«ՋԱՐԴԻ ՏՂԱ» Գուրգեն Յանիկյան | Gourgen Yanikian | Гурген Яникян

«ՋԱՐԴԻ ՏՂԱ» Գուրգեն Յանիկյան | Gourgen Yanikian | Гурген Яникян

«ՋԱՐԴԻ ՏՂԱ» Գուրգեն Յանիկյան | Gourgen Yanikian | Гурген Яникян | Յանիկյանի ծնողները` Մկրտիչ և Արաքս Յանիկյանները

«ՋԱՐԴԻ ՏՂԱ» Գուրգեն Յանիկյան | Gourgen Yanikian | Гурген Яникян | Յանիկյանի ծնողները` Մկրտիչ և Արաքս Յանիկյանները

Երբ տեսա, որ ամեն ինչ վերջնականապես կորչում է, սկսեցի մտածել գտնել մի ելք, որով տեղեկացվեր աշխարհին, թե ո ́վ է թուրքը եւ ինչ է արել մարդկության դեմ: Երեք օր ես իմ հարկաբաժնից դուրս չեկա: Մտածում էի ելքի մասին: Այդ օրերի ընթացքում աչքիս առաջ անցնում էին իմ 78-ամյա կյանքի պատկերները: Ուրախ օրերը խառնվում էին դժբախտ օրերի հետ… Աշխատում էի հիշել միայն լավը, չէր հաջողվում: Մանկությունս խառնվում էր ուսանողական տարիների հետ: Ուրախ օրերն անհետանում էին, եւ ես փակած աչքերով տեսնում էի իմ մանկությունը եւ ինձ՝ լալիս… Բաց արեցի աչքերս, եւ հայացքս ընկավ պատին կախված ծնողներիս նկարներին… Շատվոր էինք… Բայց հիմա մնացել ենք միայն ես եւ իմ քույրը, որն ինձանից մի երկու տարով ավելի երիտասարդ է: Մտքով խոսում է նրանց հետ: Հանկարծ տեսա, որ նկարներից մեկը սկսեց մեծանալ: Զարմացած նայում էի նկարին: Դա եղբորս նկարն էր, որին երկու թուրք ոճրագործներ մորթել էին: Մայրիկս եւ ես ներկա էինք ու ոչ մի օգնություն ցույց չտվեցինք եւ ոչ էլ կարող էինք: Ես ինը տարեկան էի, եւ մայրիկս իր ձեռքերով սեղմել էր բերանս, որ ձայն չհանեմ: Էրզրումում էինք՝ մեր տան ախոռում: Մեկ փակում էի աչքերս՝ աշխատելով փոխել մտքերիս ընթացքը, մեկ կիսաբաց անելով՝ նայում էի, թե արդյոք այդ տեսիլքը, որ փշաքաղ էր անում մարմինս, անհետացա՞վ: Ո ́չ, եղբայրս չէր անհետանում. նա մեծանում էր եւ հանկարծ ճչաց… Ո՞վ, ե՞ս, թե նա, չգիտեմ… Ես տեսա այն, ինչ տեսել էի 70 տարի առաջ… որպես մի անասունի՝ գլուխը բարձրացրած, ու կեռ դանակը անցավ նրա կոկորդի վրայով եւ արյունը շատրվանի պես դուրս ժայթքեց: Այս անգամ արդեն համոզված էի, որ ես ճչացի: Բազմաթոռից վեր ցատկելով՝ մոտեցա նկարին եւ ուզում էի ձեռքերովս ծածկել արյունը: Տեսիլքն անհետացավ: Սառը քրտինքով ծածկված դեմքիս նայում էր նա՝ ժպիտը երեսին, որ ժամանակին մայրիկիս հետ գտել էր ինձ կիսասառած վիճակում, ձյունի վրա, երբ կոտորածից հետո մերոնք փախչում էին Էրզրումից դեպի ռուսական սահմանը:
Ինձ կորցրել էին ճանապարհին եւ ոչ ոք չէր ուզում վերադառնալ գտնելու համար վեց ամսական դեռ չկնքված մի երեխայի, որին անուն չունենալու պատճառով կոչում էին «ՋԱՐԴԻ ՏՂԱ»: Ես սիրում էի բոլոր եղբայրներիս: Բացի սիրուց, Հակոբ եղբորս հանդեպ ունեի որոշ պարտականության զգացում: Առանց նրա, գուցե ես, դեռ կյանք չտեսած, արդեն սառած լինեի Էրզրումի լեռներում:
Մտքերս գնում էին այն վայրը, որտեղ կատարվեց այն, ինչ առաջին անգամ իմ կյանքում տեսա պատի վրա: Ոչ, դա սպանություն չէր, դա ավելի դաժան բան էր, քան սպանությունը: Բայց մի՞թե միայն իմ եղբայրն էր զոհվել՝ այդպես անխիղճ կերպով մորթվելով: Մի՞թե տասնյակ հազարներով իմ ցեղին պատկանողները չէին ստացել գազանից նույնը: Մի՞թե միայն իմ ցեղին պատկանողներն էին զոհ եղել տաճիկ գազաններին: Քանի-քանի ուրիշ ազգեր էլ եղել էին զոհը այն գազանի, որը տաճիկ կառավարություն է կոչվում…

Գուրգեն Յանիկյան, Սան Լուիս Օբիսպո բանտախուց 7160, 1973 թ.
Լուսանկարում` Յանիկյանի ծնողները` Մկրտիչ և Արաքս Յանիկյանները
Աղբյուր՝ Gourgen Yanikian
ԿԱՐԴԱՑԵՔ՝ ԹՈՒՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ` ԵՂԵՌՆԻ 50-րդ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Добавить комментарий