ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ ՀԵՏ ․ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ ՀԵՏ

 ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

Անվանի պատմաբան, ազգային գործիչ Հակոբ Զորյանը, որը գործուն մասնակցություն է ունեցել Թալեաթի ահաբեկմանը (Բեռլին, 15-ը մարտի, 1921թ.)՝ ստալինյան բռնապետության զոհերից է:
Նրա անունը դժնդակ 1937թ. և դրան հաջորդած տասնամյակներին պիտակավորվել է որպես ժողովրդի թշնամի:
Զորյանի կյանքը, գիտական և քաղաքական գործունեությունը մնացել է ստվերում անգամ այն ժամանակ, երբ նա հետմահու պաշտոնապես արդարացվել է:
Ցավոք, մեր օրերում Հակոբ Զորյանի սխրագործությունը վերագրվում է Ավետիք Իսահակյանին, որին ՀՀԴ կենտրոնը հանձնարարել էր հայտնաբերել՝ որտեղ է գտնվում ծպտված Թալեաթը:
Ավետիք Իսահակյանը իրագործում է առաջադրանքը շնորհիվ Կարո Մելիք-Օհանջանյանի:

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ - Soghomon Tehliryan Սողոմոն Թեհլիրյան

Կլարա Թերզյան Klara Terzyan — Soghomon Tehliryan Սողոմոն Թեհլիրյան

Մի խելակորույս ճանապարհ, որի անունն անցյալ է, ինձ տանում է այն ժամանակներն ու վայրերը, որտեղ եղել եմ, տանում է և այն ժամանակներն ու վայրերը, որտեղ չեմ եղել: Ճանապարհն այդ մերթ լայն է, լուսավոր, մերթ մութ ու խճճված, բայց ստիպում է անցնել անանցանելին:
Ահա արևով ողողված մի փողոց՝ մանկություն. 1930-ական թվականներ, Երևան: Մեր տունը լցված է ուրախ կանչերով՝ հյուր են եկել Զորիկն ու Էռնան: Նրանք եղբայր ու քույր են: Հետո մայրս ինձ ու քրոջս տանում է նրանց տուն: Ձմեռ է: Ապրում են Աբովյան փողոցի գլխամասում, համալսարանի դիմաց: Գիտեմ, որ Էռնայի և Զորիկի ծնողները՝ Հակոբ և Էսթեր Զորյանները, աշխատում են համալսարանում՝ պրոֆեսորներ են: Տանն այնքան խաղալիք կա, ասես խանութ լինի: Նրանց տանը կարելի է աղմկել, մենք ազատ ենք, ոչ ոք չի սաստում, կատարյալ տոն է:
Ու հանկարծ մի անսպասելի մրրիկ ավերում է նրանց տունը: Հասկանում եմ այսքանը. Էռնայի և Զորիկի ծնողներին բանտարկել են, նրանց տան դռները փակ են բոլորի առաջ, երեխաները մանկատանն են:
Մեծանում ենք. ես ու քույրս առանց հայր, որը վախճանվեց 1935 թվականին: Էռնան ու Զորիկը առանց հայր ու մայր, որոնց ձերբակալեցին 1937 թվականին: Բոլորիս կյանքը տակնուվրա է եղել ու մանկության արևով ողողված փողոցից այս ու այն կողմ նետել:
Ովքե՞ր էին մեր ծնողները, 1925 թվականին Ֆրանսիայից ու Գերմանիայից եկած հայեր, որ հայրենիքի վերածննդով խանդավառված, ցանկացել էին մասնակցել նոր կյանքի կառույցին:
Անցան երկար տարիներ:
Զորիկի ու Էռնայի հոր՝ Հակոբ Զորյանի մասին առաջինը գրեց պատմաբան Լյուդվիգ Ղարիբջանյանը 1965 թվականին իր «Երևանի պետական համալսարան» գրքում, Զորյանի ընդհատված գործունեությունից 30 տարի անց՝ հակիրճ ծանոթացնելով նրա կյանքին ու գործունեությանը:
Զորյանը ծնվել է 1894 թվականին, Թուրքիայի Օրդու քաղաքում: 1912 թվականին ավարտել է Պոլսի Պերպերյան վարժարանը: Այնուհետև աշխատել է Օրդուում, որպես ուսուցիչ: 1915-1919 թվականներին աշխատել է Բուլղարիայի Շումլե քաղաքում: Մեկ տարի անց ընդունվել է Լոզանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ապա փոխադրվել Բեռլինի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, որտեղ աշակերտել է անվանի տնտեսագետ Զոմբարդտին: Համալսարանն ավարտել է 1925 թվականին՝ պաշտպանելով դոկտորական դիսերտացիա: Նույն թվականի հոկտեմբերին հրավիրվում է Երևանի համալսարան, որպես հայ ժողովրդի պատմության դասախոս: 1925 թվականից մինչև 1937 թվականը եղել է ամբիոնի վարիչ և պատմության ֆակուլտետի դեկան:
Հակոբ Զորյանը 1930 թվականին ընդունվել է Խորհրդային միության կոմունիստական կուսակցության շարքերը: 1937 թվականին ձերբակալվել է:
Լյուդվիգ Ղարիբջանյանի գրքին հաջորդեց մեկ ուրիշը, որ լույս տեսավ 1970 թվականին՝ Երևանի համալսարանի 50-ամյակի առթիվ: «Մեր անվանի դասախոսները» գրքում արժանի տեղ է հատկացվել նաև պրոֆեսոր Հակոբ Զորյանի գործունեությանը, որը չի սահմանափակվում մանկավարժական ու վարչակազմակերպչական աշխատանքներով: Նրա գրչին են պատկանում միջնադարյան Հայաստանի պատմությանը նվիրված մի շարք ուսումնասիրություններ: Դրանցից են. «Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները 10-րդ դարում», «Ներդասակարգային պայքարը հայ Արշակունիների թագավորության շրջանում», «Արտաշատի, Վաղարշապատի և Դվինի պրոբլեմները», «Արաբների հարկային քաղաքականությունը Հայաստանում», «Արաբական շրջանում ֆոեդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը» և այլն:
Այն խելակորույս ճանապարհը, որ կոչվում է անցյալ, ինձ ստիպում է քայլել Զորյանի անցած ճանապարհով: Փնտրում եմ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանին, որի հոդվածներից երևում է, որ շատ խորն է ուսումնասիրել գիտնականի կյանքը: Իմացա, որ պատմական գիտությունների թեկնածու Պետրոս Հովհաննիսյանը միջին սերնդի ներկայացուցրչ է, Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի դասախոս: Ներկայացա ու խնդրեցի պատմել Հակոբ Զորյանի մասին:

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ ՀԵՏ

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – Հակոբ Զորյանն աշխատում էր Բեռլինում, երբ 1925-ին հրավեր ստացավ Փարիզից՝ խմբագելու հայկական թերթերից մեկը: Նույն օրերին հրավեր ստացվեց նաև Երևանի համալսարանից, նշված էր, որ համալսարանը սիրով հրավիրում է երիտասարդ հայագետին, այդ ժամանակ նա հայագիտական որոշ աշխատություններ ուներ հրատարակած «Արեգ» շաբաթաթերթում: Զորյանն ընտրեց երկրորդ հրավերը և եկավ Երևան: Աշխատանքի անցավ պատմության ֆակուլտետում, որպես ընդհանուր եվրոպական պատմության դասախոս, իսկ քիչ անց՝ հայ ժողովրդի պատմության արդեն ստեղծված ամբիոնում: 1927 թվականին կատարում է ամբիոնի վարիչի պարտականությունը, իսկ 1931 թվականից դառնում է ամբիոնի վարիչ: Այդ թվականներին խորհրդահայ պատմագրության առջև դրված խնդիրները դրված էին նաև երիտասարդ պատմաբանի առջև: Այսինքն՝ ստեղծել խորհրդահայ պատմաբանների նոր սերունդ:
1928 թվականին Զորյանը սկսում է զբաղվել պատմագրության հարցերով: Նա առաջինը, որքան ինձ է հայտնի, սկսեց զբաղվել խորհրդահայ պատմագրության ձեռք բերած նվաճումների ընդհանրացմամբ և այդ ուղղությամբ մի քանի հետաքրքրական աշխատություններ գրեց:
1929 թվականին Մոսկվայում հրավիրվում է մարքսիստ պատմաբանների համամիութենական առաջին համագումարը, որտեղ ծրագրային զեկուցումով հանդես եկավ Զորյանը, վերլուծեց անցած տասնամյակում խորհրդահայ պատմագրության նվաճումները, ցույց տվեց վրիպումները, հեռանկարները, որոնցով պետք է զբաղվեն մեր պատմաբանները:
Պետրոս Հովհաննիսյանին խնդրում եմ, որ ինձ մտովի առաջնորդի դեպի Զորյանի բեռլինյան տարիները: Մի ճանապարհ, որ մութ է ու խճճված: Ի՞նչ գիտի Սողոմոն Թեհլիրյանի հետ նրա համագործակցության մասին:
— Ինձ հայտնի է, որ նրանք համագործակցել են: Որքան գիտեմ, Բեռլինում Թեհլիրյանը բնակվել է Զորյանի վարձած տանը: Զորյանը հիանալի գերմաներեն գիտեր, Թեhլիրյանը՝ ոչ: Նրան օգնել է տվյալներ հավաքելու: Կարելի է ենթադրել, որ Զորյանն այն խմբի անդամն էր, որ պետք է վերացներ Թալեաթին: Ցավոք, այդ ուղղությամբ մեր պատմաբաններն ուսումնասիրություններ չեն կատարել: Իսկ սփյուռքում կատարվածը մեզ հայտնի չէ: Եվ միայն հուշերից ու առանձին վկայություններից կարելի է ենթադրել նրա ակտիվ մասնակցությունը Թալեաթին պատժելու գործում:
Ես կցանկանայի, որ մեր երիտասարդ պատմաբանները զբաղվեին այս թեմայով, վեր հանեին ոչ միայն պատմաբան Հակոբ Զորյանի գիտական գործունեությունը, որ անիրավացիորեն ստվերում է մնացել, այլև ուսումնասիրեին Զորյանին, որպես հայ ազատագրական շարժման գործիչ:
Հակոբ Զորյանն ամենայն հավանականությամբ պատրաստում էր հայ ժողովրդի պատմության դասագիրք: Ըստ գրականագետ Արտավազդ Ավագյանի, երբ ինքը, Գևորգ Էմինը և Սողոմոն Տարոնցին մտել են արվեստի ու գրականության թանգարանի նկուղը՝ փրկելու Բակունցի արխիվը, այնտեղ տեսել են նաև պրոֆեսոր Հակոբ Զորյանի «Հայոց պատմություն» աշխատության ձեռագիրը, որի հետագա ճակատագիրն անհայտ է: Հավանական է, ոչնչացրել են:

Պետրոս Հովհաննիսյանին խոստացա, որ նրան կծանոթացնեմ Հակոբ Զորյանի ժառանգների՝ Էռնայի և Զորիկի հետ: Եվ ահա պայմանավորված ժամին մենք համալսարանում ենք, հայ ժողովրդի պատմության ամբիոնում: Բավական շատ դասախոսներ են հավաքվել՝ և տարեց, և երիտասարդ:
Որքան մեծ եղավ մեր ուրախությունը, երբ պրոֆեսոր Ռաֆայել Մովսիսյանն ասաց, որ ինքը եղել է Հակոբ Զորյանի ուսանողը և պատմեց իր հուշերը:

ՌԱՖԱՅԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ — Հակոբ Զորյանը պատմության ֆակուլտետի ամենասիրված դասախոսներից էր: Նրա դասախոսություններն աչքի էին ընկնում իրենց գիտականությամբ և հետաքրքրությամբ: Չկար մի ուսանող, որ նրա դասերից բացակայեր: Նրա առավելությունը նաև այն էր, որ նա առաջինը սկսեց երիտասարդներին ներգրավել հայոց պատմության ուսումնասիրության մեջ:
Համալսարան գնալիս Էռնան, Պետրոս Հովհաննիսյանի խնդրանքով, իր հետ վերցրել էր ծնողների լուսանկարները: Ահա մի եզակի լուսանկար. Հակոբ Զորյանն է, Չարենցը՝ իրենց կանանց հետ: Տարիներ անց՝ 1997 թ. բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը «Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի» իր գրքում վկայում է. «Չարենցի ֆոնդում պահպանվում է «Գիրք ճանապարհի»-ի ևս երեք օրինակ: Դրանցից մեկի վրա հեղինակը մակագրել է.
Սիրելի Հակոբոսին, իմ լավ բարեկամին և առհասարակ աշխարհիս ամենալավ մարդկանցից մեկին:
                                                                                                     Ե. Չարենց. 1934.XI.28, Երևան
Մեր համոզմամբ գրքի հասցեատերը եղել է պատմաբան Հակոբ Զորյանը (1894 – 1942), հայ ժողովրդի պատմության փայլուն մասնագետ, որի անունը, ցավոք, տեղ չի գտել մեր հանրագիտարանում: Դրա հատուցումը թերևս հանճարեղ բանաստեղծի այս գնահատականը կարելի է համարել»:
Լուսանկարները շատ չեն, բայց դարձյալ վկայում են, թե ինչ մտավորականների հետ են շփվել Հակոբ Զորյանն ու նրա կինը՝ Էսթեր Զորյանը, որը նույնպես սովորել է Բեռլինի համալսարանում: Նրա մասնագիտությունը եղել է մանկական հոգեբանությունը: Տիկին Էսթերը տիրապետել է անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին: Օտար լեզու է դասավանդել Երևանի համալսարանում ու պոլիտեխնիկական ինստիտուտում: Նրան երկու անգամ են ձերբակալել. առաջին անգամ 1937 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 1949-ին: Աքսորավայրերում անցկացրել է տասնյոթ տարի, բայց դիմացել է բոլոր փորձություններին, միշտ գիտակցելով, որ Երևանում ունի երկու երեխա, հանուն նրանց պետք է ապրի ու վայելի նրանց տեսնելու, նրանց հետ ապրելու երջանկությունը:

ԷՌՆԱ ԶՈՐՅԱՆ — Երբ 1937 թվականին մեր ծնողներին ձերբակալեցին, մենք մեն-մենակ մնացինք դաժան իրականության դեմ: Մեզ տարան մանկատուն:
Բարեբախտաբար կարողացանք հաղթահարել անհամար, աննկարագրելի դժվարությունները, անցնել անպատմելի տառապանքի ուղիներով, ավարտել և միջնակարգ, և բարձրագույն դպրոց: Դարձանք մասնագետներ, ու հիմա ամեն մեկս մեր ասպարեզում աշխատում ենք օգտակար լինել մեր ժողովրդին՝ հարազատ մնալով մեր ծնողների դավանանքին:
Հայրիկիս, դժբախտաբար, ես այդպես էլ չճանաչեցի: Նա չվերադարձավ: Տարիներ հետո իմացանք, որ մահացել է 1942 թվականին աքսորավայրում: Ես նրա մասին տեղեկություններ ունեմ մայրիկիս, Կարո Մելիք-Օհանջանյանի, Ասյա Վերմիշյանի, Շահան Նաթալիի պատմածներից: Երբ 1937 թվականին և դրան հաջորդած տարիներին ահավոր պիտակներ էին կպցնում ձերբակալվածներին, ես որոշակի հիշում եմ, որ իմ մանկական ուղեղով ու հոգով ընդվզում էի դրանց դեմ: Հաստատ համոզված էի, որ իմ ծնողները չէին կարող վատը լինել, առավելևս, որևէ վատ գործ կատարել: Դա երեխայի՝ իր ծնողներին նվիրվածության կույր հավատ չէր, այլ համոզմունք, որը ձևավորվել էր նրանց հետ համատեղ ապրելու կարճ ժամանակամիջոցում (մոտ 9 տարի):
Բանտում, երբ հայրս համոզվել է, որ համալսարանի 19 պրոֆեսորներին ներկայացրած ահավոր մեղադրանքները ոչ թե թյուրիմացություն են, այլ միտումնավոր չարագործություն, այնքան է հուսահատվել, որ ինքնասպանության փորձ է արել: Իսկ հետո ուժերը վերագտել է և դատի ժամանակ հայրենասիրական ճառ է արտասանել, նշելով, որ այո, ինքը գործուն մասնակցություն է ունեցել Թալեաթի սպանությանը և դա համարում է իր կյանքում կատարած ամենակարևոր գործը:
Մայրս վերադարձավ առաջին անգամ 1946 թվականին, երբ ես նոր էի բժշկական ինստիտուտ ընդունվել:
Մայրս արտակարգ ընդունակությունների, մեծ գիտելիքների տեր վառ անհատականություն էր: Բայց, ամենակարևորը, նա հերոսական կամք, անսահման լավատեսություն ուներ: Հեշտ է ասել՝ 17 տարի. ահավոր, աննկարագրելի, ֆիզիկական, մտավոր տանջանքներ, երեխաներից, ամուսնուց զրկված, մարդկության տականքների՝ քրեական հանցագործների շրջապատ: Երբ երկրորդ անգամ, 1949-ին նրան աքսորեցին, արդեն 57 տարեկան էր: Հետո ինձ պատմում էր, որ ամենադժվար րոպեներին գնում էր անտառ և բարձրաձայն բղավում, հետո վերադառնում խաղաղված, ուժերը վերագտած, որ ոչ ոք իր շրջապատում չզգա իր թուլությունը:
Մայրս երկրորդ անգամ վերադարձավ աքսորից (Կրասնոյարսկ) 1954 թվականին, Ստալինի մահից հետո: Հիմա ես մտածում եմ, որ մեծ կին էր (62 տարեկան), այդքան զրկանք, տանջանք ու տառապանք տեսած, բայց հոգու արիությունը պահպանած, մեծագույն հավատով, որ լավն ու գեղեցիկն են ի վերջո հաղթանակելու: Նա ասում էր. «Ամեն ինչ պատրաստ եմ մոռանալ, ներել, որովհետև երեխաներս ողջ են և լավ մարդիկ են դարձել»:
Նա հիվանդացավ և վախճանվեց 1962 թվականին:

Հանրապետության ճանաչված կին գիտնականներից մեկին՝ Հրաչյա Քոչարի դստեր՝ Մերի Քոչարին, բախտ է վիճակվել աշխակերտելու Էսթեր Զորյանին:

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ ՀԵՏ

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

ՄԵՐԻ ՔՈՉԱՐ — Ի՞նչ պատմեմ տիկի Զորյանի մասին: Հիմա, այս տարիքում, որ հիշում եմ նրան, նոր եմ ըմբռնում, թե նա ինչ մեծ դեր խաղաց իմ կյանքում մանկությանս տարիներին:
Հորս բարեկամուհին էր, իսկ հայրս տիկին Զորյանի ու նրա ամուսնու նկատմամբ մեծ ակնածանք ուներ, քանի որ եղել են մեր մտավորականության ամենաբարձր խավի ներկայացուցիչները: Եվ երբ տիկին Զորյանը վերադարձավ աքսորից և աշխատանք չուներ, հայրս նրան առաջարկեց, որ ինձ հետ գերմաներեն պարապի: Շատ ցանկալի էր, որ նա շաբաթական գոնե երեք անգամ գար մեզ մոտ: Նրանք երկար զրուցում էին, ես ոչինչ չէի հասկանում, հիմա, իհարկե, կռահում եմ, ինչի մասին էին խոսում:
Տիկին Զորյանն ինձ համար միայն գերմաներենի ուսուցչուհի չէր, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ տարիներին, հասկանում եմ, թե նա ինչ մեծ աշխարհ բացեց ինձ համար. ես կապվեցի գերմանական մշակույթի հետ: Հայնեի, Գյոթեի բանաստեղծությունները մինչև հիմա անգիր եմ հիշում: Նա ինձ պատմում էր Գրիմմ եղբայրների հեքիաթները, այն, ինչ իմ տարիքին էր համապատասխանում:
Իմ վերջին հանդիպումը տիկին Զորյանի հետ տեղի ունեցավ գրավոր. նա երկրորդ անգամ աքսորվելուց հետո ուժ գտավ ինձ այնտեղից նամակ գրելու: Շատ հետաքրքրական նամակ էր. մտորումներ էին, որ կյանքը հաճույք ու հեշտ ճանապարհ չէ, որ պետք է կարողանալ հաղթահարել և ծանր պահերը, և դժվարությունները: Նամակում մեջբերում էր արել Դոստոևսկուց, որ՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը:
Այս օրերին, երբ մենք այդքան մեծ փորձություններ ենք ապրում, ես կրկնում եմ՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը:

Էռնային բժշկի մասնագիտություն ընտրելու մեջ օգնել է մայրը: Էռնան մեր հանրապետության քիթ-կոկորդի մանկական առաջատար բժշկուհիներից է:
Ճանաչված մասնագետ է նաև Զորիկը, նա ղեկավարում է Անդրկովկասյան հիդրոօդերևութաբանական ինստիտուտի հանրապետական մասնաճյուղը, ֆիզիկա- մաթեմատիկական գիտությունների թեկնածու է:
Էռնայի հարկի տակ ծանոթանում եմ ակադեմիկոս Կարո Մելիք-Օհանջանյանի դուստր, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսիկի հետ: Կյանքը զարմանալի զուգահեռներ է անցկացրել նրանց հայրերի ճակատագրերի միջև: Բանտում նրանք եղել եմ միասին, և փորձության ժամին, երբ առավելագույնս է բացահայտվում մարդու ներաշխարհը, նրանք իրար հասկացել են ու հարազատացել: 1942 թվականին Կարո Մելիք-Օհանջանյանին բախտ է վիճակվում վերադառնալ աքսորից, նա փնտրում է Զորյանի զավակներին ու հարազատ հոր պես նրանց հովանավորում մինչև կյանքի վերջը:

ԼՈՒՍԻԿ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ – Հակոբ Զորյանի մասնակցությունը Թալեաթ փաշայի սպանությանը ինձ քաջ հայտնի է. հայրս բազմիցս պատմել է ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր գալիս էին մեզ մոտ, հետաքրքրվում այդ պատմությամբ: Այն արձանագրված պետք է լինի նաև զինվորական տրիբունալի սղագրության մեջ 1940 թվականին՝ տասնինը պրոֆեսորների դեմ դատավարության ժամանակ: Դատախազի այն հարցին, թե արդյոք Հակոբ Զորյանը մասնակցե՞լ է Թալեաթի սպանությանը, Զորյանը պատասխանել է. «Այո, դա այն գործն է, որով ես հպարտանում եմ: Եթե նորից վիճակվեր, ես դա կկրկնեի»:
Խումբը բաղկացած է եղել հինգ հոգուց: Հայրս տալիս էր նրանց անունները, ես հիշում եմ միայն երեքին՝ Շահան Նաթալի, Հակոբ Զորյան և Սողոմոն Թեհլիրյան: Վերջինս այդ դատավճռի իրականացնողն էր:
1968 թվականին, երբ Շահան Նաթալին եկել էր Երևան, երկու անգամ եղավ մեր տանը և խնդրեց հայրիկիս, որ հրավիրի Հակոբ Զորյանի զավակներին: Ուզում էր նրանց տեսնել: Այդ հանդիպումը հուզիչ էր: Նաթալին իր հոգու պարտքն էր համարում գրել այդ ամենի մասին: Հայրս կանչեց նաև մեր հարևան արձակագիր Բոգդան Վերդյանին, որը գրում էր հենց այդ շրջանի մասին, ուզեց, որ այդ հուշերը նա էլ լսի:
Շահան Նաթալին գրկեց Էռնային ու Զորիկին և ասաց. «Դուք իմացեք, թե ձեր հայրը ով է: Հպարտացեք նրանով»:
Թալեաթ փաշայի սպանությունը հետապնդում էր մի նպատակ, որ դատավարություն սկսվի ցեղասպանության ոճրագործների դեմ: Եվ փաստորեն այն կայացավ, աշխարհն իմացավ թուրքերի բարբարոսության մասին:

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ ՀԵՏ

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՆԱԽԱԲԱՆ

Գործի բերումով գնում եմ հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց և հարցնում, թե ո՞վ է քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչը: Ասում են՝ Էռնա Զորյանը: Կայծակի նման գլխումս փայլատակում է իմ մանկության ընկերուհին՝ Էռնան, որին հիսուն տարի չեմ տեսել: Չեմ հասցնում հարցնել նրա մասին մանրամասներ, երբ կողքովս արագ անցնում է բարձրահասակ, շիտակ կեցվածքով մի կին: Մասնագիտական գլխարկը խանգարեց, որ լավ տեսնեմ դիմագծերը, բայց չեմ կասկածում, որ Էռնան է: Ես գրեթե վազում եմ:
— Բարև ձեզ, գիտե՞ք ես ով եմ:
Նա ուշադիր նայում է ու հանկարծ.
— Կլարան եք. Կլարա Թերզյանը:
Հուզմունքի ալիքն անցնելուց հետո միայն կարողանում եմ ասել.
— Էռնա, շատ ուրախ եմ, որ այսպիսի դիրքի ես հասել:
Իսկ հետո, երբ մոտիկից եմ ծանոթանում Էռնա բժշկի գործունեությանը, հիանում եմ, թե ինչ հրաշագործ ձեռքեր ունի, ինչպես են նրան սիրում հիվանդ երեխաները, նրանց ծնողները, գործընկերները: Էռնան այդ բաժանմունքի հիմնադիրն է: Ակնարկս գրելուց հետո զգացի, որ Զորիկին որոշ չափով ստվերի մեջ թողեցի: Գուցե առիթ կլինի նրա մասին առանձին գրելու:
Դժվար է մի ակնարկում ընդգրկել այն, ինչ վեպի ընդգրկում ունի: Ես հավաքեցի միայն այն հուշ-պատառիկները, որ կարող էին որոշ չափով վերականգնել մեր մտավորականության լավագույն ներկայացուցիչներից Հակոբ և Էսթեր Զորյանների կերպարները:

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ

Ինձ, և, կարծում եմ, հայաստանաբնակ իմ սերնդակիցներից շատերին է հուզել այս հարցը, մանավանդ, որ երկար տարիներ մենք զրկված ենք եղել համապատասխան գրականությանը ծանոթանալու, առավելևս գործին տեղյակ մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունից:
Որքան շնորհակալ եմ Շահան Նաթալուն, որ 60-ական թվականների կեսերին Հայաստան այցելելով, ժամանակ գտավ գալ Երևանի ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագրություն և պատմել իր կյանքից: Մեր խնդրանքով պատմեց նաև Թալեաթի սպանության հետ կապված մանրամասնություններ:
Հիշում եմ, նա պատկառելի հասակում էր, բայց երբ նկարագրեց բեռլինյան անցքերը՝ աչքերը լցվեցին երիտասարդական ավյունով. ապրած տարիներն ասես հետ գնացին, մեզ ևս համակելով նույն ոգով ու տրամադրությամբ:
Սողոմոն Թեհլիրյանի հետ եղել են Շահան Նաթալին, Հակոբ Զորյանը, Հրաչ Փափազյանը, Վահան Զաքարյանը և Լիպարիտ Նազարյանցը:
Շահան Նաթալին հատկապես շեշտեց Հակոբ Զորյանին, որի մասին ասաց նաև, որ եկել է Երևան, համալսարանում դասախոսել և Ստալինի զոհերից է:
Այդ ժամանակ ես գլխի չընկա, որ Հակոբ Զորյանին մանկությանս տարիներին բախտ եմ ունեցել ճանաչելու:

Ո՞Վ է ԶՈՐԻՆ

Զորյանների ընտանիքին կրկին անդրադառնալու առիթը «Գարուն» հանդեսի 1992 թ. թիվ 7-ում գերմանացի գրող և հասարակական գործիչ Արմին Վեգների «Հինգ մատ գլխիդ վերև» գրքից հատվածների հրապարակումն էր:
Հայ ժողովրդի նվիրյալ Արմին Վեգները, որը 1921 թվականին ներկա է եղել Թեհլիրյանի դատավարությանը և «Արդար վճիռ» գրքի հեղինակն է, 1927 թվականին Հայաստան այցելելով, հանդիպել էր իր վաղեմի բարեկամնեներին՝ Հակոբ և Էսթեր Զորյաններին, և հետագայում պատմել նրանց կյանքը: Հակոբ Զորյանին նա անվանում է Զորի (դա նրա գրական անունն էր Բեռլինում ուսանելու տարիներին):
Վեգների սեղմ տողերից իմանում ենք, թե հայրենիքում Զորյանները նյութական ինչ ծանր պայմաններում են ապրել և, ի հեճուկս դրան, ի՜նչ խանդավառությամբ են նվիրվել մտավորականների նոր սերունդ աճեցնելու գործին:
«Գարունում» ընդամենը մի հակիրճ ծանոթություն էր տրված, որ Զորին՝ Հակոբ Զորյանը, դասախոսել է Երևանի համալսարանում:
Արմին Վեգների օրագրային գրառումներն առիթ դարձան, որ Զորյանների դուստր Էռնային դարձյալ հրավիրեմ հարցազրույցի:
— Էռնա, մեր հանդիպումից, ավելի ճիշտ ակնարկից, որ գրվեց հայրիկիդ ու մայրիկիդ մասին, անցել է երեք տարի: Այդ տարիների ընթացքում արդյոք կարողացա՞ր նոր փաստեր գտնել, լրացնելու այդ գրվածքին:
— Ոչ, անցած երեք տարիների ընթացքում ինձ չհաջողվեց որևէ բան վերականգնել կամ որևէ բան գտնել: Ցավոք սրտի:
— Իսկ երբ ակնարկը եթերում հնչեց և տպագրվեց, ի՞նչ արձագանքներ եղան:
— Շատ արձագանքներ, շնորհավորեցին ծանոթներ, հին բարեկամներ, մարդիկ, որոնք ժամանակին զբաղվել են այդ հարցով: Օրինակ՝ Ռուբեն Զարյանը, Լյուդվիգ Ղարիբջանյանը, իմ ուսանողական ընկերներից, հարազատներից շատ ջերմ արձագանքներ եղան:
— Ինձ էլ են որպես հեղինակի շնորհավորել, առաջարկել, որ ես ավելի խորացնեմ իմ ուսումնասիրությունը:
Հետաքրքրական է, մայրիկիդ ու հայրիկիդ կողմից շառավիղներ կա՞ն:
— Մի քանի հոգի են մնացել: Մայրիկիս կողմից ավագ քույրն է Նյու Յորքում ապրում, որը շատ ծեր է: Բայց նա ստացավ «Վերածնված Հայաստան» ամսագրի 1989 թվականի թիվ երեքը, որտեղ տպագրված էր ակնարկդ՝ շատ շնորհակալ եղավ և շատ ոգևորվեց: Հայրիկիս կողմից եղբոր երեխաներն են Լոս Անջելեսում բնակվում: Նրանք նույնպես ունեցան այս ամսագրից մի-մի օրինակ: Շատ խանդավառված, ոգևորված են, շնորհակալ, որ վերջին հաշվով իրենց սիրելի հորեղբոր հիշատակն ինչ-որ ձևով վերականգնվում է:
— Սա ոչինչ բան է նրա արածի համեմատ, և պետք է մենք բոլորս մեր ուժերը լարենք որպեսզի կարողանանք այդ պայծառ մարդու և, իհարկե, նաև մայրիկիդ կերպարները ամբողջացնել: Այն, ինչ մենք ունենք մեր ձեռքի տակ՝ փոքրիկ պատառիկներ են: Իսկ այս ուրախալի լուրը, որ առիթ դարձավ մենք կրկին հանդիպենք, Արմին Վեգների հուշերն են: Ես որպես հեղինակ և ձեր ընտանիքին մոտ կանգնած մարդ հուզվեցի, պատկերացնում եմ դուք ի՞նչ վիճակի մեջ ընկաք, ի՞նչ զգացում ունեցաք:
— Այո, շատ հուզվեցի, մանավանդ, որ Արմին Վեգների անունն ինձ վաղուց է ծանոթ, որպես իմ ծնողների մտերիմ բարեկամի: Հիշում եմ, որ առաջին անգամ աքսորից վերադառնալուց հետո մայրիկս մտահոգված հարցնում էր, թե ի՞նչ եղավ Վեգները, որովհետև նա տեղյակ էր, որ ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Վեգներն ստիպված էր հեռանալ Գերմանիայից:
Ես գիտեի նաև, որ իմ ծնողները շատ հայրենասեր են եղել, իրենց կյանքի նպատակն է եղել օգնել հարազատ ժողովրդին ինչով որ կարող են: Գիտեի նաև, որ շատ զոհողությունների գնով աշխատել են իրականացնել իրենց այդ գերագույն նպատակը: Եվ չնայած դրան, Արմին Վեգների այս հիշողություններն ինձ տակնուվրա արեցին:
Այդքան անմնացորդ նվիրվել դեռ երիտասարդական տարիներից, ահավոր զրկանքների գնով, հավատով, խանդավառությամբ գործել և այդքանից հետո համարվել ժողովրդի թշնամի կամ գերմանական լրտես՝ ահավոր է:
Հիմա ես շատ ավելի խորն եմ հասկանում հայրիկիս հուսահատությունը, որն իրեն դրդել է բանտում ինքնասպանության փորձ կատարել:
Չէ՞, որ նա համալսարանն ավարտելուց հետո կարող էր այլ ընտրություն կատարել: Կարող էր մայրիկիս հետ գնալ Փարիզ, որտեղից հրավեր էր ստացել կամ՝ ԱՄՆ, որտեղ նրանց էին սպասում երկու կողմի բոլոր հարազատները:
Որքան մեծ պետք է լինի հայրենիքի սերը և ժողովրդին նվիրվելու ցանկությունը, որ ծանոթ անգամ չունենալով Երևանում, նախընտրում են գալ Հայաստան: Եվ մենք՝ ես ու եղբայրս, ծնվեցինք Երևանում ու այդ ահավոր տարիներին մենմենակ մնացինք դաժան իրականության դեմ:
— Էռնա, այսօր ես ուզում էի բարձրացնել տրամադրությունդ, բայց, փաստորեն, տխրեցրի: Մենք և ընտանիքում, և ծանոթների շրջանում միշտ խոսել ենք այն մասին, որ երկու երեխա, նկատի ունեմ քեզ և եղբորդ՝ Զորիկին, ինչպես մանկատանը մեծանալով, իսկ այդ տարիները պետք է, որ բավականին դաժան տարիներ լինեին, կարողացել եք ձեզ չկորցնել, կյանքում ձեր տեղը գտնել և երկուսդ էլ այսօր և լավ մասնագետներ եք, և ընտանիքի լավ հայր, մայր, ձեր երեխաները, ձեր թոռները պատիվ են բերում ձեզ:
— Շնորհակալ եմ: Բարեբախտաբար դա հաջողվեց մեզ: Իհարկե ուժերի մեծ լարումով, ահավոր տանջանքների և դժվարությունների հաղթահարման գնով և, նորից եմ ասում, բարեբախտաբար կարողացանք ինչ-որ բանի հասնել: Եվ վառ պահել մեր ծնողների հիշատակը, ինչպես նաև նրանց անունը:
— Ես միշտ մտածել եմ, որ բացի ձեզ բնությունից տրված օժտվածությունից, բացի դրանից, թե ձեր գեները ինչ գեներ են, երևի առաջ մղիչ ուժը եղել է նաև այն, որ դուք կարողացաք կատարել ձեր ծնողների չարածը, հասանելիք հարգանքը ձեռք բերել: Եվ, իհարկե, յուրաքանչյուր զավակի մեջ ծնողի կյանքի շարունակությունն է: Հավատացեք դրան, որ այդ բոլորը դուք կիսում եք ձեր ծնողների հետ: Եվ դրանով մխիթարվեք:
— Շնորհակալ եմ:
***
Եվ ահա, այս հարցազրույցից հետո ինձ հաջողվեց ծանոթանալ Հրաչ Տասնապետյանի Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմությանը նվիրված գրքին: «Հայութեան ցեղասպանութեան պատասխանատուներու պատուհասումը» գլխում, ուր խոսում է Թալեաթի սպանության մասին, Թեհլիրյանի հետ հիշատակում է մյուս հայրենասերներին, այդ թվում և Հակոբ Զորյանին:
Ի դեպ, նրան Թեhլիրյանն անվանել է Հազոր, վերցնելով անվան և ազգանվան առաջին վանկերը, քանի որ գործունեությունը գաղտնի էր: Այդ սկզբունքով է կոչել նաև Հրաչ Փափազյանին՝ Հրափ, Վահան Զաքարյանին՝ Վազա: Թեhլիրյանի «Վերյիշումներ» գրքում, որ լույս է տեսել 1956 թվականին Կահիրեում, գրի է առել Վահան Մինախորյանը, Հակոբ Զորյանին նվիրված շատ ջերմ տողեր կան:
Մեծ է եղել Զորյանի դերը Թալեաթի անձի ճշտման և հետախուզական աշխատանքներում:
Սողոմոնը նրա մասին գրում է.
«Մարտի 2-ին էր, կիրակի, իրիկնամուտ: Հազորն անմիջապես գործի անցավ: Եռանդուն, աչքաբաց, բարեխիղճ և ամեն կազմակերպչական աշխատանքի համար անփոխարինելի մեկն էր նա: Խորհրդակցությունից հազիվ անցել էր երկու-երեք ժամ և ուզում էինք դուրս գալ, երբ նա շնչահար ներս մտավ, հայտնեց, թե «Հայտենբերգ թիվ 4 բնակարանի դիմաց թիվ 37 բնակարանում վարձել է մի սենյակ, որի պատուհանը նայում է փողոցին: Սենյակը պարպվում է երեք օրից. փոխադրվել կարելի է մարտի 5-ին»:
Նույն գրքից իմանում ենք նաև, որ Թալեաթի սպանությունից հետո Հակոբ Զորյանը ոչ միայն Բեռլինից չի հեռանում, այլև Սողոմոնի դատապաշտպանի համար ստանձնում է թարգմանչի դերը:
«Եղեռնադատ ատյանի մի նոր հարցաքննությունից հետո, — պատմում է Թեhլիրյանը, — ինձ թույլ տվին տեսնվելու փաստաբանիս հետ: Ամսի վերջին մի օր անակնկալի մատնվեցի՝ տեսնելով առաջին փաստաբան Ֆոն Գորտոնի հետ Հազորին, որ եկել էր իբրև թարգման:
Վերջին հարցաքննության ժամանակ խնդիր եղավ, թե ո՞վ է ինձ համար վարձել Հայտենբերգ թիվ 37 բնակարանը:
Գորտոնը գիտեր այդ, իսկ Հազորին կարծում էր Բեռլինից մեկնած: «Նոր էի հասել Ուհշանա, — պատմում էր Հազորը, — երբ հայտնվեց Բեհաէդին Շաքրիը…» Հազորն այնքան տարված էր իր պատմություններով, որ Ֆոն Գորտոնի մտնելը չնկատեց:
— Խնդրեմ, ներեցեք, — ասաց վերջինը:
Պատմեցի անցյալիս, ներկայիս և գործերիս վերաբերյալ այն ամենը, ինչ հետաքրքրում էր նրան: Նա կատարում էր ընդարձակ նոթագրություններ՝ մեջընդմեջ լրացուցիչ հարցումներ անելով. այդ ընդմիջումներին Հազորը պատմում էր;
Նրանից խնդրեցի այլևս բանտում չերևալ և ես դարձա բանտասենյակ»:
Իսկ Հակոբ Զորյանը մնում է Բեռլինում և 1925 թվականին փայլուն գնահատականներով ավարտում համալսարանը:
Հրավիրվում է Երևան, դասավանդելու համալսարանում:
Ահա ովքեր էին և ինչ ճակատագրի արժանացան Արմին Վեգների սիրելի Զորյան ամուսինները: Ի դեպ, նրանց դուստրը՝ Էռնան, ասաց, որ Վեգների հայկական թեմայով անավարտ վեպի հերոսուհու նախատիպը եղել է մայրը՝ Էսթեր Զորյանը:

1988-1994թթ.

Հ.Գ. Շնորհակալություն՝ հայտնի պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանին, որն անցյալ դարի վերջերից իր գիտական ուսումնասիրությունների գլխավոր բնագավառներից մեկը դարձրեց Հակոբ Զորյանի գիտական աշխատությունների հրապարակումը: Նա բեռլինյան արխիվներից լույս աշխարհ հանեց Զորյանի տեղի հայալեզու թերթերում տպագրված աշխատությունները, այդ թվում և դոկտորական թեզը ու 2015 թ. Երևանում հրատարակեց ստվարածավալ գրքով: Ավաղ, անժամանակ մահը խոչընդոտեց նրա հետագա գործունեությունը:

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԵՐԻ ՀԵՏ ․ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆ

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ, «Փրկված մասունքներ: Ակնարկներ, պատմվածքներ», Երևան, 2006

✨ Support me on Patreon: https://patreon.com/Hayagitaran
✨ Subscribe YouTube: https://www.youtube.com/user/HayagitaranHayastan
✨ My Blog: https://www.hayagitaran.am/
✨ Facebook: https://www.facebook.com/HayagitaranHayastan/
✨ Instagram: https://www.instagram.com/hayagitaranhayastan/
✨ Donate: https://www.hayagitaran.am/baregortutyun?fbclid=IwAR0iHC0PyhGpJrKrZ_8DAxBU-ay4Y4XP3WeQ50C1ItlORMkIAxShvwPdxxk

 

Добавить комментарий