ԹՈՒՐՔ-ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՏԱՆԴԵՄԸ`
ԸՍՏ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ, ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Լոզանի կոնֆերանսից հետո հայության համար սկսվեց հիասթափության ծանր շրջան: Հիասթափություն՝ միջազգային դիվանագիտությունից: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հատկապես Բեռլինի վեհաժողովից հետո, երբ Խրիմյան Հայրիկը մերժեց «թղթե շերեփի» գաղափարը, հայության որոշ շրջանակներ հասկացան, որ չի կարելի ապավինել այլոց ողորմածությանը:
Դժվարագույն կացություն ստեղծվեց մի բուռ դարձած հայրենիքում, ավելի ճիշտ, Նժդեհի արտահայտությամբ՝ «հայրենի անկյունում» ծվարած հայության բեկորների համար. նա հայտնվեց օսմանա-քեմալական Թուրքիայի և բոլշեվիկյան Ռուսաստանի աշխարհակալ խաղերի որոգայթներում: Ճակատագրի հեգնանքով հայության ապագան տնօրինելու էին նրա դահիճները՝ երկուսը միասին կամ առանձին-առանձին: Հայի արյունը դեռ չէր չորացել թուրքի յաթաղանին, և սա չէր էլ շտապում մաքրել, պատյանը դնել այն, երբ նորագույն շրջանի հայ քաղաքական-դիվանագիտական մտքի պատմության մեջ (եթե իրոք այդպիսին կա), սկսեցին քարոզել Թուրքիայի հետ հաշտության գաղափարը: Իսկ քարոզիչները… և՛ հայանուն էին, և՛ հայաստանցիներ, և՛ վարձկաններ, և՛ արտասահմանցիներ… Ով ասես… Մյուս կողմից՝ «հայրենիք» և «ազգ» հասկացությունները բուրժուական նախապաշարումներ հայտարարած բոլշևիկյան Ռուսաստանը, որ Թուրքիայի «Մեծ Թուրան» գաղափարական ցնդաբանության կողքին որպես դրոշ պարզել էր համաշխարհային հեղափոխության նույնքան անհեթեթ գաղափարը, աշխարհը հայտարարել էր իր հայրենիքը, մարդկությունը՝ իր ազգը, և որ Իլյիչը դեռ պետք է մտնի «համաշխարհային սովնարկոմ», խառնել էր հատկապես փոքրաթիվ ու միամիտ ժողովուրդների, առավելապես հայ փանջունիների խաղաթղթերը: Ծագումով հայ ոչ քիչ թվով արարածներ սկսեցին կռվել տարբեր ճակատներում՝ թափելով իրար արյուն:
Այդ շրջանում Հովհաննես Թումանյանը գրեց իր խորիմաստ քառյակներից մեկը.
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
Հայաստանի առաջին Հանրապետության կարճատև գոյությունն ավարտվեց կարճատև հոգեվարքով. ասենք, չէր էլ կարող ձգվել. 1920 թվականի դեկտեմբերի 2-ին դաշնակցականներն իշխանությունը հանձնեցին բոլշևիկներին: Ավարտվեց հայոց ազատագրական պայքարի այս փուլը: Պտուղները դառն էին. Արևմտյան Հայաստանը հայաթափվել էր, հայության խլյակները ցրվել էին աշխարհով մեկ, իրար հաջորդեցին 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի, 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի խայտառակ պայմանագրերը, Լոզանի է՛լ ավելի խայտառակ գործարքը, և, ինչպես ասում են, հայությունը կանգնեց կոտրած տաշտակի առաջ՝ զրկված իր ազգային խնդիրների մասին միջազգային ատյաններում խոսելու իրավունքից:
Դիվանագիտական ոլորտում առաջացած այդ բացը փորձեցին լրացնել մեր ժողովրդի արժանավոր զավակները՝ գրչի մարդիկ, որոնք, հիմնականում գրեթե առանց բացառու-թյունների, հատուցեցին իրենց կյանքով:
Իմ արդեն հիշատակած ժամանակաշրջանի անցուդարձին անդրադարձել է նաև երգիծանքի հայոց սյուներից մեկը՝ Լեռ Կամսարը՝ ստեղծելով քաղաքական սատիրայի անմահ գործեր: Ի դեպ, մեծ երգիծաբանի այս թեմայի (և ոչ միայն այս) ստեղծագործություններն այսօր էլ արդիական են և ուսուցանող:
Լեռ Կամսարը ծնվել է Վանում, 1888 թվականին: Առաջին ֆելիետոնը մամուլում հրապարակել է 1910 թվականին: Ինչպես գրում է երգիծաբանի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, այն «Տաճկաստանում պայթեց թուրք փաշայի և ամերիկյան միսիոներների գլխին, գովասանքի և շնորհավորանքի մեջ խեղդեց հեղինակին»:
Լրագրողական գործունեության հենց սկզբում Լեռ Կամսարը դրսևորել է իսկական մտավորականի՝ ընդդիմադիր կեցվածք և խարազանել իրականության հոռի բարքերն ու ապիկար իշխանավորներին: Իսկ երբ 1915 թվականին հերոսական Վանը հայտնվեց օրհասական վիճակում, Կամսարը զենք վերցրեց իր պատվախնդիր հայրենակիցների հետ: Ավելին, իրենց տունը դարձրեց ինքնապաշտպանական դիրք:
Դժնի այդ ժամանակների մասին Կամսարը գրել է.
«Երբ եկավ 1915 թվականը, պատահեց հայոց պատմության մեջ չպատահած դեպք: Թուրք կառավարությունը, որ սովորություն ուներ տասը տարին մեկ քաղհանել հայությունը, սեյրակացնել, այս անգամ տրակտորը լծեց ու ողջ Տաճկաստանը հերկեց այնպես, որ հայի հոտը կտրվի այդ երկրից, և մենք գաղթեցինք:
«Գաղթը» անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառ, իսկ անձամբ ճաշակողի համար դա հատուկ անուն է և աշխարհում միակը:
Այն ժամանակ, երբ մի թեթև բեռ շալակդ առած, ծերունի մորդ ձեռքը բռնած դուրս ես գալիս քո հայրենի տնից և մի վերջին անգամ ետ ես նայում՝ կտրելու համար այն անթիվ անըմբռնելի թելերը, որ քեզ կապում են քո հայրենի տանը, քո պապերին, պապի պապերին, այն ամբողջ քաղցր հուշերին, որոնցով ապրում էիր մինչև այդ վայրկյանը, դու, երբ մի խորունկ ա՛խ ես քաշում ու երես դարձնում այդ բոլորից, այն ժամանակ ես զգում միայն, թե ինչ բան է գաղթը…» («Կարմիր օրեր», 2000 թ., էջ 7):
Կամսարը հրաշալի գիտեր, թե ինչ են գաղթը և թուրքը: «Թուրքը ե՞րբ է իր օրում եղել մարդ: Պատմության ասպարեզ ոտք կոխելուց մինչև օրս միայն հայ է կոտորում: Մարդը մարդուն կկոտորի՞»,– գրում է նա:
Կամսարի միտքը լրացնենք 19-րդ դարի բրիտանացի ականավոր պետական-քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադստոնի դիպուկ արտահայտությամբ: Նրա կարծիքով՝ թուրքերը Հնդկաստանի հեզաբարո մահմեդականները կամ Սիրիայի սալադինյան ասպետները չեն, ոչ էլ Իսպանիայի քաղաքակիրթ մավրերը. «Սկսած այն սև օրից, երբ թյուրքերն առաջին անգամ մտան Եվրոպա, մենք տեսնում ենք նրանց մեջ մարդկային մի հասարակություն, որ մարմնացնում է մարդկության թշնամուն: Ուր որ գնացել են նրանք, իրենց հետևից թողել են մի լայնատարած արյունաներկ հետք, և ուր հասել է նրանց տիրապետությունը, այնտեղ անհետացել է քաղաքակրթությունը: Ամեն տեղ նրանք եղել են ներկայացուցիչ ուժի վրա հենվող կառավարություն՝ բացառելով օրենքի վրա հիմնըված կառավարությունը»:
Ի՞նչ է փոխվել շուրջ 1,5 դար առաջ ասված այս խոսքերից հետո…
Կրկին անդրադառնանք Լեռ Կամսարի՝ թուրք-բոլշևիկյան գաղափարական ճակատում մղած անհավասար կռիվներին, որոնք այնքա՜ն բախտորոշ էին նրա համար:
«Ես ծնվել եմ Տաճկաստանում սուլթան Համիդի օրոք: Սուլթանը 1896 թվականի հայկական կոտորածներին իմ տունն այրեց, նրան հաջորդող երիտասարդ թուրքերը ողջ հայությունը կոտորեցին ու ինձ փախցրին Կովկաս: Կովկասում Լենինը մտավ իմ տունը և բռնագրավեց իմ տարեկան ուտելիքը, նրան հաջորդող Ստալինը ինձ քսան տարի բանտարկեց ու աքսորեց: Ներկայիս էլ Խրուշչովը, ճիշտ է, չի կոտորում, չի բանտարկում, չի աքսորում, բայց այս տնավերի «առաջնորդն» էլ այնքան շատ ճառ է խոսում, որ մարդու բեյինը տանում է:
Ինձ թող տասը տարի բանտարկեն, չասեն՝ մի տարի Խրուշչովի ճառը լսիր:
Տեսեք, ուրեմն, թե իմ կարճ կյանքում որպիսի աղետներ եմ ճաշակել:
Ես հավատացած եմ՝ վաղը, մյուս օրը, երբ Չինգիզ խանն ու Լենկ Թեմուրը նորից Հայաստան արշավեն, պիտի հանեն ինձ Վանա բերդից ցած գլորեն:
Այնքան որ աչքս վախեցել է» («Սոցիալիզմի Սահարա», 2009 թ., էջ 41):
Գաղթելով Արևելյան Հայաստան՝ Կամսարն աշխատակցում է կովկասահայ պարբերականներին: Նա բավական վաղ հասկացավ թուրք-բոլշևիկյան սիրախաղը, այդ մասին գրում էր, սակայն ոչինչ հրատարակել չէր կարող: Ահա նրա «տեսած» «քաղաքական երազներից» մեկը:
«…այս գիշերվա երազն ուղղակի սարսափելի էր:
Թուրքն ու բոլշևիկը, Հայաստանի երկու օձիքներից բռնած, քաշում էին, մեկն ասում էր՝ թող տանեմ Սիրիայի անապատում կոտորեմ, մյուսն ասում էր՝ չէ՛, ես պիտի տանեմ Սիբիրում կոտորեմ:
Այս աղմուկի վրա հանկարծ Սովետական Հայաստանն արթնացավ ու ասաց.
– Ջանը՛մ, երկուսդ էլ մեծ պետություններ եք, ամոթ չէ՞ ընդամենը մեկ միլիոնանոց հայություն կոտորելու համար իրար քաշքշում եք: Թողե՛ք, ես ինքս իմ ձեռքով կկոտորեմ:
– Այդքան կարողություն ունե՞ս:
– Փա՛հ, բան ասացիք: Գնացեք՝ մի երկու տարի հետո եկեք, թե Հայաստանում մի հայ տեսնեք՝ թքեք իմ երեսին: Մի միլիոնն ի՞նչ բան է: Կարևոր մասը բանտերում կկոտորեմ, մնացյալ մանր-մունրն էլ կձուլեմ Ռուսաստանին, կվերջանա կերթա…
Արթնացա քնից ու մտածում եմ:
Պատմական այն շրջանում, երբ դեռ քաղաքներ գոյություն չունեին և մարդիկ ապրում էին գյուղերում, ոչ մի ազգ ինքն իրեն չէր կոտորում, միշտ ուրիշները պիտի կոտորեին: Բայց երբ առաջ եկան քաղաքները, ծաղկեցին «քաղաքացիական կռիվները» և այլևս ազգերն առանց հարևան ազգերին նեղություն տալու՝ իրենք իրենց կոտորում էին» («Սոցիալիզմի Սահարա», էջ 25–26):
Քաղաքական ֆելիետոններում Կամսարը հաճախ է ընդգծում այն անհեթեթ վիճակը, որի մեջ հայտնվել է ոչ միայն ինքը՝ փրկվելով թուրքական յաթաղանից: Նրա խոսքը բավական հակիրճ է, երբեմն՝ չափազանց ժլատ, բայց դիպուկ, խորիմաստ:
«1915 թվականին, երբ մենք Վանում պաշարված, օրհասական կռիվ էինք մղում թուրք կառավարության դեմ և ամեն րոպե մեր մահվանն սպասում, ուրախ էինք, ասում, ծիծաղում և մեր դիրքերից հայհոյում ու ծաղրում էինք Վանի կուսակալ Ջևդետ բեյին՝ գրգռելով նրանց բարկությունը մեզ վրա, որ առանց այդ էլ կատաղության էր հասել: Բայց ներկայումս, երբ ապրում ենք սովետական «ազատ» ու «երջանիկ» երկրում, ոչ մի ծիծաղ, ոչ մի կատակ: Անգամ ժպիտն ենք մոռացել ու սգավորի նման կանգնած՝ խաչաձև բազուկներով ողբում ենք մեր անցյալը, որ հավիտյան կորավ մեզ համար:
Ինչո՞ւ: Որովհետև մահն էլ երջանկություն է, երբ կըռվում ես զենքը ձեռքիդ քո ոխերիմ թշնամու դեմ:
Մենք ներկայումս կատվի թաթերում տվայտող մկների ենք նման: Մեր կառավարությունը վերցրած մեզ՝ սոցիալիստական ճիրաններից գցում է կոմունիստական ճիրանները, կոմունիստական ճիրաններից՝ սոցիալիստական:
Եվ արյունը հոսում, հոսում է անդադար…» («Սոցիալիզմի Սահարա», էջ 277):
Նոր հասարակության մեջ ընդդիմադիր դարձած Լեռ Կամսարը չի մոռանում հին կռիվը. հայրենիք է կորցրել, անանց արժեքներ, իսկ աշխարհը ոչ միայն խուլ ու համր է ձևանում, այլև Միավորված ազգերի կազմակերպության նման իբր համաշխարհային կառույցով փորձում է ապաքինել «հիվանդ մարդու», ինչպես անվանում էին Թուրքիային, վերքերը:
«Երբ մարդու մարմնի մեջ կեղտոտ արյուն է գոյանում, այն թարախ է դառնում և հասարակ պզուկի կամ չիբանի միջոցով դուրս թափվում, մարմինը հանգստանում է:
Նույնանման պրոցես կատարվում էր մի ժամանակ նաև ազգերի մեջ: Երբ երկու հարևան պետությունների մեջ իրար հանդեպ կեղտոտ մտքեր էին գոյանում, պատերազմի էր վերածվում, հաղթում-հաղթվում էին և հանգստանում:
Բայց ներկայիս Միավորված ազգերի կազմակերպությունը խանգարում է այդ բնական պրոցեսը և չի թողնում բանը պատերազմի հասնի: Նա մերսում է պետական ուռուցքները՝ թույլ չտալով կեղտոտ արյունը պատերազմի միջոցով դուրս թափի, և դրանով պետությունները ո՛չ լավանում են, ո՛չ մեռնում, այլ ման են գալիս ցավագար:
Վերջերս Թուրքիան, օրինակ, մեծ զորք էր կուտակել Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար, բայց Միավորված ազգերի կազմակերպությունը մաժելով ցրեց Թուրքիայի զորքը, և պատերազմ տեղի չունեցավ:
Ի՞նչ օգուտ: Թուրքիան դրանով առողջացա՞վ» («Կարմիր օրեր», էջ 272–273):
Միավորված ազգերի կազմակերպությունում, ԱՄՆ-ի գլխավորությամբ, շարունակվում է Թուրքիային «առողջացնելու», «քաղաքակիրթ ազգերին նրան հավասար տեսնելու» քաղաքականությունը: Դա երկդիմի խաղ է, հաճախ՝ բազմադեմ՝ պայմանավորված տվյալ պահի քաղաքական շահով: Այստեղ շահավետ պայմաններում կարող են հայտնվել թե՛ Թուր-քիա-Ռուսաստան, թե՛ Թուրքիա-ԱՄՆ զույգերը:
«Եվրոպական գլխարկ է, որ կհոսե Տաճկաստան: Այնպես, ինչպես ժամանակ մը կարմիր ներկ՝ հեղափոխական Ռուսիա:
Ես միշտ ըսեր եմ՝ եթե այս զույգ հեղափոխությունները ուրիշ որևէ օգուտ չունենան մարդկության համար՝ գլխարկ և որդան կարմիր պատրաստող գործարանները աղեկ պիտի շահեն:
Մուստաֆա Քեմալը նախքան Թուրքիո ազգաբնակչության թվով «շապխա» ապահովելը, դեկրետով մը թուրքական ֆեսերը վար առնել կուտա սա ձյուն ձմռան: Այս առիթով հեռագիրը կըսե, թե սովորական բան է այսօր Թուրքիո մեջ տեսնել երկու մարդ, որք կպտտեն մեկ «շապխայի» տակ:
Ինչքան ալ տխուր ըլլա՝ երկու գլուխ մեկ գլխարկին մեջ, սակայն փաստն այն է, որ Թուրքիա այսօր քաղաքակիրթ ազգերու կարգը կանցնե… գլխարկով («Մահապուրծ օրագիր», 2008 թ., էջ 17–18):
«Աշխարհի պետությունների միջև մինչև օրս գոյություն ունեցող պաշտոնական դիվանագիտական հարաբերություններին այժմս փոխարինում է մի այլ ձև, և դա հյուրասիրության, ճաշի, նախաճաշի ձևն է:
Վաթսուն պետություններ կամ հյուր են գնում իրար տուն, կամ հյուր ընդունում իրենց տանը:
Որ պետության դուռը բանաս՝ կերակուրի բուղը քթիդ է խփում:
Նման հարաբերություններում շահում է միայն շատակեր պետությունը:
Ա՛յ, Թուրքիան:
Հա՛մ շատակեր, հա՛մ ագահ:
Տնաշենի պետությունը որ սեղան նստավ, վեր կենալ չկա: Տանը նստելը չի իմանում, ինչ բան է: Օրվա որ ժամին գնաս՝ Թուրքիայի դուռը՝ փակ, կողպեքը՝ դռնից կախ:
Այն հարցին՝ ո՞ւր է գնացել:
– Ամերիկա,– պատասխանում է հարևան Հունաստանը» («Կարմիր օրեր», էջ 108):
«Տաճկաստանը և առհասարակ բոլոր այն երկիրները, որք քաղաքակրթութենեն զուրկ, անկարող են իրենց բռնած տարածությունը օգտագործել հարյուր տոկոսով, և սակայն իրենց ագահ աչքերը տնկած են այս ու այն կողմեն նոր երկիրներ կորզելու, նման են այն պառաված ձիուն, որն ինչպես գարին կկլլե՝ նույնությամբ կարտաթորե:
Ու ինչպես այդ անատամ ձիերուն ետևեն ճնճղուկներու տարմեր կշրջեն անոր թրիքն քջջելու ի խնդիր, անանկ ալ կոնցեսիոներ պետությունները կպտտեն Թյուրքիո ու նման երկիրներու ետևեն…
Տխմարնե՛ր, ամոթ չէ՞ ձեզի: Զարկեք ձիու դնչին ու մաքուր գարին վայելեք» («Մահապուրծ օրագիր», էջ 238):
Ինչպես ընդունված է ասել` մեկնաբանություններն ավելորդ են:
Ավելորդ են նաև մեր անհարկի թրքասիրությունը, սերը հանցագործի նկատմամբ, ա՛յն հանցագործի, որ գիտակցում էր ոճրի ողջ ծանրությունը՝ իր հիվանդ ուղեղում նրա ման-րամասները սրբագրելիս: Եվ այժմ էլ՝ այսքան տարի անց, շարունակում է ուրացումը, մերժումը իր կատարածի, այսինքն՝ շարունակում է իր հանցանքը:
Այսօր, երբ ԱՄՆ-ը տանկերով ու հրթիռներով իր «դեմոկրատիան» է պարտադրում աշխարհին, երբ այստեղ-այնտեղ ազգայնական հուժկու ալիքներ են բարձրանում ընդդեմ համաշխարհային գլոբալացման քաղաքականության, թվում է, թե մենք բնական իրավունք ունենք ոչ միայն հետապնդելու մեր դատը, այլևս արժանապատվորեն տեր կանգնելու մեզ ավանդված ողջ ազգային ժառանգությանը: Մինչդեռ՝
«Ռադիոյով Անկարայից լսում եմ թուրքական երաժըշտություն:
Ինչքա՜ն քաղցր, աղու մեղեդիներ ունի այդ երաժշտությունը և ինչպե՜ս լսողին քաղցր երազանքների է տանում այն:
Լսելով այն, ասում եմ ինքս ինձ. այսքան քաղցր երաժըշտություն ունեցող ժողովուրդը ինչպե՛ս կարողացավ մեկ ու կես միլիոն անմեղ հայություն կոտորել:
Չէ՞ որ չար մարդիկ երգ չունեն, և երգ ունեն միայն բարի մարդիկ…
Ու անմիջապես անջատում եմ ռադիոն, որովհետև լսում եմ հայ նահատակների ձայները հեռավոր գերեզմաններից, որոնք ասում են. «Մի՛ լսիր այդ ոճրագործ ժողովրդի երաժշտությունը…»» («Կարմիր օրեր» Էջ 285):
Կրկին հիշեցի Գլադստոնին, նրա ճառերից մեկը, որտեղ Թուրքիայի անցյալը համարել է «տխուր և չար գործերով լի մի պատմություն»: «Այդ ցեղը,– ասել է նա,– զուրկ չէ եղել աչքի ընկնող, մինչև անգամ նուրբ հատկություններից, բայց շատ տեսակետներից նա աշխարհի համար եղել է մի պատուհաս, որ ուղարկված է եղել, անկասկած, իմաստուն նախախնամությունից՝ աշխարհիս մեղքերի համար»:
Սովետական Հայաստանում հայտնվելուց ի վեր Լեռ Կամսարը իր հին ու նոր թշնամիներին՝ թուրքին և բոլշևիկին, ներկայացրել է գիրկընդխառն. հինը երբեք անցյալ չդարձավ նրա համար. միշտ ներկա էր իր կյանքում, նորի պատճառով անլուր տառապանքներ կրեց` երբեմն առաջինին գերադասելով երկրորդից:
«Այն ժամանակ Սովետական Միությունում մարդիկ չէին համարձակվում անգամ տնքալ` վախենալով, որ կառավարությունը դա կարող է դժգոհության նշան համարել իր ռեժիմի դեմ,– գրել է Լեռ Կամսարը:– Ես դուրս եկա ու հրապարակավ հայտարարեցի.
– Թուրք կառավարությունը լա՛վ էր ձեր կառավարությունից…
Իսկ ինձ հայտնի է, որ համաշխարհային քարտեզի վրա Թուրքիան ամենակեղտոտ կառավարությունն է…»:
«Աշխարհում երկու ոճրագործ եմ ճանաչել. թուրքն ու բոլշևիկը:
Թուրքի ողորմածությունը նրանում է, որ միանվագ կոտորեց մի ամբողջ ժողովուրդ և իր ոճիրը դրանով էլ ավարտեց:
Իսկ բոլշևիկը իր երկու հարյուր միլիոն ժողովրդի կեսը կոտորեց, մյուս կեսը թողեց, որ հավիտյան սգա իր կորուստը:
Բայց թուրքի ու բոլշևիկի տարբերությունը սրանով չի վերջանում:
Թուրքական սուլթաններն իրենց հարեմների համար վերցնում էին մի երկու մարդ, ամորձիները հանում, ներքինիացնում, իսկ բոլշևիկները վերցրին երկրի ողջ բնակչության ուղեղը հանեցին, մտածողությունից զրկելով նրան…
Ահա ձեզ խորանարդ ոճրագործություն» («Կարմիր օրեր», էջ 285–286):

ԹՈՒՐՔ-ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՏԱՆԴԵՄԸ` ԸՍՏ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ, ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Լեռ Կամսարն այն կարծիքին է, որ եթե բոլշևիկները գործեին սուլթանական Տաճկաստանում, երբեք թույլ չէին տա Աբդուլ Համիդին՝ իր ձեռքը թաթախեր հայի արյան մեջ, այնպե՛ս կմաքրեին հայերին, որ նրանց հետքն անգամ չմնար Տաճկաստանում:
«Հանկարծ միտքս ընկավ մի զուգահեռ ապերախտություն, մեկը թուրք կառավարության ձեռքով գործած, մյուսը՝ բոլշևիկների:
Հազար ինը հարյուր տասնհինգ թվականին, երբ Վանի թուրքերը փախչում էին ռուսների երեսից, բոլոր հայ նավավարներին պահեցին, որ իրենց Բիթլիսի կողմերը փոխադրեն:
Փոխադրում էին հայ նավավարները իրենց նավերով թուրք փախստականներին ծովի մյուս ափը և որպես հազարավոր թուրքերի կյանքը փրկելու վարձ, վերջում բոլորն էլ գնդակահարվում էին…
Հազար ինը հարյուր քսանչորս թվին երկու հրաշագործ բժիշկներ կային Հայաստանում՝ Հեքիմյան ու Միրզա-Ավագյան ազգանուններով, որոնք հարյուրավոր չեկիստների կյանք էին փրկել անբուժելի հիվանդություններից, վերջում այդ նույն չեկիստները բռնեցին ու որպես վարձ… գնդակահարեցին:
Ինչպե՛ս ամենայն տեղ բարբարոսությունը մի է, և ինչպե՛ս բարբարոսությունը հայրենիք չունի…» («Կարմիր օրեր», էջ 389):
Եվ դառնացած ավելացնում է.
«Ժամանակ մըն ալ ցարական Ռուսաստանեն սահմանադրական Տաճկաստան փախան հայեր: Ինչպես կտեսնեք, փախնողին ետևի կողմը միշտ բռնակալ մըն է եղեր նստած:
Բայց մի մոռնաք, որ Տաճկաստանը այն երկիրն է, ուր կոտորվեցավ մեկ միլիոն հայություն: Ու այսօր, երբ հայ մը կփախնե այն երկիր, ուր հայերը կկոտորվին, այդ նշան չէ՞, որ սահմանեն ասդին կոտորածեն ավելի գեշ բան մը տեղի կունենա» («Մահապուրծ օրագիր», էջ 240):
Համաձայնեք, սպանիչ է այս ընդհանրացումը նաև այսօրվա՛ տեսանկյունից և առավելապես պետք է անհանգըստացնի մեր ազգային անվտանգության «ճարտարապետներին»: Իրերն անվանենք իրենց անուններով: Հիշենք՝ երբ Ֆրանսիայի Սենատը 2000 թ. նոյեմբերին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ի՛նչ հիստերիա բարձրացավ Թուրքիայում, իշխանություններն ինչպե՛ս էին հոխորտում հայերին պատժելու մասին, սպառնում նրանց վտարել իրենց երկրից: Հիշե՛նք ամոթով` նրանց մի մասն այնտեղ հնագույն արհեստի մերօրյա «մասնագետ» է՝ մարմնավաճառ, է՛լ ավելի մեծ զանգվածը` աղախին, բատրակ… Այսինքն՝ հայն իր հայրենիքից փախչում է մի երկիր, որը ոչ վաղ անցյալում կոտորել է իր ազգի կեսին, բռնագրավել նրա հող հայրենին և այսօր էլ ձեռքը չի դողա, եթե պատեհ պահ և առիթ լինի մնացորդացի ժառանգորդներին նույնպես վերացնելու… Հիշենք Գուրգեն Մարգարյանի եղերական սպանության թուրքական սցենարը… Եվ առավել ողբերգականն այն է, որ այսօր էլ քիչ չեն աչքները ջուր կտրած դեպի հարավ-արևմուտք նայողները…
Մենք դատապարտված ենք թուրքի հետ ապրելու կողք կողքի: Ճակատագրի հեգնանքով հարևաններ ենք, իսկ հարաբերությունները երբեք դրացիական չես անվանի: Այդ մասին շատ է ասվել: Այսօր էլ հայ-թուրքական հակամարտության մասին խոսում են ամենքը և ամենուր` հաճախ մոռանալով, որ, ինչպես Գլադստոնն է մարգարեաբար նկատել ժամանակին, Թուրքիայում «պետք է» խոսքը ոչ մի նշանակություն և ուժ չունի, իսկ «պարտավոր է» խոսքն այնտեղ շատ գեղեցիկ կերպով են հասկանում: Եվրոպայի քարտեզն ապացուցում է այն փորձը, որ այդ խոսքի ժամանակին գործածելը առանց հետևանքի չի մնում:
Գլադստոնի հիշատակած Եվրոպայի քարտեզը հիշեցնում է ապրիլի 23-ից ի վեր շրջանառվող մեկ այլ՝ հայտնի «ճանապարհային քարտեզը», որը «ֆուտբոլային դիվանագիտության» հետևանք է` իր անհասկանալի կամ, ավելի ճիշտ, հայ-թուրքական համատեղ «հայտարարության» բովանդակությունը թաքցնելու անհաջող փորձով: Ըստ թուրքական աղբյուրների, իսկ դրանք, ցավոք, միշտ ճիշտ են նման դեպքերում, հիշյալ հայտարարությամբ մեկ անգամ ևս վավերացվում է Կարսի ամոթալի պայմանագիրը: Թուրքական կողմին, անշուշտ, շահեկան է 1921 թվականի մարտի 16-ի թուրք-բոլշևիկյան այդ անբարո գործարքը և ՀՀ սահմանների ճանաչումը նույն տխրահռչակ պայմանագրով` այս անգամ ՍՍՀՄ կազմից դուրս, իսկ հայկական կողմն ընդհանրապես պահանջատիրության հարց չի էլ դրել անկախությունից ի վեր և անընդհատ կրկնում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցելու իր պատրաստակամության մասին` անտեսելով սփյուռքահայության հայրենատիրության անանց իրավունքն ու ազգային բնական արժանապատվությունը:
Հատուկ ունակություններ պետք չեն` հասկանալու համար, որ աշխարհաքաղաքական զարգացումները թելադրում են գերտերությունները. այդ մասին ժամանակին բավական հստակ գրել է նաև Լեռ Կամսարը: Մնացած երկրները չեն կարող խուսափել քաղաքական վայրիվերումների ընթացքում անխուսափելի ալեբախումներից: Բայց դա չի նշանակում, թե կարելի է կրավորական կեցվածք ընդունել և հետևել պատրաստվող բեմադրությանը որպես հանդիսատես: Թուրքիան ծրագրված ոչնչացրել է մեր ժողովրդի 50 տոկոսին, բռնազավթել մեր հայրենիքի 9/10 մասը: Ավելին, ոչ միայն չի հատուցել պատճառած վնասները, այլև շարունակում է հայատյացության, Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը: Ի՞նչ տրամաբանությամբ կարելի է կուլ տալ նման վիրավորանքը և տարվել քաղաքական պատրանքներով, թղթի վրա գրված դեմոկրատական վեհ գաղափարներով, պերճախոս հավաստիացումներով, անիմաստ ու անհեթեթ ներողամտությամբ և անհարկի լայնախոհությունը քողարկել քաղաքական անհեռատեսությամբ կամ օտարի՝ իբր մեր նկատմամբ բարի կամքի դրսևորումներով: Մենք անցյալի դառը փորձ ունենք: Դա՛ս քաղենք դրանից: Բա՛վ է, սխալվելու իրավունք այլևս չունենք: Պատվախնդրորեն տե՛ր կանգնենք մեր Հայրենիքին, արժանապատվորեն տնօրինենք մեր երկրի ու ազգի ճակատագիրը` Հայրենիքում և Սփյուռքում: Մեր ապագան այսօր մենք ենք կերտում: Չարժանանանք մեր գալիք սերունդների անեծքին և թուրքի (և ոչ միայն սրա) հավիտենական արհամարհանքին…
ԹՈՒՐՔ-ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՏԱՆԴԵՄԸ` ԸՍՏ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ, ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ
«Վէմ» ռադիոկայան, 10. 06. 2009, Հասմիկ Գուլակյան
«Վէմ» ռադիոկայան, 10. 06. 2009, Հասմիկ Գուլակյան
Չյուրացված դասեր (Հրապարակախոսություն), 2015