ԿԱՐԵՒՈՐ ԱՆՑՔԵՐ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
[Մաս առաջին]
[Մաս առաջին]
Ներկայացնում ենք Գուրգեն Յանիկյանի դատավարության էական եւ ուշագրավ մասերը՝ ցույց տալու համար հատկապես՝
ա) Յանիկյանի Ոգին,
բ) ամերիկյան դատարանի կողմնակալ ընթացքը՝ իբրեւ արդյունք թուրքական ուժեղ, ծրագրված եւ խելացի միջամտության,
գ) Հայոց բացակայությունը դատարանից կամ դասարանից… ծույլ ու անմիտ աշակերտի պես:
Հայոց նահատակների ուրվականը բացակայում էր դատարանից:
Դատախազի կողմից ուղղված հարցերից եւ նրանց տրված պատասխաններից կարեւորագույնները քաղել ենք ԼԵՎՈՆ ԵՐԿԱԹԻ ընդարձակ տեղեկատվությունից:
Հարց — Ե՞րբ սպանեցիք երկու հյուպատոսներին, նայեցի՞ք նրանց աչքերի մեջ:
Պատասխան — Նախ՝ ես մարդ չեմ սպանել, այլ աշխարհը մաքրել եմ երկու սատանայից:
Հ. — Կարո՞ղ եք ասել, թե ի ́նչ է նշանակում «սպանել»:
Պ. — Դուք դրա բացատրությունը գիտեք, դո ́ւք պատասխանեք:
Հ. — Իմացե՞լ եք զորավար Դրոյի, Համազասպի, Սեպուհի, Անդրանիկի, Քեռիի անունները, որոնք իրենց կամավորական ջոկատներով թուրքեր են ջարդել, նույնիսկ թուրք երեխաների են փռի մեջ այրել:
Պ. — Գիտեմ բոլորի անուններն էլ, մասնավորապես՝ Դրոյի խմբում եղել եմ ճանապարհներ ու կամուրջներ կառուցող: Այդ կամավորները՝ հազիվ մի քանի խումբ. ինչպե՞ս կարող էին թուրքական եւ գերմանական բանակով պաշտպանված գծերն անցել եւ թուրքեր ջարդել, տրամաբանակա՞ն է արդյոք: Թվե ́րը թող խոսեն, երբ ամբողջ մի ժողովուրդ է բնաջնջվել անողոքաբար:
Հ. — Լսե՞լ եք Սողոմոն Թեհլերյանի անունը, որ սպանել է Թուրքիայի վարչապետ Թալեաթին:
Պ. — Այո ́, լավ գիտեմ պատմությունը, Թալեաթը Հայոց ցեղասպանությունը կազմակերպող երեք անձերից մեկն էր:
Թալեաթը փախել էր թուրքերի դաշնակից Գերմանիա, Թեհլերյանը գտավ նրա հետքը ու Բեռլինի փողոցներից մեկում իր ազգի եւ հարազատների վրեժը լուծեց:
Հ. — Այսինքն սպանեց, չէ՞:
Պ. — Այո ́, սպանեց եւ շատ լավ արեց: Թուրքիայի դաշնակից Գերմանիայում՝ Բեռլինում, տեղի ունեցավ դատավարություն՝ բոլոր ազգերի թղթակիցների եւ ներկայացուցիչների ներկայությամբ: Հայերին բնաջնջելու համար ուղարկված հեռագրերի պատճեններն այսօր գոյություն ունեն, վերցրեք եւ կարդացեք:
Գերմանական դատարանն անպարտ ճանաչեց Թեհլերյանին:
Հ. — Գիտե՞ք, թե ով է Արշավիր Շիրակյանը, որ նույնպես ոճիր է գործել՝ սպանելով թուրք պետական պաշտոնյայի:
Պ. — Այո ́, շատ լավ գիտեմ, նա էլ սպանեց Սայիդ Հալիմին՝ ցեղասպանությունը ծրագրողներից մեկին, որ փախավ Իտալիա, Արշավիր Շիրակյանը գտավ նրան եւ սպանեց Հռոմի փողոցներից մեկում:
Շիրակյանը նույնպես ազատ արձակվեց:
Հ. — Դրոյի բանակում եղած ժամանակ երբեւէ մարդ չսպանեցի՞ր:
Պ. — Մենք կամավորներ էինք եւ օգնում էինք հայ գաղթականներին, որոնք փախչում էին թուրք զինվորների ջարդերից. բայց մենք մեզ եւ նրանց պաշտպանելու համար, շատ բնական է, զենքով պետք է ինքնապաշտպանվեինք, որ կարողանայինք գաղթականներին ապահով տեղ հասցնել, մի՞թե դա մարդ սպանել է, մի՞թե Վիետնամը պաշտպանող ամերիկացի զինվորները մարդ են սպանում…
Հ. — Դուք ասացիք, թե ջարդերը կատարվել են դեր Զորում՝ արաբական հողերում, մի՞թե այնտեղ 2 միլիոն հայ կար:
Պ. — Հայոց ջարդերը միայն Դեր Զորում չեղան. Պոլսից, Իզմիրից, ամբողջ Թուրքիայի տարածքներից բոլոր հայերին տեղահանեցին եւ քշելով բերեցին մինչեւ Դեր Զոր. ժողովրդի կեսից ավելին՝ մաս առ մաս, մահացավ ճանապարհին՝ ցրտից, քաղցից, հիվանդությունից: Ամեն քայլափոխի հազարավոր հայերի կմախքներ դուրս կգան: Ես պայքարում եմ ոչ միայն իմ ժողովրդի դեմ եղած անարդարությունը դարմանալու, այլեւ Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի երիտասարդության կյանքը փրկելու համար, որի միակ թշնամին թուրքն է՝ իր կառավարությամբ:
Քաղաքակրթությանը նրանք տվել են միայն ոճիր եւ մահ, սպանություն եւ գողություն, իսկ մենք՝ հայերս, Քրիստոսից առաջ իսկ համաշխարհային մշակույթին եւ քաղաքակրթությանը մեր մեծ բաժինն ենք բերել:
Նախքան Քրիստոսը, 1500 տարի առաջ, մենք հասել էինք քաղաքակրթութան բարձր մակարդակի, խորացել էինք գիտությունների մեջ, որոնք զարմանք են պատճառում ներկա գիտական աշխարհին:
Ի՞նչ է տվել թուրք քաղաքակրթությանը… միայն մահ ու կործանում:
Հ. — Մոսկվայի համալսարանում եղած ժամանակամիջոցում ինչպիսի՞ն էր ուսանողների ընկերային մտայնությունը մասնավորապես 1915-ի պատերազմի ժամանակ:
Պ. — Կային մի շարք գաղափարական կազմակերպություններ ցարական տիրապետության դեմ, կային հարուստների կազմակերպություններ, կային ազգայնական ուսանողական կազմակերպություններ:
Հ. — Դուք որեւէ կազմակերպության անդա՞մ էիք:
Պ. — Այո ́, կար ուսանողների մի խումբ, որոնք սերում էին հարուստ ընտանիքից՝ ռուս, վրացի, ուկրաինացի, կովկասցի, հայ, հրեա, այս խմբի անդամներս շատ էինք հետաքրքրվում պատերազմի ժամանակ Թուրքիայում իրականացվող ջարդերով, որոնց մասին ռուսական թերթերն ամեն օր մեծ խորագրերով հոդվածներ էին հրապարակում: Լուրերը սարսափելի էին եւ անմարդկային այն աստիճան, որ այս խումբը (60 հոգի էինք) որոշեց գնալ սահմանագլուխ եւ օգնել ջարդված հայերին, որոնք քաղցած, ծարավ, բոբիկ փախչում էին դեպի ռուսական սահման: Մեզ օգնեց մի ռուս մեծահարուստ, որը տվեց մեր ճամփորդական ծախսերը (ուտելիք, ձմեռվա հագուստ, դրամ) եւ ուղարկեց Թիֆլիս, որը ռուսական զինվորական հրամանատարության կենտրոնն էր:
Այնտեղ մեկ շաբաթ մարզվելուց հետո մեզանից յուրաքանչյուրը, ըստ իր մասնագիտության, կամավոր արձանագրվեց գաղթականներին պաշտպանող եւ նրանց օգնող գնդին: Ես զորավար Դրոյի խմբում էի, իմ պարտականությունն էր նորոգել քանդված կամուրջները եւ նոր ճանապարհներ շինել, որոնք կդյուրացնեին նաեւ խուճապահար փախչող հայ գաղթականների փոխադրությունը: Այս պաշտոնում ծառայեցի վեց ամիս, ռուսական բանակի հետ հասա մինչեւ Վան:
Հ. — Ի՞նչ տեսաք ձեր ճանապարհին եւ մինչեւ ո՞ւր գնացիք օգնության այդ կամավորական խմբի հետ:
Պ. — Ամբողջ ճանապարհին, ամեն քայլափոխի տեսնում էինք մեռած, մորթված, կմախքացած, սառած մարմիններ, որոնց մեծամասնությունը ծերեր, աղջիկներ, կանայք ու մանուկներ էին: Տեսանք մայրեր՝ մերկացված՝ եւ փորները սվիններով պատռած, տեսանք մերկ կանայք եւ աղջիկներ, որոնք թուրք վայրենի ասկյարների կենդանական կրքերի գոհացմանն էին ենթարկվել, տեսանք կիսամեռ մարմիններ, որոնք հոգեվարքի մեջ էին:
Մարդկության պատմության մեջ չարձանագրված եւ մարդկային երեւակայության անհավատալի տեսարաններ տեսանք, որոնց առջեւ քարացած էինք՝ չհավատալով իրողությանը. աչքիս առջեւ եկան խեղճ եղբորս գլխատվելը, մորս աղիողորմ լացը եւ աչքերս գոցելը: Բայց հիմա 100 հազարավորներ էի տեսնում եղբորս պես: Այլեւս չէինք լալիս, որովհետեւ սովորական էին դարձել նման տեսարանները, որտեղ մտնում էր ռուսական բանակը: Հասանք Վան, որը գրավել էր ռուսական բանակը եւ շարժվում էր դեպի արեւմուտք: Վանում հայտարարված էր հայկական կառավարություն՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
ԿԱՐԵՒՈՐ ԱՆՑՔԵՐ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԿԱՐԴԱՑԵՔ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ՝ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ