ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՐԻՔՆԵՐԸ

ՄԵՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՐԻՔՆԵՐԸ

Դպրոցն հասարակական կյանքի մանրակերտն է, այստեղ են տարիների ընթացքում աշակերտները սովորում, կոփվում, ձեռք բերում գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ, ճանաչում ու հարմարվում հասարակական կյանքին, բացահայտում սեփական արժանիքները, ճանաչում ու գնահատում մարդկային աշխարհը, որոշում իրենց տեղն ու դերն այնտեղ: Եվ այս ամենի լարերն ուսուցչի ձեռքերում են, նման տիկնիկային թատրոնի դերասանի, որ լարն ավելի հմուտ կձգի, աշակերտի մեջ այդ որակն ավելի կզարգանա:

Գաթեն սերով եմ շաղե,
Գաթեն սիրով եմ շաղե,
Դուռս դռնով եմ բացե,
Տունս տնով եմ պախե:

Հոկտեմբերի 12-ին Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները տեխնոլոգիայի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանի ղեկավարությամբ կազմակերպեցին և իրականացրին Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Մեր գյուղի բարիքները» խորագրով ցուցահանդես-վաճառք:

Աշնանային գույներով ու բույրերով, երգով ու պարով, մանկական անկեղծ ոգևորությամբ ու սիրով էր լցված գյուղամեջը: Բնակլիմական պայմանների փոփոխության շնորհիվ գյուղը, որ առաջ հայտնի էր միայն կարտոֆիլի ու կաղամբի մշակմամբ, այսօր ներկայացել էր մրգերի, հատապտուղների ու բանջարեղենի համարյա բոլոր տեսակներով: Հայաստանի ազգային մրգի՝ ծիրանի տեսակներն այս սեզոնին միայն Զոլաքարում կարելի է գտնել, անուշաբույր դեղձն ու մարգարտահատ խաղողը, մոշն ու հոնը, փշատն ու հաղարջը…

Գյուղի հրաշալիքների մասին էին պատմում ուսուցչուհու և աշակերտների ձեռքի աշխատանքները, այս ամենը համեմված էր գյուղի բառ ու բանով կոլորիտային բեմադրությամբ ու խաղիկներով:

Շուրջպարի ներքո վառեցին գյուղի խորհրդանիշ ու ամենասիրելի ուտեստի՝ փռան կարտոլի կրակը: Ներկա էր Ալաշկերտի ուղի հայրենակացական միության նախագահ Սամվել Բարոյանը, վերջինս իր շնորհակալությունն հայտնեց կազմակերպիչներին հայրենի գյուղը շեն պահելու, մատաղ սերնդի օրը լուսավոր դարձնելու, տարեցներին հաճույք պատճառելու համար:

Աշխատանքային դաստիարակությունը մտավոր, բարոյական ու գեղագիտական դաստիարակության հիմքն է: Աշախտանքն է ապահովում բարեկեցիկ կյանք, ձևավորում, ազնիվ, բարի ու վեհ որակներ, աշխատանքի շնորհիվ է մարդն արժևորում իր ունեցածն ու ձգտում սեփականը ստեղծել:

Այս միջոցառումը միտված էր ոչ միայն ցուցադրելու, բացահայտելու, ճանաչելի դարձնելու Զոլաքարի բերքն ու բարիքը, այլև սեր ու գնահատանք առաջացնելու ունեցածի հանդեպ:

Այսօր, ցավոք, ունենք գյուղերը դատարկվելու խնդիր, մեր շեն ու բարեկեցիկ գյուղերը դատարկվում ու ծերանում են, մարդիկ փակում են տների դռները, անտեր թողնում բարեբեր հողն ու նախընտրում են բնակվել հնարավորության դեպքում օտար երկրների, եթե ոչ գոնե երևանյան վարձով բնակարաններում, ուրշին մշակություն անելը նախընտրում սեփական հողին մշակություն անելուց: Մի բան պարզ է ու անժխտելի, որքան մոտիկ է մարդն ապրում բնությանը, այնքան առողջ ու երջանիկ է, իսկ մերոնք ձգտում են հեռանալ ու օտար, քաղքենի բախտ որոնել:

Գայանե Գրիգորյանի նախաձեռնությունը հզոր ազդակ էր իր սաների մեջ հավատ ու նվիրում սերմանելու իրենց ու իրենց ծնողների արարածի հանդեպ, գյուղի տարեցները նույնիսկ, ուսումնասիրելով բնամթերքը,  զարմացած ու հիացած էին, որ այս ամենն իրենց հողի արդյունքն է:

Ի՞նչ է պետք քեզ, մա՛րդ աստծո, մի՞թե մի կտոր հացի համար չես քաղաքեքաղաք ու քարեքար ընկնում, կարոտը սրտումդ օտար հայացքների տակ տանջվում, այնինչ այդ բոլորը (գուցե և ավելին) քեզ կարող է տալ քո հայրենի հողը, հոգնածությունդ ու ցավդ կցրի ծնողդ ու հարևանդ:

Մենք ունենք այնքանը, որքան գնահատում ենք… Բոլոր ներկաները տուն գնացին հիացած ու հարստացած. Այսքանն ունենք, էլ ի՞նչ ենք ուզում:

Հոդվածը տրամադրեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի ուսուցչուհի Մերի Մախսուդյանը։

Ավելի շատ նկարներ տեսնելու համար մտեք հետևյալ հղումով ԶՈԼԱՔԱՐ

 

Добавить комментарий