, որ Ցողիկ տատիկը հերոսուհի կին, հարս, մայր է, հերոսուհի հայուհի: Սա է հայ կնոջ գլխավոր գործառույթը, շեն պահել իր տունը, սրությամբ պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել իրեն վստահված տունն ու հավատը, նա նույնիսկ հոգում է, որ մոմը չպակասի տնից, որ ամեն այցելու վառի ու աղոթի, մոմ թափելու արարողությունն անում, որ մարդու հոգուց ցրի վախն ու չարը:
Ծնողների ունեցած հավատը թանկ ու պարտավորեցնող էր որդու՝ Սամվել Բարոյանի համար, ծնողների հետ միասին 2010 թվականին մեկնեցին ուխտագնացության դեպի հայրենի գյուղ՝ Ձիրավ, ներկայիս քրդական գյուղ, պեղեցին նախնիների գյուղը, սուրբ հողից բերեցին Հայաստան:
Սամվել Բարոյանը նպատակ ունի առաջիկայում վերանորոգվելու և նախնական՝ 1820-30-ական թվականների տեսքի բերելու հացատունը: Նախատեսվում է տունը դարձնել սրբավայր-թանգարան, թանգարանային արժեք ունի նաև փայտի արհեստանոցը՝ 1950-ական թվականներից կառուցված ու պահպանված: Կից հյուրատուն, որը ևս հին ավանդական ոճով է կահավորված, և բոլոր հնարավորություններն ունի հրամցնելու Զոլաքարի ավանդական ուտեստները:
ԱՎԵԴԻ ԱՎԵԴՐԱՆ AVEDI AVEDRAN
Հոդվածը տրամադրեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի ուսուցչուհի Մերի Մախսուդյանը։